1922 թվականին Թիֆլիսում ավտովթարից զոհվում է հայտնի հեղափոխական Կամոն՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը, Տաջիկստանի Չագան բնակավայրում Հակոբ Մելքումովը գնդակահարում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային, թուրքական բանակը Զմյուռնիայում կոտորում է հույներին ու հայերին, Բոստոնում սկսում է հրատարակվել «Հայրենիք» ամսագիրը, որը տասնամյակների ընթացքում ներկայացնում է Առաջին հանրապետության ղեկավարների եւ հասարակ մարդկանց հարյուրավոր հուշեր:
Անդրկովկասյան դաշնությունը
Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ շարունակվում էին ներքին հակասությունները, եւ բոլշեւիկները մտածում էին շրջանում առավել արդյունավետ կառավարում ստեղծելու մասին: Լենինի համար առավել ընդունելի տարբերակը մեկ միասնական տնտեսական եւ քաղաքական վարչատարածքային մարմինն էր. 1922թ. մարտին ստեղծվում է Անդրկովկասյան դաշնությունը:
Նախքան քաղաքական կազմավորումը, 1921-ի ընթացքում ընդունվել էին մի շարք որոշումներ, որոնք պետք է ավելի միավորեին երեք հանրապետությունը: Ամենից առաջ միացյալ մեկ համակարգում էր ընդգրկվել երկաթուղին, ապա ստեղծվել էր միացյալ արտաքին առեւտրի մարմինը (Վնեշտորգ), որի նպատակն էր կենտրոնացնել Անդրկովկասի արտահանումը արտաքին շուկա: «Երկաթուղիների միացումը եւ արտաքին առեւտրի համար Անդրկովկասյան ընդհանուր օրգանի ստեղծումը, անտարակույս, դրական արդյունք տվեց, սակայն դրա հետ միասին պարզվեց, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի սերտ տնտեսական միավորում, որը ենթադրում է քաղաքական եւ պետական միավորում»,- գրված էր Անդրդաշնության 10-ամյակին նվիրված գրքույկում:
Սակայն տնտեսական շահը միակ գործոնը չէր: Անդրկովկասի հանրապետություններում շարունակվում էր ներքին պայքարը, որի հիմքում ազգային հարցերն էին, կամ ինչպես ասում էին այն տարիներին՝ նացիոնալիզմը:
Ազգայնականության խնդրին անդրադառնում էր նաեւ Ստալինը՝ նշելով, որ «հայկական, վրացական եւ ադրբեջանական նացիոնալիզմը վերջին ժամանակներս չափազանց ուժեղացել է Անդրկովկասի հանրապետություններում եւ դանդաղեցնում է միավորման գործը»: Բոլշեւիկյան ղեկավարությունը հույս ուներ, որ ընդհանուր՝ դաշնային հանրապետություն ստեղծելով կհաջողվեր նվազեցնել եւ վերացնել անդրկովկասյան հանրապետությունների ներքին հակասությունները:
1922թ. փետրվարի վերջին Անդրկովկասի Կոմկուսի համագումարը Թիֆլիսում վճռում է ապագա կազմավորումը ստեղծելու հարցը: «Բոլոր պատգամավորները կատարյալ համերաշխությամբ անհրաժեշտ գտան Անդրկովկասի համար ստեղծել ընդհանուր քաղաքական կենտրոն եւ միաձայն որոշեցին անմիջապես անցնել ֆեդերացիայի գաղափարի իրականացման»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:
Մարտի 12-ին Անդրկովկասի հանրապետությունների կենտրոնական գործադիր կոմիտեների լիազոր համագումարը որոշում է ստեղծել Անդրկովկասյան դաշնությունը:
«Երեքի» դեկլարացիան
1920-ական թվականների սկզբի գրական նշանակալի պայքարի դրսեւորումներից էր «Երեքի» դեկլարացիան, որը 1922թ. հուլիսի 6-ին հռչակում են Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին եւ Գեւորգ Աբովը։
Հռչակագրով գրողները ուրվագծում էին հայ գրականության զարգացման հիմնական ուղղությունները։ Ժամանակակից հայ գրականության նկարագիրը «Երեքի» կարծիքով մռայլ էր ու անհեռանկար, «մահվան դատապարտված մի թոքախտավոր էր»։
««Հայրենիք», «սեր անբիծ», «անապատ ու մենություն», «մթնշաղեր նրբակերտ», «մոռացում ու երազներ».- ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ եւ սիմվոլիզմ»,- գրում էին հռչակագրի հեղինակները։
Քննադատելով հայ գրականությունը՝ Չարենցը, Վշտունին եւ Աբովն առաջարկում էին ստեղծել նորը, որը պետք է ավելի մոտ լիներ իրականությանը, աշխատավոր զանգվածներին եւ հեղափոխական շունչ տարածեր։
«Մենք պահանջում ենք.
1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները եւ գրքերից դեպի կենդանի խոսքը,
2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է - շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր։
Մեր օրվա լոզունգն է.
Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը եւ սալոնային կանայք։
Կեցցե՜ գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմությունները։
Կեցցե՜ ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։
Կեցցե՜ պրոլետարական հեղափոխությունը»։
«Մուրճ» գրական հանդեսը
1922թ. նոյեմբերին Երեւանում լույս է տեսնում «Մուրճ» գրական հանդեսը, որի խմբագիրն Ազատ Վշտունին էր։ Նա վիճարկում էր ոչ միայն անցյալի գրականությունը, այլեւ ամբողջ արվեստը՝ նշելով, որ արվեստը չի կարող լինել քաղքենիական ու մանր բուրժուական։
Հեղափոխական արվեստը պետք է ներկայացներ աշխատավորների ու գյուղացիների շահերը, սպասարկեր նրանց պահանջմունքները, լիներ գաղափարախոսական առաջատարը։ ««Մուրճ»-ը հրատարակվում է ոչ թե տիրացու էսթետների հոգեկան բավարարման համար, այլ կռելու, կոփելու աշխատավորության գեղարվեստական գիտակցությունը, դուրս քաշելու անորոշությունից եւ լքումից այն բոլոր աշխատունակ գրողներին, բանաստեղծներին, որոնք մինչեւ հիմա հնարավորություն չեն ունեցել դուրս գալու հրապարակ, մարզվելու, կրթվելու»,- այսպես էր բացատրվում նոր հանդեսի նպատակները։
«Մուրճ» հանդեսին միանում են Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, Հմայակ Սիրասը եւ ուրիշներ։
Հանդեսի առաջին համարում Ազատ Վշտունին նկարագրում էր տվյալ պահին հայ գրականության անմխիթար դրությունը եւ նշում, որ անհրաժեշտ է ստեղծել նոր գրականություն։ «Մեր գրականագետներից շատ շատերը այժմ տատանվում են հնի ու նորի միջեւ բացված անդունդի շուրջը, նրանք ընդունակ չեն այլեւս հանդես գալու պարզ ու որոշ աշխարհայացքով։ Այդպիսի անհատներից կազմված զանազան խմբակցությունների եւ միությունների մեջ տարվող աշխատանքները՝ դասախոսությունները, քննադատություններն ու հավաքական գրական հրատարակությունները չեն կրում դասակարգային-կոմունիստական աշխարհայացքի կնիքը եւ դեպի գեղարվեստական արժեքները չեն դրսեւորվում մարքսիստական մերձեցում»,- ասում էր Վշտունին։
1923թ. հունվարից «Մուրճը» դառնում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի (ՀՊԳԱ) պաշտոնական օրգանը, սակայն նույն տարում նրա հրատարակությունը դադարում է։
Հայերենի ուղղագրության փոփոխությունը
1922թ. մարտի 18-ին Խորհրդային Հայաստանում սկսվում է հայերենի ուղղագրության փոփոխությունը։ Գործընթացի առաջին փուլն ազդարարում էր ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ ընդունված դեկրետով։
Նոր ուղղագրության ընդունման գործը վստահված էր լեզվաբան Մանուկ Աբեղյանին։
Դեռեւս 1921թ. հունվարին Աբեղյանը ծավալուն զեկույց էր ներկայացրել հայոց լեզվի փոփոխությունների վերաբերյալ, որը նախատեսում էր նոր ուղղագրության անցնել աստիճանաբար՝ տասնամյակների ընթացքում։ 1922թ. ընդունված դեկրետով արվում էին բավականին կտրուկ փոփոխություններ։ Ուղղագրության փոփոխությունը պայմանավորված էր ինչպես բոլշեւիկների նորարարություններով, այնպես էլ Հայաստանում անգրագիտության դեմ տարվող պայքարով։
Նոր ուղղագրության վերաբերյալ դեկրետում գրված էր, որ բառամիջում լսվող Օ տառն այսուհետ պետք է գրվի Ո։ Գրեթե ամբողջությամբ հրաժարվում էին նաեւ Է տառից, որի փոխարեն գրելու էին Ե։ Այսպես՝ եգ (էգ), եգուց (էգուց), եշ (էշ), եջ (էջ) եւ այլն։ Հայերենից դուրս էր բերվում նաեւ Ա եւ Ո ձայնավորներից հետո գրվող եւ լսվող Յ-ն, օրինակ՝ ծառա (ծառայ), մոտենա (մոտանայ), ներքո (ներքոյ) եւ այլն։
Լուսավորության ժողկոմատին հանձնարարվում էր լրացուցիչ սահմանել նոր ուղղագրության մասնակի եւ ամբողջական ժամկետները։ 1922թ. հոկտեմբերի սկզբից նոր ուղղագրությունը սկսում են անցնել Հայաստանի բոլոր դպրոցներում։
Արմենտայի ստեղծումը
1922թ. հոկտեմբերի 17-ին ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սարգիս Համբարձումյանը հաստատում է հայկական հեռագրական գործակալության՝ Արմենտայի (Армянское телеграфное агентство) կանոնադրությունը։ Արմենտան ստեղծման պահին ուներ երեք բաժին՝ Խորհրդային Հայաստանի, Անդրկովկասյան դաշնության եւ արտասահմանյան լուրերի։
Գործակալությունը պետք է տեղեկություններ ստանար ժողովրդական կոմիսարիատներից, պետական հիմնարկություններից, մշակութային իրադարձություններից։ Հավաքելուց հետո Արմենտայի աշխատակիցները պետք է պատրաստեին ռադիոբյուլետեններ, որոնք հեռարձակվելու էին ռադիոկայանով։
Բացի այդ, գործակալությունը պատրաստում էր պլակատներ եւ պարտավոր էր դրանք կախել նախանշված վայրերում։
Բացվում է պետական թատրոնը
1922թ. հունվարի 25-ին Երեւանում բացվում է պետական թատրոնը, որը հետագայում վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի: Թատրոնի առաջին ներկայացումը «Պեպոն» էր, որը բեմադրել էր ռեժիսոր, թատերական գործիչ Լեւոն Քալանթարը:
Երեւանում թատրոն հիմնելու որոշումը Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհն ընդունել էր 1921-ին՝ հանձնարարելով Լուսավորության ժողկոմին համապատասխան քայլեր ձեռնարկել: Թատրոնի կազմակերպումը հանձնարարվում է Լեւոն Քալանթարին, որը Ստեփան Քափանակյանի հետ Շահումյանի անվան երիտասարդական թատրոն էր հիմնել Թիֆլիսում: Այս թատրոնի դերասանների զգալի մասը տեղափոխվում է Երեւան եւ խաղում նորաստեղծ թատրոնում:
Չնայած թատրոնը նոր էր ստեղծվել, կարողանում է արագորեն արժանանալ հայ թատերասերների ուշադրությանը: Միայն 1922 թվականին թատրոնում բեմադրվում է 14 ներկայացում, որոնց թվում էին Շիլլերի «Ավազակները», Իբսենի «Ուրվականները», Սոֆոկլեսի «Անտիգոնեսը», Մոլիերի «Դոն Ժուանը» եւ այլն:
Գայը՝ ռազմական ժողկոմ
1922թ. Խորհրդային Հայաստանի ռազմական ժողկոմ է նշանակվում 1915-ին Հայկական կամավորական 6-րդ գնդի, ապա՝ Քաղաքացիական պատերազմի լեգենդար հրամանատար Հայկ Բժշկյանցը՝ Գայը:
Նշանակումից որոշ ժամանակ անց Բժշկյանցը պատասխանում է Արմենտա գործակալության թղթակցի հարցերին. հարցազրույցը տպագրվում է «Խորհրդային Հայաստան» թերթում:
Ուշագրավ է, որ թերթում Հայկ Բժշկյանցի մականունը գրված էր «Հայ»: Նախքան Հայաստանին անդրադառնալը՝ Հայկ Բժշկյանցը համառոտ տեղեկություններ էր տվել ամբողջ Խորհրդային միությունում տիրող ռազմական դրության մասին: Նա նշել էր, որ բոլշեւիկյան իշխանությունը կարողացել է խաղաղեցնել երկիրը, թեեւ դեռ դիմադրության որոշ ոչ մեծ օջախներ կային Վրաստանում եւ Ուկրաինայում:
Ռազմական ժողկոմը լիահույս էր, որ Հայաստանի Կարմիր բանակը կարճ ժամանակում կմարզվի, կհամալրվի անհրաժեշտ սպառազինությամբ եւ կհզորանա:
«Իմ իղձն ու ցանկությունն է տեսնել Հայաստանի բանակը ուժեղ եւ ռազմական գիտություններով մարզված: Այս բանի համար ամենաառաջնակարգ տեղը բռնում է հրամկազմ ունենալը: Ես դրան մեծ կարեւորություն եմ տալիս եւ դրա համար էլ իմ ուշադրության ու ջանքերի երեք քառորդը պիտի նվիրեմ հրամկազմի պատրաստման գործին»,- ասել էր Բժշկյանցը:
Նա կարեւորում էր նաեւ կուսակցական քարոզչությունը բանակում, որի համար անհրաժեշտ էր կոմունիստներին ընդգրկել զորքերում: «Երրորդ հոգսը, որ դրվել է ինձ վրա, դա բանակի տնտեսականի բարելավումն է: Ես հավատացած եմ, որ մեր կարմիր զինվորները, շնորհիվ ընկերների աջակցության, շատ շուտով կլինեն հագնված, զինված եւ կուշտ, որից կախված է նրա կատարելիք դերի հաջողությունը»,- ասել էր Գայը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան