1928 թվականին Իոսիֆ Ստալինը հրաժարվում է «նոր տնտեսական քաղաքականությունից» (НЭП), Թուրքիայում կրոնը տարանջատվում է պետությունից, եւ ներմուծվում է լատինատառ այբուբենը, ամերիկյան կինոէկրաններին հայտնվում է Միքի Մաուսի կերպարը, սպանվում է Մեքսիկայի նորընտիր նախագահ Ալվարո Օբրեգոնը, Չան Կայշին ընտրվում է Չինաստանի նախագահ:
Սարյանի փարիզյան ցուցահանդեսն ու նկարների ոչնչացումը
1928թ. հունվարի 7-ին Փարիզում բացվում է Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսը։ Սարյանը շուրջ մեկուկես տարի ապրում ու ստեղծագործում էր Փարիզում եւ 1928-ի գարնանը վերադառնում է Հայաստան։ Անդրադառնալով իր փարիզյան աշխատանքներին՝ նա նշում էր, որ Ֆրանսիական արվեստի ուսումնասիրությունն իր վաղեմի երազանքն է եղել։
«Ես երկար տարիներ որոնումներ եմ կատարել, այդ որոնումները կատարել եմ արեւելյան եւ հարավի զանազան երկրներում, ինչպես եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում, բայց այդ որոնումների վերջնական ստուգումը պետք է կատարվեր Փարիզում, այս տեսակետից Փարիզն ինձ մեծ ծառայություն մատուցեց»,- «Խորհրդային Հայաստան» թերթին պատմել էր Վարպետը։
1928թ. մարտին Կ.Պոլսից տեղեկություն է ստացվում, որ «Ֆրիժ» շոգենավը, որի վրա էին Ֆրանսիայում Սարյանի նկարած կտավները, հրդեհվել է։ Հրշեջ նավակները չեն կարողանում մարել կրակը, եւ թեքված նավը քաշում են ավազուտների մոտ։ Մարտիրոս Սարյանի 37 կտավը ոչնչանում է։
«Սկզբում ես մի տեսակ շշմած դրության մեջ էի եւ կարծես չհավատալով կատարվածին, այնքան խորը չէի զգում կորստի պատճառած վիշտը, սակայն հետզհետե երբ անդրադառնում եմ նրան եւ պատկերացնում ստեղծագործության այն աննախընթաց եւ եզակի թափը, որով ես համակված էի Փարիզում այդ նկարները ստեղծելիս եւ որը չի կրկնվում այլեւս ինձ համար, նոր եմ զգում, թե ինչ մեծ կորուստ ունեցա ես»,- ասել էր նա։
Մարտիրոս Սարյանը թեեւ ուներ իր կտավների լուսանկարները, սակայն դրանք սեւ-սպիտակ էին, եւ Վարպետը չէր կարող վերականգնել գույները։ Բացի այդ, «Այն, ինչ կարելի էր նկարել Փարիզում, ֆրանսիական արվեստի անմիջական ներշնչման ազդեցության տակ, դժվար է վերարտադրել Երեւանում»,- նշել էր Սարյանը։
Մահանում է Սպենդիարյանը
1928թ. ապրիլի 16-ին Երեւանի կոնսերվատորիայում տեղի է ունենում համերգ, որտեղ կատարվում էին Ալեքսանդր Սպենդիարյանի եւ կոնսերվատորիայի ղեկավար Անուշավան Տեր-Ղեւոնդյանի ստեղծագործությունները։
Երկու կոմպոզիտորն էլ ներկա էին համերգին, որը պետք է վերջինը դառնար Սպենդիարյանի կյանքում. մայիսի սկզբին նա հիվանդանում է թոքաբորբով եւ մահանում մայիսի 7-ին։
Հուղարկավորությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար ստեղծվում է պետական հանձնաժողով՝ լուսժողկոմի նախագահ Ասքանազ Մռավյանի նախագահությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Սպենդիարյանի ձեռագրերի պահպանությանը։
«Մայիսի 7-ի երեկոյան, Ալ. Սպենդիարյանի բնակարանում՝ ներկայությամբ կոմպոզիտորի որդու, Լուսժողկոմատի ներկայացուցիչ ընկ. Ե. Խոջամիրյանի եւ Կոնսերվատորիայի տնօրեն Ա. Տեր-Ղեւոնդյանի՝ կնքվել են հանգուցյալի ձեռագրերը, որոնց թվում նաեւ «Ալմաստ» օպերայի հատվածները եւ հանձնված են Լուսժողկոմատին»,- գրում է «Խորհրդային Հայաստանը»։
Երեւանում հետաձգվում են բոլոր տեսակի համերգները, սգո երեկոներ են անցկացվում կոնսերվատորիայում եւ այլ մշակութային հաստատություններում։
Սպենդիարյանի հուղարկավորությունը տեղի է ունենում մայսի 17-ին, կոմպոզիտորի աճյունն ամփոփվում է Ժողովրդական տան (Օպերայի եւ բալետի թատրոնի) այգում։
Մաքսիմ Գորկին այցելում է Հայաստան
1928թ. հուլիսի 25-ին Երեւան է ժամանում Մաքսիմ Գորկին։ Ղարաքիլիսայում, Դիլիջանում եւ այլ վայրերում տեղի են ունենում հանդիպումներ ու հանդիսավոր արարողություններ, որոնք շարունակվում են Երեւանում։
Կոմայգում կազմակերպվում է մեծ հանրահավաք, ապա Գորկին շրջում է Երեւանի գործարաններում, մշակութային հաստատություններում, զրուցում գրողների հետ։
Հաջորդ օրը նա մեկնում է Հայաստանից։ «Հայկինոն» նկարահանում է «Գորկու այցելությունը Հայաստան» վավերագրությունը։
«Արդեն իսկ Երեւանը զարդարված է շատ լավ Հիդրոշենով, որի ուժով աշխատում են բամբակազտիչ, յուղի, օճառի գործարանները եւ լուսավորում քաղաքը։ Եռանդուն առաջ է մղվում բանվորների համար բնակարան կառուցելու գործը։ Երկու խոշոր տուն արդեն բնակված են։ Ամենուր զգացվում է տիրոջ խիզախ ու խելոք ձեռքը։
Շատ լավ թատրոն կա կազմակերպված։ Ծրագրված են բազմաթիվ գործեր, որոնք պիտի արագորեն կերպարանափոխեն քաղաքը։ Երկրաբանական հետազոտություններ են կատարվում բովանդակ երկրում»,- գրել էր Գորկին Հայաստանի մասին։
Այրվում է Լենինականի կինոյի նորակառույց շենքը
1928թ. հունվարի 14-ի գիշերը հրդեհ է բռնկվում Լենինականի կինոյի նորակառույց շենքում, որն ամբողջովին այրվում է։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ այն քաղաքի ամենագեղեցիկ շենքն էր։ Հրդեհը բռնկվում է տանիքում, կարճ ժամանակ անց հասնում են երկաթուղային կայարանի, տեքստիլ գործարանի հրշեջները, բայց անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պայմաններում չեն կարողանում մարել հրդելը։ Օգնության են շտապում նաեւ մոտակա տների բնակիչները, որոնք փորձում են դույլերով ջուր հասցնել, սակայն ուժեղ սառնամանիքին ջուրն արագորեն սառչում էր եւ առանձնապես օգուտ չէր տալիս։
Կինոյի տան աշխատակիցները կարողանում են այրվող շենքից դուրս բերել հայկական մի քանի ֆիլմի ժապավենները։ «Հրդեհի ժամանակ ազատված է կինոապարատը, դաշնամուրը, Լենինի բրոնզե արձանը եւ «Խաս փուշ», «Նամուս», «Կայսր եւ բանաստեղծ» եւ «Անհետացող ստվերներ» կինոժապավենները»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
«Իմ ընկեր Լիպոն»
1928թ. փետրվարի 23-ին ԽՍՀՄ-ում մեծ շուքով նշում էին Կարմիր բանակի ստեղծման 10-րդ տարեդարձը։
Այս առիթով ԽՍՀՄ ռազմահեղափոխական կոմիտեն Կարմիր շքանշանով պարգեւատրվում է Հայկական դիվիզիայի հրամանատար Մելիք-Շահնազարյանին, դիվիզիայի շտաբի պետ Բաղդասարյանին եւ այլ զինվորականների։
Թերթերում տպագրվում են Հայկական դիվիզիայի հրամանատարների հուշերը՝ գլխավորապես քաղաքացիական պատերազմի եւ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու մասին։
«Խորհրդային Հայաստան» թերթի 1928թ. փետրվարի 26-ի համարում տպագրվում է Եղիշե Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բալլադը։
...Լուսաբացին մենք անցանք գրոհի,-
Լուսաբացին խփեցին Լիպոյին...
Լուսաբացին նա ընկավ կռվում,
Երբ հաղթանակն էր վառվում, փռվում։
Ընկավ կռվում
Մեր զինկոմն արի.
Ընկավ Լիպոն
Երեւանի
Ճանապարհին...
...Լուսաբացին մեր բանակը հաղթական
Քաղաք մտավ՝ հետը կարմիր մի դագաղ...
Լուսաբացին ո՛չ մի «ախ»-
Սակայն-
Լուսաբացին դրոշներ հուրհուրան
Իջան ընկեր Լիպարիտի վրա...
Խոնարհվեցին դրոշները բանակի-
Ու պառկած էր իմ ընկեր Լիպոն՝
Ռազմի կարմիր իր զգեստներն հագին։
Հայաստանի նոր ղեկավարները
1928թ. մարտին ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Համբարձումյանն ընտրվում է Անդրկովկասյան Դաշնության ժողկոմխորհի նախագահի տեղակալ։
Խորհրդային Հայաստանի Կենտրոնական գործադիր կոմիտեն նրա փոխարեն ժողկոմխորհի նախագահ է նշանակում Սահակ Տեր-Գաբրիելյանին։ Տեր-Գաբրիելյանը մինչեւ այդ Մոսկվայում Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչն էր։ Ժողկոմխորհի պաշտոնում Սահակ Տեր-Գաբրիելյանն աշխատում է մինչեւ 1935թ.։ Նրան աշխատանքից ազատելով՝ Հայաստանում սկսվում են Ստալինյան բռնաճնշումները։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Սահակ Տեր-Գաբրիելյանը ինքնասպանություն է գործում հարցաքննության ժամանակ։
1928 թվականի ապրիլի 5-ին Հայկազ Կոստանյանն ընտրվում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար եւ զբաղեցնում այդ պաշտոնը մինչեւ 1930 թվականը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան