Խորեն Ա-ի առեղծվածային մահը
1938թ. ապրիլի 6-ին հանկարծամահ է լինում Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը։ Պաշտոնական վարկածով կաթողիկոսի մահվան պատճառը սրտի կաթվածն էր, սակայն նրա օգնական Գեղամ Կլեկչյանն իր հուշերում գրում է, որ կաթողիկոսին խեղդամահ են արել.
«...Երբ անցա մեծ դահլիճ, աչքիս ընկան էլեկտրական լարերի կտորտանքները, զարմացա, թե այդ կտորտանքները որտեղից են հայտնվել»:
Կլեկչյանի վկայության մեջ նաեւ ասվում է.
«Դագաղ դնելուց առաջ Վեհին լողացրի, հագցրի մաքուր սպիտակեղեն, հոգեւոր զգեստներ։ Լողացնելու ժամանակ մարմնական վնասվածքներ չտեսա, միայն դեմքն էր կապտած, եւ վզի շուրջը՝ մաշկի վրա երկարավուն շերտ-շերտ կապտավուն հետքեր կային, իսկ հետքերի տակ՝ արյան մանր բծեր։ Նոր էի գործը վերջացրել, երբ հապճեպ լողասենյակ մտավ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամ, վեհափառին բուժող բժիշկ Հայկ Եղիազարյանը, որ պատահաբար լսելով վեհափառի մահը, Երեւանից եկել էր Մայր Աթոռ։ Նա ուշադրությամբ նայեց հանգուցյալին, կատարեց հարկ եղած քննությունը եւ հառաչելով՝ ցածր ձայնով ասաց. «Կասկած չկա, կաթողիկոսին խեղդել են»։
Խորեն Ա Մուրադբեկյանը հուղարկավորվում է Սբ Գայանե եկեղեցու բակում։
1996-ին նրա աճյունը տեղափոխվում է Էջմիածնի Մայր տաճարի բակը։
1938թ. ապրիլի 10-ին կաթողիկոսի տեղապահ է դառնում Գեւորգ Զ Չորեքչյանը։
«Կուսկազմակերպությունների կատարած սխալները»
1938թ. փետրվարի 3-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն անդրադառնում է «Կուսկազմակերպությունների կատարած սխալներին»։ Իհարկե, այս անդրադարձը Հարությունյանի անձնական նախաձեռնությունը չէր. 1936-37թթ. բռնությունների մեծ ալիքից հետո խորհրդային իշխանությունը որոշել էր մասամբ մեղմել սարսափելի արարքների հետեւանքները եւ հանրությանը բացատրել, թե ով է իրականում մեղավոր հարյուրհազարավոր մարդկանց հալածանքի ու տառապանքի համար։ Մեղավորները, իհարկե, անսիրտ ու անպատասխանատու կուսակցական կադրերն էին, որոնք զրպարտագրերի ու «մատերիալների» հիման վրա մարդկանց պատժել էին։ Խոսքն այստեղ ոչ միայն բռնադատվածների, այլեւ կուսակցությունից, կոմերիտմիությունից, աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց մասին էր։
Գրիգոր Հարությունյանն իր ելույթում ասում էր, որ «կուսակցության անդամների եւ կուսակցական աշխատողների նկատմամբ այդպիսի անհոգի վերաբերմունքի հետեւանքով կուսակցության մեջ ստեղծվում է դժգոհություն»։ Հարությունյանը նշում էր նաեւ, որ մարդիկ ուշադիր չեն եղել եւ չեն հետեւել Ստալինի մտահոգություններին, այնինչ առաջնորդը զգուշացնում էր, որ մարդկանց հետ աշխատելիս պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։
«Կուսակցական փաստաթղթերի ստուգումից հետո ամբողջ Հայաստանում վտարվել են 1796 հոգի, որը կազմում է ամբողջ կուսակցական կազմակերպության 8.7 տոկոսը։ Դրանցից 939 հոգին վտարվել են 1937թ. վերջին չորս ամսվա ընթացքում»,- փաստում էր Գրիգոր Հարությունյանը։
1937թ. Հայաստանում աշխատանքից ազատվել էր 854 ուսուցիչ, որոնք մեղադրվել էին «ժողովրդի թշնամիների», «դաշնակների» կամ այլ «անվստահելի տարրերի» հետ որեւէ կապ ունենալու համար։
Հաջորդ օրը Երեւանի կուսակցական ակտիվը, որի նիստում էլ ելույթ էր ունեցել Հարությունյանը, հեռագիր է ուղարկում Ստալինին, որտեղ նշված էր, որ մեր հանրապետությունում եւս «թշնամիներին արմատախիլ անելու աշխատանքի հետ միասին երեւան են եկել կարիերիստ-կոմունիստներ, որոնք փորձել են կուսակցության շարքերում անվստահության մթնոլորտ ստեղծել»։
Աշուղների համագումարը
1938թ. փետրվարի 8-ին Երեւանում Գրողների տանը բացվում է Հայկական ԽՍՀ աշուղների համագումարը, որին մասնակցում էին 130 աշուղ եւ գյուղական բանաստեղծ։ Համագումարում ելույթ է ունենում Նաիրի Զարյանը, ներկայացնում աշուղական արվեստի պատմական զարգացումները, նրանց դերն ու սոցիալական նշանակությունը։
Համագումարի վերջում աշուղներ Աշխույժը (Ապարան), Գրիգորը (Շամշադին), Աթային (Գորիս), Հրկեզը (Մարտունի) ընտրվում են Գրողների միության անդամ։
Հուլիսի 3-ին Երեւանում մահանում է աշուղ Շերամը՝ Գրիգոր Կարապետի Տալյանը։
«Շերամը մեռավ վաստակած։ Հիսունութ տարի շարունակ նա հնչեցնում էր հույզով ու կյանքով հագեցված իր երգերը, որոնք այնքան տարածված են մեր ժողովրդի մեջ եւ սիրով երգվում են ամենուրեք։ Նա գրել է հազարից ավելի երգեր։ Զգացմունքների անմիջականությունը, ջերմ շունչը, անկեղծությունը - ահա թե ինչն են բնութագրում այդ երգերը»,- գրված էր Հայաստանի խորհրդային գրողների միության ցավակցական հեռագրում։
«Զանգեզուր» ֆիլմը
1938թ. մարտին Հայաստանի կինոթատրոններում սկսում են ցուցադրել «Զանգեզուր» ֆիլմը, որի սցենարի վրա աշխատել էր Ակսել Բակունցը։ Վերջինիս ձերբակալությունից, ապա գնդակահարությունից հետո սցենարն ավարտին են հասցնում Վլադիմիր Սոլովյովը, Յակով Դուկորը եւ Համո Բեկնազարյանը։
«Նկարում ցուցադրված է Լենինի-Ստալինի կուսակցության ղեկավարությամբ հայ աշխատավոր ժողովրդի վճռական պայքարը դաշնակցական մաուզերիստների դեմ»,- խորհրդային լավագույն ավանդույթներով գրել էր «Ավանգարդ» թերթը։
«Զանգեզուր»-ում նկարահանվել էին հայկական կինոյի ամենահայտնի ու սիրված դերասանները՝ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Հասմիկը, Ցոլակ Ամերիկյանը, Գուրգեն Ջանիբեկյանը եւ ուրիշներ։
Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում եւ ցուցադրվում Երեւանի բոլոր կինոթատրոններում։
Հուլիսի 6-ին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է ՀԽՍՀ վաստակավոր դերասան Ավետ Ավետիսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր.
««Զանգեզուր» ֆիլմի նկարահանումը սկզբում հանդիպեց շատ խոչընդոտների։ Հայտնի է արդեն, որ դաշնակցական-բուրժուա-նացիոնալիստական բանդիտներ՝ Խանջյանը, Ամատունին, Բակունցը համառորեն հետապնդում էին, որ ֆիլմը նկարահանվի այնպես, ինչպես իրենք էին ցանկանում։ Նրանք ուզում էին նկարը հեղեղել ազգայնական տրամադրությամբ, հանելով նրանից հայ աշխատավոր մասսաների հեղափոխական պայքարի ողջ բովանդակությունը։ Սակայն շնորհիվ ժողովրդական արտիստ, շքանշանակիր ռեժիսոր Համո Բեկնազարյանի համառ աշխատանքի եւ նկարի ստեղծագործական կոլեկտիվի, մենք կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները»։
Նախկին «մաուզերիստների» դատավարությունը
1938թ. մարտի 19-23-ը Լենինականում տեղի է ունենում մի խումբ նախկին «մաուզերիստների» դատավարությունը, որոնք մեղադրվում էին Արգինեի ձորում Ղուկաս Ղուկասյանի եւ նրա ընկերների գնդակահարությանը մասնակցելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Երեմ Մխիթարյանը, Հմայակ Սահակյան-Դունամալյանը, Սահակ Քոչարյանը, Մխիթար Պողոսյանը եւ Աբգար Տոնոյան-Ավդալյանը 1920թ. մայիսի 11-ին օգնության են մեկնել Կարսի խմբապետներին, որոնք իրենց ուժերով չէին կարողանում ոչնչացնել Ղուկաս Ղուկասյանին եւ նրա ընկերներին։ ՀԽՍՀ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ բոլորը դատապարտվում են գնդակահարության, եւս երկու հոգի՝ Մանուկ Սիրունյանը եւ Այվազ Այվազյանը, դատապարտվում են 8-10 տարվա բանտարկության։
Ձայնագրող բրիգադի այցը
1938թ. ապրիլի սկզբին Մոսկվայից Երեւան է ժամանում ձայնապնակների ինստիտուտի ձայնագրող բրիգադը, որը, համաձայն ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշման, պետք է հայկական ժողովրդական երգերը ձայնագրեր։ Նախատեսվում էր «գրամպլաստինկայի» վրա ամփոփել հայկական 60 երգ։ Այդ նպատակով ապրիլի 2-ին Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունենում հատուկ համերգ, որին մասնակցում էին ոչ միայն մշակույթի ներկայացուցիչները, այլեւ կուսակցական ղեկավարները՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ ՀԽՍՀ կենտգործկոմի նախագահ Մացակ Պապյանը։
Համերգից հետո որոշվում է ձայնագրության ենթակա երգերի ցանկը, որոնց թվում էին «Ստալին», «Կոլխոզական», «Ընկեր Միկոյան», «Կլոր պար», «Ասում են ուռին», «Հայրենիք», «Ջան Հոկտեմբեր» եւ այլ երգեր։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան