Խորհրդային միությունն անդամակցում է Ազգերի լիգային, Գերմանիայի հանրաքվեի մասնակիցների 90 %-ը համաձայնում է, որ Ադոլֆ Հիտլերը համատեղի նախագահի եւ ռեյխսկանցլերի պաշտոնները, Հունաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Հարավսլավիան ստեղծում են Բալկանյան Անտանտը, կործանվում է «Չեյուսկին» շոգենավը, ԽՍՀՄ-ում սահմանվում է Խորհրդային միության Հերոսի կոչումը:
Խանջյանը քննադատում է Չարենցին եւ Բակունցին
1934թ. հուլիսի 14-ին տեղի է ունենում ՀԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյի հերթական նիստը, որը նվիրված էր հայ ժամանակակից գրականության խնդիրներին։
Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը հանգամանալից անդրադառնում է խորհրդահայ գրականության ձեռքբերումներին, ապա անցնում հիմնական քննադատությանը։ 1930-ական թվականների առաջին տարիներին արդեն ուրվագծվում էին Խորհրդային միության հիմնական «սպառնալիքները», որոնք շատ շուտով դառնալու էին հազարավոր մարդկանց գնդակահարության ու աքսորի պատճառ։ Այդ սպառնալիքների թվում էր նաեւ ազգայնականությունը՝ նացիոնալիզմը, որը ծանր մեղադրանք էր։ Խանջյանն անդրադառնում է հայ գրական գործիչների ստեղծագործություններում նկատվող նացիոնալիստական դրսեւորումներին։ Քննադատության առաջին զոհը Չարենցն էր։ «Մեր գրողներից ոմանք այսօրվա մեր իրականությունից կարծես թե փախուստ են տալիս դեպի անցյալը։ Երբեմն իդեալականացնում են անցյալի ամենամռայլ էջերը (Մահարի, Թոթովենց), թախիծով եւ կարոտով են վերարտադրում անցյալի էջերը (Բակունց - «Ծիրանի փողը»)։
Չափազանց հատկանշական է Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն։ Գեղեցիկ, հաջող, մնայուն կտորների կողքին այստեղ կան առանձին գործեր, որտեղ արտահայտված գաղափարները մերը չեն։ Սխալ է Չարենցի մոտեցումը դեպի մեր անցյալը («Պատմության քառուղիներով»)։ Նրա պոեմը վերածվում է նոր ողբի, եւ որ ամենից զարմանալին է եւ պախարակելին՝ նոր «ողբը» տարածվում է ոչ միայն մեր անցյալի, այլեւ որոշ չափով նաեւ ներկայի վրա։ Այստեղ արդեն այնքան լուրջ է Չարենցի կատարած սխալը,- ըստ էության նացիոնալիստական շեղում,- որ նա պետք է շատ լուրջ մտածի եւ անհապաղ ուղղի այն»,- ասել էր Խանջյանը։
Կենտկոմի առաջին քարտուղարը նացիոնալիզմի համար մեղադրում է նաեւ Ակսել Բակունցին։ Ավելին՝ ըստ Խանջյանի՝ Բակունցը շարունակել էր նացիոնալիստական դրսեւորումներն անգամ նախազգուշացումներից հետո։ «Չէ՞ որ Ակսելը լույս ընծայեց իր «Ծիրանի փողը» կուսակցության համագումարում մեր արած դիտողությունից հետո։ Նշանակում է այդ ընկերները (Չարենցն ու Բակունցը) դեռ չեն հասկացել կուսակցության հիմնական պահանջը՝ պայքարել անխնա նացիոնալիզմի ամեն մի արտահայտության դեմ գրականության մեջ, ամենից առաջ հայկական նացիոնալիզմի դեմ՝ որպես ամենասուր վտանգի»,- եզրափակել էր Խանջյանը։
ՀԿ(բ)Կ բյուրոն անդրադառնում է նաեւ Հայաստանի խորհրդային գրողների միությունում տեղ գտած անցանկալի երեւույթներին՝ արձանագրելով, որ այնտեղ «աշխուժացել է խմբակային պայքարը»։ «Կոմունիստական գաղափարներին ու սկզբունքներին անհարիր այդ պայքարին միացել էին գրողներ Վանանդեցին, Զարյանը, Բակունցը, Նորենցը եւ ուրիշներ», որոնց գործելաոճը բյուրոն խստորեն դատապարտում էր։
«Անթույլատրելի է նաեւ կազմկոմիտեի քարտուղար եւ «Գրական թերթի» խմբագիր ընկ. Ալազանի վարքագիծը, որը փոխանակ պայքարը կազմակերպելու խմբակայնության դեմ, ինքը նմանապես մասնակցել է խմբակային պայքարին՝ հարելով Չարենցի խմբին»,- ասված էր որոշման տեքստում։
Մահանում է Թորոս Թորամանյանը
1934թ. մարտի 1-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահանում է հայ ճարտարապետության մեծագույն ուսումնասիրողներից մեկը՝ Թորոս Թորամանյանը։ Նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվում է պետական հանձնաժողով։
«Յոթանասունամյա հասակում պատվով պսակեց իր կյանքի ուղին հայ ճարտարապետության պատմության խոշոր գիտնական՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը։ Հանձինս նրա խորհրդային ճարտարապետությունը կորցրեց անցյալի ճարտարապետական ժառանգության իր բազմահմուտ խորհրդատուին»,- ասել էր ճարտարապետ Միքայել Մազմանյանը։
Թորամանյանի թաղումը տեղի է ունենում մարտի 4-ին։ Վերջին հրաժեշտը տալիս էին Կուլտուրայի տնից։ Թորոս Թորամանյանը հուղարկավորված է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Թորամանյանի կնոջն ու երկու երեխային նշանակվում է ամսական 300 ռուբլի թոշակ, ինչպես նաեւ մշակույթի պատմության ինստիտուտին հանձնարարվում է հրատարակել մեծ գիտնականի աշխատությունների երկհատորյակը։ Պոլիտեխնիկական ինստիտուտի երեք ուսանողի տրվում է Թորամանյանի անվան կրթաթոշակ։
«Հայֆիլմում» նկարահանվում է «Գիքորը»
1934թ. «Հայֆիլմը» նկարահանում է «Գիքորը» գեղարվեստական կինոնկարը՝ Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Ամասի Մարտիրոսյանն է, սցենարի հեղինակը՝ Մամիկոն Գեւորգյանը։ Գյուղացի Համբոյի դերակատարն էր Հրաչյա Ներսիսյանը, Բազազ Արտեմինը՝ Ավետ Ավետիսյանը։
Ֆիլմի նկարահանումների ընթացքում տեղի էին ունենում բազմաթիվ քննարկում-խորհրդակցություններ, որոնցից մեկին մասնակցել էին Չարենցը, Ալազանը, Խորհրդային Հայաստանի լուսավորության ժողկոմ Ներսիկ Ստեփանյանը։
««Գիքորը» լավագույն խաղարկու ֆիլմ է։ ...Դերասան-դերասանուհիները ճիշտ են ընտրված, եւ ընկերները ամենայն լրջությամբ, բարեխղճորեն կատարում են իրենց դերերը։ Իհարկե, դա չի նշանակում, թե ռեժիսորի դերը նվազ է այստեղ։ Ռեժիսոր Ամասի Մարտիրոսյանը մնում է բարձրության վրա։ Նա է ֆիլմի գլխավոր հեղինակը, ինչպես նաեւ դերասաններին ճիշտ ուղղություն տվող արվեստագետը, նկարահանումների եւ թե մոտաժի ժամանակ»,- գրում էր Սուրեն Միրզոյանը «Գրական սերունդ» ամսագրում։
Պայքար ավտոմեքենաների անօրինական օգտագործման դեմ
1934թ. Խորհրդային Հայաստանի արդարադատության ժողկոմը որոշում է խստացնել պայքարը ավտոմեքենաների անօրինական օգտագործման դեմ։ Առիթը բազմաթիվ վթարներն ու պետական ունեցվածքի ոչնչացումն էր։ 1930-ական թվականներին սեփական մեքենաները Հայաստանում եւ ամբողջ ԽՍՀՄ-ում շատ քիչ էին, ինչի պատճառով վարորդները հաճախ էին պետական տրանսպորտն օգտագործում անձնական նպատակներով։ Բացի այդ, շատացել էին հարբած մեքենա վարելու դեպքերը։
Արդարադատության ժողկոմը հանձնարարում էր դատախազությանն ու միլիցիային խստացնել հսկողությունը պետական ավտոմեքենաների նկատմամբ։ Պետական ձեռնարկությունների ղեկավարներին հանձնարարվում էր արգելել ավտոմեքենաների օգտագործումը անձնական նպատակներով։ Վթարների դեպքում մեղավորների համար նախատեսվում էր խիստ պատիժ. նախ՝ ավտոմեքենաների վարորդներն անմիջապես կալանավորվում էին, իսկ մեղավոր լինելու դեպքում պատժաչափը սահմանվում էր մինչեւ տասը տարի ազատազրկում։
Երեւան-Քանաքեռ երկաթուղին
1934 թվականի աշնանն ավարտվում է Երեւան-Քանաքեռ երկաթուղու կառուցումը, որը միացնում էր Երեւանի երկաթուղայինի կայարանը նոր կառուցվող Քանաքեռի ՀԷԿ-ին։ ՀԷԿ-ի շինարարությունը նույնպես մեծ նշանակություն ուներ. այն Սեւան-Հրազդան կասկադի հանգույցներից մեկն էր եւ տարեկան արտադրելու էր 88 հազար ԿՎտ էլեկտրաէներգիա։
Երկաթուղու շինարարությունն ընթանում էր դժվարությամբ ու բազմաթիվ խախտումներով։ Հիմնական խնդիրը մարդկային ռեսուրսի պակասն էր. որոշ տեղամասերում նախատեսված 1000-1200 աշխատողի փոխարեն 100-ից ավելի մարդ չէր լինում։ Շատ էին նաեւ չարաշահումների ու յուրացման դեպքերը։ «Այնպիսի մարդիկ, որոնք աշխատանքը լքում են կեսօրից հետո, հաշվառման չեն ենթարկվում։ Բանուժի հոսունությունն ինչպես առաջին, այնպես էլ մյուս մասերում, դեռ մեծ չափերի է հասնում»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Երեւանի կարի գործարանի տնօրենի գործը
1934 թվականի ապրիլի սկզբին Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանը քննում է Երեւանի կարի գործարանի տնօրեն Բաբկեն Առաքելյանի գործը։ Տնօրենը տեւական ժամանակ աչք էր փակում արտադրանքի ցածր որակի վրա՝ փոխարենը զարկ տալով քանակական ցուցանիշներին։ Նա զեկուցում էր, թե որքանով է գերակատարվել պլանը, սակայն հայկական եւ անգամ միութենական սպառողներն անընդհատ բողոքում էին վատ որակից։
Դատարանում պարզվում է, որ ոչ միայն տնօրենն ու գործարանի կուսակցական մարմիններն էին թերացել, այլեւ որակը ստուգող մասնագետները նույնիսկ իրենց պարտականություններին ծանոթ չէին։ Գերագույն դատարանը որոշում է հինգ տարվա ազատազրկման դատապարտել կարի գործարանի տնօրենին։
Նման պատկեր էր նաեւ այլ ձեռնարկություններում։ 1934թ. ապրիլի 10-ին «Խորհրդային Հայաստան» թերթը գրում էր.
«Արաբկիրում արտադրվող բամբակե նասկիները 50 տոկոսով բրակ են։ Նասկիների կրունկների եւ քթերի կտրվածքներն անկանոն են։ Նասկիների ռեզիններից մեկը երկար է, մյուսը՝ կարճ, գործվածքը մի տեղ խիտ է, իսկ մյուս տեղում նոսր։ Ֆուֆայկաների 30 տոկոսը բրակ են, որովհետեւ ներքեւի ծալքերի կարերն անկանոն են, վզերը շատ լայն, թեւերը եւ կռնակի գործվածքները տարբեր են, գույները նույնպես տարբեր են»։
Տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը
1934թ. Երեւանի պետական համալսարանի հրավերով Հայաստան է ժամանում Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Սկոբելցինը, որը կազմակերպելու էր տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը։
«Տիեզերական ճառագայթներն ուսումնասիրվելու են Երեւանի եւ Արագածի մթնոլորտային կայանների միջոցով՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին։ Այդ նպատակով կազմակերպված է հատուկ գիտահետազոտական խմբակ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Տիեզերական ճառագայթների ուսումնասիրության գործում հմտանալու համար Լենինգրադ էր գործուղվել երիտասարդ ֆիզիկոս Նորայր Քոչարյանը, որն ընդգրկվել էր գիտահետազոտական խմբում։
Սերգո Համբարձումյանի նոր ռեկորդը
1934թ. հունիսին Մոսկվայի ծանրամարտի մրցաշարում Սերգո Համբարձումյանը նոր ռեկորդ է սահմանում՝ ընդհանուր բարձրացնելով 571 կգ։
Սերգո Համբարձումյանը ծնվել էր 1910-ին Նախիջեւանում։ 1930-ից աշխատում էր ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմատում որպես ավտովերանորոգող՝ զուգահեռաբար մարզվելով «Դինամո» սպորտային միությունում։ Սերգոյի առաջին ռեկորդը գրանցվել էր 1933-ին։ 1934թ. հունիսի 28-ին նրան պարգեւատրում են «Շմիդտի» անվան մրցանակով։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան