Աղասի Խանջյանի սպանությունը
1936թ. հուլիսի 11-ին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է Համամիութենական կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության Անդրկովկասի երկրամասային կոմիտեի հաղորդագրությունը ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի մահվան մասին։
Կուսակցական մարմինը հայտնում էր, որ հուլիսի 9-ին «տեղի է ունեցել Խանջյանի մահը՝ ինքնասպանության ակտի հետեւանքով»։ Այնուհետեւ հանգուցյալին մեղադրում էին քաղաքական փոքրոգության համար, որն անվայել էր կուսակցական կազմակերպության ղեկավարի համար։ Նշվում էր, որ Աղասի Խանջյանը քաղաքական սխալներ է գործել, սակայն «քաջություն չունեցավ գործնականում բոլշեւիկորեն ուղղելու դրանք եւ դիմեց ինքնասպանության»։
Հաղորդագրությանը հետեւում են ամենատարբեր կառույցների՝ Գրողների միությունից մինչեւ կուսակցական ու արդյունաբերական կոլեկտիվների հոծ քննադատությունը Աղասի Խանջյանի հասցեին։
«Խանջյանի ինքնասպանության պրովոկացիոն ակտը նոր լույս է սփռում այն անվճռական երկդիմի երկչոտ քաղաքականության վրա, որ նա տանում էր մեր կյանքի բոլոր բնագավառներում, տնտեսական, քաղաքական, կուլտուրական ասպարեզներում։ Եթե մի ժամանակ քչերն էին տեսնում, ապա այժմ բոլորին հայտնի դարձավ, որ այդ քաղաքականությունը երկերեսանի նացիոնալիստական քաղաքականություն էր։
․․․Աղասի Խանջյանը կրակեց Անդրկովկասի ժողովուրդների եղբայրության, հայ եւ վրացի աշխատավորների եղբայրության դրոշակի վրա։ Նա կրակեց հայ ժողովրդի դեմ»,- ասել էր Նաիրի Զարյանը։
Խանջյանի մահից հետո երկար տարիներ պաշտոնապես շրջանառվում էր պաշտոնական՝ ինքնասպանության վարկածը։ Հետագայում, սակայն, գաղտնազերծված արխիվային նյութերի, ականատեսների վկայությունների եւ այլ աղբյուրների հիման վրա պարզվում է, որ Խանջյանին սպանել են։
Խանջյանը 1936թ. հուլիսի 8-ին մեկնել էր Թբիլիսի՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի բյուրոյի նիստին մասնակցելու։ Նա իր հետ վերցրել էր կնոջ՝ Ռոզա Վինդսբերգի «Լիգնոզե» մակնիշի փոքրիկ ատրճանակը։ Նրա մահից հետո դատական բժիշկները նշել են, որ Խանջյանի գլխին փամփուշտի հետքն ավելի մեծ էր, քան 6.35 մմ տրամաչափի «Լիգնոզե» ատրճանակի փամփուշտինը։ Ուշագրավ է նաեւ, որ դեպքի բոլոր վկաները կարճ ժամանակ անց գնդակահարվել են։
«Ամատունին, Գուլոյանը (Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները, որոնք Խանջյանի հետ մեկնել էին Թբիլիսի) պաշտոնական հայտարարության համաձայն՝ ինքնասպանության պահին գտնվել են Խանջյանի ննջասենյակի կողքի սենյակում։ Կուդրյավցեւը, Ագրբան, Վարցիելին եւ Կիրշենբլատը հետագայում ձերբակալվել եւ գնդակահարվել են։ Նույն բախտին է արժանացել նաեւ հերթապահ բժիշկ Թոփաձեն»,- գրում է Արմենակ Մանուկանը «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-53թթ.» գրքում։ 1938թ. գնդակահարվում են նաեւ Խանջյանի մահից հետո ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Ամատունի Ամատունին (Վարդապետյան) եւ Արմենակ Գուլոյանը։
Խանջյանի մահից հետո Հայաստանում սկսվում է քաղաքական մեծ հալածանքների շղթան։
Բերիան՝ ընդդեմ Չոպանյանի
1936թ․ հունիսին հրապարակվում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը, որը ստանում է Ստալինյան սահմանադրություն անվանումը։ Այն փոխում էր Խորհրդային միության կառուցվածքը. ավելանում էին հանրապետությունները։ Լուծարվում է նաեւ Անդրկովկասյան Դաշնությունը եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետությունները դառնում են իրավահավասար կազմավորումներ։ Սահմանադրության հրապարակումը համընկնում է Ստալինի հակառակորդների դեմ սկսված մեծ պայքարի հետ, եւ 1936թ. դառնում է զանգվածային բռնությունների սկզբնավորման ջրբաժանը։
Ելույթ ունենալով ՀամԿ(բ)Կ 17-րդ համագումարում՝ Լավրենտի Բերիան զեկուցում է Անդրկովկասում ստեղծված իրադրության մասին։ Նա նշում էր, որ ազգայնամոլական-հակահեղափոխական խմբակներ էին բացահայտվել Անդրկովկասի բոլոր հանրապետություններում։
Հայաստանում այդպիսի խմբակների ղեկավարներից մեկը, ըստ Բերիայի, Ներսես Ստեփանյանն էր, որը ձերբակալվել էր 1936թ․ մայիսին։ «Երեւանում մերկացված է Ստեփանյանի հակահեղափոխական-տրոցկիստական-նացիոնալիստական խումբը։ Պարզվում է, որ նա ․․․վերջին 4-5 տարին Հայաստանում գտնվելիս, նախ՝ իբրեւ լուսժողկոմ, ապա՝ որպես Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի դիրեկտոր, այդ ամբողջ ժամանակահատվածում հակահեղափոխական աշխատանք է տարել, ստեղծել հակահեղափոխական խումբ, կուսակցության ղեկավարության եւ ԽՍՀՄ-ի կառավարության դեմ տեռոր կատարելու պրոպագանդ մղելով»։
Ծանր մեղադրանք է ներկայացվում նաեւ արդեն սպանված Աղասի Խանջյանին, որը թաքցրել էր Ներսես Ստեփանյանի հակահեղափոխական գործունեությունը։ Բերիան նշում էր, որ Խանջյանը «ինքնասպանությունից» առաջ ընդունել է իր «աններելի սխալը», որի մասին գրել է վերջին նամակում։ Խանջյանին ներկայացվող մեղադրանքներից էր նաեւ Արշակ Չոպանյանի հետ նամակագրական կապ պահելը։
Բերիան վրդովված «բացահայտում էր» Չոպանյանի նամակներից մեկի բովանդակությունը․ «Չոպանյանը խորհուրդ է տալիս Խանջյանին հարց հարուցել Հայաստանի սահմանները վերաքննելու եւ ընդարձակելու մասին։ «Խոսքս,- գրում է նա Խանջյանին,- ոչ միայն Տաճկաստանին հանձնված՝ Անիի, Արարատի, Ղարսի եւ Սուրմալուի մասին է, այլեւ Ախալքալակի եւ Ղարաբաղի․․․ ու Նախիջեւանի, որը միշտ Հայաստանի մասն է կազմել»։ Խանջյանը ոչ միայն ստանում էր այդպիսի նամակներ, այլեւ հանդուրժելի էր համարում պատասխանելու դրանց եւ նույնիսկ հետեւելու այդ հակահեղափոխական խորհուրդներին»,- եզրակացնում էր Բերիան։
Բռնությունների մեքենան
Ստալինյան բռնությունների մեքենան Խորհրդային Հայաստանում սկսում է գործել 1936-ին, որի առաջին զոհը Լուսավորության նախկին ժողկոմ, Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանն էր: Նրան ձերբակալում են մայիսի 21-ին: Մեկուկես ամիս անց՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, խորհրդային պատժիչ մեքենան արդեն գործում է անկաշկանդ ու ամբողջ թափով:
1936թ. օգոստոս-նոյեմբերին ձերբակալվում են Ակսել Բակունցը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Մնացական Խաչատրյանը, Գուրգեն Բադիկյանը, Կենսաբեր Բոխյանը, Աղասի Գալոյանը, Ռաֆայել Աղամալյանը, Միխայիլ Կիրշենբլատը: Բոլորն անցնում էին նույն՝ Ներսես Ստեփանյանի գործով: Շուտով ձերբակալվում են Գուրգեն Մահարին, Վահան Թոթովենցը, Պողոս Մակինցյանը, Վահրամ Ալազանը եւ բազմաթիվ ուրիշ մտավորականներ: Նրանց մեծ մասին գնդակահարում են 1937-ին:
«1936 թվականի օգոստոսի 9-ի գիշերը ես ձերբակալվեցի: Ինձ տարան «Ինտուրիստ» ռեստորանից: Վահրամ Փափազյանի եւ Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էինք խմում եւ ձմերուկով թարմացնում կոկորդներս...»,- իր հիշողություններում գրում է Գուրգեն Մահարին:
1936-ին հետապնդվում էր նաեւ Եղիշե Չարենցը: Նրան մի քանի անգամ կանչում են հարցաքննության, իսկ սեպտեմբերին ստիպում Երեւանից չբացակայելու ստորագրություն տալ:
«Տալիս եմ սույն ստորագրությունը Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ վարչությանը այն մասին, որ գտնվելով հետաքննության ներքո, պարտավորվում եմ մինչեւ դատը չբացակայել Երեւան քաղաքից: 1936. 24.IX: Քաղ. Երեւան: Եղիշե Չարենց»:
Կարդացեք նաեւ. «Խաբել են ինձ կուռքերը սուտ». կների՞ ժողովուրդը Նաիրի Զարյանին
Ձերբակալվում է Ակսել Բակունցը
1936թ․ օգոստոսի 9-ին ձերբակալվում է Ակսել Բակունցը։ Նրան են ներկայացվում այդ տարիներին ընդունված բոլոր մեղադրանքները՝ հակահեղափոխություն, նացիոնալիզմ, Խորհրդային միության եւ Հայաստանի կուսակցական ղեկավարների դեմ սպանություն կազմակերպելու փորձ։ Բակունցը համարվում էր Ներսես Ստեփանյանի «հակահեղափոխական խմբի» անդամներից մեկը։ Ձերբակալությունից մի քանի ամիս անց գրական շրջանակները լայն արշավ են սկսում Բակունցի դեմ։
1936թ․ Հայպետհրատը տպագրում է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» երկը՝ Ակսել Բակունցի թարգմանությամբ եւ առաջաբանով։ Դրան հետեւում է «Գրական սերունդ» ամսագրի (խմբագիր՝ Նաիրի Զարյան) «Գոգոլի «Տարաս Բուլբան» եւ Ա․ Բակունցի նացիոնալիստական-հակահեղափոխական կոնցեպցիան» հոդվածը, որտեղ հեղինակ Ս․ Կիրակոսյանը Բակունցին համարում էր «դաշնակ-նացիոնալիստ»։ Նա մեղադրում էր Հայպետհրատին, որ Գոգոլի ստեղծագործության մասին մարքսիստական վերլուծության փոխարեն ընթերցողի «վզին փաթաթել էր Բակունցի քննադատական վերլուծությունը»։ Նույն համարում տպագրված էր մեկ այլ հոդված Նաիրի Զարյանի հեղինակությամբ՝ «Կապը կտրած խմբապետը», որտեղ նույն ոգով քննադատվում էր Բակունցի «Քեռի Դավոն» պատմվածքը։
Կարդացեք նաեւ. Բոլորը՝ բոլորի դեմ. Գուրգեն Մահարին եւ Զապել Եսայանը vs. Կոստան Զարյան
Մահանում է Եղիշե Թադեւոսյանը
1936թ․ հունվարի 22-ին Թիֆլիսում մահանում է նկարիչ Եղիշե Թադեւոսյանը։
Հունվարի 29-ին նկարչի դին Թիֆլիսից տեղափոխվում է Երեւան։ Հանգուցյալի վերջին հրաժեշտի արարողությունն անցկացվում էր Կերպարվեստագետների նկարահանդեսի սրահում՝ Երեւանի «Ինտուրիստ» հյուրանոցի հարեւանությամբ։ Եղիշե Թադեւոսյանը հուղարկավորվում է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում, որն այն ժամանակ կոչվում էր Արվեստի ու գիտության գործիչների պանթեոն։
«Թադեւոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»,- Թադեւոսյանի մասին ասել է Մարտիրոս Սարյանը։
Պիոներական պալատը
1936թ․ ավարտվում է Երեւանի պիոներական պալատի շենքի կառուցումը։ Նախագծի ճարտարապետը Նիկոլայ Բաեւն է։ Շենքի հանձնման ժամանակ Մոսկովյան փողոցը դեռ կառուցված չէր, եւ «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցում Աղասի Խանջյանը նշել էր, որ նոր փողոցը նույնպես շուտով կկառուցվի․ «Այդ փողոցը կոչվելու է Առաջին շրջանային եւ սկսվելու է Նալբանդյան փողոցից, կտրելու է Աբովյան եւ Տերյան փողոցները»։
Շենքը բաղկացած էր երկու՝ բնակելի եւ թատրոնի մասերից։ Թատերական դահլիճը երկրորդ հարկում էր եւ նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ «Պիոներների պալատը պետք է բավարարի մեր երեխաների զվարթ եւ ուրախ սերնդի բազմակողմանի պահանջները»,- ասել էր Խանջյանը։
Ֆրանսահայերի ժամանումը
1936թ. մայիսի 16-ին ֆրանսիական «Սինայա» շոգենավով Բաթում են հասնում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան ժամանող 1784 հայ, որոնք բոլորը Ֆրանսիայից էին։ Նրանց մի մասը բերում էր նաեւ իրենց գործիքները՝ սարքավորումներ, դազգահներ։
Մայիսի 22-ին ներգաղթյալների առաջին խումբը՝ 650 հոգի, Բաթումից հասնում է Երեւան։ Երկաթուղային կայարանում նրանց դիմավորում է մեծ պատվիրակություն ժողկոմխորհի նախագահի տեղակալ Աբրահամ Գուլոյանի գլխավորությամբ։ «Այսօր Խորհրդային Հայաստանն իր գիրկն է ընդունում գաղութահայ աշխատավորության ազնիվ, աշխատասեր ներկայացուցիչների մի հատվածին, որը կապիտալիզմի պայմաններում չէր կարող օգտագործել իր բովանդակ հմտությունն ու էներգիան»,- ասում է նա։ Այս խմբի հետ Հայաստան էր եկել նաեւ դերասան Արման Կոթիկյանը։
Հրաժեշտ Կոմիտասին
1936թ. մայիսի 29-ին Երեւանում հրաժեշտ էին տալիս Կոմիտասին, որի աճյունը տեղափոխվել էր հայրենիք։ Կոմիտասը վախճանվել էր 1935թ. հոկտեմբերի 21-ին Փարիզում։ Սգո արարողությունը տեղի էր ունենում Կուլտուրայի տան դահլիճում, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Բազմության ներկայությամբ Հայաստանի խորհրդային կոմպոզիտորների միության անունից դամբանական է ասում վաստակավոր կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը։
«Այս համր դագաղի առջեւ, մեծ երաժշտագետի այս անխոս մարմնի առջեւ մենք վշտաբեկ խոնարհում ենք մեր գլուխը։ Մեր սրտերի մեջ միշտ կենդանի կմնա ու կհնչի մեծատաղանդ Կոմիտասի երգը։ Ժողովրդի բերանից պոկած լինելով նրա ուրախությունների, վշտերի, թափած քրտինքի րոպեների ձայները, նա դրանք կոկելով վերադարձրեց ժողովրդին՝ արվեստի մեծ կատարելությամբ, հայ ժողովրդական երգը բարձրացնելով կլասիկ երգի մակարդակին»,- ասել էր նա։
Այնուհետեւ Կոմիտասի աճյունը տեղափոխվում է Արվեստի ու գիտության գործիչների պանթեոն։ Գերեզմանին է մոտենում նկարիչ Փանոս Թերլեմեզյանը եւ ասում. «Կոմիտասի մահով մեր երաժշտական համաստեղությունը կորցրեց իր ամենափայլուն մոլորակներից մեկը»։ Հուղարկավորության ժամանակ կոնսերվատորիայի երգչախումբը երգում է Կոմիտասի «Գարունը» եւ «Անձրեւն եկավ շաղալեն» երգերը։
Բացվում է «Մոսկվա» կինոթատրոնը
1936 թվականի դեկտեմբերին «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ Երեւանում բացվում է «Մոսկվա» կինոթատրոնը:
Կարդացեք նաեւ. Կինո Մոսկվան` կենդանի պատմություն
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան