1931 թվականին Հնդկաստանում բանտարկությունից ազատվում է Մահաթմա Գանդին, Չինաստանում մոտ 4 միլիոն մարդ ջրհեղեղի զոհ է դառնում, Մոսկվայում քանդում են Քրիստոս Ամենափրկչի տաճարը, ԽՍՀՄ-ում արգելում են Սերգեյ Ռախմանինովի երաժշտությունը:
Հակածննդյան զեկուցումներ՝ հունվարի 5-ին
1931 թվականը սկսվում էր հակաեկեղեցական պայքարով։ Խորհրդային մամուլն ու ագիտացիոն բոլոր կառույցները լծվել էին Ծննդյան տոները մերժելու գործին, ամեն գնով ձախողում էին բնակչության մասնակցությունը եկեղեցական տոներին։ Խորհրդային Հայաստանում այս պայքարն ընթանում էր մի քանի զուգահեռ ուղղությամբ։
Առաջինը՝ համամիութենական հակակրոնական հիմնական քարոզչական թեզերն էին, երկրորդը՝ հակադաշնակցական։ Թվում էր, թե 10 տարին բավարար ժամանակ էր նախկին հակառակորդին հաղթելու եւ մոռանալու համար, սակայն Դաշնակցությանը դեռեւս մեղադրում էին իմպերիալիզմին ծառայելու եւ Խորհրդային միության դեմ «նոր ինտերվենցիա» պատրաստելու համար։
1931թ. հունվարի սկզբի հակաեկեղեցական մի շարք միջոցառումների կազմակերպման ու հրահանգավորման գործը վստահված էր գրականագետ Հայկ Գյուլիքեւխյանին։ Հասարակական գործունեությունից զատ 1931-34թթ. նա ՀԿԿ կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորն էր։ Հիմնական միջոցառման անցկացման օրն ու ժամը պատահական չէր ընտրված՝ հունվարի 5-ին՝ երեկոյան ժամը 18։00-ին։ «Միաժամանակ բոլոր ակումբներում սկսվեցին հակածննդյան զեկուցումներ։ Զեկուցման թեման էր «հակածննդյան կամպանիայի եւ հակակրոնական պրոպագանդայի խնդիրները», բոլոր զեկուցումներն անցան քաղաքի աշխատավորության ակտիվ մասնակցությամբ։ Դահլիճները լեփ-լեցուն էին, ըստ տվյալների՝ այդ երեկոյան մասնակցել են 10-12 հազար մարդ, որտեղ հանված բանաձեւերը շեշտում են հակակրոնական աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը, կրոնի դեմ պայքարն էլ ավելի սրելու, բոլոր թեքումների դեմ պայքարը շարունակելու շուրջը»,- գրում էր ՀԽՍՀ անաստվածների միության պաշտոնաթերթ «Անաստվածը»։
Ուժգին երկրաշարժ Սյունիքում
1931թ. ապրիլի 27-ի երեկոյան ուժգին երկրաշարժ է տեղի ունենում Սյունիքում։ Սիսիանում ստորգետնյա ցնցումն արձանագրվում է 20։40 րոպեին։ Մամուլը գրում է, որ ցնցումը եղել է բավականին երկար՝ 68 վայրկյան, ինչի հետեւանքով մեծ ավերածություններ էին տեղի ունեցել։ Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում զոհերի թիվը հասել էր շուրջ 500-ի, 1000-ից ավելի մարդ վիրավորվել էր։ Հիմնովին կործանվել էր 30 գյուղ։ Քանդվել էին հազարավոր տներ, անկել խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ։
Երկրաշարժից ավերվել էր Տաթեւի վանական համալիրը։
Բնական աղետի հետեւանքները վերացնելու համար ստեղծվում է արտակարգ հանձնաժողով, որի ղեկավար է նշանակվում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Արամայիս Երզնկյանը։ Հանձնաժողովը շուրջ կես միլիոն ռուբլի է հատկացնում աղետի գոտուն։ Միաժամանակ սկսում են հանգանակվել միջոցներ, Սյունիք է ուղարկվում զգալի օգնություն, հնարավոր տեխնիկական միջոցներ եւ մարդկային ռեսուրսներ։
«Անաստված» կոլխոզը տապալում է բամբակի պլանը
Խորհրդային միությունում հակակրոնական շարժումն այնքան պահանջված էր, որ Էջմիածնի շրջանում անգամ «Անաստված» անունով կոլտնտեսություն կար։ Անունը, սակայն, բնավ չէր խանգարել, որ համայնքային այս կառույցն իրեն շատ վատ դրսեւորի եւ չկատարի բամբակի պլանը։ Բամբակագործությունը 1930-ական թվականներին ռազմավարական նշանակություն ուներ, եւ հենց առաջին հնգամյակում Արարատյան դաշտավայրում ամենուր բամբակ էին փորձում մշակել։ Առաջին իսկ տարում՝ 1930-31թթ. պարզվում է, որ նախատեսված պլանը ոչ մի կոլտնտեսություն չի կատարել։ Խնդիրն այնքան լուրջ էր, որ ՀԿԿ կենտկոմի բյուրոն 1931թ. հունվարին հատուկ անդրադառնում է բամբակագործությանը։
Նախեւառաջ պետք էր գտնել մեղավորներին, իսկ խորհրդային հասարակարգը մեղավոր գտնելու արդեն ձեւավորված ավանդույթներ ուներ։ Մեղավորների թվում կուսակցական մարմիններն էին, որոնք պատշաճ ուշադրություն չէին դարձրել բամբակի պես կարեւոր հումքի մշակմանը, չէին պայքարել կուլակների դեմ։ Բյուրոն նաեւ արձանագրել էր, որ չէին լուծվել ոռոգման, տեխնիկական խնդիրները, չկային մասնագետներ ու աշխատողներ։ Այս ամենի արդյունքում բյուրոն աշխատանքից ազատել էր Հոկտեմբերյանի շրջանի կոլտնտեսային միության նախագահին, խիստ նկատողություններ էր հայտնել Վաղարշապատի, Հոկտեմբերյանի կուսակցական եւ գործադիր պատասխանատուներին։ Միաժամանակ բյուրոն որոշել էր, որ 1931թ. ընթացքում Խորհրդային Հայաստանում պետք է մշակվեր 25 000 հեկտար բամբակ։
«Սեւանի պրոբլեմը դեռեւս վճռված չէ»
1931թ. փետրվարին Թիֆլիսում տեղի է ունենում Անդրկովկասյան էներգետիկ համագումարը, որտեղ քննարկվում է նաեւ Սեւանա լճի հարցը։ Հայկական կողմից զեկուցողը հիդրոէներգետիկ Հովսեփ Տեր-Աստվածատրյանն էր, որն առաջարկում էր Սեւանա լճի մակարդակն իջեցնել 50 սանտիմետրով եւ ջուրն օգտագործել ոռոգման եւ հիդրոկայաններ կառուցելու համար։ Նախքան զեկույցն արդեն զգալի ուսումնասիրություններ էին արվել, որոնք ցույց էին տալիս, որ Սեւանա լճի ջրի մուտքը տարեկան 1275 մլն, իսկ գոլորշիացումը՝ 1171 մլն խորանարդ մետր էր։ Այս հաշվարկով փորձ էր արվում հիմնավորել, որ ջրի կորուստ բնական պատճառներով լինում է, հետեւաբար՝ կես մետրով լճի մակարդակն իջեցնելը վտանգավոր չէր լինելու։ Տեր-Աստվածատրյանը նշում էր նաեւ, որ Սեւանա լճի ջրային պաշարն օգտագործելու մտադրություն եղել էր դեռեւս 19-րդ դարի կեսերին։ 1847-ին քննարկվել էր ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հնարավորությունը, սակայն ծրագիրն այդպես էլ չէր իրագործվել։
Տեր-Աստվածատրյանի նախագծով ոռոգման նպատակով տարեկան օգտագործվելու էր 4 մլն խորանարդ մետր ջուր, մնացածը՝ կառուցվելիք հիդրոկայանների համար։ Ծրագրի արժեքը կազմելու էր 150 մլն ռուբլի։
Փետրվարին ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը կրկին անդրադառնում է Սեւանա լճի խնդրին՝ նշելով, թե Սեւանը չորացնելու մասին ժողովրդի շրջանում տարածվող խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։
«Ես կրկնում եմ, որ Սեւանի պրոբլեմը դեռեւս վճռված չէ, եւ այն խոսակցությունները, թե Սեւանը ցանկանում են չորացնել առանց լուրջ ուսումնասիրության, դրանք ասեկոսեներ են։ Մենք մինչեւ ամենալուրջ ստուգման չենթարկենք այդ պրոբլեմը, չենք ձեռնարկի նրա լուծմանը։ Ես կարծում եմ, որ 1932 թվի եթե ոչ սկզբին, գոնե վերջին Սեւանի պրոբլեմը լուծված կլինի»,- ասում էր նա։
Հայկական հրաձգային դիվիզիայի տարեդարձը
1931թ. հունվարի 15-ին Խորհրդային Հայաստանում նշում են Հայկական հրաձգային դիվիզիայի 10-րդ տարեդարձը։
Այդ առիթով ՀԽՍՀ կենտգործկոմի եւ ժողկոմխորհի որոշմամբ դիվիզիայի 35 սպա ու շարքային պարգեւատրվում են «Տասնամյակի» նշանով։ Հայկական հրաձգային դիվիզիայի շնորհավորական խոսքերը քիչ չէին. առանձնահատուկ շեշտվում էր, որ զորամիավորումը Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ավանդույթների շարունակողն է եւ թրծվել է «հակահեղափոխականների» դեմ մարտերում։
«Հայկական դիվիզիան անցյալում ամբողջ Կարմիր բանակի հետ միասին, փայլուն կերպով ապացուցել է իր մարտունակությունն ու պատրաստակամությունը սոցիալիստական շինարարությունը եւ Հոկտեմբերյան նվաճումները պաշտպանելու գործում։ Հայկական դիվիզիան է՛լ ավելի կոփված ու ամրակուռ, իր հետ ունենալով ողջ Հայաստանի բանվորության ու աշխատավորության համակրանքն ու աջակցությունը, ցույց կտա սոցիալիզմի թշնամիներին իր անընկճելի ուժն ու կորովը»,- ասված էր կենտգործկոմի նախագահ Ռուբեն Դաշտոյանի եւ ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի համատեղ շնորհավորական ուղերձում։
Քրդական մանկավարժական տեխնիկումի հիմնումը
1931թ. հունվարին Երեւանում բացվում է Անդրկովկասյան քրդական մանկավարժական տեխնիկումը, որն ուներ երեք խումբ՝ մեկամյա մանկավարժական դասընթաց մեծահասակների համար, նախապատրաստական եւ առաջին կուրսեր։
Ուսման տեւողությունը լինելու էր չորս տարի։ Սովորելու էին թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները։
«Քրդական մանկավարժական տեխնիկումը պետք է հանդիսանա մի դարբնոց, որտեղ պիտի կոփվեն սոցիալիզմի մարտիկների կադրեր՝ քուրդ աշխատավորությունից։ Անդրկովկասյան քրդական տեխնիկումը կոմունիստական կուսակցության լենինյան ազգային քաղաքականության պտուղն է»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
«Հայֆիլմը»՝ քննադատության թիրախում
Չնայած խորհրդային իշխանությունը մեծ ուշադրություն էր դարձնում կինոարտադրությանը, իսկ «Հայֆիլմ» ստուդիան արդեն ութ տարի գործում էր, հայկական կինոյի որակը բնավ չէր բավարարում գործող պահանջներին։
1931-ի առաջին եռամսյակում «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել էր մեկ ֆիլմ՝ «Կիկոսը», որն արժանացել էր կուսակցական ղեկավարության բացասական գնահատականին։ Ապրիլի վերջին «Խորհրդային Հայաստանում» լույս է տեսնում «Հայֆիլմի» գործունեությունը քննադատող հոդված, որտեղ նշվում էր, որ կազմակերպությունում վատնում են պետական հսկայական միջոցները, անտեղի մեծացնում հաստիքները, սակայն այդպես էլ որեւէ շոշափելի արտադրանք չեն տալիս։
«Եղած աշխատակիցների թիվն այնքան շատ է, որ նրանք արեւի վաննա ընդունելով՝ սպասում են ժամի 4-ի «ազատարար» զանգին։ Հակառակ այս բոլորին՝ դիրեկցիան նորանոր շտատներ է պահանջում եւ լրացնում։ Չնայած պլանները կրճատվել են եւ տեղում եղած ռեժիսորները լիովին բավական են Հայկինոյի այս տարվա պահանջների համար, այնուամենայնիվ դիրեկցիայի կողմից Մոսկվայից հրավիրվում են 5-6 ռեժիսոր ու օպերատոր իրենց սցենարիստներով, որոնք տասնյակ հազարներ են նստում Հայկինոյի վրա»,- գրում էր թերթը։
Հոդվածի տողատակերից զգացվում է նաեւ, որ որոշ աշխատակիցներ հրաժարվել են գաղափարական բովանդակությամբ կինոների վրա աշխատել, ինչը այն տարիներին անթույլատրելի էր։
«Հայկինոյում տեղ են գտել նաեւ անհարազատ, մեշչանական տարրեր։ Օրինակ՝ խնդիր է դրված եղել հեռացնել, բայց դեռ չի հեռացվել մի ռեժիսորի, որը մինչեւ այսօր էլ խաչը վզից կախ է ման գալիս եւ որի հավատամքն է՝ «Տվեք ինձ նկարներ հանել, սակայն իդեոլոգիայի մասին ոչ մի խոսք»»,- վրդովվում էր հոդվածագիրը։
Ստեփան Շահումյանի արձանի բացումը
1931 թվականին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղադրվում է կոմունիստական կուսակցության եւ միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ Ստեփան Շահումյանի արձանը։
Արձանի հեղինակը նշանավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովն է:
Նախկինում Շահումյանի արձանի վայրում տեղակայված էր ռուսական Սբ Նիկոլայի եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երեւանի մի քանի այլ եկեղեցիների հետ։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել է լուսանկար Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվից: