Համերգներ Բաղրամյանի մարտիկների համար
1944թ. հուլիսի 4-ին Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորամիավորումները ազատագրում են Պոլոցկ քաղաքը, որն ուներ ռազմավարական մեծ նշանակություն։
Ռազմաճակատի հրամանատարը գեներալ-գնդապետ Հովհաննես Բաղրամյանն էր։ Նույն օրը հրապարակում Ստալինը շնորհակալություն է հայտնում Բաղրամյանին.
«Մարտական գերազանց գործողությունների համար շնորհակալություն եմ հայտնում Ձեր ղեկավարած զորքերին, որոնք մասնակցել են Պոլոցկի ազատագրության համար մղվող մարտերին»։
1944թ. աշնանը Հայֆիլհարմոնիայի ժողովրդական երգի ու պարի անսամբլը երկու ամսով մեկնում է Մերձբալթյան առաջին ռազմաճակատ, որի ընթացքում հարյուրից ավելի համերգներ է տալիս մարտիկների համար։
Ռազմաճակատի հրամանատարությունը անսամբլին պարգեւատրում է պատվոգրերով։
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը
1944թ. փետրվարին 119-րդ առանձին տանկային գունդը համալրվում է 21 տանկով, որոնք ստացվել էին համայն հայության հանգանակությամբ: 1943-ին Կարմիր բանակին աջակցելու կոչով հայությանը դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը։
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը մասնակցում է մարտերին Ուկրաինական ռազմաճակատում, ապա՝ Պերվոմայսկի, Ցասսիի (Ռումինիա) ուղղությամբ։ 1944 թվականի մայիսին տանկային գունդը համալրվում է եւս 22 տանկով եւ մասնակցում Վիտեբսկի ու Պոլոցկի ազատագրմանը, Շյաուլյայի շրջանում հակառակորդի պաշտպանության ճեղքմանը։
1944 թվականի հուլիսի 23-ի հրամանագրով «Սասունցի Դավիթ» շարասյունը պարգեւատրվում է «Կարմիր դրոշ»-ի շքանշանով, իսկ օգոստոսին անցնում բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։
«Աշխարհի բոլոր մասերում բնակվող հայերը բարձր խանդավառությամբ սկսեցին մուծումներ կատարել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն կառուցելու համար։ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հզոր տանկերը այժմ իրենց ծանր թրթուրների տակ ճզմելով գերմանական զավթիչներին, հաղթականորեն շարժվում են դեպի արեւմուտք»,- գրել էր «Պրավդա» թերթը։
1944թ. հունիսի 7-ին Ստալինը շնորհակալական հեռագիր է հղում Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Խնդրում եմ հաղորդել արտասահմանի հավատացյալ հայերին, որոնք դրամական միջոցներ են ներմուծել Սասունցի Դավթի անվան տանկային երկրորդ շարասյան կառուցման համար, իմ ողջույնը եւ Կարմիր բանակի շնորհակալությունը»,- ասված էր հեռագրում։
1944թ. հունվարից սկսում է լույս տեսնել «Էջմիածին» ամսագիրը, որի առաջին համարում տպագրված էին «Սասունցի Դավիթ» շարասյան համար հանգանակած գումարները, պաշտոնական նամակները, շնորհակալական ուղերձները։
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հիմնադրումը
1944 թվականին ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը եղբոր՝ Աբրահամի հետ հիմնադրում է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որը գլխավորում է մինչեւ 1973 թվականը:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնազերծած արխիվային փաստաթղթերը վկայում են, որ ամերիկյան հետախուզությունն անտարբեր չէր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի հանդեպ: Հետաքրքրության հավանական շարժառիթներից մեկն այն էր, որ Աբրահամ Ալիխանյանը Իգոր Կուրչատովի հետ մասնակցել էր ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին:
Կարդացեք նաեւ ԱՄՆ ԿՀՎ-ն եւ Ալիխանյանները կամ «հայկական ատոմային ռումբի» միֆը:
Խորհրդային Հայաստանի օրհներգը
1944-ին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան) հեղինակում են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական օրհներգը:
Արամ Խաչատրյանը օրհներգի համար օգտագործում է «Գայանե» բալետի III գործողության հերոսական հատվածներից մեկը։
1991 թվականին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ է դառնում «Մեր հայրենիքը»:
Ստեփան Զորյանի
«Պապ թագավոր»-ը
1944-ին «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագիրը սկսում է տպագրել Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» վեպը։ Զորյանն իր հուշերում գրել էր, որ վեպի վրա սկսել է աշխատել 1930-ական թվականների վերջին։
1944-ի վերջին «Հայպետհրատը» արդեն գրքով հրատարակում է «Պապ թագավորը»։
Մահանում է Մանուկ Աբեղյանը
1944թ. սեպտեմբերի 25-ին մահանում է հայագետ, լեզվաբան, բառարանագիր, պրոֆեսոր Մանուկ Աբեղյանը։
«Մանուկ Աբեղյանն է պատկերել իր ամբողջ հսկայական հասակով միջնադարյան մեր մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն, դրսեւորել նրա արվեստի նրբությունները, նրա հույզի խորությունը, նրա լեզվի անհուն հարստությունը։ Մանուկ Աբեղյանը ժողովրդի հոգու խորքերից լույս աշխարհ է հանել մեր անմահ էպոսը՝ «Սասունցի Դավիթը»,- ասված էր մահախոսականում։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան