Հայկական Կարմիր. 1942



Մոսկվայի թատրոնների հյուրախաղերը Երեւանում


1942թ. հունվարի 18-ին հյուրախաղերով Երեւան են ժամանում Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական եւ Օստրովսկու անվան փոքր թատրոնի անվանի դերասանները։ Հաջորդ օրը նրանք առաջին համերգն են տալիս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, որը ջերմ ընդունելության է արժանանում։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Կաչալովը, որն առաջին անգամ էր Հայաստանում, «Սովետական Հայաստան» թերթի թղթակցին ասել էր, որ Հայաստան այցելելու ցանկություն ունեցել էր դեռեւս հեղափոխությունից առաջ։ «Իմ ամենաթանկագին բարեկամներից մեկը՝ Գերոգի Յակուլովը, հաճախ էր ինձ ասում, թե քանի չես տեսել Հայաստանը՝ չես կարող լրիվ պատկերացում կազմել Կովկասի չքնաղ պոեզիայի եւ երկրի հիանալի գեղեցկության մասին։ ...Անսահման ուրախ եմ Հայաստան գալուս առթիվ»,- ասել էր դերասանը։


Զորահավաք եւ մարզումներ


1942թ. փետրվարին Հայաստանի կոմերիտական կազմակերպության կենտկոմի բյուրոն որոշում է Հայաստանի կոմերիտական կազմակերպություններում ստեղծել հակատանկային պայքարի, դիպուկահարների եւ գնդացրորդների ստորաբաժանումներ: Երկու ամիս անց սկսվում են երիտասարդության շրջանում բուժքույրերի պատրաստման դասընթացները, որոնց ընդգրկվում էին 18-35 տարեկան կանայք եւ աղջիկները: Որոշված էր դասընթացներում ընդգրկել ֆիզիկապես առողջ եւ մարտական պայմաններին դիմացկուն կանանց:



Մայիս-հունիսին Հայաստանում անցկացվում է մի շարք ռազմական մասնագետների զորահավաք եւ երկամսյա մարզումներ: Ամենաշատ պահանջված մասնագետները գնդացրորդներն էին, դիպուկահարները, ականանետորդները եւ հակատանկային զինատեսակներին տիրապետողները: Զորակոչվում էին 17 տարեկանից բարձր երիտասարդները, որոնք անցել էին համընդհանուր ռազմական ուսուցման 110-ժամյա դասընթացը: Ըստ պլանի՝ անհրաժեշտ էր 400 գնդացրորդ, 400 ականանետորդ, 400 գնդացրորդ, 600 տղամարդ եւ 500 կին դիպուկահար:

 

 

Ընդհանուր առմամբ 1942թ. Խորհրդային Հայաստանում ռազմական վերապատրաստում են անցնում եւ ռազմական մասնագիտություն ստանում 12 155 մարդ:


Նռնակների եւ դյուրավառ հեղուկով շշերի արտադրություն


Պատերազմը սկսվելուց հետո Խորհրդային միության բազմաթիվ գործարաններ վերամասնագիտանում են եւ անցնում ռազմական արտադրանքի պատրաստման:

Բացառություն չէր նաեւ Խորհրդային Հայաստանը: Անդրկովկասյան ռազմաճակատի կարիքները բավարարելու նպատակով 1942թ. հոկտեմբերին Երեւանի «Սովպրեն» գործարանի տնօրինությանը հրամայվում է կարճ ժամանակում մշակել, գծագրել եւ սկսել ՌԳ-42 ձեռքի նռնակների արտադրությունը: Գործարանը ռազմական այս պատվերի համար պետք է աշխատեր երկու հերթով՝ օրական 11 ժամ տեւողությամբ եւ արտադրեր ամսական 1000 նռնակ:

 

 

1942 թվականին դյուրավառ հեղուկով շշերը դեռեւս պահպանում էին մարտական նշանակությունը, որոնք օգտագործվում էին հակառակորդի տանկերը ոչնչացնելու համար: Նույն որոշմամբ գործարանի տարբեր արտադրամասեր պետք է արտադրեին ամսական 150 000 դյուրավառ հեղուկով շիշ, որի համար օգտագործվելու էին նաեւ կենցաղային նշանակություն ունեցող, սակայն բռնկվող քիմիական նյութեր՝ բեւեկն (սկիպիդար), ծխացող ծծմբաթթու (օլեում), ինչպես նաեւ նավթ ու բենզին:

Օգոստոսին ԽՍՀՄ ժողկոմխորհի հանձնարարությամբ Հայաստանում սկսում են արտադրել ЯМ-5 հակատանկային ականների պատյանները։


Մահանում է Սիմոն Զաքյանը


1942թ. ապրիլի 2-ին մահանում է ծանր վիրավորված գնդապետ Սիմոն Զաքյանը։ Նա 89-րդ Թամանյան դիվիզիայի առաջին հրամանատարն էր։ 1942թ. Զաքյանը նշանակվել էր Ղրիմում կազմավորված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար։

Մարտի վերջին Կերչում ընթացող մարտերում գնդապետ Զաքյանը վիրավորվել էր։
«Զաքյանի ղեկավարությամբ հայկական զորամասերը տոկունությամբ կռվում էին գերմանական զավթիչների դեմ, մարտի 20-ին հետ մղելով գերմանական 22-րդ տանկային դիվիզիայի տանկային գրոհը, որի ժամանակ հակառակորդը հսկայական կորուստ կրեց։ Բանակի մյուս զորամասերի հետ միասին, հայ մարտիկները այնպես ջախջախեցին հակառակորդին, որ նա կռվի դաշտում թողեց 47 տանկ»,- գրել էր ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարի տեղակալ Լեւ Մեխլիսը։

Գնդապետ Սիմոն Զաքյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվում է պետական հանձնաժողով։ Որոշվում է հայ ժողովրդի զավակին հուղարկավորել Կիրովի անվան այգում։

 

 

Սիմոն Զաքյանի աճյունը ինքնաթիռով բերում են Երեւան, ապա զինվորական կարգով տեղափոխում Հայֆիլհարմոնիայի դահլիճ, որտեղ տեղի է ունենում սգո արարողությունը։ Դագաղի մոտ պատվո պահակ են կանգնում Հայաստանի կուսակցական ղեկավարները, Ղրիմի ռազմաճակատի եւ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զինվորական խորհրդի անդամները, մարտական ընկերները։

Զաքյանի աճյունը Հայֆիլհարմոնիայի դահլիճից ոտքով տանում են մինչեւ Կիրովի անվան այգի։ Թաղումից հետո գնդացրային եւ հրանոթային երեք համազարկ է տրվում։


Թիմուրականների առաջին հավաքը


1942թ. մայիսի 10-ին Երեւանում տեղի է ունենում թիմուրականների առաջին համաքաղաքային հավաքը, որին մասնակցում է 800 պիոներ։

Թիմուրական շարժումը ԽՍՀՄ-ում տարածվում է 1940 թվականից, երբ լույս է տեսնում Արկադի Գայդարի «Թիմուրը եւ նրա ջոկատը» վիպակը։

Թիմուրականության գաղափարի հիմքում պիոներների հասարակական ակտիվությունն էր, մարդկանց օգնելու, աջակցելու պատրաստակամությունը։ 1942թ. մայիսին Երեւանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր նաեւ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին։ Թիմուրականները օգնում էին ռազմաճակատում գտնվող մարտիկների ընտանիքներին, կազմակերպում էին մետաղի ջարդոնի հավաք, խանութ էին գնում տարեցների փոխարեն եւ հասարակական այլ գործունեություն ծավալում։


Ռազմական դրություն


1942թ. սեպտեմբերի 9-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի հրամանագրով ռազմական դրություն է հայտարարվում Հայկական ԽՍՀ-ում եւ Նախիջեւանի ԻԽՍՀ-ում։ Մի քանի օր անց 45-րդ բանակի ռազմական խորհուրդն ընդունում է որոշում, որ սահմանվում էր ռազմական դրության իրավական ռեժիմը։ Պետական անվտանգության, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության բոլոր գործառույթներն անցնում էր զինվորական կայազորերի հրամանատարներին, որոնք պետք է հետեւեին անհրաժեշտ հրամանների ու որոշումների կատարմանը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Կայազորերի հրամանատարներն անհրաժեշտության դեպքում կարող էին բնակչությանն ընդգրկել ամրաշինական եւ այլ աշխատանքներում։ Բոլոր քաղաքների մուտքերի մոտ տեղակայվում էին հսկիչ անցագրային կետեր, իսկ քաղաքներում սահմանվում էր շուրջօրյա պարեկային հերթապահություն։

ՀԽՍՀ-ում եւ Նախիջեւանում երկաթուղային բոլոր փոխադրումներն իրականացվելու էին լիակատար լուսաքողարկումով։ Գիշերային ժամերին Համամլու-Օրդուբադ երկաթուղային գծում արգելվում էր օգտագործել շոգեքարշների ազդանշանները։ Սեմյոնովկայի, Սպիտակի, Ջաջուռի, Բզովդալի եւ այլ լեռնանցքներում տեղակայվում էին զինվորական հսկիչ կետեր, եւ սահմանվում էր փաստաթղթային խիստ հսկողություն։ Ներքին գործերի ժողկոմատի եւ միլիցիայի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում փոստ-հեռագրային բոլոր կենտրոններում։


«Սովետական Հայաստան» զրահագնացքը եւ «Հայաստանի Կոլտնտեսական» տանկային շարասյունը


1942թ. հունիսին Հայաստանի աշխատավորների հանգանակած միջոցներով կառուցվում է «Սովետական Հայաստան» զրահագնացքը։ Մոսկվայի քաղաքային կոմիտեի ղեկավար Շչերբակովը հունիսի սկզբին հեռագրում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, որ Մոսկվայի երկաթուղային արհեստանոցներն ավարտել են աշխատանքը։ «Հայաստանի աշխատավորության հավաքած միջոցներով կառուցված զրահագնացքը ուժեղացնում է Կարմիր Բանակի հզորությունը։ Զրահագնացքին տրված է «Սովետական Հայաստան» անունը»,- հայտնում էր Շչերբակովը։

 

 

Իսկ 1942թ. դեկտեմբերի վերջին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը հեռագրում է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ստալինին, որ Խորհրդային Հայաստանի կոլտնտեսականները զգալի միջոցներ են հանգանակել «Հայաստանի Կոլտնտեսական» տանկային շարասյան կառուցման համար:

Նրանք «իրենց անձնական խնայողություններից հավաքել են 38 մլն ռուբլի»,- զեկուցում էր Հարությունյանը: Ի պատասխան՝ Ստալինը «եղբայրական ողջույն եւ շնորհակալություն էր» հայտնում հայ կոլտնտեսականներին:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: