ԽՍՀՄ-ն եւ Լիտվան պայմանագիր են կնքում միմյանց վրա չհարձակվելու մասին, ԱՄՆ-ը ներխուժում է Նիկարագուա, դադարում է գոյություն ունենալ Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Շվեյցարիայի եւ Հունաստանի հիմնած Լատինական արժութային միությունը, մահանում է խորհրդային հատուկ ծառայությունների հիմնադիր Ֆելիքս Ձերժինսկին:
Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի նիստը Երեւանում
1926թ. հունվարին Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում է իր երկրորդ նստաշրջանն անցկացնել Երեւանում, ինչն ընդունվում է մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ։
Նիստից օրեր առաջ Անդրկովկասյան Դաշնության եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարները ջերմ խոսքեր էին շռայլում պատմական որոշման մասին։
Հայաստանի կենտգործկոմի նախագահ Արտաշես Կարինյանը նշում էր, որ այն իսկական դեմոկրատական նախաձեռնություն է, ինչի մասին աշխատավորները նախկինում նույնիսկ երազել չէին կարող։ «Հայաստանի աշխատավորները, հետեւելով նստաշրջանին եւ համեմատելով երեկվա բուրժուական Հայաստանի պառլամենտի հետ, որը զբաղվում էր բացառապես շաղակրատություն եւ ազգային ատելություն սերմանող ճառերով, կտեսնեն, թե որչափ խոշոր տարբերություն կա երկու իշխանության միջեւ»,- ասում էր նա։
Նիստը բացվում է 1926թ. հունվարի 25-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Պետթատրոնի դահլիճում։ Առաջին հերթին զեկուցում է ԱԽՖՍՀ կառավարության ղեկավար Մամիա (Իվան) Օրախելաշվիլին։ 1920-ական թվականներին ԽՍՀՄ-ում դեռեւս կար որոշ ազատություն, համարձակ քննարկում ու քննադատություն։ Օրախելաշվիլին նախեւառաջ ներկայացնում է Անդրդաշնության ձեռքբերումները, ապա անցնում բացթողումներին, ինչի շուրջ էլ ծավալվում է բանավեճը։ Հիմնական խնդիրն այն էր, որ ի սկզբանե Անդրկովկասյան Դաշնությունը ստեղծվել էր Անդրկովկասի տնտեսական ինտեգրացիան ու արտահանումը խթանելու նպատակով։ Իհարկե կար նաեւ ռազմաքաղաքական բաղադրիչը. Անդրկովկասի երեք հանրապետությունը միացվում էր պետական կառավարման համակարգում նաեւ ռազմական եւ արտաքին ազդեցության սպառնալիքները չեզոքացնելու համար։ Սակայն Երեւանում անցկացվող նիստի ժամանակ պարզվում է, որ տնտեսական հարցերը բավարար լուծում չէին ստացել, իսկ արտահանումը, որը Խորհրդային միության համար ծայրահեղ կարեւոր նշանակություն ուներ, գրեթե ամբողջությամբ ձախողվել էր։ Փաստացի Անդրդաշնությունը կարողանում էր արտահանել միայն նավթ, որը տալիս էր Ադրբեջանը եւ մարգանեց, որն արդյունահանվում էր Վրաստանում։ Մնացած բոլոր ապրանքներն ու հումքը արտաքին շուկայի համար մրցունակ չէին։
«Ընկ. Օրախելաշվիլին հայտնեց, որ էքսպորտի նկատմամբ մեր ունեցած հույսերը չարդարացան։ Իրոք, գործի դրությունն ավելի վատ է։ Այժմ մեր էքսպորտն արտասահմանյան գների տեսակետից բացարձակ կերպով անշահավետ է դարձել։ Ներքին շուկայում այնքան են բարձրացել, որ եթե չհաշվենք մարգանեցն ու նավթը, ապա էքսպորտի մյուս առարկաներն այժմ արտահանել անկարելի է»,- արձանագրում էր Անդրկովկասյան սպառողական կոոպերատիվի նախագահը։
Անդրկենտգործկոմի նիստում Հայաստանի ներկայացուցիչները բարձրացնում են նաեւ ճանապարհների խնդիրը։ Դրանք վերանորոգվում ու կառուցվում էին շատ վատ եւ հազիվ հասնում էին նախապատերազմյան շրջանի 30 տոկոսին, ինչն էապես ազդում էր տնտեսական ակտիվության եւ ապրանքների գնի վրա։
Մեծ խնդիր էր նաեւ Երեւանի բնակարանային ապահովումը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Երեւանի բնակչությունը կրկնապատկվել էր՝ 30 հազարից դառնալով շուրջ 65 հազար, սակայն նոր կառուցվող եւ վերանորոգվող բնակարանները քիչ էին։ Երեւանի քաղգործկոմի նախագահ Արամ Կոստանյանը Անդրդաշնության ղեկավարների ուշադրությունն էր հրավիրում այս հարցին՝ նշելով.
«Մեր քաղաքում ամեն մի բնակչին հասնում է միայն 4 քառ. արշին բնակելի տարածություն, այսինքն՝ մի քիչ ավելի, քան մի գերեզմանատեղը։ ...Երեւանը կարիք ունի առաջիկա 2 տարվա ընթացքում կառուցելու առնվազն 1 500 նոր սենյակ։ Դա նվազագույն պահանջն է, որով հնարավոր է գեթ փոքր չափով մեղմել սուր կարիքը»։
Ավստրիայի պրոլետարիատի պատվիրակության այցը
1926թ. փետրվարի 28-ին Լենինական է հասնում Ավստրիայի պրոլետարիատի 13-հոգանոց պատվիրակությունը։ Սա համաշխարհային պրոլետարիատի ներկայացուցիչների առաջին այցելությունն էր Խորհրդային Հայաստան, ուստի նրանց մեծ ոգեւորությամբ էին դիմավորում։ Կայարանում հավաքված մարդիկ ունեին պաստառներ՝ «Կեցցե՜ միասնական ճակատի պայքարն ընդդեմ կապիտալի» եւ այլ համանման գրություններով։ Պատվիրակության անդամներից մեկն իր ելույթում նշում է, որ Խորհրդային միությունում բանվորների դրությունն անհամեմատ ավելի լավ է, քան Ավստրիայում։
Երեւանում նույնպես դիմավորման արարողություններ ու հանդիպումներ էին կազմակերպված։ Ավստրիական պատվիրակության անդամ Լարեսն ասում էր, որ Խորհրդային միություն գալու համար իրենք մեծ դժվարություններ են հաղթահարել։
«Մեզ արգելում էին այստեղ գալ, որպեսզի մենք մեր աչքերով չտեսնենք այն հսկայական նվաճումները, որ կատարել է ձեր Միության պրոլետարիատը։ Խորհրդային Միության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամուր պահի իր ձեռքում պրոլետարական պետության նվաճումները եւ հոյակապ կերպով ավարտի ամենամեծ հեղափոխությունը»,- ասել էր Լարեսը։
Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայանը
1926թ. մայիսի 16-ին բացվում է Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայանը, որը մեծ իրադարձություն էր Խորհրդային Հայաստանի կյանքում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Երեւան են ժամանում Անդրդաշնության ղեկավարները՝ Օրջոնիկիձեն, Էլիավան, Աղամալի Օղլին, Խանոյանը եւ ուրիշ հյուրեր։
«Մայիսի 26-ը Երեւանի համար լույսի տոն էր։ Լուսատու տաճարը՝ հիդրոկայանը, որին հազար-հազարներ ուխտի էին գնում այդ օրը։ Զանգվի ձորը ե՞րբ էր տեսել այդքան բազմություն։ Ծիծեռնակաբերդի լերկ ժայռերը ե՞րբ էին արձագանքել հիացքի եւ ուրախության այդպիսի սրտաբուխ, զվարթ ճիչերի»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Հիդրոկայանը կրում էր ընկեր Ռիկովի պատվավոր անունը։ Ելույթներից հետո տեղի է ունենում հիդրոկայանի շահագործման հանդիսավոր արարողությունը։ Առաջին մեքենայի կարմիր ժապավենը կտրում է Աղամալի Օղլին, իսկ երկրորդինը՝ Հայաստանի կենտգործկոմի նախագահ Արտաշես Կարինյանը։
«Մեքենաների աշխատելուց 10 րոպե հետո բոլոր էլեկտրական լամպերն ուժեղ լույսով լուսավորվեցին։ Անմիջապես բարձրացան ուռաներ, կեցցեներ եւ բուռն ծափահարություններ։ Միջոցառմանը ոչ միայն նվագախումբն էր ներկա, այլեւ հատուկ թնդանոթ էին բերել, որը կրակելով նշում էր Խորհրդային Հայաստանի առաջին ձեռքբերումը»,- նշում էր թերթը։
Միջոցառումից հետո Անդրդաշնության ղեկավարները ողջագուրվում եւ շնորհավորում են Ալեքսանդր Թամանյանին, որը կառույցի ճարտարապետն էր։ Երեւանի հիդրոկայանը Հայաստան վերադառնալուց հետո Թամանյանի առաջին նախագիծն էր, որի համար էլ 1926թ. մայիսի 10-ին ՀԽՍՀ կենտգործկոմը Ճարտարապետական գիտությունների իսկական անդամ Ալեքսանդր Թամանյանին շնորհել էր «Հանրապետության ժողովրդական ճարտարապետի» կոչում։
«Կարմիր մոծակը»
1926-ին լույս է տեսնում «Կարմիր մոծակ» երգիծական պարբերականը, որի գլխավոր խմբագիրներն էին Էդուարդ Խոճիկը (Խոճիկյան) եւ Արամայիս Երզնկյանը։
Գլխավոր նկարիչը Միքայել Արուտչյանն էր, խմբագրակազմում էր նաեւ գրող Դերենիկ Դեմիրճյանը։ Երգիծաթերթի առաջին համարի խմբագրականում Էդուարդ Խոճիկը գրում էր, որ «Կարմիր մոծակը» ոչ միայն «մալարիա չի տարածում, այլ մի տեսակ բժիշկ է, որի դեղերի դարակում կտեսնեք՝ ապտակ եւ մտրակ, մախաթ ու կըզմթոց, մաղ ու կոկորդիլոս, զուռնա ու շեշտ, տաքդեղ ու ասեղ»։
Երգիծաթերթը լույս է տեսնում երկու տարի՝ 1926-27թթ.։
Շիրվանզադեի վերադարձը
1926թ․ ապրիլի սկզբին նախ՝ Թիֆլիս, ապա՝ Երեւան է գալիս գրող Ալեքսանդր Շիրվանզադեն։ Նա 1919-ից արտասահմանում էր եւ այժմ ցանկանում էր մշտական բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։ Զրուցելով «Խորհրդային
Հայաստան» թերթի թղթակցի հետ՝ Շիրվանզադեն նշում է, որ թե՛ Թիֆլիսում, թե՛ այլուր մարդկանց դեմքի արտահայտությունն անգամ փոխվել է.
«Մարդկանց դեմքի վրա այլեւս չես տեսնում այն գրգիռը, այն վախն ու թշնամական վերաբերմունքը, որ տեսել էի վերջին անգամ Բաթումում նավ նստելու ժամանակ»։
Շիրվանզադեն հաղորդում էր, որ Ֆրանսիայի հայկական գաղութը մեծ ոգեւորությամբ է հետեւում Խորհրդային Հայաստանի տնտեսական զարգացմանը, ծավալուն շինարարությանը։ Գրողը միաժամանակ ափսոսում էր, որ նորից չի տեսնելու Ալեքսանդր Մյասնիկյանին։
«Գրողը հայտնել է, որ ինքը եկել է առմիշտ Հայաստանում մնալու եւ աշխատելու համար։ Նա մտադիր է նախեւառաջ իր «Քաոսի» վերահրատարակման համար նորից գրել այն հատվածները բանվորական շարժման մասին, որոնք ցարական ցենզուրան հանել էր իր գրքից»,- հայտնում էր թերթը։
Լենինականի երկրաշարժը
1926թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19։40-ին, Լենինականում ուժեղ երկրաշարժ է տեղի ունենում, որի երկրորդ ալիքը գրանցվում է ժամը 23:00-ին։ Երկրաշարժի հետեւանքով մեծապես տուժում են Լենինականի հարակից գյուղերի տները։
Քաղաքում քանդվում եւ վնասվում են մի շարք շենքեր, զոհվում է 13, վիրավորվում՝ 114 մարդ։ 9 գյուղ ամբողջովին ավերվում է։ Զոհերի թիվը, տարբեր տվյալներով, 300-350 էր, շուրջ 400 մարդ վիրավորվում է։ Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են մինչեւ տարեվերջ, որոնցից ամենաուժեղը դեկտեմբերի 31-ին էր։
Որոշ աղբյուրներ նշում են, որ այն գրեթե նույն հզորությունն ուներ, ինչ հոկտեմբերի 22-ինը։
Երեւան է գալիս Սպենդիարյանը
1926 թվականի օգոստոսին Ղրիմից Հայաստան է գալիս Ալեքսանդր Սպենդիարյանը. նա Երեւանի Նալբանդյան 29 հասցեում գտնվող նորակառույց շենքում բնակարան էր ստացել:
Կոմպոզիտորն այնքան ոգեւորված էր նոր բնակարանով, որ Սուդակի ամառանոցից Երեւան է տեղափոխում իր՝ 1800-ականներին արտադրված C. BECHSTEIN դաշնամուրը: Այն Սպենդիարյանի ստեղծագործական արարումների վկան է, որը երեւանյան բնակարանում հնչեցնում էին նաեւ կոմպոզիտորի ընկերները:
Ռոմանոս Մելիքյանը, որը որոշ ժամանակ կոմպոզիտորի հետ ապրել է նրա բնակարանում, իր հուշերում պատմում էր, թե ինչպես էր Սպենդիարյանն ամեն առավոտ վաղ արթնանում, թեյ պատրասում, իսկ հետո երկուսով նստում էին դաշնամուրի մոտ, եւ Ռոմանոսն Ալեքսանդրին ծանոթացնում էր հայ հանճար Կոմիտասին: Ցավոք, դա երկար չի տեւում. 1928-ին Սպենդիարյանը մահանում է:
Այս պայուսակը Ալեքսանդր Սպենդիարյանը նվեր է ստացել Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանողներից 1926 թվականին՝ ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ:
Ի դեպ, Սպենդիարյանն առաջինն էր, որին 1926թ. շնորհվում է Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում:
Թուրքիայի հետ սահմանազատման վերջնական փաստաթուղթը
1926թ. սեպտեմբերի 9-ին ստորագրվում է խորհրդա-թուրքական սահմանազատման վերջնական փաստաթուղթը։ Այս գործընթացը սկսվել էր 1924 թվականի դեկտեմբերին եւ նախատեսված էր Կարսի պայմանագրով։
Սահմանազատման աշխատանքն իրականացնելու համար կողմերը ստեղծել էին խառը հանձնաժողով, որի կազմում ԽՍՀՄ-ից Օտտո Կարկլինն էր, իսկ Թուրքիայից՝ Փախրի բեյը։ Խորհրդա-թուրքական համաձայնագիրը ստորագրելուց հետո Կարկլինը հույժ գաղտնի զեկուցագրով ԱԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Լուկաշինին, հայկական եւ վրացական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահներ Սարգիս Համբարձումյանին եւ Շալվա Էլիավային ներկայացնում է բանակցությունների ընթացքը։ Նա նշում էր, որ սահմանազատումն ավելի երկար էր տեւել, քան անհրաժեշտ էր։ Թուրքերը լուրջ չէին վերաբերվում գործընթացին, անհարկի ձգձգում էին եւ 1925թ. սկզբին են համաձայնում սկսել իսկական աշխատանքը։
Թերացումներ կային նաեւ ԽՍՀՄ-ի կողմից. հապշտապ եւ ոչ ճշգրիտ կազմված Կարսի պայմանագիրը բազմաթիվ դժվարություններ էր առաջացնում, որն ընթանում էր երկարատեւ քննարկումներով։ Կարկլինը գրում էր, որ սահմանազատման արդյունքում թուրքերը դուրս էին եկել մի շարք հատվածներից, որտեղ հաստատվել էին՝ օգտվելով պայմանագրում առկա ոչ հստակ ձեւակերպումներից։ Կողմերը միաժամանակ հստակեցրել էին սահմանային սյուների կառուցվածքը, պահպանության եւ վերանորոգման կարգը. զույգ թվերով նշված սահմանասյուները վերանորոգելու է թուրքական կողմը, կենտը՝ խորհրդային։
Կարդացեք նաեւ Արեւմտյան Հայաստանի սահմանին մեծացող նոր սերունդը
«Ինտուրիստ» հյուրանոցը
1926 թվականին Նիկողայոս Բունիաթյանի նախագծով սկսվում է «Ինտուրիստ» հյուրանոցի (հետագայում՝ «Երեւան», այժմ՝ «Գրանդ Հոթել Երեւան») շինարարությունը, որն ավարտվում է 1928 թվականին:
1930-ականներին «Ինտուրիստ»-ն ու հարակից սրճարանը բոհեմի հավաքատեղին էր: Այնտեղ կարելի էր հանդիպել նշանավոր դերասանների, գրողների, նկարիչների: Սրճարանում կարելի էր հանդիպել Շիրվանզադեին, Գուրգեն Մահարուն, Չարենցին, Արա Սարգսյանին, Փանոս Թերլեմեզյանին եւ այլոց: Արտասահմանից կամ Խորհրդային միությունից ժամանած մտավորականները նույնպես կանգ էին առնում «Ինտուրիստ»-ում:
Մի քանի տարի հյուրանոցում ապրել է Եղիշե Չարենցը, իսկ Երվանդ Քոչարն «Ինտուրիստ»-ում բնակվել է ավելի քան մեկ տասնամյակ՝ 1928-1940 թվականները:
Կարդացեք նաեւ.
«Երեւան» հյուրանոց` կենդանի պատմություն
Երվանդ Քոչարի սենյակը՝ «Գրանդ Հոթել Երեւան»-ում
Չարենցի կրակոցն ու Երեւանի ուղղիչ տունը
1926 թվականի սեպտեմբերի 5-ին Եղիշե Չարենցը կրակում է Մարիանա Այվազյանի վրա եւ հայտնվում Երեւանի ուղղիչ տանը։
«Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել եւ մահափորձ կատարեցի...»,- հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։
«Երեւանի ուղղիչ տունը» հեղինակի բանտարկության փորձառությունն է։ 2021 թվականին «Վերնատուն» հրատարակչությունը վերահրատարակել է գիրքը հանրամատչելի ծանոթագրություններով։
Կարդացեք նաեւ Չարենցի կրակոցն ու հուշերը ուղղիչ տնից
Ռազմագիտական ընկերության առաջին համաժողովը
1926թ. փետրվարի 23-ին՝ Կարմիր բանակի օրը, Երեւանի մշակույթի տանը բացվում է Հայաստանի ռազմագիտական ընկերության առաջին համաժողովը։
Ընկերությունը հիմնադրվել էր 1921-ին եւ զբաղվում էր ռազմական գիտելիքի տարածմամբ, վարժանքներ էր կազմակերպում, աջակցում անգրագիտության վերացմանը, տարբեր շրջաններում ակումբեր էր հիմնում։ Համաժողովի օրը դահլիճում ցուցադրված էին ժամանակակից զենքերի նմուշներ, քիմիական պաշտպանության միջոցներ, գրքեր ու պաստառներ։
Բազմաթիվ զեկուցողների թվում էր նաեւ 76-րդ Հայկական դիվիզիայի հրամանատար Անդրեյ Մելիք-Շահնազարյանը, որը ներկաներին պատմում էր ժամանակակից պատերազմների մասին։
Հայաստանի ռազմագիտական ընկերության վարչության անդամ, Հայկական դիվիզիայի կոմիսար Գեւորգ Սաֆրազբեկյանը նշում է, որ կապիտալիստական երկրները թշնամաբար են տրամադրված Խորհրդային միության նկատմամբ եւ օր օրի ավելացնում են իրենց ռազմական ծախսերն ու բանակի թվակազմը։
«Զինաթափման համար հրավիրվող իմպերիալիստական բազմաթիվ համաժողովներն ու ձեռնարկվող միջոցները մի ժեստ են, մի վարագույր, որի հետեւում զինվում ու պատրաստվում են նրանք ապագա կռիվների համար»,- ասում էր նա։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան