Հայկական Կարմիր. 1951



1951 թվականին ընթանում է Կորեական պատերազմը, Իրանում իշխանության է գալիս Մոհամեդ Մոսադիքի կառավարությունը, Երուսաղեմում սպանվում է Հորդանանի թագավոր Աբդալահ իբն Հուսեյնը, գեներալ Պերոնը վերընտրվում է Արգենտինայի նախագահի պաշտոնում, Սիրիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում:


Գեւորգյան ճեմարանի առաջին շրջանավարտները՝ 1917-ից հետո


1951թ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը երկարատեւ դադարից հետո տալիս է առաջին շրջանավարտները: Ճեմարանը փակվել է 1917-ին, եւ միայն 1945-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանի ջանքերով վերսկսում է ուսումնական գործընթացը:

 

 

Երկարատեւ ընդմիջման, ինչպես նաեւ բոլշեւիկյան հակաեկեղեցական քաղաքականության հետեւանքով Հայաստանում հոգեւորականները շատ քիչ էին, եւ ճեմարանի գործունեության վերսկսումը միտված էր այդ բացը լրացնելուն:

«Էջմիածին» ամսագիրը, անդրադառնալով ճեմարանի գործունեությանը, նշում էր, որ այն անհրաժեշտ էր նաեւ «կաթոլիկական մարդորսական քարոզչությանը» հակազդելու համար:

 

 

«Հայաստանյայց Եկեղեցին ներկա շրջանում ավելի, քան երբեք կարիք ունի եկեղեցական ավանդույթներով դաստիարակված, հայրենասիրական լիցք ունեցող, եկեղեցական աշխատանքը հասարակական եւ հայագիտական աշխատանքին համատեղող, կյանքի հետ ծանոթ, կայուն նկարագրով պատրաստված հոգեւորականների»,- գրել էր ամսագիրը:


Հին հուշարձանների վերականգնումը


1951թ. Հայաստանի ճարտարապետական հուշարձանների կոմիտեն ավարտում է հին հայկական մի շարք հուշարձանների վերականգնումը, որոնց թվում էին Եղվարդի 7-րդ դարի Զորավոր եւ Օշականի Մանկանոց եկեղեցիները:

 

 

Վերականգնելու աշխատանքների համար կոմիտեն սկսում է Ալավերդու եւ Իջեւանի շրջանների Խորակերտ եւ Հաղարծին եկեղեցիների չափագրումը:


Սեւանի դամբարանները


1951թ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պետական պատմության թանգարանի գիտաշխատողները պեղումներ են իրականացնում Սեւանա լճի ափամերձ Նոր Գետաշեն (նախկինում՝ Մուխան) գյուղի հարակից տարածքում: Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցումից հետո այստեղ բացվել էր շուրջ 80 դամբարան, որոնք ունեն մոտ 3000 տարվա վաղեմություն:

Դամբարաններում գտնվել էր լավ պահպանված մի երկաթե դանակ, որը վերաբերում է երկաթի շրջանին: Գտնվել էին նաեւ մեծ քանակությամբ բրոնզե տարբեր իրեր, այդ թվում՝ գոտու մնացորդներ, ապարանջաններ, որոնք կշռում են 250-300 գրամ: Գտնված իրերի խմբում առանձնապես աչքի էին ընկնում բազմատեսակ ուլունքները:


Դվինի պեղումները


1951 թվականին ավարտվում են Գառնիի եւ Դվինի պեղումները: Դվինում արշավախումբը ղեկավարում էր Կարո Ղաֆադարյանը: Պեղվում են քաղաքի միջնաբերդը, կենտրոնական թաղամասերի մի մասը: Դվինի ստորին բերդում հայտնաբերվում է 10-12-րդ դարերի իշխանական պալատ, որի կենտրոնական մասում մեծ դահլիճն էր: Շինությունն ուներ նաեւ թոնրատուն, միջանցքներ, պահեստ, տնտեսական կառույցներ:

«Շենքն ունեցել է ներքին գեղեցիկ հարդարանքներ՝ թեւավոր առյուծների եւ որսի կենդանիների պատկերներով որմնազարդեր: Այս շինությունը խիստ կարեւոր նշանակություն ունի 10-12-րդ դարերի հայ աշխարհիկ ճարտարապետության պատմության հարցերի լուսաբանման համար»,- գրում էր Ղաֆադարյանը:


Ստալինյան մրցանակ «Հերոսուհին» օպերային


1951թ. Ստալինյան մրցանակի է արժանանում կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Հերոսուհին» օպերան։

Օպերայի սյուժեն կոլտնտեսության մասին է, որի երիտասարդ անդամ Նազելին ղեկավարում էր բրիգադը։ Նազելու դերը կատարում էր Տաթեւիկ Սազանդարյանը։

 

 

«Օպերայի մեջ ամենապայծառ, գեղարվեստորեն ավարտված կերպարը երիտասարդ ու հմայիչ Նազելու կերպարն է։ Ստալինյան մրցանակի լաուրեատ, ժողովրդական արտիստուհի Տաթեւիկ Սազանդարյանի կատարմամբ Նազելին գրավում է հանդիսատեսներին իր բնավորությամբ, ազնվությամբ ու ամբողջականությամբ։ Տաթեւիկ Սազանդարյանը գեղեցիկ ձայն ունենալով երգում է տպավորիչ եւ հուզիչ»,- գրում էր «Ավանգարդ» թերթը։


Մահանում են Նիկողայոս Տիգրանյանը եւ Երվանդ Շահազիզը


1951թ. փետրվարի 17-ին մահանում է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը (1856-1951): Նա ծնվել էր Ալեքսանդրապոլում եւ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանի եղբայրն էր:

 

 

Կոմպոզիտորի մահվան առիթով ցավակցական ուղերձ են հղում Հայաստանի մշակութային մի խումբ գործիչներ՝ նշելով, որ Տիգրանյանը հայ երաժշտական արվեստի կարկառուն գործիչներից է:

«Իր երկարամյա կյանքի մեծագույն մասը կոմպոզիտորը նվիրել էր հարազատ ժողովրդի երաժշտական կուլտուրայի զարգացման գործին: Լինելով հայկական գործիքային, հատկապես դաշնամուրային երաժշտության հիմնադիրը, Նիկողայոս Տիգրանյանը հարստացրել է հայ երաժշտական արվեստի գանձարանը»,- գրել էին մշակույթի գործիչները:


1951թ. օգոստոսի 12-ին մահանում է գրականագետ, ազգագրագետ եւ բանասեր Երվանդ Շահազիզը: Նրա երկար տարիների գիտական ուսումնասիրությունների արգասիքն էին «Նոր Նախիջեւանը եւ նորնախիջեւանցիք», «Հայոց վանքերը եւ նրանց դերը հայոց կյանքում», «Հին Երեւանը», «Չերքեզիա եւ չերքեզահայք» եւ այլ աշխատություններ:

 

 

«Երվանդ Շահազիզը գրել է մեծ թվով հոդվածներ, որոնք նվիրված են պատմագիտական, բանասիրական խնդիրներին, նրա այդ հոդվածները լույս են տեսել հայ պարբերական մամուլում: Շահազիզի գրեթե բոլոր գործերն անգնահատելի գանձեր են հայ կուլտուրայի եւ պատմության ներկա եւ ապագա ուսումնասիրողների համար»,- գրել էր «Էջմիածին» ամսագիրը:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: