Հայաստանի արձագանքը Վիլնյուսի դեպքերին
1991թ. հունվարի 13-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունն ու Նախարարների խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունում, որով իրենց խոր մտահոգությունն են հայտնում Վիլնյուսի իրադարձությունների վերաբերյալ։
Լիտվայի մայրաքաղաքում հունվարի 11-13-ին բախումներ են տեղի ունենում քաղաքացիների եւ խորհրդային ԶՈՒ ստորաբաժանումների միջեւ, որի հետեւանքով զոհվում է 15 հոգի, հարյուրավոր մարդիկ վիրավորվում են։ «ԳԽ նախագահությունը եւ նախարարների խորհրդի նախագահությունը գտնում են, որ Լիտվայում իրավիճակի նման բարդացումը էապես պայմանավորված է ժողովրդական գործընթացի եւ ազգերի ազատ ինքնորոշման հանդեպ կենտրոնի որդեգրած միակողմանի եւ ոչ իրատես քաղաքականությամբ»,- ասված էր հայտարարության տեքստում։
Կարդացեք նաեւ՝ Վիլնյուսի դեպքերն ու «Դիալոգ»-ի հատուկ թողարկումը
50 եւ 100 ռուբլի արժողությամբ թղթադրամները հանվում են շրջանառությունից
ԽՍՀՄ նախագահի 1991թ. հունվարի 22-ի հրամանագրով որոշվում է Խորհրդային միության ամբողջ տարածքում շրջանառությունից հանել 50 եւ 100 ռուբլի արժողությամբ թղթադրամները։ Քաղաքացիների ձեռքին եղած թղթադրամները փոխանակելու համար տրվում էր ընդամենը 3 օր, ինչը զգալի խնդիրներ էր առաջացնում։
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն այդ որոշումից հետո դիմում է Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով խուճապի չմատնվել, թույլ չտալ անօրինականություն եւ անարդարություն դրամների փոխանակման ժամանակ։
«Կենտրոնի ձեռնարկած քայլերը վկայում են, որ խիստ անհրաժեշտ է արագացնել Հայաստանի Հանրապետության ինքնուրույն ֆինանսավարկային համակարգի եւ սեփական դրամանիշի ստեղծման աշխատանքները»,- նշում էր Գերագույն խորհուրդը։
«Նաիրիտ»-ի մասնակի վերաբացումը
1991թ. սկզբին քննարկվում էր «Նաիրիտ» գործարանի վերաբացման հնարավորությունը։
Քիմիական հսկան փակվել էր 1989-ին, սակայն տնտեսական դժվարությունները ստիպում էին վերաբացել գործարանի գոնե այն արտադրամասերը, որոնք կարող էին սպասարկել ներքին շուկան։
1991թ. փետրվարի 6-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է, որ «Նաիրիտ»-ի ամբողջական շահագործման ծրագիրը, որը ներկայացրել էր Նախարարների խորհուրդը, լիովին հիմնավորված չէ։ Սակայն մի քանի ոլորտ շահագործելու որոշում, այնուամենայնիվ, կայացվում է։ «Թույլատրել գործարկել օրգանական թթուների, ացետիլենի, կրի, ածխաթթվի, թթվածնի, ազոտի, ինչպես նաեւ հանրապետության ժողովրդական տնտեսության կարիքներին համապատասխան քլորի եւ կաուստիկ սոդայի արտադրությունները»,- գրված էր որոշման մեջ։
Քլորոպրենային կաուչուկի եւ լատեքսների արտադրությունը վերաբացելու համար լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է արվեին։
Հայաստանը հրաժարվում է միութենական նոր հանրաքվեից
1991թ. տարեսկզբից Հայաստանում քաղաքական գլխավոր քննարկումը Միութենական նոր հանրաքվեին մասնակցելու հարցն էր։ Այդ հանրաքվեով ստեղծվելու էր նոր միություն, որի կազմում ընդգրկված հանրապետություններն ունենալու էին ավելի մեծ ինքնուրույնություն, քան նախկինում։ Փաստացի այն ԽՍՀՄ-ը պահպանելու փորձ էր։
Հայաստանի Հանրապետությունը չէր ցանկանում մասնակցել այդ հանրաքվեին։ Մի քանի օր տեւած թեժ քննարկումներից հետո ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում, որով պաշտոնապես հրաժարվում է մասնակցել 1991թ. մարտի 17-ին կայանալիք հանրաքվեին։ Միաժամանակ Գերագույն խորհուրդը սահմանում էր, որ հանրաքվեի արդյունքները Հայաստանի տարածքում իրավական ուժ չէին ունենալու։
Նույն օրը՝ 1991թ. մարտի 1-ին, Գերագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվեի օրը Հայաստանում նշանակվում է սեպտեմբերի 21-ը։
Որոշման 3-րդ կետում նշվում էր, որ «իրադրության կտրուկ փոփոխության դեպքում» հանրաքվեն կարող էր անցկացվել ավելի շուտ։
Ապամոնտաժվում է Լենինի արձանը
1991թ. ապրիլի 13-ին ապամոնտաժվում է Երեւանի Հանրապետության հրապարակում տեղադրված Լենինի արձանը։
Արձանի ապամոնտաժման որոշումը կայացրել էր Երեւանի քաղխորհուրդը մարտի 28-ին։
Արձանի ապամոնտաժումն ընդունվել էր մեծ խանդավառությամբ։
«Էլի մի հրաժեշտ... Հերթականը։ Ասում են նաեւ՝ հիմնականը... Հանդիսավոր բառը չի պատշաճում այս դեպքում, բայց հանդիսավորության չափ մարդաշատ էր Հանրապետության հրապարակն այդ երեկո։ Հրավիրվածներ չկային, բայց շատերն էին եկել՝ մասնակցելու գուցե եւ փոքր-ինչ տխուր, բայց սպասված արարողությանը. ապամոնտաժվում էր հուշարձանը, որ տասնամյակներ ի վեր ծանրացել էր վարդագույն շինությունների կողքին։
Նրա, ում առաջնորդ էին անվանում, պարտադրված գաղափարները վերացան-մեռան կամաց-կամաց։ Վաղուց մեզ հետ չէ Լենինը, ուրեմն հուշարձանն էլ մեզ պետք չէ»,- գրել էր «Ավանգարդը»։
Կարդացեք նաեւ՝ Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն
«Անիծվածներն» ու այլ ֆիլմեր
1991-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Անիծվածները» ֆիլմը, որի հերոսն իրավապահների անարդարության պատճառով հայտնվում է բանտում։
Ֆիլմի սյուժեն հայ ունկնդրի համար նորություն էր, որովհետեւ ներկայացված էր բանտային կյանքը, քրեական բարքերը եւ «գողական արդարադատությունը»։
Ֆիլմի ռեժիսորը Դմիտրի Կեսայանցն է, սցենարի հեղինակը՝ Էդուարդ Խաչիկյանը։
1991-ը «Հայֆիլմ»-ի համար բեղուն տարի էր. էկրան են բարձրանում Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր», Սերգեյ Իսրայելյանի «Պատանդները», Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառոյ», Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտը»։
Անկախության հանրաքվեն
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենում Անկախության հանրաքվե։
Հանրաքվեին մասնակցում է 2 042 627 մարդ, որոնց 99.51 տոկոսը կողմ է քվեարկում անկախությանը։
Հանրաքվեից երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին որոշումը։
«Հավատարիմ մնալով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների եւ ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակագ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է. Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։
ՀՀ ԳԽ նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան,
ՀՀ ԳԽ քարտուղար՝ Արա Սահակյան։
23 սեպտեմբերի, 1991թ. քաղ. Երեւան»։
Նախագահական ընտրությունները
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում անցկացվում են առաջին նախագահական ընտրությունները։
Թեկնածուները վեցն էին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Պարույր Հայրիկյանը, Սոս Սարգսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Նավասարդյանը եւ Զորի Բալայանը։ Համաձայն այն ժամանակվա ընտրական կարգի՝ թեկնածուները պետք է ներկայացնեին նաեւ իրենց տեղակալներին՝ փոխնախագահներին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում փոխնախագահ էր լինելու Գագիկ Հարությունյանը։ Մյուս թեկնածուների փոխնախագահները համապատասխանաբար՝ Ազատ Արշակյանը, Վահան Հովհաննիսյանը, Սուրեն Զոլյանը, Հրանտ Խաչատրյանը եւ Հարություն Մարզպանյանը։
Ընտրությունների արդյունքում ձայների վճռորոշ առավելությամբ՝ 83 %-ով, նախագահ է ընտրվում Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Երկրորդ տեղում Պարույր Հայրիկյանն էր, որը ստացել էր ընտրողների ձայների 7 %-ը կամ ավելի քան 106 000 քվե։
Երրորդ տեղում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու՝ Սոս Սարգսյանն էր, որը ստացել էր 4.3% ձայն։
Նոյեմբերի 11-ին տեղի է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը։
Արցախի անկախության հռչակումն ու հանրաքվեն
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան են անցկացնում, որտեղ հռչակագիր է ընդունվում ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը:
1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունենում անկախության հանրաքվեն:
Քվեարկության 108 736 մասնակցից անկախությանը կողմ է քվեարկում 108 615-ը կամ 99,89 %-ը:
Հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքին հետեւել էր 90-ից ավելի միջազգային դիտորդ եւ լրագրող 15 երկրից: Դիտորդները արդյունքներն արձանագրել էին համապատասխան ակտի միջոցով, որտեղ նշված էր, որ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի պայմաններում. քվեարկության օրն Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից հրթիռակոծվել եւ հրետակոծվել էր Ստեփանակերտը քվեարկությունը խոչընդոտելու համար:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից: