Բռնաճնշումները Հայաստանում
1937թ. ստալինյան բռնությունների ամենաարյունալի շրջանն էր։ Ըստ հրապարակված տվյալների՝ մեկ տարում Հայաստանում բռնադատվում է 4951 մարդ, որոնցից 3140-ը գնդակահարվում է։
Նույն տարվա մարտի սկզբին Ստալինը ելույթ է ունենում ՀամԿբԿ կենտկոմի պլենումում, որտեղ բացատրում է, թե ինչպես են կուսակցության ու ժողովրդի թշնամիներ տրոցկիստները կարողացել այդքան կարեւոր պաշտոններ զբաղեցնել։ Ըստ առաջնորդի՝ կուսակցության աշխատողները, հին ու նոր բոլշեւիկներն այնքան են տարված եղել սոցիալիստական շինարարությամբ, որ կորցրել են զգոնությունը, լուրջ չեն վերաբերվել կապիտալիստական երկրների լրտեսներին ու դավաճաններին։
Այս թեզն անմիջապես վերարտադրվում է ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով, սկսում են մերկացնել «ժողովրդի թշնամիներին»։
1937թ. ապրիլի վերջին տեղի է ունենում Հայաստանի խորհրդային գրողների միության ընդլայնված նիստը, որտեղ հայ գրողները ծանր մեղադրանքներ էին ներկայացնում իրենց գրչակից ընկերներին։ Գրողների միության պատասխանատու քարտուղար Գեւորգ Աբովը, բացելով ելույթների շարքը, նշել էր, որ առաջնորդի ասածները ոչ միայն կուսակցական կառույցներին է վերաբերում, այլեւ գրողներին։
«Զգոնության բթացման, անհոգության իդիոտային հիվանդությամբ տառապել է երկար ժամանակ գրողների կազմակերպությունը։ Այդ էր պատճառը, որ երկերեսանի նացիոնալիստ-տրոցկիստ թշնամիները՝ Սիմոնյանը, Բակունցը, Ալազանը եւ մյուսները կարողացել էին իրենց շահատակությունների ասպարեզ դարձնել գրողների միությունը»,- ասում է Աբովը:
Ընդհանուր ժողովը տեւել էր ամբողջ 4 օր, եւ բոլորը նույն ոգով «դատափետել էին» իրենց ընկերներին։ Նույն տրամաբանությամբ էր գործել նաեւ «Խորհրդային գրող» ամսագիրը, որի խմբագիր Հարություն Մկրտչյանը ծանր մեղադրանքներ էր ներկայացրել Չարենցին, Թոթովենցին, Բակունցին եւ «մյուսներին»։
Սա ամսագրի 5-6-րդ միացյալ համարում էր։ 8-րդ համարում արդեն Հարություն Մկրտչյանին աշխատանքից ազատել էին եւ խմբագրականում գրել. ««Խորհրդային գրող» ժուռնալի խմբագրությունը հանձնված էր իր քաղաքական դեմքը կորցրած, մի շարք կարեւոր բնագավառներում աշխատանքը տապալած Ա. Մկրտչյանին, որը շարունակում էր տապալել նաեւ ժուռնալի հրատարակման գործը»։
Կարդացեք նաեւ. «Խաբել են ինձ կուռքերը սուտ»՝ կների՞ ժողովուրդը Նաիրի Զարյանին
Կարդացեք նաեւ. Բոլորը՝ բոլորի դեմ. Գուրգեն Մահարին եւ Զապել Եսայանը vs. Կոստան Զարյան
Օդաչուական դպրոցի առաջին շրջանավարտները
1937թ. հունվարի 26-ին Երեւանի պետական օպերայի դահլիճում տեղի է ունենում Երեւանի առաջին օդաչուական դպրոցի շրջանավարտների հանդիսավոր նիստը։
1930-ական թվականների կեսերին խորհրդային ավիացիան մեծ հռչակ ուներ։ Ինքնաթիռներով Հյուսիսային Բեւեռից փրկված չելյուսկինցիների, Չկալովի անվայրէջք թռիչքը Հյուսիսային բեւեռով եւ մի շարք այլ իրադարձություններ օդաչուի մասնագիտությունը դարձրել էին հրապուրիչ։
«Ակնհայտ է այն հսկայական դերը, որ խաղացել է Երեւանի աերոակումբը մեզ մոտ ավիակուլտուրան զարգացնելու ասպարեզում»,- ասում էր Երեւանի աերոակումբի ղեկավար Վ. Դավթյանը։ Նա նշում էր, որ առաջին շրջանավարտները 60 հոգի էին։ Բացի այդ, ակումբը պատրաստել էր 253 պարաշյուտիստ, 225 պլաներիստ եւ 4 օդաչու-հրահանգիչ։
Բացվում է Կենտրոնական ունիվերմագը
1937թ. հունվարի 25-ին Երեւանում բացվում է «Մանկական աշխարհ» հանրախանութը, որն այն ժամանակ հայտնի էր Կենտրոնական ունիվերմագ կամ ՑՈՒՄ (Центральный универмаг) անունով։
Շենքի կառուցումը տեւել էր երկու տարի, ճարտարապետներն էին Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գեւորգ Քոչարը եւ Արսեն Ահարոնյանը։
Կարդացեք նաեւ. Կենտրոնական հանրախանութ կամ Մանկական Աշխարհ` կենդանի պատմություն
Եկեղեցի՝ եկեղեցու մեջ
1937թ. մարտին քանդվում է Կաթողիկե եկեղեցու համեմատաբար ուշ շրջանում կառուցված սեղանատունը, իսկ հին՝ 13-րդ դարի ս. Աստվածածին կոթողը պահպանվում է: Խորհրդային Հայաստանի իշխանությունները որոշում են, որ քանդման աշխատանքներին պետք է հետեւեն գիտնականները, եւ ստեղծված խմբում ներգրավվում է հնագետ Կարո Ղաֆադարյանը:
«Երեւան. Միջնադարյան հուշարձանները եւ վիմական արձանագրությունները» գրքում Ղաֆադարյանն այսպես է նկարագրում Կաթողիկե եկեղեցին քանդելու պատմությունը:
«Այն ժամանակ վերոհիշյալ ինստիտուտի (ՀԽՍՀ պատմության եւ գրականության ինստիտուտ) կազմի մեջ էր գտնվում նաեւ Պատմական հուշարձանների պահպանության մարմինը, որը եւ տողերիս հեղինակին նշանակեց այդ քանդումների հսկիչ-լիազոր:
Մեր պարտականությունների մեջ էր մտնում օրվա բոլոր ժամերի հետեւել քանդումներին եւ եթե ի հայտ գային արժեք ներկայացնող բեկորներ կամ շենքերի մասեր՝ ապահովել նրանց պահպանությունը:
Քանդումները սկսվեցին դեկտեմբեր ամսին (1936թ.) եւ տեւեցին մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը: Այդ քանդումները թեեւ կրկնակի կերպով երկար տեւեցին հաճախակի մեր դրած արգելքների պատճառով, բայց Երեւան քաղաքին պարգեւեցին միջնադարյան գեղեցիկ մի հուշարձան, մի քանի կարեւոր արձանագրություններով, որոնցից Երեւանը զուրկ էր 1679թ. մեծ երկրաշարժի պատճառով:
...Ակներեւ դարձավ, որ սեղանի գլխին կառուցված գմբեթն էլ այս փոքր եկեղեցու գմբեթն է եւ կապ չունի 1693-1695թթ. կառուցված մեծ դահլիճի հետ: Ի հայտ եկան նաեւ փոքր եկեղեցու հարավային եւ հյուսիսային պատերի լուսամուտներն իրենց նախնական վիճակում նեղ ու երկար՝ ներսի կողմում անկյան տակ երկարող եւ լայնացող դրությամբ:
Միջնադարյան կանգուն հուշարձաններից զրկված Երեւանի համար այս փոքրիկ եկեղեցին կատարյալ հայտնություն էր, ուստի եւ հարց բարձրացվեց այդ հուշարձանն ընդմիշտ պահպանելու վերաբերյալ:
Ինստիտուտը խնդիրը պաշտոնական հողի վրա դնելու համար մասնագիտական հանձնաժողով նշանակեց, որի անդամներից ոմանք տարբեր կարծիքներ հայտնեցին, բայց ինստիտուտի գիտական խորհուրդը միաձայնությամբ որոշեց Կաթողիկեի հետդարյան հավելվածները քանդելու եւ հնագույն եկեղեցին պահպանելու մասին: Շուտով Երեւանի քաղաքային խորհուրդը, հանրապետության ղեկավար մարմինների համաձայնությամբ, որոշեց Կաթողիկեի փոքրադիր նորահայտ եկեղեցին, իբրեւ պատմության մեծարժեք կոթող պահպանել տեղում, վերանորոգել վնասված մասերը եւ բարեկարգել շրջապատը»,- գրում է Կարո Ղաֆադարյանը:
Երկրաշարժեր Երեւանում եւ հարակից շրջաններում
1937թ. հունվարին մոտ տասը օր ստորգետնյա ցնցումներ էին արձանագրվում Երեւանում եւ հարակից մի շարք շրջաններում։ Առաջին երկրաշարժն արձանագրվում է հունվարի 10-ին, հաջորդը՝ 12-ին։ Այն ամենաուժեղն էր՝ 5.5 բալ, որի հետեւանքով վնասվում են Երեւանի, Էջմիածնի եւ Արմավիրի շրջանների գյուղերի որոշ տներ։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն լինում։ Այնուհետեւ ցնցումներ են լինում հունվարի 13-ին եւ 23-ին։
Խորհրդային մամուլը երկրաշարժի ավերածությունների մասին տեղեկություններ չէր հրապարակում՝ նշելով միայն զոհերի բացակայությունը։ 1937թ. մարտի 10-ի ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշումից միայն կարելի է եզրակացնել, որ զգալի վնասներ, այնուամենայնիվ, եղել էին։ Որոշման համաձայն՝ տուժած բնակավայրերի վերականգնման համար հատկացվում էր շուրջ 11.5 մլն ռուբլի, որի գրեթե կեսը տրվում էր որպես երկարաժամկետ վարկ։ Նշվում էր նաեւ, որ երկրաշարժից ամենաշատը տուժած Փարաքար եւ Զահմեթ (հիմա՝ Խաչփառ) գյուղերում նոր տներ պետք է կառուցվեին։ Մյուս բնակավայրերում հիմնականում վերանորոգվելու էին բնակելի շինությունները։
«Կարո» կինոնկարը
1937թ. Հայֆիլմը նկարահանում է «Կարո» գեղարվեստական կինոնկարը, որը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը մասնակցած պատանի Կարոյի մասին է։ Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Արտաշես Հայ-Արտյանն է։
Պատանի Կարոյի դերակատարը ապագա ռեժիսոր Մոկո Հակոբյանն է, որը հետագայում նկարահանել է «Ոսկե ցլիկ» կատակերգությունը։ Ֆիլմում նկարահանվել են Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Օրի Բունիաթյանը եւ այլ դերասաններ։
Խորհրդային Հայաստանի զինանշանը
1937թ. հունիսի 2-ին ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը հաստատում է ՀԽՍՀ պետական զինանշանը, որի հեղինակներն էին նկարիչներ Մարտիրոս Սարյանը եւ Հակոբ Կոջոյանը։
Բացվում է Մանկական երկաթուղին
1937թ. հուլիսի 6-ին բացվում է Երեւանի Մանկական երկաթուղին, որն ուներ 2.1 կմ երկարություն։ Մանկական այգու եւ երկաթուղու ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։
Բացի այդ, այգու տարածքում կառուցվում է փոքր՝ մանկական հիդրոկայան, որն ուներ 40 ձիաուժ հզորություն։ Կայանի արտադրած էլեկտրականությամբ էլ շահագործվում էր երկաթուղին։
Կարդացեք նաեւ. Մանկական երկաթուղին` կենդանի պատմություն
Չարենցի ձերբակալությունն ու մահը
1937թ. հուլիսի 27-ին Երեւանում ձերբակալվում է Եղիշե Չարենցը։ Չորս ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, բանտի հիվանդանոցում մահանում է։ Նրա մահից մի քանի օր առաջ ձերբակալվել էր նաեւ Չարենցի կինը՝ Իզաբելան։ Չարենցի գերեզմանի տեղն առ այսօր անհայտ է։
Բանտում Եղիշե Չարենցը գրել էր Ստալինի մասին «Թիֆլիսցի կինտոն» բանաստեղծությունը.
Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի
Սփռում է արյուն ու արցունք։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան