Հայկական Կարմիր. 1935



 

1935 թվականին Ադոլֆ Հիտլերը նախաձեռնում է «Զինված ուժերի ստեղծման մասին» օրենքի ընդունումը՝ խախտելով 1919 թվականի Վերսալի պայմանագիրը, իտալական Տրիպոլի եւ Կիրենաիկա գաղութների միավորման արդյունքում ստեղծվում է Լիբիա պետությունը, ԽՍՀՄ-ը եւ Ֆրանսիան ստորագրում են Փոխօգնության մասին պակտը, ծնվում են Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Դելոնը, Վուդի Ալենը:

 

Հացի կտրոնների վերացումն ու «գրոհը» կրպակների վրա

 

Առաջին անհրաժեշտության ապրանքների քարտային (կտրոնով) սպառումը Խորհրդային միության անբաժան ուղեկիցն էր։ Տարբեր տարիների, ելնելով տնտեսական ու քաղաքական նպատակահարմարությունից, ԽՍՀՄ-ում ներդրվում կամ վերացվում էր քարտային համակարգը։ Հացի եւ այլ սննդամթերքի քարտեր առաջին անգամ կիրառվում են 1920-21 թվականներին՝ ռազմական կոմունիզմի ժամանակ։ 1921-ից, երբ անցնում են նոր տնտեսական քաղաքականությանը, քարտերը վերացվում են, սակայն 1929թ․ հացը կրկին դառնում է կտրոնով։

1935թ․ հունվարի 1-ին ՌԿ(բ)Կ քաղբյուրոն որոշում է վերացնել հացի քարտային համակարգը։

Խորհրդային Հայաստանում հացի ազատ վաճառքին լավ չէին պատրաստվել․ խանութներում հաճախորդներին սպասարկելու պայմանները բավարար չէին, հացի բաժինները կահավորված չէին, շատ տեղերում բացակայում էին կշռաքարերը։ «Խորհրդային Հայաստան» թերթի լրագրողն առաջին իսկ օրն արձանագրել էր, որ Երեւանում մի շարք նոր կառուցված կրպակների ապակիները կոտրված էին։


«Աբովյան փողոցի վերեւ, տրամվայի շրջապտույտում կառուցված կրպակի ապակիները ջարդվել են։ Յոնջալըղում դրված կրպակը ավելի վատ դրության մեջ է»։


Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ հացի քարտային համակարգի վերացումը որոշակի դրական ազդեցություն է ունենում, եւ մի քանի ամիս անց մի շարք այլ ապրանքներ նույնպես հայտնվում են ազատ վաճառքում։



«Անուշի» առաջին բեմադրությունը

 

 1935 թվականի մարտի 27-ին Երեւանի պետական օպերայում առաջին անգամ բեմադրվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որի գլխավոր ռեժիսորը Արմեն Գուլակյանն էր, իսկ դիրիժորը՝ Սերգեյ Շաթիրյանը։ 

 

 

Երեւանում «Անուշ»-ի բեմադրության առթիվ Արմեն Տիգրանյանն ասել էր, որ մեծ բանաստեղծի պոեմը միայն Լոռիի կյանքին չի վերաբերում, այլեւ Հայաստանի գյուղերի անցյալին։ 

 

 

 

«Վաստակավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի բեմադրությունը, Միքայել Արուտչյանի ձեւավորումը, Վ. Արիստակեսյանի մշակած պարերը եւ դիրիժոր Սերգեյ Շաթիրյանի ինձ ցույց տված աջակցությունը գործիքավորման մեջ, գրավական են «Անուշ»-ի հաջողությանը»,- ասել էր Տիգրանյանը։ «Անուշ» օպերայում Սարոյի դերը կատարում էր Շարա Տալյանը, իսկ Անուշինը՝ Հայկանուշ Դանիելյանը։

 

Մահանում է Ռոմանոս Մելիքյանը

 

1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում մահանում է երգահան Ռոմանոս Մելիքյանը (1883-1935)։


«Հեղափոխությունից հետո Ռոմանոս Մելիքյանն առաջին կոմպոզիտորն էր, որը կապվեց Խորհրդային Հայաստանի երաժշտական կուլտուրայի հետ եւ 1921 թվին, տնտեսական ծանր տարիներին, Երեւանում վառեց երաժշտական առաջին ջահը, հիմք դնելով երաժշտական ստուդիային»,- գրել էր «Գրական թերթը»։

Ռոմանոս Մելիքյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվում է պետական հանձնաժողով, որի անդամները մեկնում են Թիֆլիս կոմպոզիտորի աճյունը Հայաստան տեղափոխելու համար։

 

 

«Մեզանից ընդմիշտ հեռացավ մի արվեստագետ, որի անունն անքակտելիորեն կապված է հայ երաժշտական կուլտուրայի հետ։ Ամենամեծ հարգանքը մեր կողմից դեպի մեր տաղանդավոր կոմպոզիտորը կլինի այն, որ մենք հատուկ ուսումնասիրության եւ քննության ենթարկենք խոշոր հարստություն ներկայացնող այն երաժշտական ժառանգությունը, որ թողել է նա»,- ցավակցական նամակում գրել էին մշակույթի հայ գործիչները։

Ապրիլի 1-ի երեկոյան Պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունենում սգո նիստ՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի հիշատակին, որի ժամանակ երիտասարդ դաշնակահար Առնո Բաբաջանյանը նվագում է Բեթհովենի մահվան քայլերգը։ Ռոմանոս Մելիքյանի հուղարկավորությունը տեղի է ունենում ապրիլի 4-ին։

 

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի ստեղծումը

 

1935թ. հունիսին Երեւանում ստեղծվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքը (Արմֆան), որի առաջին ղեկավարը դառնում է երկրաբան Ֆրանց Լեւինսոն-Լեսինգը։ 

 

 

Հունիսի 28-ին նա ժամանում է Երեւան։ Ակադեմիայի պաշտոնական բացումը տեղի է ունենում հուլիսի 4-ին, որի ժամանակ էլ անցկացվում է առաջին գիտական նստաշրջանը։

 

Վախճանվում է Ալեքսանդր Շիրվանզադեն

 

1935թ. օգոստոսի 7-ին Կիսլովոդսկում վախճանվում է Ալեքսանդր Շիրվանզադեն։ Սիրված գրողի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվում է պետական հանձնաժողով։ 

 

 

 

«Հովհաննես Թումանյանից հետո Ալեքսանդր Շիրվանզադեն անպայման հայկական ամենասիրելի գրողն էր Անդրկովկասում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Նրա քնքուշ հանդիպումները երիտասարդ գրողների հետ եւ հանդարտ, սրտալի զրույցը ճանաչված վարպետին դարձնում էին բոլորից սիրվող»,- գրված էր ԽՍՀՄ գրողների միության ցավակցական հեռագրում։ 

 

Քրոմպիկի գործարանի շահագործման մեկնարկը

 

1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում արագորեն զարգացնում էին քիմիական արդյունաբերությունը, որի ամենակարեւոր «հսկան» լինելու էր սինթետիկ կաուչուկի կոմբինատը։ Շատ տարիներ անց այդ կոմբինատը ստանալու էր «Նաիրիտ» անունը, որի հզորությունն ու թշվառությունը ձգվելու էր երկար տասնամյակներ՝ հասնելով մինչեւ մեր օրերը։

1935թ. փետրվարի սկզբին շահագործման է հանձնվում կոմբինատի առաջին՝ քրոմպիկի գործարանը, որն արտադրելու էր սինթետիկ կաուչուկ ստանալու համար անհրաժեշտ հումքը՝ կալցիումի դիքրոմատը կամ «խրոմպիկը»։ Կենցաղային քիմիայում մեծ կիրառություն ունեցող այս հանքանյութը բերվում էր Սեւանից, բարձր ջերմաստիճանում մշակվում, ապա օգտագործվում կաուչուկ ստանալու համար։ Քրոմպիկը կիրառվում էր նաեւ արդյունաբերության այլ ոլորտներում՝ կաշվի մշակման, տարբեր ներկանյութեր ստանալու համար։

«Հումքի մեկ տարվա պաշարն արդեն կուտակված է գործարանի մուտքի առաջ։ Այստեղից հումքն անցնում է մի շարք աղացների միջով եւ մանրացվում։ Մանր աղացած հանքը խառնվում է սոդայի եւ կրի հետ ու փոխադրվում մի երկար եւ լայն վառարանի մեջ, որտեղ ջերմաստիճանը հասնում է 1000 եւ ավելի աստիճանի։ Շիկացումն ավարտելուց հետո հումքը փոխադրում են հատուկ անոթների մեջ եւ մշակում ջրով, ստացված խրոմական աղերն արտադրելու համար։ Պրոցեսը վերջանում է նրանով, որ ծծմբական թթվով թթվեցրած լուծույթից ջուրը հեռացնում են գոլորշիացնելով։ Մնացած կարծր բյուրեղացված զանգվածը կոչվում է նատրիում բիխրոմատ կամ կարճ՝ խրոմպիկ, որն էլ գործարանի վերջնական արտադրանքն է»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։ Գործարանի բացման պահին արդեն կուտակվել էր շուրջ 650 տոննա հումք։

 

Վավիլովի այցն ու Երեւանի բուսաբանական այգու հիմնադրումը

 

1935թ. ապրիլին Երեւան է գալիս ԽՍՀՄ ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը։ Նա մասնակցություն էր ունենալու Հայաստանում Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտի հիմնադրմանը։

Վավիլովը հանդիպել էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի եւ ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գուլոյանի հետ՝ քննարկելով Հայաստանում բուսաբանության զարգացման եւ Երեւանում բուսաբանական այգի հիմնելու անհրաժեշտությունը։

 

 


«Այդ այգին Հայաստանի կանաչազարդման հիմքը կհանդիսանա։ Բուսաբանական այգում հետախուզական լայն աշխատանք պետք է ծավալվի, պետք է ստեղծվեն առաջնակարգ ջերմոցներ, որտեղ հնարավոր կլինի աճեցնել ինչպես մերձարեւադարձային, այնպես էլ արեւադարձային բույսեր»,- ասել էր Վավիլովը։ Նա նաեւ առաջարկում էր Գառնիում ստեղծել բուսաբանական այգու բաժանմունք։



Վավիլովը նաեւ առաջարկել էր վերականգնել Գառնիի տաճարը, որը նա համարում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում «հնաբանական ամենաարժեքավոր փաստաթուղթը»։

Վավիլովի առաջարկությունները Հայաստանի ղեկավարությունն ընդունում է, եւ 1935 թվականին հիմնադրվում է Երեւանի բուսաբանական այգին, որն ուներ շուրջ 80 հեկտար տարածք։

 

Մայիսյան ապստամբության 15-րդ տարեդարձը

 

1935թ. մայիսմեկյան տոնակատարությունը Խորհրդային Հայաստանում հատկապես ճոխ էր կազմակերպված։ Նախ՝ Մայիսյան ապստամբության 15-րդ տարեդարձն էր, ինչպես նաեւ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հոբելյանական տարեդարձը։ Ապրիլի կեսից մամուլը հեղեղված էր Մայիսյան ապստամբության մասնակիցների մասին հուշերով, պատմություններով, նկարներով ու գեղարվեստական ձեւավորումներով։ 

 

 

Մայիսի 1-ի միջոցառմանը մասնակցում են հազարավոր քաղաքացիներ, տեղի է ունենում ռազմական շքերթ, որին մասնակցում էին Հայաստանում տեղակայված զորամիավորումները։ «Սոցիալիզմի հայրենիքի զինվորին վայել հպարտությամբ անցնում են հետեւակները։ Առողջ, ամրակազմ ու անպարտելի։ Զենքերի փայլը խառնվում է նրանց խանդավառ հայացքներին։ Ապա դոփում է կարմիր հեծելազորը։ Մայիսյան արեւը վառվում է մերկացրած սրերի վրա։ 

 

 

Բոլշեւիզմի անպարտելի խիզախությունն է սլանում նժույգների վրա։ Չապաեւյան հուրն է բորբոքվում։ Ահա մեր մարտունակությունը՝ անիվների վրա։ Ահա թնդանոթները, որոնց հաղթական որոտներով բացվեց մայիսմեկյան հանդեսը։ Ահա ավտո-զորամասերը, զրահապատը»,- այսպես էր նկարագրում զորահանդեսը Վահրամ Ալազանը։ 

 

 

Հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, Երեւանում՝ Պետհամալսարանի դիմացի այգում, տեղադրվում է Ղուկաս Ղուկասյանի արձանը։ Այն ժամանակ պուրակը կոչվում էր ուսանողական թաղամաս։ Արձանը քանդակել է Սուրեն Ստեփանյանը, իսկ ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

 

«Պեպո» ֆիլմը

 

1935թ. «Հայֆիլմը» նկարահանում է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն», որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Համո Բեկնազարյանն էր։ Ֆիլմում խաղում են Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Տատյանա Մախմուրյանը, Արմեն Գուլակյանը եւ բազմաթիվ այլ հայտնի դերասաններ։ 




Անդրադառնալով ֆիլմի սցենարական աշխատանքին՝ Համո Բեկնազարյանը գրում էր.

«Պիեսը շատ քիչ էր գործողություն տալիս կինոյի համար։ Ձգտելով առավելագույն գործողություն տալու սյուժեին, մենք ստիպված եղանք, մեծ ափսոսանքով, բաց թողնել մի շարք հիանալի (թատրոնի համար) մենախոսություններ։ Միաժամանակ, դրամատուրգիական լարվածությունը եւ կոմպոզիցիոն ամբողջականությունն ապահովելու համար մենք ստիպված եղանք նաեւ սյուժետային փոփոխություններ մտցնել»։

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: