Հարի Թրումենը երկրորդ անգամ ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, ստորագրվում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը, որը ՆԱՏՕ-ի ստեղծման հիմքն է դառնում, ստեղծվում է Եվրոպայի խորհուրդը, հռչակվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Խորհրդային միությունն անցկացնում է ատոմային ռումբի առաջին փորձարկումը:
Աքսոր՝ ըստ N 00525 գաղտնի հրամանի
1949թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ խորհրդային այլ հանրապետություններում տասնյակհազարավոր մարդկանց գրեթե նույն ժամին ապրանքատար գնացք են նստեցնում եւ ուղարկում դեպի անհայտություն։ Հերթական բռնությունների հիմքում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության 1949թ. հունիսի 2-ի հույժ գաղտնի N 00525 հրամանն էր։
«Համաձայն ԽՍՀՄ Մինիստրների Սովետի 1949թ. մայիսի 29-ի N 2214-856 հրամանի՝ Վրացական, Ադրբեջանական, Հայկական ԽՍՀ տարածքից եւ Սեւ ծովի առափնյա [շրջաններից] ցմահ աքսորվելու են դաշնակները, թուրքական քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող թուրքերը, խորհրդային քաղաքացիություն ունեցող Թուրքիայի նախկին քաղաքացիները, նախկին հունահպատակները, որոնք այժմ խորհրդային քաղաքացիություն ունեն»,- գրված էր հրամանում։
N00525 հրամանը սահմանում էր, թե որ շրջաններ պետք է տեղափոխվեին աքսորյալները.
«ԽՍՀՄ Մինիստրների Սովետի որոշումը ճշգրիտ եւ ժամանակին կատարելու համար հրամայում եմ՝
Վրացական, Ադրբեջանական, Հայկական, Ուկրաինական ԽՍՀ-ից, Կրասնոդարի երկրամասից եւ Ղրիմի շրջանից աքսորյալներին ցմահ վերաբնակեցման ուղարկել՝
դաշնակներին՝ Ալթայի երկրամաս, 3620 ընտանիք՝ 13 000 մարդ,
թուրքերին՝ Տոմսկի շրջան, 1500 ընտանիք, 5400 մարդ,
հույներին՝ Ջամբուլի շրջան, 6000 ընտանիք, 21 600 մարդ,
հույներին՝ Հարավ-Ղազախական շրջան, 1500 ընտանիք, 5400 մարդ։
ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր, գեներալ-գնդապետ Ս. Կրուգլով»։
Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ՆԳ նախարարներ Կարանաձեին, Գրիգորյանին եւ Յաղուբովին հանձնարարվում էր կայարաններում կազմակերպել տեղահանվողների ընդունումը։ Շարժակազմերը ձեւավորվում էին ըստ աքսորյալների խմբերի, եւ յուրաքանչյուրում պետք է լիներ 30-հոգանոց զինված պահակախումբ։
Նախքան մարդկանց տեղահանությունը տեղական իշխանությունները կազմել էին աքսորյալների ցուցակները, ստուգել նրանց բնակության վայրը։
1949թ. հունիսի 14-ի ուշ գիշերը բոլոր աքսորյալների տուն էին գալիս 5-6-հոգանոց խմբեր, որոնք ընտանիքին տալիս էին 1-1.5 ժամ ժամանակ ամենաանհրաժեշտ իրերը հավաքելու համար։ Յուրաքանչյուր ընտանիք կարող էր իր հետ վերցնել մինչեւ 1000 կգ բեռ։ Այնուհետեւ մարդկանց ու տնային իրերը բարձում էին բեռնատար ավտոմեքենաները եւ տեղափոխում կայարան, որտեղ անմիջապես նստեցնում էին բեռնատար գնացքները։
Աքսորավայրում հատուկ վերաբնակիչներին աշխատանքի էին ընդունում ցածր վարձատրվող եւ ոչ պատասխանատու աշխատանքներում։
1953թ. Ստալինի մահից, իսկ մի քանի ամիս անց՝ Բերիայի ձերբակալությունից հետո միայն ԽՍՀՄ-ում սկսում են վերանայել վերաբնակների նկատմամբ վերաբերմունքը. նրանց որոշակի ազատություններ են շնորհվում, իսկ 1954-56թթ. մարդիկ աստիճանաբար վերադառնում են իրենց ծննդավայրը։
Հայրենադարձներ Ամերիկայից
1949թ. փետրվարին Բաթում է հասնում հայ հայրենադարձների հերթական խումբը։ Այս անգամ հայրենիք էին վերադառնում ամերիկահայերը։
«Ժողովուրդների առաջնորդ ընկեր Ստալինի մեծ պորտրեն հայրական հոգեպարար լայն ժպիտով կարծես բարի գալուստ է մաղթում հայրենադարձ իր որդիներին ու դուստրերին, որոնց վրա տարածում է արեւի ճառագայթներից էլ վա՛ռ ու ջերմ հոգատարությունը»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։
Ռուսաց լեզվի ուսումնասիրման խմբակներ
1949թ. ի կատարումն Հայաստանի կոմունիստական կուսակցության 14-րդ համագումարի որոշումների՝ մեծ ուշադրություն են սկսում դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանը։ Որոշվում է ընդլայնել ռուսերենի դասերի եւ ֆակուլտատիվ պարապմունքների քանակը։ «Ռուսաց լեզվին տիրապետելը յուրաքանչյուր կոմերիտականի ու երիտասարդի հնարավորություն է տալիս անմիջականորեն հաղորդակից լինելու աշխարհում ամենառեւոլյուցիոն եւ առաջավոր կուլտուրայի՝ ռուս ժողովրդի կուլտուրայի գանձարանին, այդ գանձարանից քաղելու անհրաժեշտ գիտելիքներ, ընդլայնելու իր քաղաքական ու կուլտուրական մտահորիզոնը»,- գրում էր «Ավանգարդը»։
Որոշումն իրագործելու նպատակով Հայաստանի տարբեր բուհերի գրեթե բոլոր ֆակուլտետներում ստեղծվում էին ռուսաց լեզվի ուսումնասիրման խմբակներ։ Այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում էին ռուսաց լեզվի ամբիոններն ու երիտասարդական կոմերիտական կազմակերպությունները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում հայրենադարձների՝ ռուսաց լեզվին տիրապետելու հարցին։
Քառասունամյա գրական «երիտասարդությունը»
1949թ. հունվարին Երեւանում տեղի է ունենում Հայաստանի խորհրդային գրողների միության վարչության ընդլայնված պլենումը, որտեղ զեկուցում է կազմակերպության պատասխանատու քարտուղար Վարդգես Համազասպյանը։
Նա մասամբ անդրադառնում է «Զվեզդա» եւ «Լենինգրադ» ամսագրերի շուրջ ստեղծված զարգացումներին, ապա անցնում հայ գրողներին։ Այս անգամ քննադատության «զոհերից» մեկը Վախթանգ Անանյանն էր։ Համազասպյանը խստորեն քննադատում է նրա ստեղծագործությունների «ռեակցիոն տենդենցները»։ Ավելին՝ գրողների միության քարտուղարը նշում էր, որ «ապոլիտիկությունը, անառարկայականությունը, բանաստեղծական հնամաշ բառարանից օգտվելը կործանարար կերպով է անդրադառնում» մի շարք գրողների ստեղծագործություններում։ Վարդգես Համազասպյանի համոզմամբ՝ հայ գրողները քաղաքական պատրաստվածությամբ զգալիորեն զիջում էին միութենական գրողներին։ «Նրանց պակասում է կյանքի ճանաչողությունը, ընդհանուր պատրաստականությունը, որի հետեւանքով հրապարակ են գալիս գեղարվեստորեն թույլ եւ կյանքը ճիշտ չպատկերող գործեր»,- ասել էր նա։
Քննադատական մտքեր է արտահայտում նաեւ Նաիրի Զարյանը։ Հիմնականը, թերեւս, այն էր, որ հայ գրողների շարքերը երիտասարդներով դժվարությամբ է համալրվում։ Զարյանը նշում էր, որ երիտասարդների ճանապարհը փակում է հենց Գրողների միությունը։ «Մեզանում՝ հայ գրականության մեջ մարդիկ չեն ծերանում եւ չեն զիջում իրենց տեղը նոր ուժերին։ Քառասունամյա գրական «երիտասարդությունը» մեզանում արթուն հսկում է գրականության մատույցները նորեկների ներխուժման դեմ»,- ասել էր Նաիրի Զարյանը։
Թումանյանի 80-ամյակն ու թանգարանի հիմնադրման որոշումը
1949թ. փետրվարի 18-ին Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին մասնակցում էին Հայաստանի մշակութային գործիչները։ Երեկոն բացում է գրող Հրաչյա Քոչարը՝ իր ելույթում անդրադառնալով Թումանյանի հասարակական-մշակութային գործունեությանը։
«Ազգային խոշորագույն բանաստեղծ, խոսքի մեծ վարպետ, ժողովուրդների բարեկամության մարտիկ»,- այսպիսի բնորոշումներ էր տալիս նա Թումանյանին։
«Իր երկերում նա արտահայտել է հայ ժողովրդի լավագույն ձգտումներն ու իղձերը։ Նրա ստեղծագործության ակունքները խորապես ժողովրդական են, դրա համար էլ այնքան հարազատ են մեզ»,- ասել էր Հրաչյա Քոչարը։
2014 թվականի հրապարակված նամակում Թումանյանի թոռնուհիներ Սուրմա Թումանյանը եւ Իրմա Սաֆրազբեկյանը պատմել էին, որ 1949 թվականին բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը Մոսկվայում հանդիպել էր Անաստատ Միկոյանին.
«1949 թվականի սկզբին Նվարդ Թումանյանը Մոսկվայում հանդիպել է Անաստաս Միկոյանին եւ նրան ներկայացրել մեր ընտանիքի ցանկությունը` Երեւանում տուն-թանգարան ունենալու մասին։ Միկոյանը հավանություն է տվել ընտանիքի այդ ցանկությանը եւ Նվարդի ներկայությամբ զանգահարել այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, նրան փոխանցել իր եւ Նվարդի զրույցի բովանդակությունը։ Շատ չանցած, Հայաստանում որոշում է կայացվել Երեւանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան կառուցելու մասին»:
«Ստալինը եւ հայ ժողովրդի վերածնունդը»
1949թ. կազմակերպվում է Խորհրդային Հայաստանի կերպարվեստի մեծ ցուցադրություն «Ստալինը եւ հայ ժողովրդի վերածնունդը» թեմայով` նվիրված առաջնորդի 70-ամյակին:
Քանդակագործ Հովհաննես Բեջանյանը պատրաստել էր Ստալինի մեծադիր կիսանդրին՝ Ցարիցինի (Վոլգոգրադ) մարտերի ժամանակ: «Բեջանյանը սքանչելի կերպով կարողացել է քանդակը տեղափոխել ընկուզենու փայտի վրա: Նրա աշխատանքում պահպանված է մեծ առաջնորդի կերպարի վեհությունը, պարզությունը, հաղթանակի նկատմամբ ունեցած անսասան հավատը»,- գրել էր «Ավանգարդը»:
Գների իջեցումը
1949թ. մարտի 1-ից ԽՍՀՄ-ում իջեցվում է մի շարք ապրանքների գինը: 10 %-ով էժանանում է հացը, ալյուրը, ձկնեղենը, կարագը, միսը, երշիկեղենը: Ալկոհոլային խմիչքի գինը նվազում է 15-30 %-ով: Համապատասխանաբար էժանանալու էր նաեւ սննդի օբյեկտների սպասարկումը:
Հայաստանի բազմաթիվ գործարաններում տեղի են ունենում ժողովներ, քննարկումներ, որտեղ մարդիկ իրենց գոհունակությունն էին ներկայացնում գների իջեցումից, նաեւ խորին շնորհակալություն էին հայտնում Առաջնորդին. «Աշխատավորներն իրենց անհուն երախտագիտության եւ շնորհակալության խոսքն են ուղղում բոլշեւիկների պարտիային եւ անձամբ ընկեր Ստալինին՝ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած անսահման հոգատարության համար»:
Հրանտ Շահինյանը փայլում է Բուդապեշտում
1949թ. օգոստոսին Բուդապեշտում տեղի է ունենում ուսանողների միջազգային սպորտային փառատոնը, որին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցում էին նաեւ հայ մարզիկները: Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները լավ արդյունքներ են ցուցաբերում տարբեր սպորտաձեւերում:
Ամենափայլուն արդյունքներն արձանագրում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը, որը 120 հնարավորից հավաքում է 118,20 միավոր: Նա նվաճում է միջազգային ուսանողական խաղերի մարմնամարզության բացարձակ չեմպիոնի կոչում՝ նվաճելով 6 ոսկե մեդալ եւ ստանալով 5 հատուկ մրցանակ:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան