Բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջին նստաշրջանը, Ֆիլիպինները անկախանում է ԱՄՆ-ից, ի կատար են ածվում Գերմանիայի ռազմական հանցագործների նկատմամբ Նյուրնբերգի դատավարությունում կայացած մահապատիժները, Հերման Հեսսեն գրականության Նոբելյան մրցանակ է ստանում, ծնվում են Pink Floyd խմբի հիմնադիր Սիդ Բարեթը եւ Queen-ի վոկալիստ Ֆրեդի Մերկյուրին:
Հայրենադարձությունը
Հայրենական մեծ պատերազմից հետո արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներից շատերի համար դժվարին պայմաններ էին ստեղծվել, ինչը նպաստում էր հայրենադարձության գաղափարի տարածմանը։ Խորհրդային կառավարությունն իր հերթին մեծ քարոզչություն էր տանում աշխարհի տարբեր երկրներում սփռված հայերին վերադարձնելու համար։ 1946-ին հայրենադարձության գործընթացը սկսվում է։ Տարեսկզբին ակտիվորեն ցուցակագրում էին Խորհրդային Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողներին, հատկացվում էին ֆինանսական միջոցներ, նախատեսվում առանձնատներ կառուցելու վարկեր։
1946թ. հունիսի 23-ին Բեյրութից Բաթում է ուղեւորվում «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին։ Հունիսի 27-ին նավը հասնում է Բաթում։ Մի քանի օր անց՝ հուլիսի 2-ին, նրանք Երեւան են ժամանում, որոնց մեծ շուքով դիմավորում են երկաթուղային կայարանում։
«Վերջապես ժամը 10։30-ին հեռվում երեւում է գնացքը։ Շոգեքարշի վրա փողփողում է կարմիր դրոշը։ Կառամատույցում հավաքվածները թափահարում են թաշկինակները, գլխարկները, նրանք ողջունում են իրենց հարազատներին, որոնք օտարությունից վերադառնում են հայրենիք»,- գրում էր «Ավանգարդը»։
Հուլիսի երկրորդ կեսին սկսվում է ռումինահայերի, բուլղարահայերի, ապա Իրանում ապրող մեր հայրենակիցների հայրենադարձությունը։ 1946-ին Հայաստան է վերադառնում շուրջ 11 հազար ընտանիք՝ 50 հազար մարդ։
Հայրենադարձներին տեղավորելու համար ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը Հայաստանի քաղաքներում բնակարաններ կառուցելու որոշում էր ընդունել։ Բացի պետական շինարարությունից, կոմունալ եւ գյուղատնտեսական բանկերը վարկ էին տրամադրելու անհատական տներ կառուցելու համար։ Գյուղական բնակավայրերում տրամադրվելու էր մինչեւ 25 հազար, իսկ քաղաքներում՝ մինչեւ 30 հազար ռուբլի՝ 15 տարվա մարման ժամկետով։
Չնայած ծավալուն քարոզչությանը՝ հայրենադարձությունն ընթանում էր զգալի թերություններով։ Մասնավորապես, 1946թ. հայրենադարձների համար նախատեսված բնակարանային շինարարությունն իրականացվել էր ընդամենը 25 %-ով։ Խորհրդային Հայաստանի դատախազ Մեղավորյանը 1947թ. մարտին ՀԽՍՀ նախարարների խորհրդին զեկուցում էր, որ ստուգումների արդյունքով 1946-ին շինարարության ոլորտում մեծ խախտումներ են արձանագրվել։
«1946 թվի ընթացքում ռեսպուբլիկայի կոլխոզները պետությունից ստացած վարկով պետք է կառուցեին արտասահմանից ներգաղթած հայերի տեղավորման համար 1058 բնակելի շենք։ Մինչեւ 1947թ. հունվարի 1-ը ավարտվել եւ շահագործման է հանձնվել միայն 273 բնակելի շենք, որը կազմում է բնակելի շենքերի 25.7 %-ը։ Վերաբնակեցման վարչությունը 1946 թվի ընթացքում պետք է կառուցեր եւ շահագործման հանձներ 600 բնակելի շենք։ մինչեւ 1947թ. հունվարի 1-ը ոչ մի բնակելի շենքի կառուցումն ավարտված չի եղել»,- զեկուցում էր դատախազը (ՀՀ Ազգային արխիվ, ֆ. 113, ց.29, գ. 150, թ.11-12)։
«Հայաստանին վերադարձնել Թուրքիայի կողմից զավթված մարզերը»
1946թ. փետրվարի 1-ին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը հանդիպում է ընտրողների հետ եւ մի շարք ուշագրավ քաղաքական հայտարարություններ անում։
Նա նշում է, որ Հայաստանը սկսել է հայրենադարձությունը, եւ աշխարհի տարբեր երկրների շուրջ մեկ մլն հայեր ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Սակայն Հայաստանը 300-400 հազարից ավելի մարդ չէր կարող ընդունել։ «Մենք ինչպես պետք է վարվենք մնացածների հետ։ Մնացած 500-600 հազար հայերին ընդունելու համար մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը»,- ասել էր Գրիգոր Հարությունյանը։
Կարսի եւ Արդահանի շրջանների վերադարձի հարցը տարածաշրջանային քաղաքական օրակարգում էր Հայրենական պատերազմի ավարտից անմիջապես հետո։ 1946թ. հունվարի 6-ին Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի զավթել Կարսի եւ Արդահանի շրջանները, այլ դրանք նրան են անցել 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Սարաջօղլուն նաեւ հայտարարել էր, որ թուրքական եւ ռուսական զորքերի դուրս բերումից հետո վիճելի շրջաններում անցկացվել էր հանրաքվե։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրից 28 տարի անց Գրիգոր Հարությունյանը վիճարկում էր թուրք վարչապետի բերած փաստերը՝ նշելով, որ հանրաքվեին մասնակցել էր բնակիչների միայն մի փոքր մասը, եւ խորհրդային կառավարությունը դեռեւս 1918-ի սեպտեմբերին անօրինական էր ճանաչել այդ հանրաքվեն։
«Թուրքիայի կողմից բռնի կերպով զավթված այդ եւ մյուս հայկական մարզերը վերադարձնելու վերաբերյալ հայերի պահանջը արդարացի պահանջ է։ ...Միութենական կառավարության պաշտպանությամբ մենք կհասնենք մեր օրինական պահանջների բավարարմանը»,- եզրափակել էր Գրիգոր Հարությունյանը։
Ուշագրավ է նաեւ, որ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը չէր հիշատակել 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնք փաստացի հաստատել էին թուրքերի իրավունքներն այդ շրջանների վրա։ Կարսի ու Արդահանի վերադարձի խնդիրը մի քանի տարի մնում է Խորհրդային միության արտաքին քաղաքական օրակարգում, սակայն 1953-ին՝ Ստալինի մահից մի քանի ամիս անց, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Մոլոտովը պաշտոնապես հայտարարում է, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի։
«Հայրենի երկիր» ֆիլմը
1946-ին Երեւանի կինոստուդիան նկարահանում է «Հայրենի երկիր» վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը։ Հիմնական շեշտը 20-րդ դարի սկզբին հայերի Ցեղասպանությունն էր, ապա խորհրդային կարգերի հաստատումը եւ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։
«Հայրենի երկրում» օգտագործվել էին արխիվային բազմաթիվ նյութեր, որոնք պատմում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործության մասին։ Կարելի է ասել, որ սա խորհրդային առաջին ֆիլմն էր, որը պատմում էր 1915թ. Ցեղասպանության մասին։
«Հայրենի երկրի» համար կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը գրում է «Մարտիկի երգը», որը մեծ տարածում է ստանում։
Անգլո-սովետական բարեկամության ընկերության պատվիրակությունը
1946թ. հուլիսի վերջին Երեւան է ժամանում անգլո-սովետական բարեկամության ընկերության պատվիրակությունը։ Հյուրերը շրջում են Երեւանի տեսարժան վայրերում, հանդիպում պետական պաշտոնյաների եւ հասարակական գործիչների հետ։
Պատվիրակության ղեկավար Սթենլի Էվանսը հարցազրույցի ժամանակ անդրադառնում է հայերի ներգաղթին՝ ասելով, որ անգլիական հասարակությունը դրական է վերաբերվում հայրենադարձությանը։ «Մենք իմացանք, որ Հայաստանի կառավարությունը մեծ հնարավորություններ է տալիս ամբողջ աշխարհում ցրված հայերին հայրենիք վերադառնալու համար։ Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի համար մեծ գործ է. մենք երջանիկ կլինենք, երբ իմանանք, որ բոլոր արտասահմանյան հայերը հնարավորություն կստանան վերադառնալ իրենց հայրենիքը»,- ասել էր Էվանսը։
Պատվիրակության կազմում էր նաեւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Յուլիյ Սիլվերմենը, որն անդրադառնում է Թուրքիայի կողմից բռնազավթված հողերի վերադարձին։ «Մենք հասկանում ենք, որ այդ հարցը ձեզ համար կենսական նշանակություն ունի։ Այդ պրոբլեմը արտացոլում է հայ ժողովրդի խոր զգացմունքներն ու իղձերը։ Վերադառնալուց հետո անգլիական ժողովրդին կպատմենք այդ զգացմունքների եւ իղձերի մասին»,- խոստացել էր պատգամավորը։
Ստալինյան մրցանակներ հայ գիտնականներին եւ արվեստագետներին
1946թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ 1-ին եւ 2-րդ աստիճանի Ստալինյան մրցանակներ են շնորհվում գիտության եւ մշակույթի ոլորտների մի շարք ներկայացուցիչների: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում ակնառու հաջողությունների համար մրցանակը տրվում է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ Վիկտոր Համբարձումյանին: Պատմաբանասիրական գիտությունների բնագավառում մրցանակ է ստանում ԳԱ Ակադեմիայի իսկական անդամ Ստեփան Մալխասյանը: Մեծ հայագետին մրցանակը շնորհվում է «Հայերեն բացատրական բառարանը» կազմելու համար, որտեղ տրված է շուրջ 120 հազար բառի բացատրություն:
Մշակութային գործիչներից մրցանակ են ստանում Արամ Խաչատրյանը, Հայկանուշ Դանիելյանը, ինչպես նաեւ Կոմիտասի անվան քառյակը (Սարգիս Ասլամազյան, Նիկիտա Բալաբանյան, Ավետ Գաբրիելյան եւ Միքայել Տերյան):
Ժդանովի ելույթի արձագանքները Հայաստանում
1946թ. ապրիլին ՀամԿ(բ)Կ կենտկոմի բյուրոյում ելույթ է ունենում Կենտկոմի քարտուղար Անդրեյ Ժդանովը եւ լուրջ թերություններ արձանագրում պրոպագանդայի ոլորտում: Նա նշում է, որ հրատարակվող գրական «հաստ» ամսագրերում՝ «Նովիյ Միր», «Զվեզդա», «Լենինգրադ», «չկան տաղանդավոր ստեղծագործություններ»: Ըստ Ժդանովի՝ նույն պատկերն էր նաեւ կինոյում, թատրոնում եւ մշակույթի այլ ոլորտներում: Օգոստոսին ՀամԿ(բ)Կ կազմբյուրոն արդեն որոշում է ընդունում, որով խստորեն դատապարտում է «Զվեզդա» եւ «Լենինգրադ» ամսագրերը, որոնք համարձակվել էին հրատարակել Միխայիլ Զոշչենկոյի եւ Աննա Ախմատովայի մի քանի ստեղծագործությունը: Զոշչենկոն եւ Ախմատովան հեռացվում են Գրողների միությունից եւ դառնում «իզգոյ»:
Ժդանովի ելույթի արձագանքներն անմիջապես հասնում են Հայաստան: Պարզվում է, որ Երեւանում նույնպես կային բազմաթիվ գրողներ, ովքեր «շեղվել» էին կուսակցական գծից եւ խորհրդային քաղաքացուն անհարիր գրական գործեր էին ստեղծում: 1946թ. սեպտեմբերի վերջին տեղի է ունենում Հայաստանի սովետական գրողների երկրորդ համագումարը, որտեղ էլ արդեն «բացահայտվում են» կուսակցության գծից տեղային շեղումները։ Խստորեն քննադատվում են Սիլվա Կապուտիկյանի, Գեւորգ Էմինի, Մարո Մարգարյանի, Նաիրի Զարյանի, Դերենիկ Դեմիրճյանի մի շարք ստեղծագործություններ, որոնք որակվում են «ապոլիտիկ, դեկադենտական-անկումային, հոռետեսական եւ գաղափարազուրկ»։
«Խիստ քննադատության ենթարկվեցին եւ դատապարտվեցին առանձին գրողների երկերը (Լ. Թարգյուլի «Սահականուշ», Արաքսմանի «Գյազբել լեռան գաղտնիքը», Վիգեն Խեչումյանի «Ամեն օր լուսաբացին», Տիգրան Հախումյանի «Երկու ամիս ռազմաճակատում»), որոնցում աղավաղված կերպով է արտացոլվել սովետական իրականությունը, սովետական մարդու կերպարը, ծուռ հայելու մեջ պատկերելով Հայրենական պատերազմի հերոսներն ու դեպքերը»,- գրում էր «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագիրը։
Համագումարը նաեւ գրողների ուշադրությունը հրավիրում է բուրժուական-նացիոնալիստական միտումներին, որոնք նկատվում էին հայկական գրական ստեղծագործություններում։ Դրանք արտահայտվում էին «անցյալը ռոմանտիկորեն իդեալականացնելու փորձի մեջ, որը քողարկվում է ազգային պատյանով, ընթերցողների ազգային զգացմունքների չարաշահումով»։
17-ամյա Տիգրան Պետրոսյանի հաջողությունը
1946թ. հոկտեմբերին ավարտվում է Հայաստանի շախմատի առաջնությունը, որտեղ հիմնական պայքարն ընթանում էր 17-ամյա Տիգրան Պետրոսյանի եւ Հենրիկ Գասպարյանի միջեւ։ 8։6 հաշվով Պետրոսյանը հաղթում է եւ դառնում Հայաստանի չեմպիոն։
«Երիտասարդ Պետրոսյանը խոշոր հաջողություններ է ձեռք բերել վերջին մեկ տարվա ընթացքում. նա գրավել է առաջին տեղը Վրաստանի 1945թ. տուրնիրում, 1-3 տեղերը ՍՍՌՄ-ի պատանի շախմատիստների 1945թ. չեմպիոնատում, առաջին տեղը Հայաստանի 1946թ. չեմպիոնատում։ Նա գրավել է առաջին տեղը եւ արժանացել չեմպիոնի կոչման՝ ՍՍՌՄ-ի պատանիների գծով, 1946թ. Լենինգրադում տեղի ունեցած չեմպիոնատում»,- գրել էր «Սովետական Հայաստանը»։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան