Հայկական Կարմիր. 1990



1990 թվականին Մոսկվայում բացվում է առաջին McDonalds ռեստորանը, Կոսովոյում բախումներ են սկսվում սերբերի եւ ալբանացիների միջեւ, Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Արգենտինայի եւ Իրանի հետ, Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արեւմտյան Գերմանիայի հավաքականը հաղթում է Արգենտինային, ավտովթարից զոհվում է «Կինո» խմբի մենակատար Վիկտոր Ցոյը, Գարրի Կասպարովը պահպանում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Առաջին առեւտրային բանկը


1990թ. սկզբին Հայաստանում սկսում է գործել առաջին առեւտրային բանկը, որը ԽՍՀՄ միասնական բանկային համակարգում էր:

Բանկի հիմնադիր բաժնետերերն էին Երեւանի քիմռեակտիվների գործարանը, «Տեմպ» ստեղծագործող երիտասարդության գիտատեխնիկական կենտրոնը, «Հայգորգ» արտադրական միավորումը, Երեւանի կահույքի ֆաբրիկան եւ այլ կազմակերպություններ: Բանկն առաջարկում էր արտադրողների հաշիվները սպասարկելու առավել ձեռնտու պայմաններ, վարկեր էր տրամադրելու ինչպես գործարարներին, այնպես էլ քաղաքացիներին:


Ազնավուրի այցը


1990թ. հունվարի 4-ին Երեւան է ժամանում Շառլ Ազնավուրը՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերակցության պատվիրակության հետ:

«Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ չկարողացա լինել անցած տարվա փետրվարին: Իսկ ամենագլխավորն այն է, որ ես ուզում էի Ծննդյան տոնը անցկացնել հայրենակիցներիս հետ: Ծննդյան տոնը բարի կամքի բոլոր մարդկանց տոնն է, եւ այդ օրը կուզենայի լինել յուրայինների հետ»,- ասել էր Ազնավուրը:

 

 

Երգիչը գտնում էր, որ աղետի գոտու վերականգնման աշխատանքներում հիմնականում ուշադրություն է դարձվում քաղաքներին՝ անտեսելով գյուղերը:

Երեւանում՝ Բաբկեն Արարքցյանի տանը, Ազնավուրը հանդիպում է ՀՀՇ վարչության անդամների հետ, քննարկում Հայաստանի խնդիրները: Այնուհետեւ Ազնավուրը մեկնում է Գյումրի, Սպիտակ, Նալբանդ եւ աղետի գոտու բազմաթիվ այլ բնակավայրեր:

Հրաժեշտի ժամանակ Ազնավուրին հարցնում են, թե երբ է հաջորդ անգամ գալու եւ նախատեսում է համերգներ տալ Հայաստանում: «Հարկավ, շուտ-շուտ պիտի գամ: Չեմ երգելու, ուրիշ գործեր կան, չեմ երգելու, մինչեւ չկառուցվի ավերվածը»,- ասել էր նա:


Արտակարգ իրադրության հանրապետական խորհուրդը


1990թ. հունվարի 13-ին Բաքվում սկսվում են հայերի ջարդերը: Շուրջ մեկ շաբաթ՝ մինչեւ հունվարի 20-ը, ադրբեջանական ամբոխը սպանում էր քաղաքում մնացած հայերին, թալանում նրանց ունեցվածքը:

Բաքվի ջարդերը լայն արձագանք են գտնում Հայաստանում. Երեւանում հարյուրհազարավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս՝ Հայաստանի եւ միութենական իշխանություններից պահանջելով քայլեր ձեռնարկել վայրագությունը կանգնեցնելու համար:

 

 

Հունվարի 14-ից Հայաստան են սկսում հասնել առաջին փախստականները: Նույն օրը ստեղծվում է Արտակարգ իրադրության հանրապետական խորհուրդ՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի եւ օպերատիվ շտաբ՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ:

Հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ Մովսիսյանն ասել էր. «Հայաստանը ճգնաժամային վիճակում է, բայց մենք մեր հայրենակիցներին անպաշտպան չենք թողնի»:


Զոհվում է Մովսես Գորգիսյանը


Իրադրությունը կտրուկ սրվում է նաեւ Նախիջեւանի սահմանին. հունվարի 18-ին ադրբեջանական հրոսակները Երասխի հատվածում սկսում են գնդակոծել Հայաստանի Հանրապետության տարածքը: Հայկական նորաստեղծ ու վատ զինված կամավորական ջոկատները անցնում են պաշտպանության: Հունվարի 19-ին Երասխի մարտերի ժամանակ զոհվում է Մովսես Գորգիսյանը:

 

 

1990թ. մարտի սկզբին տեղահանվում են Գետաշենի ենթաշրջանի Կամո եւ Ազատ գյուղի հայ բնակիչները: ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը դիմում է ԽՍՀՄ ԳԽ նախագահությանը՝ նշելով, որ երկրի ղեկավարության շրջանում կան ազդեցիկ ուժեր, որոնք ցանկանում են սրել իրադրությունը Անդրկովկասում: «Մենք կանգնած ենք ազգամիջյան պատերազմի շեմին: Այսօր դրա կանխման միակ հնարավորությունը ադրբեջանցիներով հիշյալ գյուղերի բնակեցման անհապաղ դադարեցումն է եւ Գետաշենի ենթաշրջանը Շահումյանին հանձնելը: Հակառակ դեպքում անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի կենտրոնական իշխանությունների վրա»,- ասված էր ՀԽՍՀ ԳԽ հայտարարության տեքստում:


Պիկետ «Նաիրիտ»-ի մոտ


1990թ. հունվարից «Նաիրիտ» գործարանի մոտ սկսվում է անժամկետ պիկետ, որի մասնակիցները պահանջում էին իրագործել քիմիական արտադրության հսկան փակելու ՀԽՍՀ ԳԽ որոշումը:

 

 

1989թ. բնապահպանական սպառնալիքները հաշվի առնելով՝ որոշվել էր դադարեցնել ձեռնարկության աշխատանքը, սակայն որոշումը չէր իրականացվում: Գործարանի շրջափակումը տեւում է մի քանի ամիս:


Մարգարետ Թետչերի այցը


1990թ. հունիսի 10-ին ամուսնու հետ Լենինական է այցելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը: Նա պաշտոնական այցով Մոսկվայում էր, որից հետո որոշել էր լինել Հայաստանի աղետի գոտում: Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:

 

 

Լենինականում Թետչերը մասնակցում է Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցել էին անգլիացիները: «Մեքենաների շքախմբի ամբողջ ճանապարհին՝ օդանավակայանից մինչեւ դպրոց, տասնյակ հազարավոր լենինականցիներ ջերմորեն ողջունում էին նրան, ալ մեխակներ սփռելով ճանապարհին»,- գրում է «Հայաստանի աշխատավորուհին»:

Բացման արարողության ժամանակ Թետչերն առաջարկում է դպրոցի հիմնադրման տոնը նշել հունվարի 22-ին՝ Ջորջ Բայրոնի ծննդյան օրը:

 

 

«Այսօր էլ չեմ կարող չհիշել դեկտեմբերի 7-ի այն ահավոր օրը, որը ցնցեց աշխարհը: Ամեն երեկո հեռուստատեսությունը մեր տներն էր բերում չտեսնված ավերածությունների եւ աներեւակայելի տառապանքների պատկերներ: Այդ ամենն էլ հենց նպաստեց համընդհանուր կարեկցանքի հարուցմանը հայ ժողովրդի նկատմամբ, որը Մեսրոպ Մաշտոցի հանճարի շնորհիվ առաջիններից մեկն է այբուբեն ստեղծել եւ գրել իմաստության ճանաչման մասին առաջին արտահայտությունը»,- ասել էր Մարգարետ Թետչերը: Նույն օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Հայաստանից:


Լենինականի Ավստրիական թաղամասի բացումը


1990թ. հուլիսին Լենինականում ավարտվում է Ավստրիական թաղամասի կառուցումը, որն իրականացվել էր Ավստրիայի կառավարության միջոցներով:

Բացման արարողությանը ներկա էր Ավստրիայի փոխվարչապետ Իոզեֆ Ռիգլերը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանցը:

 

 

«Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ, որպես աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի: Մենք գիտենք ձեր դժվարին պատմությունը եւ ցանկանում ենք, որ վերակառուցումը ձեզ թույլ տա ստեղծել ազատ եւ անկախ երկիր, եւ այն ժամանակ մեր օգնությունը կարող է կրել ավելի լայն եւ նպատակամղված բնույթ»,- ասել էր Ավստրիայի փոխվարչապետը:


Մահանում է Սերգեյ Փարաջանովը


1990թ. հուլիսի 20-ին Երեւանում մահանում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:

 

 

1989 թվականին Թբիլիսիում Փարաջանովի մոտ թոքի քաղցկեղ էին ախտորոշել։ Նույն թվականի աշնանը նրան վիրահատում են Մոսկվայում, սակայն հիվանդությունը հաղթահարել չի հաջողվում: Ընկերների օգնությամբ ռեժիսորը 1990 թվականին բուժումը շարունակում է Փարիզում: 1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովին տեղափոխում են Երեւան, որտեղ էլ երեք օր անց մահանում է։


Հարությունյանին փոխարինում է Մովսիսյանը


1990թ. ապրիլի 6-ին տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը որոշում է բավարարել առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի դիմումը եւ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ազատել զբաղեցրած պաշտոնից։

Պլենումը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Վլադիմիր Մովսիսյանին։


Իեն Գիլանի չորս համերգը


1990 թվականի մայիսին ռոք երաժշտության հայ սիրահարների կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում: Խորհրդային միությունում շրջագայության շրջանակում Երեւանի մարզահամերգային համալիրում չորս համերգ է տալիս լեգենդար Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանը:



«Մայիսի 17-ից 20-ը Գիլանին ծափահարում էր Հայաստանը: Բեմի ու հանդիսականի միջեւ չկար ոչ մի սահման, համերգի ժամանակ Իենը սեղմում էր երկրպագուների ձեռքերը, ինքնագրեր էր բաժանում եւ այլն:

 

 

Կարգուկանոն էին ապահովում միայն բեմի կողքերին կանգնած երկու թիկնապահները: Երկրպագուներն անընդմեջ ձայնարկում էին՝ «Գիլան-Գիլան», մթնոլորտը հիրավի ֆանտաստիկ էր: Առաջին երեկոյի ընթացքում “Ain't No More Cane On The Brazos” երգից առաջ Գիլանն ասաց, որ այն նվիրում է երկրաշարժի անմեղ զոհերին»,- գրում են «Իեն Գիլան. փառքի ճանապարհով» գրքի հեղինակները:

Իեն Գիլանի 1990 թվականի այցելության բոլոր մանրամասները կարդացեք Նորագույն պատմություն [մաս 1]. ինչպես Իեն Գիլանը կոտրեց «երկաթե վարագույրը» հոդվածում:


Բախում խորհրդային բանակի հետ


Մայիսի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանում տեղի է ունենում զինված բախում խորհրդային բանակի հետ։ Կայարանում սկսված փոխհրաձգության ժամանակ զոհվում են 6 հայ աշխարհազորայիններ։

 

 

Այնուհետեւ բախումները տեղափոխվում են Նուբարաշենի խճուղի, որտեղ մի խումբ ազատամարտիկներ փորձում էին փակել խորհրդային զինվորների մուտքը Երեւան։

Զոհվում է 27 մարդ, մի քանի տասնյակն էլ վիրավորվում են։

Հայոց համազգային շարժման վարչությունը մայիսի 30-ին հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ նշում էր, որ բախումների պատճառը ընտրություններում ժողովրդավարական ուժերի հնարավոր հաղթանակն էր։

«Զորքերի համալրումը խոչընդոտելու նպատակով զինված երիտասարդների մի խումբ փորձում է փակել Նուբարաշեն (Սովետաշեն) – Երեւան խճուղին։ Զրահապատ մեքենաները ճեղքում են շրջափակումը եւ, թափանցելով Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ են բացում բնակելի շենքերի վրա, որի հետեւանքով զոհվում է 17 եւ վիրավորվում շուրջ 40 քաղաքացի։ Բախման ընթացքում զոհվում է նաեւ մեկ սպա։ Հայոց համազգային շարժման ղեկավարների եւ աշխարհազորի մի շարք հրամանատարների ներդրած ահռելի ջանքերի գնով հաջողվում է դադարեցնել փոխհրաձգությունը եւ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ժողովուրդը սարսափահար այս ու այն կողմ էր վազում։ Էրեբունի-Նուբարաշեն ճանապարհը փակել էին Կամազ» ավտոմեքենաները։ Տաքսուց չէի հասցրել իջնել, երբ հրապարակում հայտնվեցին զրահապատ մեքենաները, որոնք անմիջապես սկսեցին կրակել։ Փամփուշտներից մեկն ինձ գետին տապալեց։ 10-15 րոպե պառկած մնացի հրապարակում։ Արյունաքամ էի լինում։ Հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,- «Ավանգարդ» թերթին պատմել էր դեպքի ականատեսներից Անդրանիկ Պողոսյանը։

Մայիսի 29-ին Հայաստանում սուգ է հայտարարվում։


Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Լեւոն Տեր-Պետրոսյանը


1990թ. մայիսի 20-ին անցկացվում են Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունները, որոնց մասնակցում էին նաեւ ժողովրդավարական ուժերը՝ Հայոց համազգային շարժման գլխավորությամբ։

Հուլիսի 15-ին տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը, եւ հուլիսի 20-ին ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը սկսում է իր աշխատանքը։ Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա առաջին տեղակալ է ընտրվում Բաբկեն Արարքցյանը։

 

 

Ընտրվելուց հետո ժողովրդին ուղղված դիմումում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է.

«Կոչ եմ անում բոլոր աշխարհազորայիններին՝ հավատարմության երդում տալ հանրապետության գերագույն իշխանության ատյանին, եւ մոռանալով ներքին հակասությունները, ձեռնպահ մնալ անխոհեմ գործողություններից։ Հարկադրված եմ հիշեցնել նաեւ, որ մեր պետականության կայացումը վտանգող ոչ մի արկածախնդրություն չի ներվի ժողովրդի կողմից»։


Օգոստոսի 14-ին Գերագույն խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ է նշանակում Վազգեն Մանուկյանին։

 

 

Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունում է Անկախության հռչակագիրը, որը Հայաստանի անկախության հիմնարար ուղենիշն էր։


Як-40 ինքնաթիռի կործանումը


1990 թվականի օգոստոսի 1-ին Լաչինի մոտ Երեւան-Ստեփանակերտ չվերթն իրականացնող Як-40 ինքնաթիռը բախվում է լեռանը եւ կործանվում:

Ավիավթարի զոհ են դառնում 46 հոգի՝ բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները:

Հետաքննությունը պարզում է, որ վթարի պատճառը «մարդկային գործոնն» էր՝ անձնակազմի եւ դիսպետչերական ծառայությունների թույլ տված սխալները:


Արտակարգ դրություն եւ ՀԱԲ-ի լուծարումը


1990 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը ընդունում է «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին», որում է ասվում է.

«Վերջին շրջանում Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության արկածախնդիր, հակաօրինական գործողությունների պատճառով խիստ սրվել է իրադրությունը հանրապետությունում, ինչը բնականաբար հանգեցրել է ադրբեջանական կողմի ակտիվացմանը: Նոյեմբերյանում, Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանում, իսկ այսօր արդեն Գետաշենում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ղազախ-Երևան գազամուղի և Ղազախ-Իջևան երկաթգծի փակումը ուղղակի հետևանք են այդ ազգադավ գործողությունների: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Հայոց Ազգային Բանակը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել իր վտանգավոր գործունեությունը, այլև գնալով դիմում է ավելի հանդուգն քայլերի:

 

 

1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են:

 

 

Ելնելով շարադրված փաստերից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու քաղաքացիների անվտանգության շահերից՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը:

2. Լուծարքի ենթարկել Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմակերպությունը:

3. Կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև 1990 թվականի օգոստոսի 29-ի ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակված ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:

 

 

4. Սույն որոշման պահանջները կատարող անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողները կձերբակալվեն և կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

5. Սույն որոշման իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև միլիցիայի կառուցվածքներում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա:

6. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի վրա:

7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան»:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: