1948 թվականին հռչակվում է Իսրայելի անկախությունը, ԱՄՆ Կոնգրեսը հաստատում է «Մարշալի պլանը», ստեղծվում է Առողջապահության միջազգային կազմակերպությունը, երկրաշարժը ավերում է Աշխաբադ քաղաքը՝ դառնալով 110 հազար մարդու մահվան պատճառ:
Հայրենադարձների փախուստի փորձերը
1948թ. արտասահմանում ապրող հայերի հայրենադարձության վերջին տարին էր։ Շուրջ երկու տարի տեւած մեծածավալ պետական միջոցառման արդյունքում Հայաստան էին տեղափոխվել շուրջ 90 հազար հայեր։ Մամուլը շարունակում էր գրել, թե սփյուռքահայերը մեծ ձեռքբերումներ էին ունենում Հայաստանում, բայց իրական պատկերը փոքր-ինչ այլ էր։ Սոցիալական դրությունը բարվոք չէր, իսկ գաղափարական սահմանափակումներն առաջացնում էին սփյուռքահայերի դժգոհությունը։
Հայրենադարձության հենց առաջին օրվանից արձանագրվում են Հայաստանից փախչելու փորձեր, եւ աստիճանաբար այս պատկերը մտահոգիչ էր դառնում։
Խորհրդային միությունից օրինական ճանապարհով դուրս գալու հնարավորությունները քիչ էին, ուստի մարդիկ ստիպված դիմում էին հանցագործության՝ սահմանը անօրինական հատելու։ Հայաստանից հեռանալու ամենամոտն ու հարմարը Թուրքիայի սահմանն էր։ Հայաստանից փախչող սփյուռքահայերը քաղաքական, քարոզչական մեծ հարված էին հասցնում Խորհրդային միության հեղինակությանը։
Հայաստանից փախչողների մասին մեծ թվով զեկուցագրեր էին ներկայացվում ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Սահակ Կարապետյանին եւ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին։
«ՀԽՍՀ ՄԽ նախագահ ընկ. Ս. Կարապետյանին
25 մայիսի, 1948թ.
Հույժ գաղտնի
1948թ. ապրիլի 25-ին 25-րդ սահմանապահ ջոկատի կարգախումբը Թուրքիա անցնելու փորձ անելիս ձերբակալել է հայ հայրենադարձ, 1927թ. ծնված Սարգիս Մինասի Դարբինյանին։ Ամուսնացած չէ, ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում։
...Մայիսի 1-ից 2-ի գիշերը 40-րդ սահմանապահ ջոկատի 4-րդ ուղեկալի կարգախումբը Թուրքիա անցնելու փորձի ժամանակ ձերբակալել է 1928թ. ծնված, Կոտայքի Էլար գյուղի բնակիչ, հայ հայրենադարձ Արմենակ Կարապետի Պողոսյանին։ Ծնվել է Երուսաղեմում։ ԽՍՀՄ է հայրենադարձվել 1947թ.-ին» (Հայաստանի Ազգային արխիվ, ֆ. 113, ց. 29, գ. 189, թ.1)։
Խորհրդային կյանքից փախչողները Թուրքիայի սահմանը փորձում էին անցնել ինչպես միայնակ, այնպես էլ խմբերով։ 1948թ. ապրիլի 9-ի գիշերը սահմանապահները Յուվա գյուղի մոտ շրջապատում են սահմանը անցնելու փորձ կատարող մի խմբի։ Չորսին կարողանում են ձերբակալել, երկուսը թաքնվում են Արաքսի ափերին։ «Արաքս գետի ափին հայտնաբերվել է գլխարկ եւ երկու հետք։ Այդ հատվածում ափն ալեկոծ է, ջրապտույտներով, ունի 1.5 մետր բարձրություն։ Գետի լայնությունը 180 մետր է, ափի մոտ խորությունը 2.5 մետր է, կենտրոնում՝ 4 մետրից ավելի, արագությունը՝ 1.7 մ/վրկ։ Թուրքական կողմ անցումը չի նկատվել։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ գտնում ենք, որ Թուրքիա անցնել չի հաջողվել եւ, ամենայն հավանականությամբ, նրանք խեղդվել են» (ՀԱԱ, ֆ. 113, ց. 29, գ. 189, թ.7)։
Խորհրդային իշխանությունը լրջորեն պայքարում էր սահմանախախտների դեմ. ուժեղացվում էին սահմանային ուղեկալները, աշխատանք էր տարվում սահմանամերձ գոտու բնակչության շրջանում։
Լինում էին դեպքեր, երբ սահմանախախտներին հենց բնակիչներն էին հայտնաբերում եւ հանձնում իրավապահներին։ 1948թ. ապրիլի 19-ին հայրենադարձներ Անդրանիկ Սերոբյանը, Հակոբ Աճեմյանը եւ Գեւորգ Կեպլյանը փորձում են հատել սահմանը։ Երիտասարդները տեղանքին լավ ծանոթ չէին եւ Արաքսի փոխարեն լողալով անցնում են Հրազդան գետը։ Կարծելով, թե Թուրքիայում են, մոտենում են առաջին պատահած մարդուն եւ խնդրում իրենց ուղեկցել իշխանությունների ներկայացուցչի մոտ։ Տեղացին գյուղի հովիվ Շամիլովն էր, որը փախստականներին հրավիրում է իրենց տուն, թեյ հյուրասիրում եւ կնոջն ուղարկում գյուղխորհրդի նախագահի մոտ։ Շուտով գալիս են սահմանապահները եւ անփորձ փախստականներին ձերբակալում։
Գյումուշհէկում աշխատելու արշավը
1948թ. հունվարից Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում Գյումուշհէկում աշխատելու մեծ արշավ էր։ Կազմակերպչական գործին լծված էին կուսակցական մարմինները, եւ նոր սկսված աշխատանքը պատշաճ որակով իրականացնելը համարվում էր հետպատերազմյան հնգամյակի ամենակարեւոր առաջադրանքը։
Գյումուշհէկը Սեւան-Հրազդան կասկադի ամենախոշոր հանգույցն էր, որն արտադրելու էր «ավելի շատ էներգիա, քան ռեսպուբլիկայի բոլոր կայանները»։
Հունվարի վերջին ՀԼԿԵՄ-ն արդեն զեկուցում էր կազմակերպչական ձեռքբերումները. Գյումուշհէկում աշխատելու էր ուղարկվելու շուրջ 500 կոմերիտական։
Գյումուշհէկի շինարարությանը զուգահեռ կառուցվում էր նաեւ Երեւան-Հրազդան երկաթուղին, որի Երեւան-Էլար հատվածը շահագործման է հանձնվում 1948-ին։ Երկաթուղու կառուցման տեղամասերից մեկում աշխատում էր երիտասարդ աղջիկների առանձին բրիգադ, որի կազմում շատ էին սփյուռքահայերը։
Մատենադարանի ցուցադրությունը Մոսկվայում
1948թ. մարտին Մոսկվայում բացվում է Մատենադարանի կազմակերպած հայկական մշակույթի ցուցադրությունը, որտեղ ներկայացված էր շուրջ 500 ցուցանմուշ՝ ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, պատճեններ, գիտական աշխատություններ եւ այլ նյութեր։ Բացման արարողությանը մասնակցում էին Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին եւ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Ջիվիլեգովը։
Ձեռագրերի մեջ ներկայացված էին աշխատություններ գեղարվեստական գրականությունից, փիլիսոփայությունից, մաթեմատիկայից, դիվանագիտությունից, բժշկությունից, աշխարհագրությունից։ Ցուցադրված էին նաեւ հին հունական փիլիսոփաների՝ Արիստոտելի, Զենոնի եւ ուրիշների թարգմանական գործերը, հունական, սիրիական, պարսկական, վրացական, ուզբեկական եւ այլ լեզուներով ձեռագրեր։ Ցուցահանդես էին բերվել նաեւ միջնադարյան ներկեր, դեղորայք, դեղատոմսեր։
«Որսորդական պատմվածքների» քննադատությունը
Խորհրդային Հայաստանի արկածային գրականության թերեւս ամենալավ գրողը Վախթանգ Անանյանն է։ Նրա «Որսորդական պատմվածքները» գրքի առաջին հատորը լույս էր տեսել 1947-ին։ Ուրախ, հումորով լեցուն, արկածային պատումները ջերմությամբ են լցնում հատկապես պատանի ընթերցողների սիրտը։ Եվ դժվար է պատկերացնել, որ այս գիրքը կարող էր արժանանալ որեւէ քննադատության։ 1948թ. ապրիլի 7-ին «Ավանգարդը» տպագրում է Ա. Գրիգորյանի «Սովետական գրականությանը խորթ դիրքերի վրա» հոդվածը, որտեղ խստորեն քննադատվում է «Որսորդական պատմվածքները»։ «Քննադատին» դուր չէր եկել այն, որ Վախթանգ Անանյանի հերոսները Լոռու ձորերում ծնված ու մեծացած կոշտ, բայց շիտակ մարդիկ են։
«Մարդը Վ. Անանյանի մոտ միշտ էլ հանդես է գալիս լոռեցի նահապետական չոբանի կերպարանքով։ ...Անանյանի գրքում մենք միայն մի բան ենք տեսնում՝ արջաստանի կյանքը եւ արջակերպ մարդկանց, մարդիկ, որոնք վաղուց է, որ գոյություն չունեն մեր երկրում եւ միայն հեղինակի շինծու ու հիվանդոտ երեւակայության արդյունք են»,- գրում էր Գրիգորյանը։
Պարզվում է, որ կանանց նկատմամբ Վախթանգ Անանյանի վերաբերմունքը նույնպես չէր համապատասխանում սոցիալիզմ կառուցող հասարակության պատկերացումներին։ «Կինը նրա համար միայն հաճելի ժամանցի առարկա է, թույլ արարած, քնքուշ այծյամ, սիրունիկ եղնիկ, որի սիրտը նվաճելու համար նա գործադրում է իր որսորդական բոլոր հնարավոր ճարպկությունները»,- գրված էր հոդվածում, որի հեղինակը զարմանում էր, թե ինչպես է տպագրվել այս գիրքը։
Դժվար է ասել, թե ինչ ճակատագրի է արժանանում «քննադատը», սակայն Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքների» նոր հատորները մեկը մյուսի հետեւից լույս են տեսնում 1949, 1953 եւ հետագա տարիներին։
Օպերայի եւ բալետի թատրոնի 15-ամյակը
1948թ. հունվարին Երեւանում նշում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի 15-ամյակը: Թատրոնի մենակատար Սավելեւ-Դեմուրինը նշում էր, որ այն Հայաստանի արվեստի եւ մշակույթի «լուսաղբյուրն» էր:
Թատրոնի տնօրեն Գ. Վարժապետյանը նշում էր, որ տարիների ընթացքում թատրոնում բեմադրվում են բազմաթիվ օպերաներ, որոնց թվում գնալով ավելանում էին հայկականները՝ «Ալմաստը», «Անուշը», «Քաջ Նազարը», «Գայանեն» եւ այլն:
«Որպես ռեժիսոր, երբ առիթ եմ ունեցել հանդիպելու թատրոնի ստեղծագործ կոլեկտիվին, ես զգացել եմ, որ գործ ունեմ սովետական արվեստի նկատմամբ մեծ նվիրվածություն, այն զարգացնելու եւ առաջ մղելու գործում գիտակցական պատասխանատվություն հանդես բերող մարդկանց հետ: Օպերայի շուրջն են համախմբված օպերայի եւ բալետի արվեստի ռեսպուբլիկայի ամենակարող ուժերը, որոնք ոչ մի ջանք չեն խնայում սովետական արվեստի զարգացման գործում»,- ասել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանը:
Խաչատուր Աբովյանի 100-ամյակը
1948-ին մարտին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում ստեղծվում է Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակը նախապատրաստող եւ անցկացնող հոբելյանական հանձնաժողով՝ ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի անդամ պրոֆեսոր Մկրտիչ Մկրյանը ներկայացնում է Աբովյանի երկերի լիակատար ժողովածուի 8-հատորյակի աշխատանքները, որի խմբագիրն Ավետիք Իսահակյանն էր: Ավարտվում է Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ռուսերեն թարգմանությունը՝ Շերվինսկու հեղինակությամբ:
1948թ. սեպտեմբերին Հայաստանում նշում են մեծ գրողի մահվան 100-րդ տարելիցը: Այդ առիթով Ավետիք Իսահակյանը գրել էր.
«Խաչատուր Աբովյանը ամեն ինչ է մեզ համար: Նա ուսուցիչ է եւ դաստիարակ, նա հայրենասիրության մեր ներշնչարանն է: Նա հայության ապագայի խանդավառ պատգամախոսն էր: Նա սովորեցնում է մեզ սիրել եւ պաշտել հայրենիքը, հայ կուլտուրան եւ մայրենի լեզուն: Ամբողջ մի դար նա իշխում է մեր զգացմունքների վրա»:
Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակի առիթով Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում տեղի է ունենում հանդիսավոր նիստ, որտեղ ելույթ են ունենում խորհրդային բազմաթիվ գրողներ, գիտնականներ, մտավորականներ:
«Խաչատուր Աբովյանը հայ նոր գրական լեզվի նախահայրն է: Այս իսկական ժողովրդական լեզվով գրվել է «Վերք Հայաստանի» վեպը, որը պատմում է ռուսների եւ հայերի համատեղ պայքարը պարսկական խաների դեմ: Այդ խոշորագույն ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան կազմեց հայ գրականության պատմության մեջ»,- ասել էր պրոֆեսոր Վալերի Կիրպոտինը:
Միջոցառումներին մասնակցելու համար Երեւան են ժամանում բազմաթիվ գրողներ՝ Մոսկվայից, Ուկրաինայից, Վրաստանից, եւ այլ հանրապետություններից: Հատուկ հրավիրվածների թվում էր նաեւ մեծ գրողի թոռնուհին՝ Շուշանիկ Աբովյանը:
Սեպտեմբերի 23-ին Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի է ունենում հանդիսավոր նիստ, որը բացում է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Սահակ Կարապետյանը: «Հարյուր տարի առաջ իր նշանավոր «Վերք Հայաստանի» վեպում Աբովյանը խորին կսկիծով ցանկանում էր իմանալ այն ուժը, որը փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չէր կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցին պատասխանում ենք մենք - նրա ժառանգորդները: Գտնվեց այն ուժը, որը վերածնեց հայ ժողովրդին: Դա սովետական իշխանությունն էր»,- ասում էր նա:
Ալիխանյան եղբայրների Ստալինյան մրցանակը
1948թ. Ստալինյան մրցանակի են արժանանում Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյան եղբայրները։
1942-ից եղբայրները զբաղվում էին տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ։
«1942 թվին, պատերազմի ամենաթեժ պահին, երբ գերմանացիները խցկվում էին դեպի Կովկաս, Ալիխանյան եղբայրներն իրենց առաջին արշավանքն են կազմակերպում դեպի Արագած լեռը՝ կոսմիկական ճառագայթներն ուսումնասիրելու նպատակով»,- գրում էր «Ավանգարդը»։
Նրանց հետազոտությունները տեւում են գրեթե չորս տարի, եւ 1946-ին եղբայրները հայտնագործում են երկու մասնիկ։ Մեկ տարի անց հրապարակված գիտական հետազոտությունների համար էլ նրանց շնորհվում է ԽՍՀՄ բարձրագույն պարգեւը։
Կարդացեք նաեւ ԱՄՆ ԿՀՎ-ն եւ Ալիխանյանները կամ «հայկական ատոմային ռումբի» միֆը հոդվածը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան