1929 թվականին Լեւ Տրոցկին արտաքսվում է ԽՍՀՄ-ից, Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալը պայքար է սկսում կոմունիստական քարոզչության դեմ, սերբերի, խորվաթների եւ սլովենացիների թագավորությունը վերանվանվում է Հարավսլավիա, լույս է տեսնում Էրիխ Մարիա Ռեմարկի «Արեւմտյան ճակատում առանց փոփոխությունների» վեպը, Փարիզում ցուցադրվում է
Լուիս Բունյուելի եւ Սալվադոր Դալիի «Անդալուզյան շուն» համր ֆիլմ։
Սպանություններ Վարդենիսում
1929-ին ԽՍՀՄ-ում սկսված կոլեկտիվացումը դժվարությամբ էր ընթանում. գյուղացիական միջին տնտեսությունները չէին ցանկանում իրենց ունեցվածքը «կիսել» գյուղերի չքավորների հետ:
1929թ. հունվարի սկզբին մամուլը գրում էր Վարդենիսի շրջանի գավառային գործկոմի նախագահի տեղակալ Մովսես Խաչինյանի սպանության մասին, որին դանակահարել էին Փոքր Մազրա գյուղում: Մեղավորները ձերբակալվել էին, իսկ պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ սպանությունը տեղի է ունեցել «կուլակների դրդմամբ»:
ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի քարտուղար Ռուբեն Դաշտոյանը, որն անձամբ այցելել էր հանցագործության վայրը, հայտնում էր, որ «սպանությունը կատարվել է դասակարգային հողի վրա»:
«Պետք է նշել, որ Բասարգեչարի շրջանում կուլակները սկսել են դիմել ակտիվ աշխատողներին սպանելու մեթոդին: Մի քանի օր առաջ նույն շրջանի Դաշքենդ գյուղում սպանվեց գյուղխորհրդի նախագահ ընկ. Հումբաթ Մահմեդովը, որ աչքի էր ընկել իր ակտիվ աշխատանքով»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:
Մահանում է Մռավյանը
1929թ. հոկտեմբերի 23-ին՝ երեկոյան ժամը 8-ին, սրտի կաթվածից հանկարծամահ է լինում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը: Նա ծնվել է 1885թ. դեկտեմբերի 21-ին Գանձակում: Մռավյանը Հայաստանի հեղկոմի անդամներից էր, «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը: Ասքանազ Մռավյանի հուղարկավորությունը տեղի է ունենում հոկտեմբերի 27-ին, որը հայտարարվում է սգո օր:
«Մռավյանը կենդանի թելերով էր կապված իրականության հետ, ճկուն եւ թափանցող էր: Նա կարողանում էր գտնել խորհրդային իրականության ձգտող ամեն մի չնչին թեկուզ, բայց օգտակար տարր եւ քաշել մեջ, կապել գործի: Նրա այդ թափանցողությունը, տակտը, ջերմ վերաբերմունքը չէր բխում իր կոմիսարական պաշտոնի թելադրանքից եւ պարտականությունից - դա նրա բնավորությունն էր նախ, եւ ապա նրա լայն կուլտուրականությունը»,- գրել էր Դերենիկ Դեմիրճյանը:
Ասքանազ Մռավյանի վերջին հրաժեշտը տեղի է ունենում Երեւանի կուլտուրայի տանը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ: Աղասի Խանջյանը հրաժեշտի խոսքում ասում է.
«Շատ ծանր է այդ կորուստը եւ հսկայական է այն բացը, որ ստեղծվում է նրա մահից հետո: Մենք հողին ենք հանձնում նրան, որ 25 տարի պայքարել է մեր հաղթանակի եւ շինարարության առաջավոր դիրքերում»:
Ասքանազ Մռավյանը հուղարկավորվում է նոր կառուցվող ժողովրդական տան բակում:
Մազմանյան-Հալաբյան-Քոչար եռյակը
1929 թվականին Ռուսաստանում ուսումն ավարտելով՝ Հայաստան են գալիս ճարտարապետներ Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը եւ Գեւորգ Քոչարը:
Միքայել Մազմանյանի թոռնուհի Լիլիթ Տեր-Մինասյանն ասում է, որ դա հայկական սովետական ճարտարապետության այն փուլն էր, երբ պայքար էր ընթանում կոնստրուկտիվիստների եւ նեոկլասիցիստների միջեւ: Մազմանյան-Հալաբյան-Քոչար եռյակը մոդեռն ճարտարապետության կողմնակիցներ էին:
1929-ին գալով Հայաստան՝ նրանք արարում էին մի երկրում, որն անգամ մեկ տասնամյակի պատմություն չուներ: Արարում էին մի ժողովրդի համար, որը դրանից ընդամենը 14 տարի առաջ Ցեղասպանություն էր տեսել:
Շինարարների ակումբը
1929 թվականին Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի եւ Գեւորգ Քոչարի նախագծով կառուցվում է Շինարարների ակումբը, որը Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկն էր:
Շենքը կառուցվում էր քաղաքի շինարարների անձնական միջոցների հաշվին. յուրաքանչյուր ամիս ակումբի կառուցման համար նրանք հատկացնում էին իրենց աշխատավարձի մի մասը:
Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանն ասում է, որ ժամանակին նախագիծը սուր քննադատության ենթարկվեց, շատերն ասում էին, որ շենքը «շոգենավ» է հիշեցնում:
1933 թվականին Շինարարների ակումբն անցավ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի տրամադրության տակ, իսկ հետո շենքում սկսեց գործել Ռուսական դրամատիկական թատրոնը: 1960-ականներին շենքը վերակառուցվեց Գեւորգ Քոչարի եւ Ստեփան Քյուրքչյանի կողմից:
Կարդացեք նաեւ՝ Շինարարների ակումբ/Ռուսական թատրոն` կենդանի պատմություն:
Շիրակի ճակնդեղն ու Սեմյոնովկայի հանքանյութը
1929թ. ակտիվորեն ուսումնասիրվում էր Հայաստանի ընդերքն ու գյուղատնտեսական հնարավորությունները: ԽՍՀՄ-ի որդեգրած արդյունաբերականացման քաղաքականությունը պահանջում էր լայնածավալ շինարարության համար մի շարք նյութեր, որոնք Խորհրդային միությունում քիչ էին:
Առաջին հերթին պետք էր շատ ցեմենտ, որը Հայաստանում այդ ժամանակ չկար եւ ամբողջությամբ ներկրվում էր: 1929-ի հունվարին մասնագետները տալիս են նախնական հետազոտությունների արդյունքը. Հայաստանի մի շարք շրջաններում՝ Իջեւանում, Դավալուում (Արարատ), Ղամարլուում (Արտաշատ), Սեմյոնովկայում կա ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ հանքանյութը:
Ընդ որում՝ Սեմյոնովկայի հանքանյութից կարելի էր ստանալ հիդրավլիկ ցեմենտ, որն օգտագործվում էր ոռոգման համակարգերի, նավահանգիստների եւ այլ կառույցների համար: Նախատեսվում էր ցեմենտի գործարան հիմնել Արտաշատում, իսկ հանքանյութը Սեմյոնովկայի լեռնանցքով բերվելու էր մինչեւ Կիրովական, ապա՝ Արտաշատ:
Կարեւոր էին նաեւ արդյունաբերական գյուղատնտեսության ոլորտում իրականացվող հետազոտությունները: 1929-ին Ուկրաինայում ուսումնասիրվում է Շիրակի դաշտավայրում աճող ճակնդեղի բաղադրությունը եւ եզրակացվում, որ այն պարունակում է գրեթե 20 տոկոս շաքար: Այս հետազոտությունների արդյունքներով էլ որոշվում է Շիրակում զարկ տալ շաքարի ճակնդեղի մշակմանը:
Թիվ 1 միացյալ տպարանը
1929 թվականին Պետհրատի եւ պոլիգրաֆ տրեստի ձեռնարկությունների միավորմամբ Երեւանում ստեղծվում է թիվ 1 միացյալ տպարանը, որտեղ Հայաստանում առաջին անգամ հիմնադրվում են տողաձույլ շարող, տպագրական ինքնադարսիչ, գլանատիպ ռոտացիոն մեքենաներ, կազմարարական եւ ցինկագրության սարքավորումներ:
Այգեգործության զարգացումը
1929թ. փետրվարին Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի հրավերով Երեւան է այցելում Ուկրաինայի այգեգործական կայանի տեսուչ Վլադիմիր Սիմիրենկոն: Նա ծանոթանում է Հայաստանի այգեգործական հնարավորություններին, այցելում Երեւանի այգեգործական կայան:
Այնուհետեւ Սիմիրենկոն ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ մասնակցում է հատուկ խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվում է Հայաստանում այգեգործության զարգացման հնգամյա պլանը: Սիմիրենկոն շատ էր կարեւորում այգեգործության մշակույթի տարածումը Հայաստանում՝ նշելով, որ այն կարճ ժամանակում կարող է ստանալ արդյունաբերական նշանակություն:
«Հայաստանն ունի ամեն տվյալներ զարգացնելու այդ ճյուղը, իսկ այս տարի կառուցվող եւ հետագա տարիներին կառուցվելիք պահածոյի նոր գործարանները կապահովեն հումքերի վերամշակումը»,- ասում էր նա:
Երեւանի նոր հրշեջ կայանը
1929-ի մարտին Երեւանի գործկոմը որոշում է քաղաքի կենտրոնում հրշեջ նոր կայան կառուցել, ինչի համար տրամադրում էր 75 000 ռուբլի։ Եվս 125 000 ռուբլի հատկացնում է Կոմունալ բանկը։ Հրշեջ խմբի նոր շենքը որոշվում է կառուցել Ազիզբեկովի հրապարակում։
«Շենքը լինելու է 3 հարկանի, իսկ 3-րդ հարկի վրա կառուցվելու է հրդեհադետ աշտարակը։ Կառուցումը կսկսվի այս տարի եւ հավանաբար կավարտվի մինչեւ հոկտեմբերի վերջը։ Շենքն ունենալու է երկհարկանի մի հանրակացարան՝ խմբի անդամների համար եւ 3-րդ հարկում ապրելու սենյակներ՝ հրամկազմի համար»,- նշված էր որոշման մեջ:
Քրդական նոր այբուբենը
1929թ. մարտի 7-ին ՀԽՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատում է քրդական նոր այբուբենի կիրարկման պլանը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո քրդերն օգտագործում էին Հակոբ Ղազարյանի (Լազո) կազմած այբուբենը, որը հայտնի էր «Շամս» անունով: Հետագայում պարզվում է, որ այբուբենն ուներ լեզվագիտական թերություններ, ուստի որոշվում է կազմել նորը: Լատինատառ քրդական այբուբենը ստեղծելու աշխատանքներն իրականացնում են Արաբ Շամիլովը եւ Իսահակ Մարագուլովը, որն էլ ավարտվում է 1929-ին:
Մարտի վերջին հրավիրվում է քուրդ մասնագետների խորհրդակցություն, որտեղ քննարկվում են նոր այբուբենով գրականություն հրատարակելու հարցերը: Միաժամանակ որոշվում է մամուլով հանրայնացնել քրդերենը՝ տպագրել պաստառներ, հանրամատչելի նյութեր, պատկերազարդ գրքեր: Հրատարակչական այս աշխատանքների համար հատկացվում է 10 000 ռուբլի: 1929թ. աշնանից ստեղծվում են մեկամյա դասընթացներ քրդերենի ուսուցիչների վերապատրաստման համար: Պրոֆեսոր Հովսեփ Օրբելուն առաջարկվում է մինչեւ 1929թ. վերջը կազմել քրդերենի քերականությունը եւ ներկայացնել ՀԽՍՀ լուսժողկոմատին:
Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան
1929թ. ապրիլի 28-ին Խորհրդային Հայաստանի գրողները եւ պրոլետարական գրողները ստեղծում են Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան:
Խորհրդի կազմում էին Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Արաքսը, Գեւորգ Աբովը, Ստեփան Զորյանը եւ Վահան Թոթովենցը: Ֆեդերացիան ընդունում է նաեւ հատուկ հռչակագիր, որտեղ նշված էր, որ նախահեղափոխական հայ գրականությունը կղերական եւ բուրժուական էր, ծառայում էր շահագործող դասակարգերի շահերին: Նոր գրական կազմակերպության անդամները խոստանում էին համախմբել բոլոր կարող ուժերը, ստեղծել իսկական պրոլետարական գրականություն եւ ամեն գնով նպաստել մարքսիստական աշխարհայացքի ձեւավորմանը: Իհարկե չէին մոռացել նաեւ աշխատավոր դասակարգի թշնամիներին, առաջին հերթին՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Ամենաուժեղ, ծավալուն պայքար մղել բուրժուական, ազգայնական (դաշնակցական) գաղափարախոսության բոլոր արտահայտությունների, ինչպես նաեւ գրական նեոմեշչանիզմի, անկումային ու անարխիստական տրամադրությունների դեմ»,- ասված էր ֆեդերացիայի հռչակագրում:
Քասախի եւ Հրազդանի վարարումը
1929թ. մայիսի 23-ին հորդ անձրեւների պատճառով վարարում են Քասախ եւ Հրազդան գետերը: Հրազդանում ջրի մակարդակը բարձրանում է 2 մետրով: Բնական աղետի պատճառով քանդվում է Երեւանի ՀԷԿ-ի ջրանցքի մի հատվածը: Զգալի վնասներ են լինում նաեւ այլ շրջաններում: «Վաղ առավոտից Արագածի արեւմտյան լանջերում կուտակվել էին փոթորկաբեր ամպեր: Շարժվելով դեպի հարավ, նրանք տեղացին հորդ անձրեւներ: Նախ բարձրացավ Քասախը, հետո՝ Զանգուն: Հորդ անձրեւ եկավ նաեւ Նոր Բայազետում»,- հաղորդել էր Հայջրտնտեսության հիդրոչափական բաժինը: Հեղեղի հետեւանքով Նոր Բայազետում փլվում է քաղաքացի Աղեկյանի երկհարկանի տունը, որի հետեւանքով հինգ մարդ զոհվում է:
«1911 թվից ի վեր Քանաքեռի մոտ կատարված ջրաչափական դիտումները չեն արձանագրել Զանգվի այսպիսի հորդացում: Ջուրը կատաղի արագությամբ եւ չտեսնված թափով անցավ կիրճով, տեղ-տեղ դուրս գալով ափերից եւ քշելով քարի հսկայական զանգվածներ: Քաղաքի շրջանում գետը 100 մետր քշել է 5 տոննայից ավելի ծանրությամբ բազալտե հսկայական մի ժայռ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:
Պատանի հանդիսատեսի թատրոնը
1929թ. նոյեմբերի 29-ին Երեւանում բացվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լուսժողկոմատի աշխատակիցները, հյուրեր Լենինականի եւ Վրաստանի թատրոններից:
Միջոցառման ավարտին ցուցադրվում է «Պայթյուն» ներկայացումը, որի ռեժիսորը Արմեն Գուլակյանն էր: Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն էր դերասան, ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Լիլիթ Տեր-Մինասյանի արխիվից:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան