Հայկական Կարմիր. 1988



1988 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում Ֆրանսուա Միտերանը, ԱՄՆ-ում նախագահ է ընտրվում է Ջորջ Բուշը, ԽՍՀՄ-ում առաջին անգամ հրատարակվում է Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը, Կալգարիում եւ Սեուլում կայանում են Ձմեռային եւ Ամառային օլիմպիական խաղերը, Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսր» ֆիլմը 9 «Օսկար» է ստանում, ԽՍՀՄ-ում սկսում են ցուցադրել «Ստրկուհի Իզաուրան» սերիալը, «Եվրատեսիլ»-ում հաղթում է Շվեյցարիան ներկայացնող կանադուհի Սելին Դիոնը:


Բնապահպանական շարժումը


1988 թվականը Հայաստանում սկսվում էր բնապահպանական լայն շարժումով, եւ ՀԽՍՀ ղեկավարությունը քայլեր էր նախատեսում մարդկանց մտահոգող այս կարեւոր խնդրին լուծումներ տալու համար։

Հունվարի առաջին օրերին հրապարակվում է «Երեւանի էկոլոգիական վիճակի բարելավման միջոցառումների մասին» ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը։

Ուշադրության կենտրոնում առաջին հերթին «Նաիրիտն» էր: Նախատեսվում էր 1988թ. ընթացքում թարմացնել սինթետիկ կաուչուկի արտադրության տեխնոլոգիաները, շահագործել «Կաուչուկ-2»-ը, ապա ապամոնտաժել ավելի հին տեխնոլոգիայով աշխատող «Կաուչուկ-1»-ը։ Միաժամանակ պետք է խստորեն պահպանվեին քլորոպրենի թույլատրելի խտությունների չափորոշիչները։ Կառուցվելու էին նաեւ քացախաթթվի արտանետումները վնասազերծող հատուկ կայաններ։ Տարեվերջին ամբողջությամբ դադարեցվելու էր քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները ջրամբարներ։

Երեւանում մթնոլորտային արտանետումները նվազեցնելու համար նաեւ ավելացվելու էր էլեկտրատրանսպորտը, ստեղծվելու էին հատուկ կայաններ, որտեղ ստուգելու էին ավտոմեքենաների արտանետումների թույլատրելիությունը։ Քայլեր էին ձեռնարկվում Երեւանի ՋԷԿ-ի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ. էներգետիկայի եւ էլեկտրիֆիկացիայի մինիստրություններին հանձնարարվում էր անբարենպաստ եղանակի դեպքում Երեւանի ՋԷԿ-ը շահագործել միայն գազով։

1988թ. փետրվարի 16-ին «Նաիրիտ»-ում սկսվում է «Կաուչուկ-1»-ի հոսքագծերի ապամոնտաժումը։

Կարդացեք նաեւ. [Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը


Կոմիտասի արձանը


1988թ. հունվարին Երեւանի պետական կոնսերվատորիայի այգում բացվում է Կոմիտասի արձանը, որի քանդակագործը Արա Հարությունյանն է։ Կոմիտասի արձանը կառուցելու հուշաքարը այգում տեղադրվել էր դեռեւս 1969-ին։

 

 

«Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող պուրակում կանգնեցված հուշարձանը կամրջում եւ օրգանապես միահյուսվում է մեր ժողովրդի մեծագույն երախտավորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի, Սայաթ-Նովայի հուշարձաններին, լրացնելով մեր մշակույթի գործիչների փայլուն համաստեղությանը նվիրված կոթողների շարքը»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։


Երեւանի առաջին «քսերոքսը»


1988թ. հունվարին Երեւանում բացվում է պատճենահանման-բազմացման առաջին կենտրոնը, որը գործում էր Կարմիր բանակի 12 հասցեում (հիմա՝ Գրիգոր Լուսավորիչ)։

«Այստեղ կատարվում են գործնական եւ տեխփաստաթղթերի, բնագրիչ չափսերի փոփոխմամբ բազմացումներ, գծագրերի պատճենահանում, չամրացված պատճենահանում՝ գծագրերում փոփոխություններ կատարելու նպատակով։ Հնարավոր է խունացած եւ թարմությունը կորցրած բնագրից ստանալ հստակ եւ միանգամայն պարզ երեւացող օրինակ եւ կարգավորել ներկի թանձրությունը»,- ասված էր կենտրոնի գովազդում:


Փարաջանովի ցուցահանդեսը


1988թ. հունվարին Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանում բացվում է Սերգեյ Փարաջանովի նկարների ու կոլաժների ցուցահանդեսը, որը գործում է շուրջ երեք ամիս եւ լայն ընդունելության արժանանում հայ արվեստասերների կողմից:

 

 

«Ինչ լավ է, որ կա այնպիսի մարդ, ինչպիսին Սերգեյ Փարաջանովն է: Չէ՞ որ Թորոս Ռոսլինը, Կոմիտասը, հանճարեղ խաչքարերի անանուն վարպետները ապրում են եւ հիմա այստեղ են: Ուրեմն մեր ազգի հոգեւոր եւ ինտելեկտուալ միտքը չի ընդհատվում, նա հավերժ է, եւ Սերգեյը դա լավ է ապացուցում»,- ցուցադրություններից մեկի ժամանակ ասել էր նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը:

 

 

Քննարկվում է նաեւ Սերգեյ Փարաջանովի համար թանգարան-առանձնատուն կառուցելու գաղափարը, որտեղ մեծ վարպետը շարունակելու էր ստեղծագործել եւ ցուցադրություններ կազմակերպել:

1988թ. ապրիլին Հայաստանի իշխանությունները Փարաջանովին են տրամադրում Ձորագյուղի կիսակառույց շինություններից մեկը, որն էլ հետագայում դառնում է նրա արվեստանոցը, ապա՝ տուն-թանգարանը:


Մահանում է Հենրիկ Մալյանը


1988թ. մարտի 14-ին մահանում է ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը: Նրա ֆիլմերը ճանաչված ու սիրված էին ոչ միայն խորհրդային տարիներին, այլեւ այսօր:

«Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Նահապետ» եւ բազմաթիվ այլ ֆիլմեր ու սցենարներ է ստեղծել Հենրիկ Մալյանը:

«Հենրիկն ի բնե զգոն մարդ էր, մտազբաղ ու սակավախոս, խուսափում էր հրապարակավ հույժ մասնագիտական կամ բարոյագիտական դատողություններ անելուց, չէր էլ փորձում բարձրաձայն արտահայտվել թե՛ իր, եւ թե՛ ուրիշների ստեղծած ֆիլմերի կամ ներկայացումների վերաբերյալ»,- գրում էր «Սովետական արվեստ» ամսագիրը:

 

 

Հենրիկ Մալյանի մահից շաբաթներ առաջ սկսվել էր Արցախյան շարժումը, եւ ռեժիսորն իր մտորումներն էր գրել հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր շրջափուլի մասին, որոնք տպագրվում են հունիսին «Գարուն» ամսագրի 6-րդ համարում.

«Երբ ողջ ազգն է ճչում՝ դա ողբ չէ, խնդրանք եւ աղերսանք չէ: Դա նախ եւ առաջ պահանջ է: Պահանջ է հինավուրց մի ժողովրդի, որ դարերի ընթացքում բազմիցս ու անդադար կողոպտվել է: ...Հայաստանի տարածքը արդեն վաղուց դարձել է տարբեր պետությունների բազմատեսակ դաշինքների առուծախի առարկա: Մեր հողերը շռայլորեն բաշխել են իրար մեջ՝ համբերություն ու խաղաղասիրություն քարոզելով մեզ: Եվ մենք հաշտվել ենք, հաշտվել ենք վիրավորված, խեղդված կոկորդով ու բռունցքներս սեղմած, բայց միշտ հույսի հավատով եւ հավատով Աստծո: Մինչեւ հիմա մենք գիտեինք, որ մեր ազգը զարմանալիորեն գիտե եւ կարողանում է միայն անջատվել, մասնատվել: Հիմա մենք իմացանք, որ մենք հրաշալիորեն գիտենք եւ միավորվել: Միավորվել ընդհանուր մի գաղափարի շուրջ»:


Լեւոն Խեչոյանի առաջին պատմվածքները


«Գարուն» ամսագրի 1988թ. երկրորդ համարում «Նոր անուն» խորագրի ներքո առաջին անգամ տպագրվում են Լեւոն Խեչոյանի «Սպասում», «Տոթ օր», «Զանգը», «Պատը» պատմվածքները:

 

 

Հատված «Զանգը» պատմվածքից.

«Տաք, հորդառատ անձրեւ էր գալիս: Մեր գյուղում նման անձրեւ դեռ երբեք չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները: Բոլորը վախեցած կտուրներն էին բարձրացել ու տագնապով նայում էին դպրոցի զուգարանի կտուրը բարձրացած ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Նայում էինք ու մտածում, նրան կարող ենք փրկել: Երբ դեղին հեղեղը լցվեց տներն ու այնտեղից իր հետ դուրս բերեց նորածին գառներ, տախտակներ, արկղի մեջ նստած ձու դնող հավերին, մեզանից ամեն մեկը դարձյալ մտածում էր, որ լողալով կարելի է մոտենալ դպրոցի զուգարանին ու փրկել ռուսաց լեզվի ուսուցչուհուն: Նա բարձրակրունկ կոշիկները բռնել էր ձեռքում ու կանգնել էր տաք անձրեւի տակ, կարկամած, ոչ օգնություն էր կանչում, ոչ էլ լաց էր լինում: Երբ դեղին հեղեղը լցվեց պատերազմի հերոս Հայրոյի տունը ու իր հետ տարավ նրա զույգ դնովի ոտքերը, մեզանից ամեն մեկը դարձյալ հավատացած էր, որ կարող է փրկել ռուսաց լեզվի ուսուցչուհուն»:


Դեմիրճյանի ուղերձը ժողովրդին


1988թ. փետրվարի 22-ին հայկական հեռուստատեսությունը հեռարձակում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ուղերձը Հայաստանի ժողովրդին։ Արցախյան շարժումն արդեն սկսվել էր, Ազատության հրապարակում բազմահազար հավաքներ էին, որտեղ մարդիկ պահանջում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից եւ միացնել Խորհրդային Հայաստանին։ Հայկական եւ կենտրոնական մամուլը դեռ ոչ մի բառ չէր գրել Հայաստանում եւ ԼՂԻՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

 

 

Կարեն Դեմիրճյանն ասում էր, որ Կենտրոնը՝ ԽՄԿԿ կենտկոմը, քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ եզրակացրել, որ «ռեգիոնում գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ աշխատավորների շահերին»։ Այլ կերպ ասած՝ Կենտրոնը որոշել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվելու այնպես, ինչպես ցանկանում էին հայերը, եւ հանձնարարել էր հանրապետական կենտկոմներին՝ կարգավորել իրադրությունը տեղերում։ Միաժամանակ Դեմիրճյանը նշում էր, որ մշակվում են Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելուն միտված ծրագրեր։

«Մեկ անգամ եւս դիմում եմ Սովետական Հայաստանի քաղաքացիներին. այս պատասխանատու պահին հանդես բերել արիություն, ինքնազսպում, զգոնություն, քաղաքական հասունություն, բարձր կազմակերպվածություն»,- այսպես էր իր խոսքն ավարտում Կարեն Դեմիրճյանը։

 

 

Դեմիրճյանի ելույթից երկու օր անց Ստեփանակերտում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի մարզկոմի պլենում։ «Աշխատանքում թույլ տված սխալների համար» պլենումը Բորիս Կեւորկովին ազատում է մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից։ Նրան փոխարինում է Հենրիկ Պողոսյանը։

1988թ. մարտի 24-ին ԽՍՀՄ կենտկոմն ու Մինիստրների խորհուրդն ընդունում են «Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման 1988-1995 թվականների միջոցառումների մասին» որոշումը։

Փաստաթղթում նշված էին այն բոլոր շինությունները, ճանապարհները, գործարանները, մշակութային հաստատությունները, որոնք Լեռնային Ղարաբաղում պետք է կառուցվեին նշված ժամանակահատվածում։ Խորհրդային ղեկավարությունը կարծում էր, որ սոցիալական խնդիրները լուծելով՝ հնարավոր կլինի հանդարտեցնել խնդիրը։

2013 թվականին Մեդիամաքսը պատրաստել էր Ղարաբաղյան շարժմանը նվիրված «Շարժում 1988/25» հատուկ նախագիծը: Այս պատճառով սույն գլխում Շարժմանը առանձին չենք անդրադառնում:


Դոլգիխի եւ Լուկյանովի այցը


1988թ. փետրվարի վերջին Երեւան են այցելում ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարներ Վլադիմիր Դոլգիխը եւ Անատոլի Լուկյանովը։ Թեեւ նրանք այցելում էին գործարաններ ու տարբեր հարցեր քննարկում աշխատավորների հետ, սակայն հիմնական մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր։ Կուսակցական բարձր պաշտոնյաները փորձում էին հանգստացնել ժողովրդին, զսպվածության ու սթափության կոչեր էին անում եւ հայտնում, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը բարելավելու է Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական դրությունը։ Նրանց այցելության օրերին Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվում են հակահայկական ջարդեր, որոնք շարունակվում են երեք օր։

 

 

Փետրվարի 29-ի երեկոյան հայկական հեռուստատեսությամբ կրկին ելույթ է ունենում Կարեն Դեմիրճյանը՝ նշելով, որ իրադրությունը ԼՂԻՄ-ում հանդարտվել է։ Նա նաեւ հավելում է, որ ադրբեջանական մի քանի ընտանիք հեռացել է Հայաստանից, իսկ Սումգայիթում «անկարգություններ ու բռնություններ» են տեղի ունեցել։


Սուրեն Հարությունյանը՝ Հայաստանի նոր ղեկավար


1988թ. մայիսի 21-ին տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը որոշում է Կարեն Դեմիրճյանին ազատել Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից։ Կուսակցական բարձր պաշտոնում նրան փոխարինում է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Սուրեն Հարությունյանը։

Նույն օրը Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի պլենումը, որտեղ Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինում է Աբդուռահման Վեզիրովը։


«Խոր ափսոսանք կապրենք»


1988թ. հունիսի 15-ին Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդն ընդունում է որոշում, որով «...ուսումնասիրելով ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզային սովետի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը... եւ ղեկավարվելով ԽՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածով, համաձայնություն տալ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ մտնելուն»։ Որոշման 3-րդ հոդվածով ՀԽՍՀ գերագույն խորհուրդը դիմում էր Ադրբեջանի ԳԽ-ին՝ հույս հայտնելով, որ այդ որոշումը չի խախտի «երկու հանրապետությունների միջեւ եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները եւ այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից»։

 

 

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն իր ելույթում նշում էր, որ այս որոշումը հասկանալիորեն «շոշափում է ադրբեջանական ժողովրդի զգացմունքները», եւ հավելում, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ապրել բարեկամության եւ բարիդրացիության պայմաններում։

«Դեմոկրատական, սահմանադրական իրավունք ունի յուրաքանչյուր ժողովուրդ։ Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն եւս ունի սեփական տեսակետի իրավունք։ Սակայն խոր ափսոսանք կապրենք, եթե այն չհամընկնի մեր կարծիքին»,- ասել էր նա։


Հազվագյուտ գրքերի աճուրդը


1988թ. հունիսի սկզբին Հայաստանում առաջին անգամ անցկացվում է հազվագյուտ գրքերի աճուրդ, որին մասնակցում էին ինչպես անհատներ, այնպես էլ մշակութային կազմակերպություններ։ Աճուրդը, որն անցկացվում էր Կինոյի տանը, վարում էր լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը։ Ներկայացված 171 գրքից 140-ը վաճառվում է։ «Ամենաթանկ գիրքը, որ վաճառվեց աճուրդում:

 

 

Սուքիաս Էփրիկյանի երկհատոր «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանն» էր։ 1903-1905թթ. Վենետիկում հրատարակված այս գիրքը վաճառվեց իր նախնական գնով՝ 500 ռուբլով։ Բոլորից շատ գնումներ կատարեց Լենինականի «Կումայրի» ազգագրական արգելոց-թանգարանի ներկայացուցիչը»,- գրել էր «Խորհրդային Հայաստան» թերթը։


Սպիտակի երկրաշարժը


1988թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում ուժգին երկրաշարժ է տեղի ունենում: Ցնցման էպիկենտրոնը Սպիտակի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղում էր: Աղետի հետեւանքով հարյուրավոր շենքեր ու շինություններ են փլուզվում Լենինականում, Կիրովականում, Սպիտակում եւ տասնյակ գյուղերում: Զոհերի թիվը հասնում է շուրջ 25 հազարի, ամբողջությամբ կամ մասնակի շարքից ավերվում է հանրապետության արդյունաբերական կարողության շուրջ 40 տոկոսը, մոտ կես միլիոն մարդ մնում է անօթեւան:

 

 

Սպիտակի երկրաշարժից ժամեր անց ամբողջ աշխարհը օգնության է շտապում. հարյուրավոր փրկարարներ շուրջօրյա աշխատում էին աղետի գոտում, հարյուրավոր ինքնաթիռներ ու շարժակազմեր առաջին անհրաժեշտության օգնություն էին հասցնում:


Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: