Կաթողիկոսի կոչը Սփյուռքին
1943թ. սկզբին Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը հանդես է գալիս Կարմիր բանակին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնությամբ։
Հունվարի 20-ին նա հեռագիր է հղում Ստալինին՝ նշելով, որ Էջմիածնի կաթողիկոսարանը թանկարժեք իրեր է նվիրելու բանակին։
««Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն կառուցելու ֆոնդին հատկացնում է բրիլիանտներով զարդարված մի թանկարժեք պանակե եւ այլ թանկարժեք իրեր պլատինից ու բրիլիանտներից՝ ավելի քան 800 000 ռուբլի արժողությամբ, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ եւ 50 000 ռուբլի։ Խնդրում եմ Ձեր կարգադրությունը՝ ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու համար»,- գրել էր կաթողիկոսը։
Միաժամանակ վեհափառը հավաստում էր, որ հատուկ կոնդակով դիմելու է աշխարհի բոլոր հայերին՝ կոչ անելով հանգանակություններ կազմակերպել Կարմիր բանակի համար։ «Թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ, ընդունեցեք մեր օրհնությունը եւ հավատացյալ հայերի ու հոգեւորականության ողջույնը»,- եզրափակում էր խոսքը Գեւորգ Զ-ն։
Հունվարի 26-ին ստացվում է Ստալինի պատասխան հեռագիրը.
«Խնդրում եմ իմ ողջույնը եւ Կարմիր բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգեւորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյուն կառուցելու համար։ ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու ցուցում է տրված։ Ստալին»։
Փետրվարի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակության համար դիմում է ամբողջ հայ ժողովրդին՝ խնդրելով միջոցներ տրամադրել տանկային շարասյան կառուցման համար։ Նա առանձնահատուկ դիմում էր ամերիկահայերին, քանի որ Միացյալ Նահանգները զերծ էր մնացել պատերազմի արհավիրքներից։ «Առավել եւս դու, արտասահմանի հայություն, նամանավանդ Ամերիկայի հայեր, որ ազատ եք մնացել ահեղ պատերազմի արհավիրքներից եւ Մայր երկրի, ձեր հարազատ եղբայրների ապրումներով եք տառապել ու նրա մղած ազատագրական պատերազմի հաջողության համար մինչեւ այժմ չեք խնայել նյութական ու բարոյական աջակցությունը Կարմիր բանակին։ Վստահ եմ՝ թե այժմ էլ ձեր առատ նվերներով կնպաստեք թշնամու շուտափույթ ջախջախմանն ու վտարմանը մեր երկրից»,- գրել էր Գեւորգ Զ-ն։
Աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայերն անարձագանք չեն թողնում կաթողիկոսի կոչը, եւ մի քանի ամիս անց զգալի գումար է հանգանակվում։
Մասնավորապես՝ Նյու Յորքից հավաքվում է 70 600 դոլար, Թավրիզից՝ 120 000 ռեալ, Սպահանից՝ 30 000 թուման, Կիպրոսից՝ 3 000 ֆունտ ստեռլինգ եւ այլն։
«Սասունցի Դավիթը» միակ տանկային շարասյունը չէր, որ կառուցվում էր ժողովրդական հանգանակությամբ։ 1943-ին ամբողջ Հայաստանի բնակչությունը միջոցներ էր հատկացնում նաեւ «Հայաստանի Կոմերիտական», «Սովետական Ուսուցչություն», «Պատանի պիոներ» տանկային ստորաբաժանումների եւ «Սովետական Հայաստան» ավիամիավորման կառուցման համար։
«Դավիթ Բեկ» ֆիլմը
1943-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է իր ամենաճանաչված ֆիլմերից մեկը՝ «Դավիթ Բեկը»։ 18-րդ դարի սկզբին Սյունիքի ազատագրական պայքարին նվիրված կինոնկարի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Համո Բեկնազարյանն էր։
Ֆիլմում նկարահանվել էին հայկական կինոյի ամենանշանավոր դերասանները՝ Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետիսյանը, Վաղինակ Մարգունին, Ֆրունզե Դովլաթյանը, Արման Կոթիկյանը, Հասմիկը, Արուս Ասրյանը եւ ուրիշներ։
Ֆիլմը Հայաստանի մեծ էկրաններին ցուցադրվում է հաջորդ տարի՝ 1944-ին եւ անմիջապես մեծ ճանաչում գտնում։
««Դավիթ Բեկ» պատմական նկարը հայ կինոստուդիայի ամենահաջողված մեծ կտավն է։ Մանավանդ սրա մեծ արժեքը այն է, որ սա առաջին հայկական ազգային նկարն է, ուր արտահայտված է հայ ժողովրդի ազատագրական հրեղեն տենչը, նրա անձնուրաց կռիվը, կյանքի եւ մահի գոտեմարտը իր թշնամիների հետ»,- գրել էր Ավետիք Իսահակյանը։
Մարտիրոսյանի զորամասերը ազատագրում են Խարկովն ու Կիեւը
Հայրենական պատերազմի ռազմաճակատներում կռվող հազարավոր հայ զինվորականների շարքում էր գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, որը 1943թ. սկզբին ղեկավարում էր 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կորպուսներից մեկը։
Փետրվարի 16-ին Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասերը ազատագրում են Խարկով քաղաքը, իսկ նոյեմբերի 5-ին գեներալ Մարտիրոսյանի զորամասերը գրոհում են Կիեւը եւ համառ մարտերից հետո վերցնում քաղաքը։
Սարգիս Մարտիրոսյանը նշանակվում է Կիեւի կայազորի պետ։
Նելսոն Ստեփանյանի այցը հայրենիք
1943թ. մարտի 20-ին Հայաստան է գալիս Խորհրդային միության հերոս Նելսոն Ստեփանյանը։ Այդ ժամանակ նա ավիացիայի կապիտանի կոչում ուներ, մասնակցել էր բազմաթիվ մարտերի եւ արժանացել բարձրագույն կոչման։ Նրա առաջին կանգառը Լենինականում էր, որտեղ հերոսը հանդիպում է աշխատավորների հետ։ Նելսոն Ստեփանյանը ներկաներին որոշ դրվագներ է պատմում պատերազմից։
1943թ. մարտի դրությամբ՝ հայազգի օդաչուն ոչնչացրել էր թշնամու 30 մարտական ինքնաթիռ, 85 տանկ եւ 9 նավ։
Նելսոն Ստեփանյանի այցելության առիթով Հովհաննես Շիրազը բանաստեղծություն է գրում, որը կոչվում էր «Բարի գալուստ».
Դեռ ձմեռ է, բայց ծաղկել է դափնենին,
Նա էլ գիտեր, որ կգաս,
Ահա Տիգրան Մեծի սիրած հին գինին
Այդ գինու պես վառ մնաս։
Հորդ նման է լուռ ժպտում ահա քեզ
Քո նոր երկիր Նաիրին,
Ու զեփյուռն է համբույր դնում, մորդ պես,
Կռվում հաղթական քո ճակատին։
Մարտի 21-ին Նելսոն Ստեփանյանն արդեն Երեւանում էր։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի դահլիճում մեծ հանդիպում է կազմակերպվում նրա հետ։ Իր ելույթի վերջում Նելսոն Ստեփանյանն ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ահա այս հանդիսավոր ժամին ես երդվում եմ ձեր առաջ եւ ամբողջ հայ ժողովրդի առաջ, որ քանի դեռ բաբախում է սիրտս, ամենուրեք կջախջախեմ ֆաշիստներին ու հողմացրիվ կանեմ նրանց։ Իսկ դուք ձեր կողմից ոչինչ չպետք է խնայեք ռազմաճակատում մարտնչող ձեր հարազատներին օգնելու համար»։
Նելսոն Ստեփանյանը զոհվում է 1944 թվականի դեկտեմբերին։
Մահանում է Արուս Ոսկանյանը
1943թ. հուլիսի 20-ին Երեւանում մահանում է դերասանուհի Արուս Ոսկանյանը։
«Արուս Ոսկանյանի անունը անխախտելիորեն կապված է հայ թատրոնի, մասնավորապես Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծման ու զարգացման հետ»,- ասված էր հայ դերասանների անունից հրապարակված մահախոսականում։
Արուս Ոսկանյանը ծնվել էր Կ.Պոլսում 1889թ. մայիսի 10-ին։ Սովորել էր Էսայան վարժարանում, ապա Աբելյան-Արմենյան թատերախմբի հետ տեղափոխվել Բաքու, որտեղ էլ ամուսնացել էր նույն խմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ։ 1921 թվականից հետո Արուս Ոսկանյանը Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր, որտեղ տասնյակ դերեր է խաղացել։
Հունան Ավետիսյանի սխրանքը
1943 թվականի սեպտեմբերի 16-ին, Նովոռոսիյսկի մոտ ընթացող մարտերից մեկում ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը սեփական մարմնով փակում է հակառակորդի կրակակետը՝ իր սխրանքի համար հետմահու արժանանալով Խորհրդային միության Հերոսի կոչման:
Կապանի շրջանի Ծավ գյուղում ծնված Հունան Ավետիսյանի աճյունը հուղարկավորված է Նովոռոսիյսկի Վերխնեբականսկի ավանի եղբայրական գերեզմանոցում:
Նրա պատվին հուշարձաններ են կանգնեցված Երեւանում, Արմավիրում, Կապանում, Ծավ գյուղում:
Նորքի ջրանցքի կառուցումը
1943թ. հոկտեմբերին սկսվում է Նորքի ջրանցքի կառուցումը, որին մասնակցում էին Երեւանի բնակիչները։ Հենց առաջին օրը աշխատանքներին մասնակցել էր 3500 մարդ։ Շինարարությանը զուգահեռ տեղի էին ունենում հավաքներ, որտեղ մարդկանց պատմում էին խորհրդային բանակի հաջողությունների մասին։ Այսպես՝ հոկտեմբերի 10-ի հավաքի հիմնական թեման Թամանի թերակղզու ազատագրումն էր, որին մասնակցել էր նաեւ հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան եւ ստացել Թամանյան անունը։
Նորքի ջրանցքը սկիզբ էր առնում Քանաքեռի ՀԷԿ-ից, ապա Արաբկիրով ձգվում դեպի Արարատյան դաշտը։ 13 կմ երկարություն ունեցող ջրանցքի կառուցումն ավարտվում է 1946-ին։
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հիմնադրումը
1943թ. նոյեմբերի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայաստանում Գիտությունների ակադեմիայի հիմնադրմանը։
Զեկույցով հանդես է գալիս ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին։ «Մեր ակադեմիան ստեղծվել է ամենաարյունահեղ մարտերի օրերին, երբ Սովետական Միության բոլոր ժողովուրդների լավագույն զավակները հաղթականորեն դեպի արեւմուտք են քշում գերմանաֆաշիստական հրոսակներին։ Մեզ շատ ուշադրություն է նվիրված, հսկայական հնարավորություններ են տրված, եւ մեր ակադեմիան պետք է արդարացնի ժողովրդի բարձր վստահությունը»,- նշում է նա։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան