Խորհրդային միությունում ներմուծվում է «Աշխատանքի հերոս» կոչումը, Չարլզ Լինսբերգն իրականացնում է առաջին տրանսատլանտյան թռիչքը, Չինաստանն ու ԽՍՀՄ-ը խզում են դիվանագիտական հարաբերությունները, լույս է տեսնում Մուստաֆա Քեմալի «Նոր Թուրքիա» գիրքը:
«Ձորահէկ»-ի հիմնադրումը
1927թ. հուլիսի 24-ին տեղի է ունենում «Ձորահէկ»-ի (Քոլագերանի ՀԷԿ) հանդիսավոր հիմնադրումը: «Ձորահէկ»-ի հեղինակներն էին Հենրի Գրաֆիտիոն եւ ակադեմիկոս Հովհաննես Մելիք-Փաշաեւը:
«Ձորահէկ»-ն օգտագործելու էր Դեբեդ գետի ձախ վտակի՝ Ձորագետի ջուրը, որն այն ժամանակ կոչվում էր Կամենկա։ «Կամենկա գետից ջուրը վերցնելու համար հարկավոր է ջուրը կտրել, առաջը բանդ անել, որից 2 վերստ երկարությամբ եւ մի վերստ լայնությամբ ջուրը լիճ է կազմելու։ Շատերը կասկածում էին, որ կարող է ջուրը լիճ կազմել եւ կարող է մի տեղից ծակի՝ դուրս գնա կամ թե չէ՝ մաղի նման հանի։
Դրա համար հրավիրեցին գործին հմուտ ինժեներ Կարապետյանին՝ Թիֆլիսից, պրոֆեսոր Զախարովին՝ Լենինգրադից եւ երկրաբան Շիլնիկովին՝ Երեւանից»,- գրում էր «Մաճկալ» թերթը։ Երեք մասնագետն էլ եզրակացրել էին, որ լիճը ձեւավորվելու է, եւ շինարարությունը սկսվել էր։
«Ձորահէկ»-ն ուներ արդյունաբերական կարեւոր նշանակություն. հոսանք էր ապահովելու Ալավերդու պղնձաձուլարանին, ինչպես նաեւ հնարավորություն էր տալու մշակելու բազալտի հանքերը։
Անրի Բարբյուսի այցը
1927թ. հոկտեմբերի 21-ին Երեւան է ժամանում ֆրանսիացի գրող, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ Անրի Բարբյուսը: Նույն օրը Երեւանի մշակույթի տանը տեղի է ունենում հանդիսավոր երեկո, որը ղեկավարում էր Բարբյուսին դիմավորող հանձնաժողովի նախագահ Ասքանազ Մռավյանը:
Բարբյուսը բազմաթիվ հանդիպումներ է ունենում Հայաստանում. այցելում է դպրոցներ, մշակութային օջախներ, գործարաններ: Կիրովականում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասում է.
«Այս րոպեին կուզենայի ունենալ այնպիսի երկար ձեռքեր, որ կարողանայի ամբողջ հայ աշխատավորությանը սեղմել իմ կրծքին եւ նրան ասել - երջանիկ եք, որ ձեզ վիճակված է սոցիալիզմ կառուցել: Ժամանակավորապես հեռանալով ձեզանից՝ չեմ ասում՝ մնաք բարով, այլ ասում եմ՝ ցտեսություն»:
«Գրական դիրքերում» ամսագրում հրապարակվում է Անրի Բարբյուսի խոսքը՝ ուղղված Հայաստանի պրոլետարական գրողներին:
«Ինձ համար մի մեծ երջանկություն է, որ ձեզանից մի քանիսի հետ կապեր հաստատեցի, եւ ամեն բանից առաջ ցանկանում եմ, որ Խորհրդային Հայաստանում կատարած իմ արագ ճանապարհորդությունն առիթ լինի՝ տեւական եւ ամուր կապ հաստատելու մեր միջեւ։ ...Կեցցեն կարմիր Անդրկովկասի, Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Միության ֆիզիկական ու մտավոր աշխատավորները։ Լենինական։ 27 հոկտեմբերի, 1927թ.»,- գրել էր Բարբյուսը։
Շիրվանզադեն՝ Թամանյանի եւ Քաջազնունու մասին
Հունվարի առաջին օրերին «Մարտակոչ» թերթում Խորհրդային Հայաստանի իրավիճակի մասին տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Շիրվանզադեն:
«Մարտակոչը» Անդրկենտգործկոմի պաշտոնաթերթն էր, որը հիմնադրել էր Ալեքսանդր Մյասնիկյանը: Շիրվանզադեն նշում էր, որ Երեւանում կառուցապատման ու փողոցների վերանորոգման մեծ աշխատանք է տարվում: Նա դրվատանքի խոսքեր էր ասում ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի եւ ճարտարապետ, Հայաստանի նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունու մասին.
«Երեւանի տները հիմնավորապես նորոգվում եւ փողոցները սալահատակվում են, մի քանի տներ արդեն բոլորովին պատրաստ են բնակության համար: Հայաստանի բոլոր մասնագետների ոգեւորությունը վերին աստիճանի բարձր է: Գովասանքի են արժանի ակադեմիկոս Թամանյանի եւ ճարտարապետ Քաջազնունու աշխատանքները: Վերջիններս մեծ ջանք են գործ դնում երկրի վերաշինման համար»:
1926թ. վերջին Շիրվանզադեն ՀԽՍՀ կենտգործկոմի նախագահ Արտաշես Կարինյանի հետ մեկնել էր Լենինական՝ ծանոթանալու երկրաշարժից տուժած բնակիչների խնդիրներին: Նա անդրադառնում է նաեւ այդ այցելությանը՝ նշելով, որ բնակիչների շուրջ 20 տոկոսը լքել էր իրենց գյուղերը:
«Երկրաշարժի երկրորդ օրը ես այցելեցի ընկ. Կարինյանի հետ Լենինական. դրությունը շատ հուսահատական էր, մանավանդ վեց հիմնավեր գյուղերում: Երբ լուր հասավ ԽՍՀՄ խոստացած օգնության մասին, ժողովուրդը հանգստացավ, զգալով, որ Լենինականը կվերաշինվի մեծ Միության օգնությամբ»,- գրում էր Շիրվանզադեն:
«Պաղտասար Աղբար»-ի առաջին բեմադրությունը
Հունվարի 8-ին Երեւանի պետական թատրոնում Լեւոն Քալանթարն առաջին անգամ բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Աղբար» կատակերգությունը:
«Քալանթարը մեծ ուշադրություն դարձրեց բեմի կահավորմանը, Բաղդասար Աղբարի բնակարանը համապատասխանում է էպոխային»,- գրել էր «Խորհրդային Հայաստանը»: Ներկայացման դերասաններն էին Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մկրտիչ Ջանանը, Համբարձում Խաչանյանը եւ ուրիշներ:
«Մարդը՝ իր ռեալ, կենսականորեն ճիշտ դրության մեջ»
1927թ. հունվարի 17-ին Երեւանում հիմնադրվում է Ռուսաստանի հեղափոխական նկարիչների ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը:
«Գրական դիրքերում» ամսագրի առաջին համարում նկարիչ Միքայել Արուտչյանը փորձում էր ուրվագծել, թե ինչ խնդիրներ է լուծելու կազմակերպությունը։ Նա նշում էր, որ նախեւառաջ հարկ է գտնել հոկտեմբերյան դարաշրջանը ներկայացնելու լավագույն ձեւը, ինչպես նաեւ կապ ստեղծել բանվորագյուղացիական մասսաների եւ նկարիչների միջեւ։ Հայկական նկարչության հաջորդ կարեւոր թերությունը մարդուն չանդրադառնալն էր։
«Մինչեւ այժմ Հայաստանի նկարիչները չափազանց քիչ են պատկերել մարդկանց։ Կոլորիտի ու տարածության խնդիրները Հայաստանի նկարիչներին տարել են ամենանվազ դիմադրության գծով։ Նախատինք էր համարվում, եթե ամեն մի նկարիչ չունենար տասնյակ Արարատներ, Սեւաններ՝ լուսավորության, մթնոլորտի, եղանակի եւ տրամադրության ամեն հնարավոր եւ անհնարին պայմաններում: Ասոցիացիայի անդամները պետք է առաջին շարքը քաշեն մարդը՝ իր ռեալ, կենսականորեն ճիշտ դրության մեջ»,- գրել էր Միքայել Արուտչյանը։
Մահանում է Շուշանիկ Կուրղինյանը
1927թ. նոյեմբերի 24-ին մահանում է հայ հեղափոխական ամենահայտնի բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը:
Շատերը դեռեւս խորհրդային դպրոցից կհիշեն նրա հայտնի «Բանվորները» բանաստեղծությունը.
Այդ մե՜նք ենք գալիս -
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գտակ, աղտոտ մազերով,
Մեծ մասամբ դեղնած, գծուծ եւ բոկոտ,
Երբեմն դժգույն, երբեմն անխռով,
Երբեմն քաղցի, լուռ տառապանքի
Սեւ կնճիռների անջինջ կնիքով...
Ջրային կոնվենցիան
1927թ. հունվարի 8-ին ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Կարսում ստորագրում են Արաքս եւ Ախուրյան գետերի ջրօգտագործման համաձայնագիրը, ինչպես այն ժամանակ էին ասում՝ ջրային կոնվենցիան: Բանակցությունները սկսվել էին դեռեւս 1925-ին, սակայն վերջնական փուլ էին մտել միայն խորհրդա-թուրքական սահմանազատումից հետո: 1927-ի հունվարին ամփոփելով փաստաթղթով սահմանված պայմանավորվածությունները՝ Խորհրդային Հայաստանի հողժողկոմատի ջրային տնտեսության վարչության պետ Սուրեն Շադունցը հայտնում էր, որ կողմերը որոշել են գետերի ջուրն օգտագործել հավասարապես:
Վերահսկողության նպատակով ստեղծվում էր հատուկ հանձնաժողով, որը տարեկան երկու անգամ չափելու էր ջրի օգտագործման ծավալը:
«Ջրային կոնվենցիայով ամենից առաջ ու ամենից ավելի շահագրգռված են Խորհրդային Հայաստանը, որովհետեւ նրա մեջ գլխավորապես խոսվում է Արփաչայի եւ Արաքսի մասին, որոնք Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետության սահմանակիցն են: Մեր Սարդարապատի տափարակը հենց այդ հարցի լուծմանն էր սպասում: ...Սարդարապատի ամբարտակի արձանագրության հիման վրա մեզ իրավունք է վերապահված գետի մեր ափից մինչեւ թուրքական ափն ամբարտակ կառուցելու»,- հայտնել էր Շադունցը:
Ջրային համաձայնությունը ստորագրելուց հետո՝ 1927թ. հունվարի 12-ին, ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար Օտտո Կարկլինն այցելում է Երեւանի թուրքական հյուպատոսություն եւ հանդիպում հյուպատոս Մեհմեդ Րաղըբ բեյին: Վերջինս գոհունակություն է հայտնում համաձայնագրի ստորագրումից: «Այս ամբարտակների խնդրով անմիջապես շահագրգռված է Հայաստանի ազգաբնակությունը: Իմ անկեղծ փափագն է, որ մեր բարեկամ եւ հարեւան Հայաստանի ազգաբնակությունը կատարելապես օգտվելով ջրային այս կոնվենցիայից, բարեկեցիկ ու երջանիկ լինի: Այս պայմանագիրը մեծ հրճվանք է պատճառում ինձ, եւ ես ամբողջ սրտով շնորհավորում եմ երկու հարեւան պետությունների ազգաբնակությանը»,- ասել էր Երեւանում Թուրքիայի հյուպատոսը:
Երեւանի կարբիդի գործարանը
1927թ. ապրիլի սկզբին շահագործման է հանձնվում Երեւանի կարբիդի գործարանը, որը կառուցվել էր երկաթուղային կայարանի մոտակայքում։ Կարբիդը կրից կամ կոքսից ստացվող կարեւոր քիմիական նյութ էր, որը մշակվում էր բավականին բարձր ջերմաստիճանում։ Կարբիդի ստացման համար անհրաժեշտ էր էժան էլեկտրաէներգիա, եւ գործարանը շահագործման է հանձնվում Երեւանի ՀԷԿ-ի կառուցումից հետո։ Երեւանի կարբիդի գործարանը առաջինն էր Խորհրդային միությունում։
«Խորհրդային Միության մեջ մինչեւ այժմ կարբիդ արտադրվում էր աննշան չափերով Ալավերդու հանքերից եւ Լենինգրադի շրջանից։ Ամբողջ եվրոպական արդյունաբերությանը կարբիդ մատակարարողը հանդիսանում են Շվեդիան եւ Նորվեգիան, որտեղ էժան էլեկտրաէներգիան առատ է։ Մեր կարբիդը երկաթգծի ուղղությամբ հոսում է դեպի հյուսիս, դեպի մեր արդյունաբերական կենտրոնները։ Որքան ուժեղ է նրա հոսանքը, այնքան Խորհրդային Միության պրոլետարիատը քիչ կախում ունի կապիտալլիստական աշխարհից»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Կալինինը հետեւում է երկրաշարժի հետեւանքների վերացմանը
1927թ. հունիսի վերջին Խորհրդային Հայաստան է այցելում ՀամԿ(բ)Կ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Կալինինը։
Նա Ալավերդիում եւ Կիրովականում կարճատեւ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, ապա ուղեւորվում Լենինական։ Կալինինի այցի նպատակը 1926թ. երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքին ծանոթանալն էր։
Հանդիպելով աղետից տուժած բնակիչներին՝ նա ասել էր, որ «գյուղացիներն իրենց վրա պիտի դնեն հիմնական հույսը, միայն դրսից չսպասեն, ավելի եռանդով աշխատեն, այդ դեպքում արդեն դրսի անհրաժեշտ օգնությունն իր դերը կկատարի»։
Լենինականում Կալինինն այցելում է նաեւ զորամաս, հանդիպում Կովկասյան կարմրադրոշ բանակի հրամանատար Լեւանդովսկուն եւ հրամանատարական կազմին։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան