Հայկական Կարմիր. 1939



Նյու Յորքում բացվում է համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսը, սկսվում է Երկրորդ աշխարհամարտը, Խալխին-գոլում տեղի ունեցած մարտերից հետո ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան հրադադար են կնքում, սկսվում է Խորհրդա-ֆիննական պատերազմը, ԽՍՀՄ-ը հեռացվում է Ազգերի լիգայից, Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) քաղաքում երկրաշարժի հետեւանքով 39 000 մարդ է զոհվում:


«Սասունցի Դավիթ»-ի 1000-ամյակը


1939թ. Հայաստանում եւ Խորհրդային միության տարբեր քաղաքներում մեծ շուքով նշվում է հայկական էպոսի՝ «Սասունցի Դավիթ»-ի 1000-ամյակը:

Մարտին ԽՍՀՄ սովետական գրողների միությունը որոշում է անցկացնել գիտական քննարկում, որտեղ բազմաթիվ զեկույցներ են արվում: Ապրիլին լույս է տեսնում «Սասունցի Դավիթ»-ի ռուսերեն թարգմանությունը:

«Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը որոշվում է անցկացնել սեպտեմբերին. զգալի տեղ էր հատկացված գրական, գիտական, մշակութային միջոցառումներին:

Լույս է տեսնում «Սասունցի Դավիթ» էպոսի ամբողջական, համահավաք հրատարակությունը: Գիրքը կազմելու եւ հրատարակության պատրաստելու աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար կառավարության որոշմամբ ՀԽՍՀ ԳԽ պատվոգրով եւ 2000-ական ռուբլի դրամական պարգեւով պարգեւատրվում են գրքի հեղինակները՝ պրոֆեսորներ Գեւորգ Աբովը, Մանուկ Աբեղյանը եւ ավագ գիտաշխատող Արամ Ղանալանյանը:

Սեպտեմբերի 15-ին Երեւանի Սունդուկյանի անվան պետական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր նիստ՝ նվիրված հայկական էպոսի 1000-ամյակին, որին մասնակցում էին կուսակցական ու քաղաքական ղեկավարները, Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերը:

 

 

«Սունդուկյանի անվան Պետական թատրոնի լայն մուտքն իր գեղարվեստական հատուկ ձեւավորմամբ ներկայացնում էր Սասնա անառիկ բերդապարիսպն իր հոյակապ դարպասով։ ...Թատրոնի ներսը՝ բեմի խորքում հիանալի ֆոնի վրա գունագեղ մեծ կտավը պատկերում է հայ ազատասեր ժողովրդի լավագույն իղձերի ու ցանկությունների, նրա պայքարի ու հաղթանակների խորհրդանշանը «Սասունցի Դավիթն իր Ջալալիի վրա»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։

 

 

Նշանավոր իրադարձության առթիվ տոնականորեն էր ձեւավորված նաեւ Երեւանը։ Լենինի հրապարակն իր հարակից շենքերով զարդարված էր էպոսի պատումների պատկերներով։ Տեղադրվել էին երկու տրիբունաներ՝ ղեկավարության ու հանդիսատեսների համար։ Ստալինի (Մաշտոցի) պողոտան ձեւավորված էր հայկական զարդանախշերով ու գորգերով։


Թումանյանի արխիվը


1939թ. Հովհաննես Թումանյանի կինը՝ Օլգա Թումանյանը, դիմում է Հայաստանի կառավարությանը՝ մեծ բանաստեղծի ձեռագրերի ժառանգությունն ու ամբողջ արխիվը պետությանը հանձնելու խնդրանքով: ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ Թումանյանի արխիվը համարվում է պետական սեփականություն, որը պետք է պահպանվեր Պետական գրական թանգարանում:

 

 

Կառավարությունը նաեւ առաջարկում է Գիտությունների ակադեմիայի գրականության եւ լեզվի ինստիտուտին հրատարակության պատրաստել Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուն եւ նամակները: Կառավարությունը 10 000 ռուբլով պարգեւատրում է Օլգա Թումանյանին եւ նրա դստերը՝ Նվարդին, ձեռագրերի ժառանգության պահպանությունը կազմակերպելու համար:


«Լեռնային հեղեղն» եւ «Լեռնային արշավը»


1939թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստները նկարահանում են «Լեռնային հեղեղ» եւ «Լեռնային արշավ» կինոնկարները:



«Լեռնային հեղեղը» հայ եւ ադրբեջանցի կոլտնտեսականների բարեկամության մասին է, որոնք, չնայած «չար ուժերի» խարդավանքներին, հաղթահարում են դժվարություններն ու համատեղ երջանիկ ապագա կառուցում: Ֆիլմի ռեժիսորը Պատվական Բարխուդարյանն էր:

«Լեռնային արշավը» շատ ավելի հեղափոխական բովանդակություն ուներ: Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Ստեփան Գեւորգյանն անդրադարձել էր «դաշնակ մաուզերիստների» դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարին:



Ֆիլմում նկարահանվել էին Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, Օրի Բունիաթյանը, Հասմիկը եւ ուրիշներ:


Հայկական մշակույթի օրերի տասնօրյակը


1939թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում սկսվում է հայկական մշակույթի օրերի տասնօրյակը:

Հոկտեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան հայկական օպերայի եւ բալետի պետական թատրոնը Մոսկվայում ներկայացնում է «Անուշ» օպերան:

 

 

Բեմադրությանը ներկա էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը՝ Ստալինի գլխավորությամբ: ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Օպերայի եւ բալետի պետական թատրոնը պարգեւատրվում է Լենինի, իսկ Հայկական պետական ֆիլհարմոնիան՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով:

Նոյեմբերի 4-ին հայկական մշակույթի տասնօրյակի մասնակիցները Կրեմլում հանդիպում են Ստալինի հետ: «Ես երջանիկ եմ, որ ինձ պատիվ է վիճակվել հանդես գալու այստեղ՝ Կրեմլում, ուր ուղղված են աշխարհի աշխատավոր ժողովրդի մտքերն ու հայացքները, ուր նաեւ ուղղված է ջերմ սիրով ու երախտագիտությամբ լի մի սիրտ, հայ ժողովրդի սիրտը»,- ասում է Մարտիրոս Սարյանը:


Շիրակամուտի եւ Սիսիանի ջրանցքները


1939թ. Խորհրդային Հայաստանում շարունակվում էր ենթակառուցվածքների շինարարությունը, որոնցից առանձնանում էին Շիրակամուտի (Նալբանդ) եւ Սիսիանի ջրանցքները:

Սեպտեմբերի 8-ին ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում է սկսել Նալբանդի ջրանցքի կառուցումը, որի համար հատկացվում էր 600 000 ռուբլի: Շինարարության զգալի մասի վարչական, ֆինանսական եւ կազմակերպչական գործն իրականացնելու էին կոլտնտեսություններն ու շրջաններում բնակվող մարդիկ:
Ջրանցքն ունենալու էր 47 կմ երկարություն:

Սիսիանի ջրանցքն ունենալու էր 36 կմ երկարություն, որի կառուցման որոշումն ընդունվում է հոկտեմբերին: Երկու կառույցի շինարարությունն էլ ավարտվում է 1940 թվականին:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: