Հայկական Կարմիր. 1924



ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվում է Կալվին Քուլիջը, Մեծ Բրիտանիան ճանաչում է Խորհրդային միությունը, Շամոնիում անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, Ադրբեջանի կազմում ստեղծվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը:


Երեւանում սգում են Լենինի մահը


1924թ. հունվարի 21-ին մահանում է Վլադիմիր Լենինը։

Հունվարի 27-ին Երեւանում տեղի է ունենում սգո հանրահավաք։ Քանի որ մարդկանց մեծ բազմություն էր դուրս եկել, Աբովյան փողոցի մայթերը փողոցից պարաններով բաժանված էին։ Չէին աշխատում խանութներն ու մյուս հաստատությունները։ Մարդիկ հավաքվում էին կենտրոնական հրապարակում, որը ՀԽՍՀ կառավարության որոշմամբ կրելու էր Լենինի անունը։ Սգո արարողության ժամանակ հրապարակում բանվորները փորում էին Լենինի արձանի հիմքը։ Հայաստանի արհմիությունների խորհրդի շենքի (ՀԱՄԽ) առջեւ դրված էր Մարտիրոս Սարյանի հեղինակած Լենինի մեծադիր դիմանկարը։ Սգո երթին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցում էր շուրջ 30 հազար մարդ։

«Ժամը 3-ին սգերթը կենտրոնացավ Պարետային շենքի հրապարակում։ Աբովյան, Շահումյան եւ Նալբանդյան փողոցների կեսը, բուլվարն ու հրապարակը ծայրեիծայր լիքն էին տասնյակ հազարավոր հանդիսականներով։ Տեղ չլինելու պատճառով մոտակա շենքերի տանիքների վրա մեծ բազմություն էր տեղավորվել։ Ընկեր Լենինի արձանի հիմքը շարունակում են փորել ակադեմիկոս Թամանյանի ղեկավարությամբ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։

 

 

Վահրամ Ալազանը Երեւանի սգերթի մասին գրել էր. «Ամեն կողմից պատշգամբներից ու դրոշակների սրտերից Լենինն էր նայում։ Լենինն էր խոսում դրոշակների բերանով, եւ ամեն կողմից Լենինին էին նայում ու Լենինին լսում աչքերով։ Այսպես էր Երեւանը։ Տոն էր։ Սգի տոն։ Երեւանը զգում էր հանճարի կորուստը։ Երեւանը սգում էր հանճարի կորուստը»։

ՀԽՍՀ կառավարության որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվում է Լենինական։


Բակունցի վկայությունը հայ-ադրբեջանական սահմանազատման մասին


1924թ. շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանազատումը։ Հիմնական տարաձայնություններն ու վեճերը Սյունիքի եւ Քրդստանի գավառի սահմանագծում էին։

Գրող Ակսել Բակունցը, որը ներգրավված էր հանձնաժողովում, հետագա տարիների պաշտոնական գրություններում նշում էր 1924թ. արձանագրված մի շարք հիմնական խնդիրներ։

«...Համաձայն 1924թ․ հուլիսի 11-ի սահմանագծի Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքեւ մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սեւքար, Մողես, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարեւան թուրք գյուղերի հետ։

Հայաստանի ներկայացուցչի առաջարկը, սահմանն անցկացնել ոչ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց ընկերներ Կաչետկովի ու Կարաեւի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան եւ մինչեւ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դեսյատին տարածք։

Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափին է, խճուղու եւ գետի միջեւ, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը։ Այդ առաջարկն արվում էր անտառը պաշտպանելու նկատառումներից, որովհետեւ Քյուրդիստանի ներկայացուցիչ ընկ․ Ա. Կարաեւի հայտարարության համաձայն այդ անտառամասն իրենք մտադիր են որպես խոտհարք եւ արոտատեղ տալ քոչվորներին։

...Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ոչ երկու կողմերի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարեւան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի որ շրջանին է ձգտում եւ այլն։ Ստացվեց այնպիսի արդյունք, որ սահմանն անցկացնելու միակ հիմքն այն էր, թե այս կամ այն գյուղը ինչ ազգի բնակչություն ունի։ Հայ գյուղերը մնացին Զանգեզուրին, թուրք գյուղերը՝ Ադրբեջանին։

Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էր կար։ Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար, հայտնի չէր ոչ նրանց բնակչության թիվը եւ ոչ էլ հողերի քանակը։

...Մի ուրիշ հանգամանք։ Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներ (отселок) կազմված 5-8 տնից։ Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին։ Ցանկանալով միանալ Քյուրդիստանին, այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը։ Այդ հանգամանքը շատ մեծ վեճեր առաջ բերեց, մանավանդ Ուժանիսի եւ Եղվարդի սահմանն անցկացնելիս։ Թուրք գյուղակները՝ Սուլթանլըղ, Հաջի Ղուրբանլար, Սալդաշ եւ այլն, որոնց ծխերի թիվը 8-ից չի անցնում, տեղավորված են այն հողերի վրա, որից դեն Ուժանիսն ու Եղվարդն ունեն վարելահողեր։ Որովհետեւ այդ գյուղակները միանում էին Ադրբեջանին, նրանց եւ հայ գյուղերի միջեւ սահման անցկացնելիս հայ գյուղերի հողերից մի մասը մնաց սահմանից դեն։

Վիճելի հողերից մեծ մասը նախկին բեգական հողեր են, որոնք բեգերը վարձով են տվել մեկ այս, մեկ այն գյուղին։ Հողօգտագործումը խառն է եղել, հայ եւ թուրք գյուղերը կողք-կողքի կամ իրար հողերի վրայով անցնելով, մինչեւ այժմ օգտվել են այդ հողերից։

 

 

Միակ թյուրիմացությունը եղավ Ագարակում։ Հողաչափը կուրգանները դնելիս գյուղացիք արգելում են։ Հողաչափը վերադառնում է եւ զեկուցում հանձնաժողովի նախագահին։ Առանձին արձանագրությամբ, այդ դեպքից հետո, Ագարակցիք ստացան մոտ 60 դեսյատին վարելահող, եւ վեճը հարթվեց» (Հայաստանի Ազգային արխիվ, ֆ 112, ց 8, գ 85 Մաս II, թ. 803-804):


Նավարկություն Սեւանում


1920-ական թվականներին մեծ ուշադրություն էր դարձվում Սեւանա լճի նավարկելիությանը։ Հայաստանում, սակայն, նավ գրեթե չկար, եւ այդ պատճառով որոշվում է բերել Վրաստանից։

1924թ. ամռանը Երեւան է հասնում երեք պտուտակավոր նավ՝ 39-50 ոտնաչափ երկարությամբ։ Նավերի շարժիչների հզորությունը մեծ չէր՝ 25-40 ձիաուժ, իսկ արագությունը 10-11 մղոն/ժամ էր։ «Շնորհիվ այս նավերի, կարելի պիտի լինի կանոնավորել նավարկությունը Սեւանա լճի ափերի միջեւ՝ հաստատելով շաբաթական երկու երթեւեկ Ելենովկա-Բասարգեչար եւ ամենօրյա երթեւեկություն Նոր-Բայազետի ու Միխայլովկա-Իվանովկա շրջանների միջեւ։ Փոխադրության ծախսն էլ մեծ չափով կրճատվելու է, որովհետեւ այս նոր նավերն 2 անգամ պակաս մազութ են սպառում»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


«Մի դագաղի մեջ պառկել էր Դաշնակցությունը»


1924թ. հուլիսի վերջին լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 10-ամյակը։ Հայաստանում մեկ ամբողջ շաբաթ տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում դատապարտվում են իմպերիալիստական պատերազմը եւ դրա հրձիգները։

10-ամյակը լավ առիթ էր մեկ անգամ եւս ջախջախելու բոլշեւիկյան գաղափարախոսության հիմնական «թշնամիներին», Հայաստանի դեպքում՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Միջոցառմանը նախորդող օրերին մամուլում տասնյակ հոդվածներ են լույս տեսնում, որտեղ Դաշնակցությունը մեղադրվում էր իմպերիալիստական պատերազմին մասնակցելու, ազգամիջյան թշնամանք սերմանելու եւ հարյուրհազարավոր անմեղ մարդկանց սպանելու համար։

Հուլիսի 27-ին Երեւանում կազմակերպված երթը բազմամարդ էր եւ «շատ տպավորիչ»։ Բազմաթիվ պլակատներից ու լոզունգներից զատ, Աբովյան փողոցում կախված էին «պատերազմի հրձիգների», այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի խրտվիլակը։ Ցույցն ուղեկցվում էր ելույթներով ու կոչերով։

 

 

«Շքերթի առջեւից գնում էր կարնավալը։ Կարնավալի առջեւ կային բավականին թվով ինվալիդներ. սրտառուչ էր այս տեսարանը, երբ նրանք իրենց փայտե ոտներով գնում էին շքերթի առջեւից, որպես կենդանի բողոք եւ մարմնեղեն անեծք։ Կարնավալում տպավորիչ էին դիմակավորված հիվանդությունները (տիֆ, խոլերա, սիֆիլիս), որոնք գերանդիներ էին կրում»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


Հակադաշնակցական ցույցերը շարունակվում են նաեւ հետագա օրերին։ Հուլիսի 29-ի միջոցառումն ատելության կատարյալ ցուցադրություն էր, իսկական ներկայացում, որի ժամանակ անարգանքի էր ենթարկվում ոչ միայն Դաշնակցությունը, այլեւ անկախ Հայաստանի գաղափարը, ծաղրում էին Սեւրի եւ միջազգային այլ պայմանագրերը։

«Ահարոնյանը երկու կաթսայի միջին կանգնել էր. կաթսաները ներկայացնում էին Սեւ ծովն ու Միջերկրականը։ Մի ձողի վրա գրված էր «Միացյալ Անկախ Հայաստանի պարենավորման մինիստրություն», որի տակից կախ էր տված սեւ հաց եւ ձմերուկի կճեպներ։

...Մի դագաղի մեջ պառկել էր Դաշնակցությունը, դեղին դրոշը վրան գցած։ Ծաղկեպսակներ էին ուղարկում Վերսալի, Սեւրի, Սան Ռեմոյի խորհրդաժողովները եւ Ազգերի լիգան»,- «տոնական միջոցառումները» խանդավառությամբ նկարագրում էր «Խորհրդային Հայաստանը»։

 

 

Թերթի նույն համարում հպարտությամբ նշված էր, որ այդ օրը «Խորհրդային Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարեդարձն է»։ Հայաստանի պատմական տարածքի մի մասի Ադրբեջանին հանձնելու փաստը մատուցվում էր որպես հակադաշնակցական հաղթանակ։ Լոզունգի երկրորդ տողում գրված էր. «Ինքնավար խորհրդային Ղարաբաղը դաշնակցական եւ մուսավաթական մաուզերիստների ազգայնական ինտրիգների գերեզմանն է»։

Առաջին համաշխարհային պատերազմի 10-ամյակի առթիվ Երեւանում լույս է տեսնում ՀԿԿ կենտկոմի ագիտբաժնի «Կորչի պատերազմը» գրքույկը, որի խմբագիրը Եղիշե Չարենցն էր։ Գրքույկում Ստեփան Զորյանի, Նաիրի Զարյանի, Ալազանի եւ մի շարք այլ գրողների հակապատերազմական ստեղծագործություններն էին։


Հունահայերի հայրենադարձությունը


1924-ին Խորհրդային Հայաստանը շարունակում էր երկու տարի առաջ մեկնարկած հայրենադարձության ծրագիրը։ Համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, Առաջին հանրապետության տարիների պատերազմների հետեւանքով Հայաստանում հարյուրհազարավոր գաղթականներ էին ապաստան գտել։ Նրանց կյանքը քիչ թե շատ կայունացնելուց հետո Խորհրդային Հայաստանի իշխանությունները սփյուռքահայերի վերադարձ են կազմակերպում։

1924թ. Հայաստան են տեղափոխվում հիմնականում Հունաստանում ապրող հայերը։ 1922-ին Թուրքիայի հետ պատերազմում պարտության հետեւանքով մեծ թվով հույն փախստականներ են վերադառնում Հունաստան։ Կառավարությունը սկսում է սահմանափակել օտարազգիների, այդ թվում՝ հայերի աշխատանքային իրավունքները, որոնց տեղափոխում են Մակեդոնիայի եւ Պելոպոնեսի անմշակ շրջանները։

1924-ի տարեսկզբից բազմաթիվ նամակներ էին ստացվում Հունաստանում բնակվող հայերից, որոնք խնդրում էին խորհրդային իշխանություններին թույլատրել վերադառնալ Հայաստան։

 

 

Հուլիսի վերջին ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի ստորագրությամբ հրապարակվում է Հայաստանի իշխանությունների պատասխանը.

«Ձեզ՝ ինչպես բանվորների եւ բանվորագյուղացիական երկրին հարազատ տարրերի, կառավարությունը կարող է ընդունել իր սահմանները, չնայած, որ մեր երկիրը, հողի սղության պատճառով, թույլ չի տալիս բավարարել նման բազմաթիվ դիմումներ։ Պետք է իմանաք, որ մեր երկրում ուժեղ թափով ընթանում է սոցիալիստական շինարար աշխատանքը եւ միայն նոքա կարող են հարազատ քաղաքացիներ լինել ՀՍԽ Հանրապետության մեջ, որոնք կմասնակցեն այդ աշխատանքները»։


1924թ. ընթացքում Հունաստանից, Սիրիայից, Կ.Պոլսից եւ Ֆրանսիայից Հայաստան է տեղափոխվում 4167 մարդ, որոնք հաստատվում են Արտաշատի եւ Սարդարապատի արեւելյան շրջանում։


Լունաչարսկու այցը


Օգոստոսի 7-ին Երեւան է ժամանում ԽՍՀՄ լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին։ Նա այցելում է Շիրակի ջրանցքի շինարարներին, իսկ հաջորդ օրը Երեւանում ելույթ է ունենում բանվորական ակումբում։ Լունաչարսկին իր խոսքում դիմում է հայ ժողովրդին՝ անդրադառնալով նրա ապագայի հիմնական ուղենիշներին.

 

 

«Ողջույն ձեր բազմաչարչար, բայց հարություն առնող մեծ երկրին, ողջույն քեզ մեծ ժողովուրդ, Արեւելքի նախադռանը դուք դեռ շատ անելիք ունեք Արեւելքի հեղափոխության համար։ Այսօրվա ձեր նվաճումները միայն ձերը չեն՝ դուք աշխատում եք ողջ Արեւելքի համար, ոչ միայն խոսքով, այլեւ գործով»,- ասել էր նա։


«Հայաստանի աշխատավորուհի» ամսագիրը


1924թ. մարտին Երեւանում լույս է տեսնում «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի առաջին համարը։

Դրանում շատ էին նախահեղափոխական շրջանում կանանց իրավազուրկ դրությանը վերաբերող գեղարվեստական ստեղծագործությունները՝ «Մարոն», «Նազլու հարսն ու Ակոփ ապին», «Առաջին մարտի 8-ը», «Սնդիկ Հեղուշը», «Բոլշեւիկ Սոնան»։

 

 

Ամսագրում կային նաեւ կենցաղային կարեւոր խորհուրդներ երիտասարդ կանանց ու մայրերի համար՝ ինչպես խնամել երեխաներին, ինչպես պաշտպանվել տարբեր հիվանդություններից, ինչպես սովորել ու աշխատել։

«Հայաստանի աշխատավորուհին» կարճատեւ ընդհատումներով լույս է տեսնում մինչեւ 1998 թվականը։


Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»


1924թ. նոյեմբերի 5-ին Երեւանի պետական թատրոնում ներկայացվում է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։

Այն առաջին անգամ աշակերտական թատերախմբի կողմից բեմադրվում է Դիլիջանում 1924թ. մարտի 26-ին, իսկ ապրիլին՝ Թիֆլիսի Հայ դրամատուրգիայի թատրոնում: Գրող, թարգմանիչ Կարա Դարվիշի (Հակոբ Գենջյան) վկայությամբ՝ ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել, հեղինակը մի քանի անգամ բեմ է հրավիրվել՝ արժանանալով ծափերի ու ողջույնների:

«Ներկայացումը նաեւ քննարկվել է Թիֆլիսի Հայ արվեստի տանը, եւ, ինչպես Դեմիրճյանն է ասում, «դատափետվել»: Հատկապես խիստ են արտահայտվել Մաթեւոս Դարբինյանը ու Ազատ Վշտունին: Գրողների բաժանմունքն անգամ բանաձեւ է ընդունել բեմադրությունը դադարեցնելու վերաբերյալ: Բայցեւ ներկայացման հաջողությունն այնքան մեծ էր, որ այլեւս անհնարին էր նրա առաջն առնել: Դրա վկայությունն է 1924թ. մայիսի 3-ին Թիֆլիսից Թոթովենցին հասցեագրված Դեմիրճյանի նամակը, որի մեջ վերջինս խանդավառ տրամադրությամբ գրում է. «Այո, «Քաջ Նազարը» նվաճեց մեր հասարակությանը՝ ինտելիգենտից մինչեւ կոշիկ սրբողը, մեծից մինչեւ փոքրը ամբողջ օրը ցիտատներ են փոխանակում իրար հետ: Շատերը ամբողջ կտորներ անգիր գիտեն: Վերջին ներկայացմանը մեկը, որ ետեւս էր նստած, հուշում էր ամբողջ պիեսը»:


Երեւանը միացվում Թբիլիսիի հեռախոսագծին


1924թ. հունվարի սկզբին Երեւանը միացվում Թբիլիսիի հեռախոսագծին, ինչը հնարավորություն էր տալիս օրական երեք ժամ՝ առավոտյան 11-13-ը եւ երեկոյան 20-21-ը հեռախոսային կապ հաստատել։

Գիծը չծանրաբեռնելու համար քաղաքային հեռախոսներն ուղիղ չէին միացվում. զանգերն իրականացվում էին Թբիլիսիի կայարանի հեռախոսակապի միջոցով։

«Թիֆլիսի գիծը, բաժանորդներին իրենց հեռախոսներով անմիջապես Թիֆլիսի հետ խոսելու դյուրություն տալու համար, տեխնիկական մի շարք անհարմարության պատճառով, Երեւանի հեռախոսային կայանին չի միացված, բացառությամբ ՀայԿենտգործկոմի եւ Ժողկոմխորհի նախագահներ՝ ընկ. Համբարձումյանից եւ Լուկաշինից ու Անդրփոստհեռժողկոմի Հայաստանի լիազոր ընկ. Լ. Հովհաննիսյանից։ Նրանք իրենց բնակարաններից կամ առանձնասենյակներից անմիջապես կկարողանան խոսել Թիֆլիսի այս կամ այն բաժանորդի հետ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: