Կալինինը շքանշաններ է հանձնում
1941թ. հունվարի 6-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 20-րդ տարեդարձի առթիվ, ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Միխայիլ Կալինինը շքանշաններ է հանձնում Հայաստանի մի խումբ աշխատավորների։
Պարգեւատրվածների ցանկը բավականին ծավալուն էր՝ բանվորներ, կոլտնտեսականներ, գիտության ոլորտի աշխատողներ։
Կալինինն իր շնորհավորական ելույթում նշում է, որ Հայաստանի հաջողությունները պայմանավորված են խորհրդային կարգերով եւ «ժողովրդի ազատությամբ»։
Արուս Ոսկանյանի բեմական հոբելյանը
1941թ․ հունվարի վերջին Երեւանում նշվում է դերասանուհի Արուս Ոսկանյանի բեմական գործունեության 30-ամյակը։ Ինչպես ընդունված էր այն տարիներին, դերասանուհին հանդիպումներ է ունենում տարբեր գործարանների բանվորական կոլեկտիվների հետ։
Սունդուկյանի անվան թատրոնում կազմակերպվում է ցուցադրություն, հրատարակվում է դերասանուհու լուսանկարներով ֆոտոալբոմ։
«Արուս Ոսկանյանին ես տեսել եմ Սալոմեի, Դեզդեմոնայի, Մարգարիտի, Նորայի, Կրուշչինայի եւ այլ դերերում։ Չգիտեմ՝ արդյոք իմ տեսած դերակատարությունները բավարա՞ր են հոբելյարի արվեստը լիովին գնահատելու համար։ Թվում է ինձ, սակայն, որ նույնիսկ այս թվարկությամբ Արուս Ոսկանյանը մարմնավորել է մարդկային մեծ կրքեր, տագնապալից ապրումներ, խորունկ հոգեբանություններ»,- գրել էր Ավետիք Իսահակյանը դերասանուհու հոբելյանի առթիվ։
Զարյանի «հակահասարակական վարմունքը»
Խորհրդային համակարգը աչալրջորեն հետեւում էր իր քաղաքացիների ոչ միայն գաղափարական կայունությանը, այլեւ կենցաղում նրանց վարվելակերպին՝ թույլ չտալով որեւէ շեղում։ Նրանք, ովքեր խմիչքի հանդեպ սեր ունեին, երբեմն հանրային սննդի վայրերում ծեծկռտուք էին հրահրում կամ, ընդհանրապես, աչքի էին ընկնում «հակասոցիալական» վարքով, արժանանում էին թերթերի, կուսակցական տարբեր կազմակերպությունների եւ աշխատանքային կոլեկտիվների պարսավանքին։
Հատկապես խիստ էին «պահանջները» հանրային ճանաչում եւ հեղինակություն ունեցող մարդկանց հանդեպ։
1941թ․ փետրվարի 10-ին բանաստեղծ Նաիրի Զարյանն այսպիսի տհաճ պատմության մեջ է հայտնվում։ Հոբելյանական միջոցառման ժամանակ, որը նշում էին «Ինտուրիստ» ռեստորանում, Զարյանը, ամենայն հավանականությամբ՝ գինովցած, թույլ է տալիս «հակահասարակական վարմունք»։ Նա «կազմակերպում է դեբոշ եւ կոպիտ եւ անթույլատրելի կերպով վիրավորում է բանկետի մասնակիցներին եւ նվագախմբի կատարողներին»։
Փետրվարի 19-ին Հայաստանի սովետական գրողների միության վարչությունը հատուկ նիստ է հրավիրում, որտեղ խստորեն քննադատում եւ դատապարտում են Զարյանի արարքը։ Ավելին՝ Գրողների միության վարչությունը միաձայն որոշում է խիստ նկատողություն հայտնել նրան եւ հեռացնել Գրողների միության նախագահության եւ վարչության կազմից։
Ղազարոս Աղայանի 100-ամյակը
1941թ․ ապրիլի 4-ին Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում տեղի է ունենում Ղազարոս Աղայանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ։ Սիրված գրողի հոբելյանը նշելու համար ստեղծվել էր կառավարական հանձնաժողով ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահի տեղակալ Սիմակ Սահակյանի գլխավորությամբ։
Հենց նա է ընթերցում Դերենիկ Դեմիրճյանի ուղերձը, քանի որ վերջինս հիվանդ էր եւ չէր մասնակցում նիստին.
«Ղազարոս Աղայանը մեծապես ազդեց մեր գրականության ուղղության վրա։ Նա էր, որ Աբովյանից հետո եւ Պռոշյանի հետ գնաց դեպի ժողովուրդը եւ տարավ Հովհաննես Թումանյանին, Իսահակյանին եւ այլոց։ ․․․Աղայանը անձամբ կատարում էր այն, ինչ գրում էր։ Նրա ոգին Արեգնազանն էր, որ գնում էր կենդանացնելու քարացած քաղաքները եւ ոչնչացնելու կախարդներին, նա Անահիտն էր, որ անձնապես սովորում էր արհեստը եւ աշխատում»։
Մահանում է Փանոս Թերլեմեզյանը
1941թ․ ապրիլի 30-ին մահանում է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը։
«Գրական թերթում» տպագրված նրա կենսագրականում բացակայում էր Վանի ինքնապաշտպանությանը Թերլեմեզյանի մասնակցությունը, նշված էր միայն, որ նկարիչը Խորհրդային Հայաստան է վերադարձել 1928 թվականին։
Անդրադառնալով նրա ստեղծագործական գործունեությանը՝ կերպարվեստի մի խումբ գործիչներ նշել էին․
«Չկա այլեւս մեծատաղանդ նկարիչը, սովետական երկրի հարազատ քաղաքացին, հայ ժողովրդի իսկական զավակը, մեր սիրելի վարպետը։ Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»։
Փանոս Թերլեմեզյանի հուղարկավորությունը տեղի է ունենում մայիսի 5-ին Երեւանի Նկարիչների տնից։ Նրա աճյունն ամփոփվում է Կոմիտասի անվան պանթեոնում։
«Աիդայի» պրեմիերան
1941թ․ հունիսի 20-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի է ունենում Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան։ Ռեժիսորը Արմեն Գուլակյանն էր, իսկ նվագախմբի դիրիժորը՝ Միքայել Թավրիզյանը։
Օպերան մեծ ընդունելություն է ունենում հայ երաժշտասերների շրջանում, իսկ պրեմիերային ներկա էին կուսակցական ղեկավարները ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ։
Սկսվում է պատերազմը
1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվում է Խորհրդային Միության վրա. սկսվում է Հայրենական մեծ պատերազմը:
Հայաստանում, ինչպես եւ միութենական մյուս հանրապետություններում, սկսվում է զորահավաքը եւ կամավորականների գրանցումը։
Պայքարի ու թշնամուն ջախջախելու կոչեր են անում մշակույթի գործիչները։
«Գերմանական ֆաշիզմը եւ նրա ավազակապետ Հիտլերը շուտով առիթ կունենա ճանաչելու մեր միության ժողովուրդներին եւ Կարմիր Բանակին։ Նրանց ձեռքերը կայրվեն մեր սահմաններում, եւ նրանք անմոռանալի հարված կստանան Կարմիր բանակից։ ․․․Մենք՝ գրողներս, ամեն րոպե պատրաստ ենք մեր գրիչը փոխարինելու սվինով»,- գրում էր արձակագիր Մովսես Արազին։
Հուլիսի 7-ին Երեւանի հայպետէստրադայի դահլիճում տեղի է ունենում մտավորականության մեծ հավաք, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնում խորհրդային կառավարությանը Գերմանիայի դեմ պատերազմում։
«Կորչի ֆաշիզմը», «Կեցցե ժողովուրդների հանճարեղ առաջնորդ Ստալինը», «Փառք Կարմիր Բանակին» լոզունգների ու բոցավառ ողջույնների հետ միաժամանակ շատերը ստորագրում էին կամավոր ռազմաճակատ մեկնելու դիմումներ։ Նաիրի Զարյանը կամավորագրվելուց հետո մասնակիցներին դիմում է իր նոր բանաստեղծությամբ․
Հին Հռոմն այրեց Ներոնը՝ փառքի ծարավից անհագ,
Բիրտ Կալիգուլան սենատոր կարգեց մոլեգնած իր ձին։
Նրանք մարդկային պատմության մեջ որպես մի նշավակ,
Այդ սեւ գործերով անմահ մնացին։
Բայց վճռել է սա լինել ավելին, քան խենթ մի Ներոն,
Կալիգուլայից ավելի խուժդուժ, ավելի դաժան,
Աշխարհը խեղդել ռազմի բոցերով ու բացիլներով,
Տանկը դարձնել ծերակուտարան։
1941թ. հունիսից 1942թ. հունվարը Սովետական Հայաստանում ձեւավորվեց ազգային վեց դիվիզիա: Առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որը, 1942թ. մայիսին մասնակցելով Կերչի պաշտպանությանը, գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաեւ նրա հրամանատար Սիմոն Զաքյանը:
Իր ուղին Բեռլինում ավարտած միակ հայկական զորամիավորումը 89-րդ Թամանյան դիվիզիան է, որն իր անունը ստացել էր Թաման թերակղզու համար մղվող մարտերում գործած սխրանքների համար:
Դեռեւս 1922թ. ձեւավորված 76-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը հսկում էր հայ-թուրքական սահմանը, պատերազմը սկսվելուն պես նետվեց մարտի եւ հաջողություններ ունեցավ հատկապես Ստալինգրադի ճակատամարտում:
Մարտական փայլուն ուղի անցան նաեւ հայկական 408-րդ եւ 409-րդ դիվիզիաները: Վերջինս հաղթականորեն հասավ մինչեւ Չեխիա ու Ավստրիա:
Քոչարի ձերբակալությունը
1941 թվականին ձերբակալվում է նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
Նրա ձերբակալությունից հետո ոչնչացվում է 1939 թվականին ստեղծված «Սասունցի Դավիթ» արձանի առաջին տարբերակը:
Քոչարը անազատության մեջ մնում է երկու տարի եւ ազատվում է Անաստաս Միկոյանի ու Կարո Հալաբյանի միջնորդությունների շնորհիվ:
1957 թվականին խորհրդային կարգերի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքային խորհուրդը որոշում է վերականգնել Սասունցի Դավթի արձանը: Արձանի բացումը տեղի է ունենում 1959 թ. դեկտեմբերի 3-ին:
Հայաստանի գլխավոր ժամացույցը
1941 թվականի աշնանը կառավարության շենքում տեղադրվում է Հայաստանի գլխավոր ժամացույցը:
2015 թվականին ժամացույցի գլխավոր էներգետիկ Գեղամ Մկրտչյանը պատմել էր Մեդիամաքսին.
«Ժամացույցի մեխանիզմը բերվել է Մոսկվայից՝ 1941 թվականին: Կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է, որ 1941թ. սեպտեմբերին այն արդեն տեղադրված է եղել: Ժամացույցը պատրաստվել է Հայաստանի կառավարության պատվերով: Ժամացույցի անձնագրում գրված է հեղինակի ազգանունը՝ Մագնուշեւսկի: Երբ ժամացույցի մեխանիզմը պիտի տեղափոխվեր Երեւան, Հայաստանում նամակ ստացան այն մասին, որ երկաթգծի ծանրաբեռնվածության պատճառով առաքումը հետաձգվում է: Այդ նամակը պահվում է մեր արխիվում:
Հավանական է, որ ժամացույցի զանգերը ռուսական եկեղեցիներից մեկի քանդված զանգերն են»:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան