Հայկական Կարմիր. 1940



Ավարտվում է ԽՍՀՄ եւ Ֆինլանդիայի պատերազմը, գերմանական զորքերը գրավում են Փարիզն ու Ամստերդամը, թագավոր Լեոպոլդ III-ը ստորագրում է Բելգիայի կապիտուլյացիայի մասին ակտը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզե Դունը օգնություն է խնդրում ԱՄՆ-ից Ճապոնիայի դեմ պայքարում, չեղարկվում են ամառային Օլիմպիական խաղերը, Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դառնում Ուինսթոն Չերչիլը, ցուցադրվում է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան, Կալիֆոռնիայում բացվում է առաջին McDonalds ռեստորանը:


Կառավարության շենքն ու Լենինի արձանը


1940թ. նոյեմբերին Հայաստանում տոնում էին խորհրդային կարգերի հաստատման 20-րդ տարեդարձը: Տոնական միջոցառումներից բացի, շահագործման է հանձնվում երկու կառույց, որոնք հետագայում դառնում են Երեւանի այցեքարտերից:

Երկուսն էլ Հանրապետության հրապարակում են. առաջինը Կառավարության շենքն էր, երկրորդը՝ Լենինի արձանը: Շենքի նախագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն էր, սակայն շինարարությունն ավարտին էր հասցրել նրա որդին՝ Գեւորգ Թամանյանը:

 

 

Լենինի հուշարձանի մրցույթը հայտարարվել էր 1938-ին, որին մասնակցել էին քանդակագործներ Սերգեյ Մերկուրովը եւ Սուրեն Ստեփանյանը: Հանձնաժողովը, որը գլխավորում էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, ընտրում է Մերկուրովի ներկայացրած տարբերակը: Արձանն ուներ 7 մետր բարձրություն, իսկ պատվանդանը՝ 11:

 

 

1991թ. ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվում է Հանրապետության հրապարակից, իսկ 5 տարի անց՝ 1996-ին, քանդում են նաեւ պատվանդանը:

Կարդացեք նաեւ Լենինի արձան` (ան)կենդանի պատմություն


«Աբովյանը մեր նոր Մհերն է»


Փետրվարի 8-ին Գրողների տանը կազմակերպվում է երեկո՝ նվիրված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 100-ամյակին:

Ավետիք Իսահակյանն իր ելույթում ասում է.

«Խաչատուր Աբովյանը մեր նոր միֆն է, մեր նոր Մհերն է նա՝ ազատագրված, շղթայազերծ: Ժողովրդի իմաստուն բնազդը նրան չի մեռցրել:

 

 

Քարաշատ Հայաստանը նրա վրա քար չգցեց, որովհետեւ նա չի մեռել, նա գերեզման կունենա միայն հայ ժողովրդի հետ, իսկ հայ ժողովուրդը, ինչպես ամեն մի ժողովուրդ, հավիտենապես անմահ է, նա երբեք չի մեռնի»:


Օպերայի եւ բալետի թատրոնի բացումը

«Այսօր արեւավառ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, հարստանալու է մի նոր մոնումենտալ օբյեկտով - պետօպերայի եւ բալետի թատրոնի նորակառույց շենքով: Պետօպերայի եւ բալետի թատրոնը հանդիսանում է Խորհրդային Միության հանրապետությունների առաջնակարգ, մեծագույն թատրոններից մեկը»: Այսպես էր 1940թ. հունվարի 12-ին «Խորհրդային Հայաստան» թերթն ազդարարում Երեւանի ամենահայտնի ու փառավոր շինության կառուցման ավարտը:


Նույն օրը նորակառույց թատրոնի շենքում ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան:

 

 

Շենքի ճարտարապետն Ալեքսանդր Թամանյանն է: Օպերայի շենքի կառուցումը տեւել է շուրջ 8 տարի:

«Հանդիսասրահում տեղավորվում է մոտ 1300 մարդ: Իր մեծությամբ աչքի է ընկնում բեմը, որի խորությունը 20 մետր է, լայնությունը՝ 40 մետր, իսկ ազատ բարձրությունը 29.5 մետր: Բեմին կից կան 60 սենյակներ դերասանների համար: Թատրոնի օդափոխումը մեքենայացված է, շենքում կան օդ մատակարարող եւ օդահան սարքավորումներ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:


Շենքի ներքին հարդարումն արել էր Ալեքսանդր Թամանյանի որդին՝ ճարտարապետ Գեւորգ Թամանյանը:

Կարդացեք նաեւ «Օպերա»` կենդանի պատմություն


«Տիգրան Բ եւ Հռոմը» աշխատությունը


1940թ. լույս է տեսնում ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի «Տիգրան Բ եւ Հռոմը» աշխատությունը, որը 3000 օրինակով հրատարակում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը (Արմֆան):

 

 

«Նկատի ունենալով, որ Տիգրան Բ-ի դարաշրջանը բավարար կերպով դեռ լուսաբանված չի եղել, ես ենթարկել եմ քննության ու վերագնահատման՝ բոլոր կարեւորագույն աղբյուրները: Հենվելով այդ աղբյուրների վրա, կարծում եմ, որ հաջողվում է հայ ժողովրդի այս ժամանակաշրջանի պատմությունը տալ նոր լուսաբանությամբ»,- գրքի հրատարակության առթիվ ասել էր ակադեմիկոսը:


«Քաջ նազար» կինոնկարը


1940-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Քաջ նազար» կինոնկարը:

Ֆիլմի ռեժիսորը Ամասի Մարտիրոսյանն էր, Քաջ Նազարի կերպարը մարմնավորում էր ՀԽՍՀ վաստակավոր դերասան Համբարձում Խաչանյանը, իսկ Ուստիանինը՝ Արուս Ասրյանը:



Ֆիլմում խաղում են նաեւ դերասաններ Ավետ Ավետիսյանը, Միքայել Մանվելյանը, Արամ Ամիրբեկյանը, Սամվել Մկրտչյանը եւ ուրիշներ:


Երեւանի արձագանքը ԽՍՀՄ-Թուրքիա «մեղրամսի» ավարտին


1920-30-ական թվականներին ԽՍՀՄ-ն ու Թուրքիան բավականին ջերմ հարաբերություններ ունեին: Սակայն 1939-ից իրադրությունն անսպասելիորեն փոխվել էր. Թուրքիան որոշել էր մի շարք հարցերում մերժել խորհրդային ղեկավարությանը: 1939-ի աշնանը տեղի ունեցած բանակցություններում ԽՍՀՄ-ը փորձում էր որոշ արտոնություններ ստանալ նեղուցներում, ինչը Թուրքիայի համար անընդունելի էր: Ավելին՝ Թուրքիան ռազմական դաշինք էր կնքել Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ:

1940-ի մարտի 11-ին ՀԿ(բ)Կ 13-րդ համագումարում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նշում է, թե Խորհրդային միությունն ինչպիսի մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիային:

Նա մեջբերում է թուրքական եւ բրիտանական թերթերից հատվածներ.

«Նույնիսկ անգլիական «Թայմս» թերթը չէր կարող չխոստովանել, որ «եթե Թուրքական հանրապետությունը կարողացավ զարգանալ առանց օտարերկրյա կապիտալների օգնությանը դիմելու, ապա այդ բացատրվում է ԽՍՀՄ-ի օգնությամբ»,- ասել էր Հարությունյանը:

 

 

«Մեր կողմից կասենք, որ ապագայի վերաբերմամբ գուշակություններ չենք անի: Մեզ միայն մնում է նշել մեր հարեւանի արտաքին քաղաքականության մեջ կատարված այս նոր մոմենտները եւ ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը»,- Մոլոտովի խոսքերն էր մեջբերել Գրիգոր Հարությունյանը:


Շների պարտադիր ցուցակագրումը


Երեւանում թափառող կենդանիների խնդիրը նոր չէ: Խորհրդային շրջանում թափառող կենդանիների դեմ նույնպես պայքարում էին, հատկապես՝ շների:

1940թ. հունիսի 21-ին Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն ընդունում է քաղաքում պահվող ու թափառող շների վերաբերյալ հատուկ որոշում: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները պարտավոր էին մինչեւ օգոստոսի մեկը Օրջոնիկիձեի 128 (հիմա՝ Արշակունյաց) հասցեում ցուցակագրել իրենց շներին:

Շներին համարակալելու էին, որի համար տերերը վճարելու էին 5 ռուբլի: Միաժամանակ շները պետք է պատշաճ բուժզննում անցնեին: Արգելվում էր քաղաքում զբոսնել շներով, առանց կապի ու դնչկալի: Առանց դնչկալի, չցուցակագրված եւ թափառող շներին բռնում էին, տանում քաղաքային անասնաբուժարան, եւ եթե մեկ օրվա ընթացքում տերը չէր հայտնվում, կենդանիներին ոչնչացնում էին:


«Թոխմախան» լիճը


1940թ. հուլիսի 7-ին Երեւանում բացվում է Կոմսոմոլի անվան հանգստի եւ կուլտուրայի այգին՝ «Թոխմախան» լիճը, ինչպես ասում ու գրում էին այն ժամանակ:

 

 

Բացմանը ներկա էին հազարավոր քաղաքացիներ, որոնք մինչեւ ուշ երեկո տոնական միջոցառումների էին մասնակցում: Լճում կային նավակներ, լողալու հնարավորություն, այգում կազմակերպվում էին տարբեր խաղեր ու մրցույթներ:


«Տերտերն ու այծը»


1940թ. ցուցադրվում է Երեւանի մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստուդիայի նկարահանած «Տերտերն ու այծը» մուլտֆիլմը:



Ֆիլմի ռեժիսորը Լեւ Ատամանյանն էր (Ատամանով), երաժշտությունը գրել էր կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը: 1940-ին սկսվում է նաեւ «Կախարդական գորգը» մուլտֆիլմի աշխատանքը, որը պետք է նույն տարում ավարտվեր, սակայն հետաձգվում է. 1941-ին Ատամանյանը մեկնում է ռազմաճակատ եւ մուլտֆիլմն ավարտում պատերազմից հետո՝ 1948 թվականին:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: