Հայկական Կարմիր. 1989



1989 թվականին ԽՍՀՄ-ում կայանում են առաջին մասնակի ազատ եւ այլընտրանքային ընտրությունները, Ջորջ Բուշը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, Թուրգուտ Օզալն ընտրվում է Թուրքիայի նախագահ, ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ն ավարտում են Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի կրճատման մասին բանակցությունները, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Հոմեյնին կոչ է անում սպանել բրիտանացի գրող Սալման Ռուշդիին, ալբանացի անջատողականների սպառնալիքների հետեւանքով հարավսլավական Կոսովոյում պարետային ժամ է սահմանվում, Թբիլիսիում խորհրդային զորքերը բռնի ուժով ցրում են Վրաստանի անկախության պահանջով հրավիրված հանրահավաքը, Պեկինի Տյանանմեն հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում մոտ 100 հազար ուսանող:


Աղետի գոտու վերականգման ծրագրերը


1989 թվականը սկսվում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի ծանր ցավով. տասնյակհազարավոր մարդիկ զոհվել էին, շուրջ կես միլիոնը մնացել էր անտուն։ Խորհրդային միության եւ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ էին լինում աղետի գոտում վերականգնողական ու շինարարական լայնածավալ աշխատանքներին։

 

 

ԽՄԿԿ կենտկոմը եւ ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը Հայաստանին օգնելու որոշում է ընդունում, համաձայն որի՝ 1989-90 թվականներին Լենինականում, Կիրովականում, Սպիտակում, Ալավերդիում, Արթիկում, Դիլիջանում, Մարալիկում, Ամասիայում, Ախուրյանում, Ղուկասյանում եւ Գուգարքում կառուցվելու էին 4 մլն քմ ընդհանուր մակերեսով բնակելի շինություններ, ինչպես նաեւ դպրոցներ, հիվանդանոցներ, առեւտրի տներ եւ այլ ենթակառուցվածքներ։

 

 

Վնասված շինությունների ամրացումն ու վերանորոգումն իրականացվելու էր Խորհրդային Հայաստանի կազմակերպությունների ու ձեռնարկությունների ուժերով՝ 300 մլն ռուբլի ծավալով։ Այս նպատակի համար ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը 1989 թվականի համար պահուստային միջոցներից հատկացնում է 150 մլն ռուբլի։


Ռեյգանի ուղերձը Գորբաչովին


1989 թվականի հունվարի 1-ին Ռոնալդ Ռեյգանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղում Միխայիլ Գորբաչովին, որը սկսում է Հայաստանի երկրաշարժի մասին հիշատակելով.

 

 

«Ամերիկայի ժողովրդի անունից ուղարկում եմ շնորհավորանքներս՝ Նոր Տարվա կապակցությամբ: Ձեր եւ իմ երկրում Ամանորը հույսի եւ վերածննդի ժամանակ է: Ոգու այս որակները երբեք չեն եղել այդքան անհրաժեշտ, որքան հիմա, երբ Խորհրդային Հայաստանը սկսում է բժշկել իր վերքերը: Դուք վայելում եք մեր խորին կարեկցանքը: Մենք աղոթում ենք ձեզ համար: Ես եւ Նենսին հուսով ենք, որ ավերվածը վերականգնելու ջանքերում դուք կգտնեք ձեր սփոփանքը»:


Հայաստան են գալիս Դանիել Միտերանը եւ Ջեսի Ջեքսոնը

1989 թվականին Հայաստան է այցելում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի կինը՝ Դանիել Միտերանը։ Նրան ուղեկցում էր աշխարհի առաջին կին տիեզերագնաց, Խորհրդային միության հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Վալենտինա Տերեշկովան։ 1987-1992թթ. Տերեշկովան արտասահմանյան երկրների հետ բարեկամության ու մշակութային կապերի Խորհրդային ընկերությունների վարչության նախագահն էր։

Դանիել Միտերանն այցելում է աղետի գոտի։ Երեւանում նա հանդիպում է ֆրանսիացի բժիշկներին, ովքեր աշխատում էին Երեւանի փորձարարական-արտադրական պրոթեզաոսկրաբուժական ձեռնարկությունում։

 

 

«Այն, ինչ տեսա, ցնցեց ինձ։ Առաջին հերթին, հայ կանայք՝ իրենց արիությամբ, արժանավայել վարքագծով, հոգու գեղեցկությամբ ու առաքինությամբ։ Ես հիացած եմ Հայաստանի սքանչելի կանանցով»,- ասել էր Ֆրանսիայի առաջին տիկինը։



1989 թվականի փետրվարին աղետի գոտի է այցելում նաեւ ամերիկացի իրավապաշտպան հասարակական եւ կրոնական գործիչ Ջեսի Ջեքսոնը, որը 1988 թվականին պայքարում էր ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալու համար:


Սիլվա Կապուտիկյանի կոչը

 

1989 թվականի հունվարին՝ իր ծննդյան 70-ամյակին, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը կոչ է անում հայ մայրերի համար հատուկ հիմնադրամ ստեղծել, որը խթանելու էր բազմազավակությունը։

«Նոր կառուցված շենքերի մեջ ապրելու համար մարդ է հարկավոր, մարդի՛կ են հարկավոր։ ...Իմ թանկագին դուստրեր, եւ ուրիշ ոչ ոք, միայն դո՛ւք, միմիայն դո՛ւք կարող եք լրացնել այն կորուստները, որ ունեցավ մեր ժողովուրդը, եւ որը ոչնչով՝ ոչ առատ նվիրատվություններով, ոչ անձնազոհ աշխատանքով, ոչ կառուցողական հնարավորություններով անկարելի է լրացնել։ Եկել է պահը, երբ դուք ձեզ ի վերուստ տրված պարգեւն ու առաքելությունը՝ պահպանել մարդկային սերունդը, ի սպաս բերեք ձեր ժողովրդին»,- ասել էր բանաստեղծուհին։


«Քեզ համար, Հայաստան»


1989 թվականի հունվարին Հայաստան է գալիս Շառլ Ազնավուրը: Սա նրա երկրորդ այցելությունն էր պատմական հայրենիք 1964-ից հետո։

 

 

«Այսօրվա դրությամբ ես դերասան չեմ, ոչ էլ երգիչ ու երգահան։ Ամբողջովին կլանված եմ իմ հայրենիքին համակողմանի օգնություն ցույց տալու գաղափարով։ Չեմ սիրում ու երբեք չեմ ստեղծել երգ-կոչեր։ Այդ ժանրը օտար է ինձ։ Գոյություն ունի երգիչ Շառլ Ազնավուրը, եւ ապրում է Շառլ Ազնավուրյանը, ով արդեն իրեն նվիրել է հայրենի ժողովրդի ողբերգությանը»,- ասում էր նա:



1989 թվականին Փարիզում «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար Ժորժ Կառվարենցը արժանանում է «Ոսկե սուր» մրցանակի։ Երգի ձայնագրությանը մասնակցում են Ֆրանսիայի գրեթե բոլոր «աստղերը»:


Rock Aid Armenia-ն


1989 թվականի ամռանը 24-ամյա Ջոն Դիի նախաձեռնությամբ Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվում է Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

 

 

Rock Aid Armenia բարեգործական ծրագրի կազմակերպած ձայնագրությանը մասնակցում են բրիտանական ռոքի մեծագույն «աստղերը»՝ Queen, Pink Floyd, Deep Purple, Black Sabbath, Rush, Yes, Iron Maiden, ELP, Free խմբերի անդամները եւ Բրայան Ադամսը:

Rock Aid Armenia-ի մանրամասները կարդացեք Մեդիամաքսի հատուկ նախագծում:


Ատոմակայանի «տոնական» փակումը


1989թ. սկզբին ընդունված որոշումներում առանձնահատուկ նշանակություն ուներ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկների կանգնեցումը։ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվելու էր Մեծամորի ատոմակայանի առաջին, իսկ մարտի 18-ին՝ երկրորդ էներգաբլոկը։

Որպես որոշման հիմնավորում ընդունվել էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի վառելիքաէներգետիկ համալիրի բյուրոյին առընթեր ատոմային էներգետիկայի հարցերի միջգերատեսչական գիտատեխնիկական խորհրդի եւ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի առաջարկը։

 

 

1966-1974թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը 1989-ի հունվարին «Գարուն» ամսագրում հրապարակած հոդվածում պատմում էր, թե էլեկտրաէներգիայի ինչ խնդիրներ ուներ Հայաստանը։ Նախքան ատոմակայանի կառուցումը Հայաստանի իշխանությունները երկար տարիներ փորձում էին էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ ունենալ։ Կառուցվել էին նոր գազատարներ Ստավրոպոլից եւ Իրանից, որոնք սակայն անցնում էին Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, եւ Հայաստանին շատ քիչ գազ էր հասնում։

«Սովետական Միության հանրապետությունների շարքում Հայկական ՍՍՀ-ն առաջինն էլեկտրաֆիկացվեց, սակայն ի՞նչ օգուտ, որ հնարավորություն ունեինք գյուղին ընդամենը լապտերի լույս հասցնել, բայց անկարող էինք մեքենայացնել գյուղատնտեսական աշխատատար գործընթացները։ Ահա այս ամենից հետո, երբ էներգիայի արտադրության աղբյուրները սպառվեցին, մեզ մնում էր դիմել ատոմակայանի կառուցմանը, մանավանդ որ 60-ական թվականներին ամենուրեք իշխող միտումը այդ էր։ Ատոմակայանի մասին խոսելիս դեռ այն ժամանակ բոլորս էլ մտավախություն ունեինք, գիտնականների մի մասը բացահայտ դեմ էին արտահայտվում։ Մեկնեցի Մոսկվա, հանդիպեցի Ա. Կոսիգինին։ Նա ասաց, որ ուկրաինացիները հրաժարվում են փոքր կայան կառուցելուց, իսկ գրեթե պատրաստ էր 400 հազար կիլովատտ կարողությամբ ռեակտոր, որը շատ կհամապատասխաներ մեր հանրապետությանը՝ միանգամից լուծելով էլեկտրաէներգիայի պրոբլեմը»,- գրում է Քոչինյանը։

Քոչինյանի հետնորդը՝ Կարեն Դեմիրճյանը, դեմ էր Մեծամորում ատոմակայանի կառուցմանը. այդ մասին նա բազմաթիվ գրառումներ է արել աշխատանքային օրագրերում, որոնք հրապարակվել են 2010 թվականին:

 

 

1989թ. փետրվարի 25-ին ատոմակայանի փակումը ներկայացվում էր որպես գրեթե տոնական, հանդիսավոր արարողություն: Ներկա էր հանրապետության բարձրագույն ղեկավարությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, ԳԽ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը եւ ուրիշներ։

Պաշտոնական հաղորդագրության մեջ գրված էր.

«Մեքենայական բաժանմունքում էլեկտրակայանի դիրեկտոր Մ. Վարդանյանին զեկույց է տրվում, որ առաջին էներգաբլոկը կանգնեցնելու համար պատրաստ են բոլոր ստորաբաժանումները։ Ժամը 13-ն անց 5 րոպեին ատոմային ռեակտորի կառավարման ավագ ինժեներ Ա. Մելքումովը եւ տուրբինային արտադրամասի կառավարման մեքենավար Մ. Մարտիրոսյանը միաժամանակ, համաձայնեցված կերպով աստիճանաբար իջեցնում են առաջին էներգաբլոկի հզորությունը։ Կառավարման վահանակի կենտրոնում կարմիրով առկայծող թվերը, որոնք ցույց են տալիս էներգաբլոկի հզորությունը՝ 440 մեգավատտ, անընդհատ նվազում են։ Վերջապես լուսատախտակի վրա հայտնվում է երկար սպասված զրո թվանշանը...»:


«Վոլսկու կոմիտե»-ի ստեղծումը


1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ստեղծվում է հատուկ կառավարման կոմիտե, որը հետագայում ստանում է «Վոլսկու կոմիտե» անունը։ Այս որոշմամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դրվում էր Մոսկվայի ուղիղ ենթակայության տակ։

Հրամանագրի 2-րդ հոդվածում նշված էր, որ ԼՂԻՄ ՀԿԿ-ն «ենթարկվում է անմիջականորեն ԽՍՀՄ պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն մարմիններին, լրիվ ծավալով օժտված է ինքնավար մարզի պատգամավորների խորհրդի եւ նրա գործադիր կոմիտեի լիազորություններով, իսկ Կոմիտեի նախագահը՝ ժողպատգամավորների մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի իրավունքներով ու պարտականություններով»։

 

 

Ռուսաստանի ԱԳՆ եւ կառավարության նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը «Հանդիպումներ խաչմերուկներում» գրքում գրում է.

«Վոլսկին Կենտրոնին ավելի լայնածավալ մասնակցության կոչ էր անում: Այդ մասին նա նշեց 1989թ. հուլիսի 29-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին ներկայացրած իր զեկույցում, որը ներառում էր կոնկրետ խորհուրդներ եւ առաջարկներ: Զուգահեռ աշխատում էր ԼՂ հարցերով հանձնաժողովը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից: Սակայն իրավիճակը կրիտիկական էր մնում:

ԼՂԻՄ հայ բնակչությունն արդեն դեմ էր արտահայտվում մարզի վարչատնտեսական կառավարմանը Բաքվի կողմից: Հիմնական պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ բնակարանային ու արդյունաբերական շինարարությունն իրականացվում էր միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական հատվածում: Տեղի հայերի կարծիքով՝ դա նախադրյալներ էր ստեղծում մարզում ժողովրդագրական իրավիճակը փոփոխելու համար: Բացահայտ դժգոհություն էր արտահայտվում առ այն, որ մարզային գործադիր կոմիտեի վերացումը տեղի բնակչությանը զրկել էր ինքնակառավարումից:

Ինչ վերաբերում էր ադրբեջանցիներին, ապա նրանք ելնում էին նրանից, որ ՀԿԿ-ն զրկում է Ադրբեջանին ինքնիշխանությունից: Լեռնային Ղարաբաղի տնտեսական կամ ցանկացած այլ կապեր Հայաստանի հետ թշնամաբար էին ընկալվում: Հատուկ մտահոգություն էր առաջացնում այն փաստը, որ Հայաստանը, չնայած ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմանը, չէր ընդունում որեւէ փախստական եւ հրաժարվում էր փոխհատուցել նրանց ունեցվածքը: Դա շարունակական ճնշում էր առաջացնում ադրբեջանական ղեկավարության վրա ադրբեջանցիների կողմից, որոնք պահանջում էին, որ հայերը վտարվեն Բաքվից, Կիրովաբադից եւ առհասարակ՝ Ադրբեջանի տարածքից»:


«Թռիչք» կոոպերատիվը


1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ը մասամբ թույլատրում է մասնավոր ձեռներեցությունը, եւ բոլոր հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, սկսում են բացվել մասնավոր ընկերություններ՝ կոոպերատիվներ։

 

 

1989թ. հունվարի 1-ին «Թռիչք» կոոպերատիվը Աջափնյակում՝ Արագած կինոթատրոնի հարեւանությամբ, բար-սրճարան է բացում։ Սրճարանի առանձնահատկությունն այն էր, որ տեղակայված էր Իլ-18 ինքնաթիռում։


Եռագույնը


1989թ. մայիսի 26-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 28-ը հռչակվում է հայկական պետականության վերականգնման օր։

 

 

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. 1918թ. մայիսի 28-ը ճանաչել Հայկական պետականության վերականգնման օր։
2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հ. Ոսկանյան
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար՝ Ն. Ստեփանյան
26 մայիսի, 1989թ., քաղ. Երեւան»։


«Ղարաբաղ» կոմիտեն ազատության մեջ է


1989 թվականի մայիսի 31-ին Երեւանի Ազատության հրապարակում ցնծությամբ են դիմավորում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, որոնք 1988-ի դեկտեմբերին եւ հունվարի առաջին օրերին ձերբակալվել եւ տեղափոխվել էին Մոսկվայի բանտեր:


Փակվում են քիմիական գործարանները


1989 թվականին մեկը մյուսի հետեւից փակվում էին Խորհրդային Հայաստանի քիմիական ու արդյունաբերական ձեռնարկությունները։ Դեռեւս 1987-ի վերջից սկսված բնապահպանական շարժումը ստիպում էր գործող իշխանությանը հետեւել հանրային տրամադրություններին։

1989թ. հունիսի 23-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը որոշում է ընթացիկ տարում փակել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը։ Որոշման մեջ նշվում էր, որ հատուկ հանձնաժողովը պետք է միջոցառումներ մշակեր՝ «փակված վտանգավոր արտադրությունները էկոլոգիապես մաքուր արտադրանքի թողարկման վերապրոֆիլավորելու նպատակով»։



Նույն որոշումով Գերագույն խորհուրդն ի գիտություն էր ընդունում Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը 1989թ. հուլիսի 1-ից փակելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը։ Դադարեցվում էր նաեւ Կիրովականի քիմիական գործարանի քիմիական նյութերի արտադրամասի գործունեությունը, որի փոխարեն «արհեստական բյուրեղներ եւ ժողովրդական սպառման լայն ապրանքներ էին արտադրվելու»։


Ադրբեջանը սկսում է Հայաստանի շրջափակումը


1989 թվականի հուլիսից Ադրբեջանը սկսում է Հայաստանի տրանսպորտային շրջափակումը։ Տարատեսակ բեռները, առաջին անհրաժեշտության ապրանքները, աղետի գոտու վերականգնման համար նախատեսված շինանյութը, տեխնիկան շաբաթներով մնում էին Ադրբեջանի երկաթուղային կայարաններում, փչանում, հաճախ՝ թալանվում։ Խորհրդային միության 70-ամյա պատմության մեջ սա աննախադեպ երեւույթ էր. երկու հանրապետությունների հակասությունը մոտենում էր վտանգավոր սահմանագծին։

1989թ. սեպտեմբերի 17-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունում է «Ռեգիոնում իրավիճակի սրման ու Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի շրջափակման վերացման անհետաձգելի միջոցառումների մասին» որոշումը, որով վճռականորեն դատապարտվում էր ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի շրջափակումը։ Բացի այդ, Գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությանը՝ պահանջելով ադրբեջանական երկաթուղագծում ու մյուս ճանապարհներում ռազմական դրություն հաստատել՝ ապահովելով ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ ապրանքների անվտանգ տեղափոխությունը։ Շրջափակման հետեւանքով առաջացած ապրանքային պակասորդը լրացնելու համար Հայաստանի գերագույն խորհուրդը ԽՍՀՄ գերագույն խորհրդին առաջարկում էր բեռների մի մասը Հայաստան ուղարկել քաղաքացիական եւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաեւ պահանջում էին ֆինանսական փոխհատուցում գանձել Ադրբեջանից։

Հայերի համար վտանգավոր էր դարձել նաեւ ծառայությունը խորհրդային բանակում. ազգամիջյան հողի վրա բռնություններ, անգամ՝ սպանության դեպքեր էին եղել տարբեր զորամասերում։ Նույն օրը ընդունված մեկ այլ որոշումով Հայաստանի գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ ԳԽ-ին՝ «զորամիավորումներում ծառայող հայազգի զինծառայողների կյանքի ապահովության իրական երաշխիքներ ստեղծելու պահանջով»։


ՀՀՇ հիմնադիր համագումարը


1989 թվականի նոյեմբերի 4-6-ը Երեւանի Ստեփան Շահումյանի անվան պալատում տեղի է ունենում Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը։ «Երկրում հռչակված դեմոկրատացման, բացախոսության կուրսը մեծապես նպաստեց լայն մասսաների քաղաքական եւ հասարակական ակտիվության բարձրացմանը, ծնունդ տվեց ժողովրդական նոր կազմակերպությունների ու միությունների։ Այդպիսի կազմակերպություններից է Հայոց Համազգային Շարժումը»,- գրված էր «Արմենպրես»-ի հաղորդագրությունում։

Համագումարին ներկա էր նաեւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, տարբեր հանրապետությունների ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչներ։


Վերամիավորման որոշումը


1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդն ընդունում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման պատմական որոշումը։

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»,- ասված էր որոշման տեքստում։


Կազմավորվում է Արցախի թեմը


1989 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով կազմավորվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը, որի առաջնորդն է դառնում Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը։

 

 

1989-ին Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանն ասում էր.

«Այսօրվա դրությամբ մեզ են հանձնված Ամարասի վանքը, Հադրութ եւ Մարտակերտ շրջկենտրոնների եկեղեցիները, քննարկվում է Ստեփանակերտին կից Խնածախ գյուղի եկեղեցու վերաբացման հարցը։ Մենք հուսով ենք, որ հետագայում մեզ կվերադարձվեն այլ եկեղեցիներ եւս, եւ աթոռանիստ եկեղեցին կլինի հայ ճարտարապետության մարգարիտը՝ Գանձասարը»։


Բացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանը


1989թ. դեկտեմբերի 26-ին բացվում է Երեւանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը, որի ճարտարապետներն էին Ռոմեո Ջուլհակյանն ու Սուրեն Բուրխաջյանը:

 

 

«Երեւանի մետրոպոլիտենի երկնագույն գնացքների առջեւ կարմիր լույս վառվեց «Զորավար Անդրանիկ» կայարանում, որն սկսեց ուղեւորներ ընդունել։ Այն եզակի է գործող ութ կայարանների շարքում։ Դա երկրում առաջին կայարանն է, որ կառուցվել է ստորգետնյա գործող ճանապարհի պայմաններում։ Եվ ահա տեղանքի բնահողի հարուցած դժվարությունները հետեւում են մնացել։ Ստորգետնյա նոր կայարանը, որը ազգային լեգենդար հերոս Անդրանիկի անունն է կրում, դարձավ հայրենական մետրոշինարարության յուրատեսակ դպրոց»,- գրում էր մամուլը:


Մարտին Յորգանցի «Ճկույթիկը»


1989 թվականին երգիչ Մարտին Յորգանցը հանդես է գալիս «100 երգ հայ երեխաների համար» նախաձեռնությամբ։

 

 

Առայսօր շատերն են հիշում նրա «Ճկույթիկ», «Այբ, Բեն, Գիմ», «Գարուն ես միշտ, Երեւան» երգերը։


Փելեշյանի չնկարած Homo Sapiens-ը


1989 թվականին պետք է մեկնարկեին Արտավազդ Փելեշյանի Homo sapiens խաղարկային ֆիլմի նկարահանումները, սակայն ծրագրերը չիրականացան:

 

 

2012 թվականին Փելեշյանն ասել էր.

«Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարահանել, իմ մնացած գործերը պստիկ էսքիզներ կթվան Homo Sapiens-ի համեմատ»:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի, Մայքլ Փուտլանդի եւ Խորհրդային Հայաստանի մամուլի լուսանկարները:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: