Հայկական Կարմիր. 1921



1921 թվականին Ռուսաստանում ավարտվում է քաղաքացիական պատերազմը, Ադոլֆ Հիտլերը դառնում է Գերմանիայի Ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության նախագահ, ստեղծվում է Ղրիմի ինքնավար հանրապետությունը, ավարտվում է Իռլանդիայի անկախության համար պատերազմը, Ալբերտ Այնթայնը Նոբելյան մրցանակ է ստանում ֆիզիկայի ոլորտում:


Հայ սպաների աքսորը


1921թ. հունվարին սկսվում է հայ սպաների աքսորի երկրորդ փուլը:

1920թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված պայմանագրով Հայաստանի խորհրդային իշխանությունները չպետք է հալածեին Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած սպաներին: Սակայն հեղկոմը հենց դեկտեմբերից սկսում է բռնությունները, եւ շուրջ 400 սպա աքսորվում է:

1921թ. հունվարի 14-ին անցկացվում է հայ սպաների նոր ցուցակագրությունը, ինչի հետեւանքով շուրջ 1000-ը աքսորվում են Ռյազան, որտեղ քաղաքացիական պատերազմի տարիներին ստեղծվել էր առաջին ճամբարը: Աքսորյալների թվում էին գեներալներ Սիլիկյանը, Նազարբեկյանը, Ղորղանյանը, Հովհաննես Թումանյանի ավագ որդին՝ Մուշեղը, Գաբրիել Լազյանը եւ հարյուրավոր այլ զինվորականներ: Աքսորյալները Ռյազանում աշխատում էին փայտամշակման արտադրամասում:

 

 

1921թ. մարտի վերջին Ռյազանում հայ սպաների հետ հանդիպում է Խորհրդային Ռուսաստանում Հայկական ԽՍՀ ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը, որի ջանքերով նրանց մի մասը մայիսի վերջին ազատվում եւ վերադառնում է Երեւան:

Հայաստանում հեղկոմի գործունեության մասին լավագույն նկարագրությունը տվել է պատմաբան Բագրատ Բորյանը, որը մեջբերված է Սիմոն Վրացյանի հուշագրությունում. «Հեղկոմը ձեռնարկեց անխնա եւ վճռական բռնագրավումների, առանց խտրության եւ առանց դասակարգային սկզբունքի, առանց հաշվի առնելու գյուղացիության ընդհանուր տնտեսական դրությունը եւ նրա հոգեբանական վիճակը: Բռնագրավումը տեղի էր ունենում անկազմակերպ ձեւով, ծրագրված ու հեղափոխական-դասակարգային բնույթ չուներ եւ կատարվում էր անհարկի բռնություններով: Առանց կազմակերպված կարգապահ մեքենայի, առանց նախնական քարոզչական պատրաստության եւ առանց հաշվի առնելու երկրի յուրահատուկ պայմանները, հեղկոմը կարգախոս է ուղղում՝ բռնագրավել եւ պետականացնել պարենը քաղաքներում եւ մասնավոր մարդկանցից եւ հացի պաշարը գյուղացիներից: ...Բնական է, որ այս բռնի միջոցները եղան երկրի ապստամբության հիմնական պատճառները»:


Բողոքի նոտա Թուրքիային


1921թ. հունվարի 16-ին Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանը բողոքի նոտա է հղում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի պատճենն ուղարկում է նաեւ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինին, Ադրբեջանի արտգործժողկոմ Հուսեյնովին, Մոսկվայում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանին:

Փաստաթղթում Բեկզադյանը նշում էր, որ թուրքական զորքերը զարհուրելի բռնություններ են գործադրում Ալեքսանդրապոլում, մոտակա գյուղերում եւ չեզոք գոտում:

«Չեզոք գոտու կից գյուղերում հայ խաղաղ գյուղացիական բնակչության նկատմամբ տեղի ունեցած կողոպուտները, բռնություններն ու սպանությունները ընդունել են մասսայական բնույթ: Գավառական կոմիսարիատում միայն ցուցակագրության են ենթարկված 200-ից ավելի նման սպանության դեպքեր: Շրջանի բնակչությունն ահաբեկված է, գյուղական եւ տնային տնտեսությունները քայքայված, անասունը քշված եւ հարկերի պատրվակի տակ խլված են բնակչության բոլոր կենսամթերքները»,- հայտնում էր Բեկզադյանը:

 

 

Նա առաջարկում էր հեռացնել թուրքական զորքերը Ալեքսանդրապոլից եւ Կարսի շրջանի հարավ եւ արեւելյան հատվածներից: Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմն ակնկալում էր, որ թուրքական կառավարությունը շուտափույթ պատասխանելու է «աննորմալ կացությանը վերջ տալու համար ձեռնարկված քայլերի մասին»:


Նոր ձերբակալություններն ու Փետրվարյան ապստամբությունը


1921թ. փետրվարի 10-ի գիշերը Երեւանի արտակարգ հանձնաժողովի որոշմամբ (Չեկա) նոր ձերբակալություններ են սկսվում: Բանտարկվում են Հովհաննես Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը եւ տասնյակ ուրիշ գործիչներ, ինչպես նաեւ զինվորականներ ու մտավորականներ: Երկու ամսից ավելի շարունակվող բռնագրավումները, հալածանքները, ձերբակալություններն ու բնակչության զանգվածային ունեզրկումը ծայրահեղ լարել էին իրադրությունը Հայաստանում:

Փետրվարի ձերբակալությունները դառնում են ժողովրդական հուզումների սկսվելու առիթ. Հայաստանում հեղկոմի իշխանության դեմ ապստամբություն է սկսվում: «Ապստամբության ազդանշանը տվին Արագածի փեշերի սասունցիները, որոնք անվանի խմբապետների ղեկավարության տակ՝ դուրս քշեցին իրենց գյուղերից հեղկոմի գործակալներին եւ գրավեցին Աշտարակը, ապա՝ Էջմիածինը»,- գրում է Վրացյանը:

 

 

Փետրվարի 18-ի առավոտյան Երեւանն արդեն գրավված էր: Ապստամբությունը ղեկավարում էր Հայրենիքի փրկության կոմիտեն, որի նախագահ Սիմոն Վրացյանը կոչով դիմում է Հայաստանի բնակչությանը. «Քաղաքացիներ: Բոլշեւիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է: Մինչեւ կառավարության կազմվելը՝ ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքը: Ամեն քաղաքացի պարտավոր է պաշտպանի կարգն ու օրենքը: Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից հրատարակված բոլոր կարգադրությունները խիստ կերպով պետք է կատարվեն քաղաքացիների կողմից»:

Փետրվարի 26-28-ը հեղկոմի հավատարիմ զորամասերը փորձում են գրավել Երեւանը, սակայն հաջողություն չեն ունենում: Մինչեւ մարտի կեսը ռազմական գործողությունները դադարում են:


Թումանյանի նամակը Օրջոնիկիձեին


Մարտի 20-ին Թիֆլիսից Երեւան է գալիս բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մի քանի օր մնալով քաղաքում՝ մարտի 24-ին հեռագրում է Օրջոնիկիձեին, որտեղ ներկայացնում է իրադրությունը:

«Հինգերորդ օրն է ես Երեւանում եմ: Ծանոթանալով գործերի դրությանը՝ բոլորովին համոզվեցի, որ մեզ մոտ՝ Թիֆլիսում, կազմված համոզումը Հայաստանի դեպքերի մասին չի համապատասխանում իրականությանը: Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ, զանազան շրջաններում, տարածվել է մինչեւ Երեւան եւ իր հետեւից քաշել է մտավորականությանը: Ստեղծվել է հետեւյալ դրությունը. զենքը ձեռքերին միմյանց դեմ են դուրս եկել մի կողմից Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիները, մյուս կողմից կոմունիստների զինված խմբերը, եւ հոսում է արյունը առանց որեւէ հիմքի թշնամության եւ փոխադարձ բնաջնջման համար»:

 

 

Մեծ բանաստեղծը Օրջոնիկիձեին հայտնում էր, որ ձերբակալված կոմունիստներից ոչ մեկին չեն գնդակահարել, եւ խնդրում էր քայլեր ձեռնարկել անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար:

Մարտի վերջին խորհրդային ուժերն անցնում են հակահարձակման եւ կոտրում ապստամբների դիմադրությունը:

Ապրիլի 2-ի երեկոյան նրանց զորքերը կամաց-կամաց մուտք են գործում Երեւան: «Հայաստանի արեւը փախչում էր Արարատյան դաշտից դեպի արեւմուտք: Բազմահազար բազմությունն էլ խուճապահար փախչում էր հարազատ երկրից: Երեւանում երիտասարդ չէր մնացել: «Զավթիչները» վախով, Քանաքեռի բարձունքից, մտան ամայի փողոցները: Ժողովուրդը սարսափահար լուռ էր»,- գրում է Վրացյանը:


Արտաքսվում է Դրոն


1921թ. հունվարին սկսվում է խորհրդա-թուրքական բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Որոշվում է, որ ապագա բանակցություններին մասնակցելու էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Թուրքական կողմը, սակայն, հայտարարում է, որ չի վստահում հայ բոլշեւիկներին, քանի որ հեղկոմը «համագործակցում էր» նախկին՝ դաշնակցական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ թուրքերը դժգոհում էին Դրոյից, որովհետեւ նա շարունակում էր «ծառայություններ մատուցել» բոլշեւիկներին: 1921թ. հունվարի 10-ին իր մի քանի համախոհի հետ Դրոն արտաքսվում է Հայաստանից: Մի քանի օր անց սկսվում է հայ զինվորականներին աքսորելու հերթական փուլը:


Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը


1921թ. փետրվարի 18-ին Մոսկվայում սկսվում են ռուս-թուրքական բանակցությունները: Թուրքերի պնդմամբ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում նիստերին: Երկարատեւ քննարկումներից հետո մարտի 18-ին ստորագրվում է Մոսկվայի պայմանագիրը, սակայն փաստաթուղթը հրապարակվում է հետին ամսաթվով՝ մարտի 16-ին:

 

 

Այդ պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի եւ Սուրմալուի շրջանները, Բաթումի շրջանի մի մասը, եւ ինքնավար հանրապետության կարգավիճակ էր ստանում Նախիջեւանի շրջանը՝ ցամաքային կապ ունենալով Թուրքիայի հետ:

Հայկական պատվիրակությունը, որը որոշ ակնկալիքներ ուներ, որ «գաղափարակից եւ հեղափոխական» Ռուսաստանն ու Թուրքիան զիջումներ կանեն, հուսախաբ է լինում: Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինին ուղղված ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանի առարկություններն ու մտահոգությունները մնում են անպատասխան:

1921թ. սեպտեմբերի 26-ին Կարսում սկսվում են ռուս-թուրքական նոր բանակցությունները:

 

 

Մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 15-րդ հոդվածում գրված էր, որ «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»:

Այսինքն՝ Անդրկովկասի հանրապետությունների ստորագրությամբ նոր պայմանագրի վավերացումը նախորդ փաստաթղթի պարտադիր դրույթներից էր: Կարսի բանակցություններին Խորհրդային Հայաստանից մասնակցում էին ՀԽՍՀ արտաքիին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը:

 

 

Հայկական կողմը հույս ուներ Կարսի բանակցություններում տարածքային թեկուզ աննշան զիջումներ ստանալ Թուրքիայից: Մասնավորապես, խոսքը Անիի ավերակների եւ Կողբի աղահանքերի մասին էր: Թուրքերը կտրականապես մերժում բոլոր առաջարկությունները, եւ Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ վերահաստատում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները: Առաջին հոդվածով կողմերը հրաժարվում էին միջազգային բոլոր պայմանագրերից, որոնք նախկինում կնքվել էին կողմերի միջեւ՝ բացի 1921 թ. Մոսկվայի պայմանագրից։

5-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջեւանի մարզը լինի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո։ Պայմանագրի ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում կողմերը պարտավորվում էին ազատել ռազմական ու քաղաքացիական բոլոր գերիներին։


Հայրենադարձության առաջին ծրագիրը


1921թ. աշնանը Խորհրդային Հայաստանում սկսվում է իրականացվել հայրենադարձության առաջին ծրագիրը: Մինչ այդ՝ հուլիսին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դիմել էր Միջագետքի (Իրաք) վրանային ավաններում հաստատված հայերին՝ հորդորելով վերադառնալ Հայաստան:

Հոկտեմբերի 21-ին ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը դիմում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ առաջարկելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հայերի տեղափոխության համար: «Եթե Բրիտանիայի ներկա կառավարությունը հրաժարվի ստանձնել իր վրա այդ դժբախտ գաղթականների հոգացողությունը, կխնդրեի գեթ կատարել նրանց վերջին իղձը եւ միջոցներ ձեռնարկել նրանց տեղափոխելու Պոլսի վրայով դեպի Բաթում, որպեսզի Հայաստանի կառավարությունը հնարավորություն ունենա տեղափոխել նրանց իր սահմաններում»,- գրված էր նամակում:

Դեկտեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհը քննարկում է Միջագետքից Հայաստան տեղափոխվող 3000 գաղթականի ընդունելության հարցը եւ հանձնարարում հողագործության ժողկոմ Արամայիս Երզնկյանին անհրաժեշտ նյութական օգնություն կազմակերպել հայրենադարձների համար: 1921թ. դեկտեմբերի 20-ին Բաթում է հասնում հայրենադարձների առաջին խումբը՝ շուրջ 3000 մարդ, որոնք բնակեցվում են Գյումրիի, Վարդենիսի եւ Արմավիրի շրջաններում:


Թուրքերը հեռանում են Ալեքսանդրապոլից


1921թ. ապրիլի վերջին թուրքական զորամասերը սկսում են հեռանալ Ալեքսանդրապոլից, որին նախորդել էին դիվանագիտական բավականին սուր քննարկումներ: Թուրքերը չէին ցանկանում դուրս բերել զորքերը՝ փորձելով որոշ զիջումներ կորզել անդրկովկասյան հանրապետություններից: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո հեռագրում էր Թուրքիայում խորհրդային ներկայացուցիչ Մդիվանուն, որը պետք է պահանջեր թուրքերից «անհապաղ դատարկել Ալեքսանդրապոլը»: Ապրիլի 6-ին այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնում նաեւ Օրջոնիկիձեն՝ նշելով, որ թուրքերն ուզում են զորքերը դուրս բերել Հայաստանի հետ պայմանագիր կնքելուց հետո: Հարցը քննարկվում է նախ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ալի Ֆուադի, ապա՝ արտաքին գործերի նախարար Ահմեդ Մուխթարի հետ: 1921թ. ապրիլի 22-ին թուրքական զորքերը հեռանում են Ալեքսանդրապոլից:

 

 

Թուրքական տիրապետության 6 ամսվա ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում սպանվել էին հազարավոր հայեր, որի վերաբերյալ դեռեւս մայիսին մանրամասն հաշվետվություն էր կազմել ՀԽՍՀ պետական հանձնաժողովը: Թալանվել էր գավառի գրեթե ամբողջ ունեցվածքը, ավերվել էին տասնյակ գյուղեր:


Խորհրդային Հայաստանի նոր կառավարությունը


1921թ. մայիսի 21-ին ձեւավորվում է Խորհրդային Հայաստանի նոր կառավարությունը: Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ եւ ռազմական գործերի ժողկոմ է նշանակվում Ալեքսանդր Մյասնիկյանը:

Նոր կառավարությունն ուներ հետեւյալ կազմը՝ արտաքին գործերի ժողկոմ՝ Ասքանազ Մռավյան, ներքին գործերի ժողկոմ՝ Պողոս Մակինցյան, արդարադատության ժողկոմ՝ Արտաշես Կարինյան, ժողտնտեսության խորհրդի նախագահ՝ Սարգիս Սրապիոնյան (Լուկաշին), հողագործության ժողկոմ՝ Արամայիս Երզնկյան, պարենավորման եւ արտաքին առեւտրի ժողկոմ՝ Ալեքսանդր Բեկզադյան:


Հայաստանի օգնության կոմիտեի ստեղծումը


1921թ. սեպտեմբերի 28-ին ՀԽՍՀ ժողկոմխորհն ընդունում է Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ) ստեղծելու դեկրետը: «Ի նկատի ունենալով մի շարք հասարակական գործիչների խնդիրը՝ հաստատել իրենց կազմած «Հայաստանի օգնության կոմիտե», որի նպատակն է օգնության հասնել Հայաստանի սովյալ ազգաբնակության եւ յուր այդ գործունեության ընթացքում նաեւ օժանդակել երկրի ընդհանուր շինարարության գործին, Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց ներկայացված ստատուտը հաստատել եւ թույլատրել կոմիտեին սկսել իր գործունեությունը հիշված նպատակի սահմաններում: Ժողկոմխորհի նախագահ՝ Ա. Մյասնիկյան»:

ՀՕԿ անդամները հայ մտավորականներն էին՝ Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Արամայիս Երզնկյանը, Ստեփան Զորյանը, Նար-Դոսը, Ռոմանոս Մելիքյանը եւ տասնյակ ուրիշ մեծանուն գործիչներ: Կազմակերպության պատվավոր նախագահ է ընտրվում Թումանյանը, սակայն քանի որ նա բնակվում էր Թիֆլիսում, ՀՕԿ ղեկավար է դառնում հողժողկոմ Արամայիս Երզնկյանը:

 

 

Իր գործունեության շրջանում կազմակերպությունը մասնաճյուղեր է բացում աշխարհի բազմաթիվ քաղաքներում, հանգանակություն կազմակերպում եւ հավաքված միջոցներով ինչպես օգնություն հասցնում Հայաստանի սովյալներին, այնպես էլ նպաստում կարեւոր ենթակառուցվածքների կառուցմանը: ՀՕԿ միջոցներով են կառուցվում բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, Էջմիածնի եւ Շիրակի ջրանցքները եւ բազմաթիվ այլ կառույցներ:


Լեռնահայաստան, ապա՝ Զանգեզուրի գավառ


1921թ. ապրիլի 26-ին Տաթեւի վանքում տեղի է ունենում Ինքնավար Սյունիքի պատգամավորների երկրորդ համագումարը: Առաջինը, որը գումարվել էր 1920թ. դեկտեմբերի 25-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, հռչակել էր Սյունիքի անկախությունը: Հայաստանի լեռնային այդ շրջանը, որի պաշտպանությունն արդեն երկրորդ տարին կազմակերպում էր Գարեգին Նժդեհը, հրաժարվում էր ընդունել բոլշեւիկյան իշխանությունը: Հայաստանի հեղկոմը փորձում էր բանակցությունների միջոցով հասնել խնդրի լուծմանը:

 

 

Տաթեւի ապրիլյան համագումարը Նժդեհին ընտրում է Սյունիքի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար: Ձեւավորվում են նաեւ պետական կառավարման մյուս մարմինները: Սյունիքը ստանում էր նոր անուն՝ Լեռնահայաստան:

1921թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Երեւանի եւ Հայաստանի տարբեր շրջաններից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Զանգեզուր: Թեեւ Նժդեհը նրանց բոլորին ընդունում է, սակայն տնտեսապես հյուծված Լեռնահայաստանը չէր կարող երկար ժամանակ պահել եւ կերակրել հազարավոր փախստականներին: Բացի այդ, պարտության դառնությունը ճաշակած եւ հուսալքված մարդկանց մուտքը Սյունիք բացասական ազդեցություն է ունենում շրջանի պաշտպանների վրա: Տեսնելով, որ տեւական դիմադրությունն այլեւս անհնար է, Նժդեհը որոշում է դադարեցնել պայքարը եւ Խորհրդային իշխանություններից ստանալով երաշխիք, որ Սյունիքը կընդգրկվի ՀԽՍՀ կազմում, հուլիսի 10-ին անցնում է Արաքսը եւ հեռանում Պարսկաստան:

 

 

1921թ. օգոստոսի 31-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհն ընդունում է Զանգեզուրի գավառի կազմավորման դեկրետը, որտեղ գրված էր. «Ժողկոմխորհը որոշեց Զանգեզուրի՝ ՀՍԽ Հանրապետությանը կցված մասից կազմել առանձին Զանգեզուրի գավառ (կենտրոնը՝ Գորիս)՝ բաղկացած հետեւյալ գավառակներից՝ Գորիսի, Տեղի, Տաթեւի, Սիսիանի, Կապանի եւ Մեղրիի»:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: