1933 թվականին ԽՍՀՄ-ում սահմանվում է 7-ժամյա աշխատանքային օր, Ադոլֆ Հիտլերը նշանակվում է Գերմանիայի կանցլեր, Ֆրանկլին Ռուզվելտը ստանձնում է ԱՄՆ նախագահի պարտականությունները, բացվում է Բելոմորկանալը, Խորհրդային միությունն եւ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում:
Բացվում է Պետական օպերայի թատրոնը
1933թ. հունվարի 20-ին Երեւանում բացվում է Պետական օպերայի թատրոնը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։ Բեմադրող ռեժիսորը Արշակ Բուրջալյանն էր, գեղարվեստական ձեւավորումն արել էին Մարտիրոս Սարյանը եւ Միքայել Արուտչյանը։ Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի կառուցումն ավարտվել էր 1932-ին։
«Ալմաստի» բեմադրության առթիվ ՀԽՍՀ լուսժողկոմատին եւ Օպերայի թատրոնի ղեկավարությանը շնորհավորական հեռագիր է ուղարկում Անդրկովկասյան կենտգործկոմի նախագահությունը.
«Օպերայի թատրոնի ստեղծումը մի նախադրյալ պետք է հանդիսանա սոցիալիզմի կառուցման պահանջներին համապատասխան ազգային երաժշտական կուլտուրայի հետագա զարգացման համար։ Շնորհավորելով առաջին հայկական օպերային թատրոնի բոլոր աշխատակիցներին եւ սպասարկող կազմին՝ Անդրկենտգործկոմը լավագույն ցանկություններ է հղում»։
«Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, անկասկած, պետք է դասել արվեստի կլասիկ նմուշների շարքը։ Մենք ականատես ենք մի օպերայի, որը գրեթե ամբողջապես կառուցված է հայկական եւ արեւելյան (պարսկական) երաժշտության մոտիվներով։ Եվրոպական երաժշտության բարձր կուլտուրայի եւ տեխնիկայի տեր Ալ. Սպենդիարյանը ստեղծագործական լայն եւ համարձակ ընդգրկումով մոտեցել է ժողովրդական-աշուղական երգի հարստությանը եւ վերամշակել է ամենակուլտուրական երաժշտության սիմֆոնիզմի մեթոդներով»,- գրել էր թատերագետ Վահրամ Թերզիբաշյանը։
Երեւանում սկսում է գործել տրամվայը
1933թ. հունվարին Երեւանում սկսում է գործել տրամվայը։ Այդ առիթով Երեւանի քաղխորհրդի նախագահ Արամայիս Երզնկյանին շնորհավորում են ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանն ու ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը։
Արամայիս Երզնկյանը գրում էր, որ խորհրդային իշխանության տարիներին Երեւանը մեծապես փոխվել է եւ համալրում է «սոցիալիստական քաղաքների շարքը»։
«Տասներկու տարում նախկին այգեպանների ու չարչիների կավե քաղաքը դարձել է ինդուստրիալ քաղաք. բազմաթիվ գործարանների ծխնելույզներն են ծխում այսօր Երեւանում։ Մեր աճող արդյունաբերությունը եւ բանվոր դասակարգը կոմունալ սպասարկման տեսակետից դեռ շատ պահանջներ ունեն քաղաքային տնտեսությունից։ Տրամվայը վերջացրինք, բայլշեւիկորեն լծվենք կոյուղու արագ կառուցման գործին»,- ասում էր Երզնկյանը։
Երեւանի տրամվայի գծի կառուցումը սկսվել էր 1932թ. մարտին եւ ուներ 15 կմ երկարություն։ Շահագործումից գրեթե մեկ ամիս անց Երեւանում տրամվայից օգտվել էր շուրջ 200 հազար մարդ։ Երեւանում կար տրամվայի ութ վագոն, որոնցից չորսը չէին գործում շարժիչներ չլինելու պատճառով։ Տարվա ընթացքում Մոսկվայից ստացվում է եւս վեց վագոն։
Պայքար փոշու դեմ
1933-ին սկսում են ուշադրություն դարձնել Երեւանի փոշուն, որը վտանգում էր մարդկանց առողջությունը։
1933-ին սալապատվում են Երեւանի մի քանի հիմնական՝ Աբովյան, Լենինի, Նալբանդյան, Սպանդարյան փողոցները։ Փողոցների բարեկարգման համար քարե ուղղանկյուն կամ քառակուսի սալիկներ էին օգտագործվում։
Որոշվել էր նաեւ շոգ եղանակին Երեւանի փողոցները ջրել փոշին նվազեցնելու համար։
Պրոկոֆեւի այցը
1933թ. մայիսին Հայաստան է այցելում հռչակավոր ռուս կոմպոզիտոր եւ դաշնակահար Սերգեյ Պրոկոֆեւը:
«Ցերեկը՝ Երեւան եւ փոշու ամպ: Մեզ դիմավորում են եւ կառք նստեցնում: Մինչեւ քաղաք մեկ կամ երկու կիլոմետր է, ամենուր շինարարական նյութեր են, խղճուկ խրճիթներ, փոսեր եւ անվերջ փոշի: Քաղաքը դեռ կառուցման ընթացքում է, սակայն տները տգեղ են, մայթերը՝ խնդրահարույց: Վարդագույն տուֆից կոմիսարիատի մի տպավորիչ շենք են կառուցել, բայց հետո հրամանագրով սահմանվել է, որ տուֆը պետք է արտահանվի, եւ մնացած շենքերի կառուցումը կասեցվել է»,- գրում է նա
իր օրագրում:
Կարդացեք նաեւ Սերգեյ Պրոկոֆեւի երեք օրը Հայաստանում:
Մահանում է Նար-Դոսը
Հուլիսի 13-ին Թբիլիսիում մահանում է Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան)։
Հուլիսի 23-ին Երեւանի Գրողների տանը տեղի է ունենում սգո նիստ՝ նվիրված Նար-Դոսի հիշատակին։ Բացման խոսք է ասում Հմայակ Սիրասը։
Ստեփան Զորյանը, Գարեգին Լեւոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը հուշեր են պատմում Նար-Դոսի մասին։ Վահրամ Թերզիբաշյանը Նար-Դոսի մասին հուշերում գրում էր, որ նա չէր սիրում լինել հանրության ուշադրության կենտրոնում։ «Նար-Դոսը չէր սիրում խոսել ինքն իր մասին։ Նա հակատիպարն էր գրական «նարցիսների», սակայն նրա բնավորության այդ գիծը՝ համեստությունը, հասնում էր ծայրահեղության եւ վնասում իրեն»,- գրում էր Թերզիբաշյանը։
Նար-Դոսին նա մասամբ համեմատում էր Դոստոեւսկու հետ՝ նկատի ունենալով, որ երկուսն էլ գրում էին կյանքի բացասական, մռայլ կողմերի մասին։
Զապել Եսայանը տեղափոխվում է Հայաստան
1933թ. Խորհրդային Հայաստան է տեղափոխվում գրող Զապել Եսայանը։ Նա աշխատանքի հրավեր է ստանում Երեւանի պետհամալսարանում, ինչպես նաեւ թղթակցում է «Խորհրդային արվեստ» ամսագրին։
Մայիսի 14-ին Զապել Եսայանը Երեւանի մշակույթի տանը կարդում է «Գաղութահայ կյանքը եւ նրա արտահայտությունները գրականության մեջ» զեկույցը։ Նախքան այդ, գրողին ողջունում է Խորհրդային գրողների միության կազմկոմիտեի նախագահ Եղիա Չուբարը, որը «դրվատեց այն աշխատանքը, որ նա (Զապել Եսայանը) կատարել է արտասահմանյան հայ աշխատավորության մեջ՝ պայքարելով հակահեղափոխականների, ազգայնական-ֆաշիստական հոսանքների, ընդդեմ դաշնակցության»,- գրում էր «Գրական թերթը»։
Եսայանը, որը հետագայում ստալինյան բռնաճնշումների զոհ էր դառնալու, Հայաստան գալուց հետո միանում է գրչակիցներին մեղադրելու գործին: Օրինակ՝ 1933 թվականին իր դասախոսություններից մեկում նա Վազգեն Շուշանյանին անվանում է մեկը, որը «ներբողում է ցոփությունը եւ զարկ տալիս պոռնոգրաֆիկ գրականությանը»:
Կարդացեք նաեւ Բոլորը՝ բոլորի դեմ. Գուրգեն Մահարին եւ Զապել Եսայանը vs. Կոստան Զարյան:
Չարենցի «Գիրք ճանապարհին»
1933 թվականին լույս է տեսնում Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների եւ պոեմների ժողովածուն:
««Պատմության քառուղիներով» պոեմում, ինչպես «Սասունցի Դավիթ» պոեմում, Չարենցը քննադատում է ժողովրդի կեղեքիչներին, պատմում է հայերի «փշոտ» անցյալի մասին: Պոեմում խոսվում է հայերի անդեմ կյանքի մասին, միշտ անբոց ուղու, ուրիշների փայլով շառագունած ճանապարհի մասին: Չարենցը մեր ժողովրդին համեմատում է գայլի հետ, որը միշտ «քաղցած, քոսոտ, անբուրդ» քայլել է դեպի Մասիս՝ դեպի անմահություն: Նրա նիհար կողերը բզկտված են եղել բազում հզոր թշնամիների կողմից: Պոետը գտնում է, որ քաղցի, վշտի եւ տառապանքի ոռնոցը դարձել է մեր հիմնը, եւ որ այն հնչելու է դարերով»,- գրում է Դավիթ Գասպարյանը 2012 թվականին լույս տեղած «Նա մարդ էր, պոետ ու քաղաքացի» հոդվածում:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է.
«Իրականում մտահղացված ու իրացված լինելով որպես պետականության ու դրա կառուցման, պահպանման, հոգեւոր-բարոյական կառույցի ու նկարագրի, պատմության փորձի ու գալիքի ուղերձների, ժողովրդի ու առաջնորդի վարքականոնների մատյան, յուրօրինակ սահմանադրություն, «Գիրք ճանապարհին», մանավանդ՝ «Արվեստ քերթության» եւ «Գիրք իմացության» բաժինների հարկադրյալ ներմուծմամբ, դարձավ պատմության, կյանքի, արվեստի ճանապարհների բանաստեղծականացում ու տասնամյակներով այդպես էլ մեկնաբանվեց:
Այնինչ՝ «Գիրք ճանապարհի»-ի՝ 1933 թվականի առաջին հրատարակությունը իր կառուցվածքային եւ բովանդակային պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախեւառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը»։
Նոր տառատեսակներ
1933-ին մշակվում են հայկական տպագրական տառատեսակների նոր տարբերակները։ Հինը դժվար ընթեռնելի էր, հաճախ շփոթություն էր առաջացնում, քանի որ որոշ տառերի տպագրական տեսքը նման էր։ Բացի այդ, հայկական տպագրական տառերն ունեին շատ բարակ գծեր, որոնք տպագրելիս արագ մաշվում էին կամ կոտրվում։ Ոչ պակաս կարեւոր էր նաեւ տպագրական թղթի ու ներկի օգտագործման հարցը. հայերեն տեքստերն ավելի երկար էին։
Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Պետհրատը մշակել էր տպագրական նոր տառատեսակների մի քանի տարբերակ, որոնք նմանեցված էին լատինականին։
«Պետհրատի Երեւանի տպարանում ներկայումս տպագրվում է տարեկան 8800 մամուլ, որի 4400 մամուլը կազմում են թերթերը, իսկ մյուս 4400-ը՝ գրքեր ու բրոշուրներ։ Մեր տառերի վերոհիշյալ բնույթի պատճառով, միայն «Խորհրդային Հայաստան» թերթն ունենում է 35-40 տոկոս կորուստ, որը հավասար է մոտ մեկ ու կես էջի»,- պարզաբանում էր Պետհրատը։
Տպագրական նոր տառատեսակների օրինակներն ուղարկվում են նաեւ Նիկողայոս Մառին, որը դրական է արձագանքում։ «Խորհրդային Հայաստան» թերթը տպագրում է Մառի պատասխանը՝ հին ու նոր տառատեսակներով՝ ցուցադրելով տեքստի ծավալների տարբերությունը։
«Հայկինո»-ի 10-ամյակը
1933թ. հունիսին Հայաստանում նշվում է «Հայկինո»-ի հիմնադրման 10-ամյակը։
Կինոյի աշխատողներին շնորհավորում է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը։ Նա նշում էր, որ կինոն ամենակարեւոր արվեստն է, որը մշակութային վերելքի համար կարեւոր նշանակություն ունի։ «Այս ասպարեզում «Հայկինոն» ունեցել է խոշոր նվաճումներ։ Երկրորդ տասնամյակի շեմին «Հայկինոն» պետք է ավելի խիզախ, ավելի բարձր որակով կերտի ձեւով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական արվեստը, ավելի լայն չափով եւ մեծ ծավալով սպասարկի մեր բանվորական, կոլտնտեսական, աշխատավորական մասսաներին»,- ասել էր Խանջյանը։
Չնայած Աղասի Խանջյանը դրական էր արտահայտվում «Հայկինո»-ի մասին, սակայն «Խորհրդային արվեստ» ամսագիրը հենց խմբագրականում կոշտ քննադատության էր ենթարկում հայկական կինոարտադրությունը՝ նշելով, որ մեղքի բաժին ունի նաեւ մամուլը, որը բավարար չափով չի անդրադարձել կինոաշխարհին։
«10 տարում «Հայկինոն» նկարահանել էր 152 ֆիլմ, որոնց մեջ եղել են «բավական քանակով խալտուրային գործեր, խորթ գաղափարախոսություն արտահայտող ֆիլմեր, քաղաքական սխալներ դրսեւորող ստեղծագործություններ»։ «Հայկինո»-ի ամենամեծ թերությունը, ըստ հոդվածի, որակի հաշվին քանակ ապահովելն էր։ Նկարվում էին ֆիլմեր, որոնք գեղարվեստական ցածր արժեք ունեին։ Մեծ բացթողում էր համարվում նաեւ մանկական եւ ուսումնական ֆիլմերի բացակայությունը եւ վավերագրության անբավարար վիճակը։
Խաչատուր Աբովյանի արձանը
1933թ. հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղադրվում է Խաչատուր Աբովյանի արձանը։
Քանդակագործ Անդրեաս Տեր-Մարությանն արձանը քանդակել էր դեռ 1910-ականներին։
Հետագայում՝ Երեւան տեղափոխելիս, արձանը կորել էր Բաթումում։ Երկար տարիներ անց միայն արձանը տեղափոխվել էր Երեւան։
Այսքանով արձանի ոդիսականը չի ավարտվում. 1950-ից հետո այն մի քանի անգամ տեղափոխվում է եւ միայն 1964-ին տեղադրվում Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան