Հայկական Կարմիր. 1930



1930 թվականին գիտնականները բացահայտում են Պլուտոն մոլորակը, Հնդկաստանում Մահաթմա Գանդին սկսում է քաղաքացիական անհնազանդության արշավը, Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինին կոչ է անում վերանայել Վերսալի պայմանագիրը, Ուրուգվայում անցկացվում է ֆուտբոլի Աշխարհի առաջին առաջնությունը, Նյու Յորքում բացվում է Քրայսլեր բիլդինգ երկնաքերը:


Պայքար նախկինների դեմ


1930թ. փետրվարի 26-ին Երեւանում տեղի է ունենում ինժեներների, տեխնիկների եւ ճարտարագետների ընդհանուր համագումարը, որն անդրադառնում է ինչպես սոցիալիստական շինարարությանը, այնպես էլ այդ շինարարությանը խանգարող ուժերին։

1929թ. վերջին եւ 1930թ. ԽՍՀՄ-ում ընթանում էր, այսպես կոչված, «արդյունաբերական կուսակցության» գործը, որի շրջանակում բռնադատվում են բազմաթիվ տեխնիկական մասնագետներ։ Նրանց հիմնականում մեղադրում էին վնասարարության համար։ Խորհրդային Հայաստանում այդպիսի աղմկահարույց առանձին դատավարություն տեղի չի ունենում, սակայն որոշ քայլեր տեղական իշխանությունները, այնուամենայնիվ, ստիպված էին ձեռնարկելու։

Համագումարում ելույթ է ունենում Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության կենտկոմի երկրորդ քարտուղար Աղասի Խանջյանը եւ հատուկ ուշադրություն հրավիրում «նախկինների»՝ բուրժուական մասնագետների հնարավոր վնասարարության վրա։ «Մենք պիտի ընդգծենք, որ «չեզոք» վերաբերմունք կամ լոկ «լոյալություն» մասնագետների կողմից այսօր չի կարող արդեն բավարարել մեզ։ Մեզ անհրաժեշտ են սոցիալիստական շինարարության ակտիվ եւ գիտակից մարտիկներ, բանվոր դասակարգի անվերապահ զինակիցներ»,- ասում է Խանջյանը։

Ինչպես ընդունված էր այն ժամանակ, Խանջյանի խոսքին անմիջապես հետեւում են մի շարք կրակոտ ելույթներ, որոնք արդեն ավելի կոնկրետ են ներկայացնում վնասարարության դեպքերը։ Այսպես՝ տեքստիլ գործարանի ներկայացուցիչ ոմն Մաթեւոսյանն իր ելույթում նշում է, որ թեեւ Հայաստանում «Շախտիի գործ չկա», սակայն չի նշանակում, որ ճարտարապետների ու տեխնիկների շրջանում դրությունը բավարար է։ Մաթեւոսյանը գտնում էր, որ «հին կադրերը» խոչընդոտում են երիտասարդ մասնագետների աշխատանքին՝ մեծ վնաս հասցնելով սոցիալիստական շինարարությանը։ Մյուսներն էլ ինքնաքննադատաբար են արձագանքում իրենց լոյալությանը՝ խոստանալով հնարավորինս կարճ ժամանակում «ամենամեծ եռանդով լծվել սոցիալիզմի կառքին»։


Խանջյանը՝ առաջին քարտուղար


1930 թվականի մայիսի 7-ին Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվում 29-ամյա Աղասի Խանջյանը:

 

 

Խանջյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարում է մինչեւ 1936 թվականի հուլիսի 9-ը, երբ մահանում է Թբիլիսիում: Մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, սակայն առավել հաճախ շրջանառվում է ոչ պաշտոնական վարկածն այն մասին, որ Աղասի Խանջյանին սպանել է անձամբ Լավրենտի Բերիան:


Ապստամբություն կոլեկտիվացման դեմ


1930 թվականին Խորհրդային միությունում ամբողջ թափով շարունակվում էր կոլեկտիվացումը, որն ուղեկցվում էր բազմաթիվ արյունալի բախումներով, գյուղացիական ապստամբություններով, ձերբակալություններով ու աքսորով։

Հայաստանն անմասն չէր այս երեւույթներից. գյուղացիների զանգվածային ունեզրկումը դժգոհության ալիքներ էր առաջացնում նաեւ փոքր ու արտաքուստ հանգիստ մեր երկրում։ Կոլեկտիվացմանը հիմնականում կողմ էին չքավոր գյուղացիները, իսկ միջին եւ ունեւոր խավը չէր ցանկանում միանալ համայնքային տնտեսությանը՝ տարիների դժվար աշխատանքով ստեղծած սեփական բարիքը տրամադրելով ընդհանուրին։

Կոլեկտիվացման դեմ ուղղված շարժումները Խորհրդային միությունում որակվում էին որպես «բանդիտիզմ»։

Թեեւ 1923թ. Դաշնակցությունն ինքնալուծարվել էր, եւ հազարավոր մարդիկ դուրս էին եկել կուսակցության շարքերից, սակայն 1930-ին ՀՅԴ-ն դեռ ուներ որոշ գաղտնի հետեւորդներ ու անդամներ։ Գյուղացիական շարժումների ընթացքում Խորհրդային Հայաստանի իշխանությունը մեղադրում էր դաշնակցականներին բնակչությանը զինված պայքարի դրդելու եւ անգամ այդ պայքարը կազմակերպելու համար։

 

 

Իրադրությունը սկսում է լարվել 1930թ. սկզբին, եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախագահությունը որոշում է խստացնել պայքարը «հակախորհրդային տարրերին հայտնաբերելու համար»։

«Շտապ միջոցներ ձեռնարկել գոյություն ունեցող խմբերն ու կազմակերպությունները վերացնելու նպատակով։ ...Հատուկ մարմինների գործունեությունը պետք է ուղեկցվի գյուղական չքավորության եւ միջակ գյուղացիության շրջանում մամուլի ու բանավոր քարոզչության զանգվածային աշխատանքով՝ դաշնակների կուսակցության, տրոցկիստների ու այլոց հակահեղափոխական, կուլակային էությունը մերկացնելու համար»,- ասված էր որոշման տեքստում։


Կոլեկտիվացման կոշտ քաղաքականության դեմ 1930թ. բռնկված շարժումներում Հայաստանում մասնակցում էր շուրջ 2 000 մարդ։ Ապստամբություն էր բռնկվել Վայքում, Վեդիում, Իջեւանում, Վարդենիսում, որն ուղեկցվում էր փոխհրաձգությամբ եւ մարդկային զոհերով։ Ճիշտ է, գյուղացիական շարժումները որոշ հաջողություններ արձանագրում էին, սակայն հասկանալի է, որ պետական կառույցների դեմ նրանք անզոր էին, եւ ապստամբական շարժումները ճնշվում են ապրիլ-մայիսի ընթացքում։

Պատմաբան Արմենակ Մանուկյանը գրում է, որ միայն 1930-ին Հայաստանում բռնադատվում է 1300-ից ավելի կոլտնտեսական եւ «կուլակ»։


Անասունների մորթն ու վաճառքը կարգավորող որոշում


Բռնի կոլեկտիվացման դեմ պայքարող մենատնտեսները հաճախ ոչնչացնում էին իրենց ունեցած մանր ու խոշոր անասունը համայնքին չհանձնելու համար։ Գյուղացիները մորթում կամ վաճառում էին ընտանի կենդանիները, ինչի հետեւանքով կոլտնտեսությունները զրկվում էին անասունից։ 1930թ. գյուղացիական ապստամբության մասին վկայություններից մեկում նշված է, որ գյուղացիները ոչնչացնում էին նաեւ իրենց գյուղացիական գործիքները։ «Եվ այն գյուղացին, որ ոչխարի թարմ միս երբեք չէր ուտում, մինչեւ որ գայլը, հովիվը կամ բնությունը չսպաներ, օրական մի քանի հատ մորթում էր խեղճ կենդանիներից, միայն թե նրանք չընկնեին անիրավների ձեռքը» (Ա. Արտօ, «1930-ի ապստամբությունը Դարալագյազում», Հայրենիք, թիվ 12, 1954թ.)։

Այս երեւույթի դեմ պայքարելու համար Մոսկվայում որոշում են կուլակների դեմ խիստ միջոցներ ձեռնարկել, «որոնք անասունները ոչնչացնելու գլխավոր ներշնչողներն են»։ Այդ նպատակով պետք է հաշվառվեր մասնավոր տնտեսությունների ամբողջ ունեցվածքը, իսկ անասունները թույլատրվում էր մորթել կամ վաճառել միայն կոլտնտեսությունների համաձայնությամբ։

 

 

Փետրվարի 5-ին անասունների մորթն ու վաճառքը կարգավորող որոշում է ընդունում ՀԽՍՀ ժողկոմխորհը։ Միաժամանակ, ՀԽՍՀ քրեական օրենսգրքում ավելացվում է 104-ա հոդվածը, որով երկու տարի ազատազրկում կամ արտաքսում էր նախատեսվում որոշումը խախտելու համար։


Ձեթ-օճառ գործարանի անաստվածների բջիջը


1930թ. Խորհրդային Հայաստանում շարունակվում էր պայքարը եկեղեցու, հոգեւորականների եւ եկեղեցական տոների դեմ։ Տարին սկսվում է Քրիստոսի ծննդյան տոնը նշելուց հրաժարվելով, որի փոխարեն մի շարք գործարաններում շաբաթօրյակներ ու հավելյալ աշխատանքներ են անցկացվում։ Միաժամանակ հակաեկեղեցական լայն քարոզչություն էր տարվում։

 

 

«Ձեթ-օճառ գործարանի անաստվածների բջիջը, տեղկոմը եւ մյուս հասարակական կազմակերպությունները հակակրոնական ագիտացիան հաջողությամբ տանելու համար ձեռք են բերել մի շարք մատչելի պլակատներ եւ հունվարի 6-ին տեղի ակումբում դրվելու է հատուկ զեկուցում Քրիստոսի լեգենդայի մասին»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


Հակաեկեղեցական շարժումն ընթանում էր կոլեկտիվացմանը զուգահեռ։ 1930թ. նշանավորվում է ստալինյան բռնությունների առաջին ալիքով, եւ պատահական չէ, որ գյուղացիական ապստամբական խմբերի կազմում հաճախ էին պատահում հոգեւորականներ։ 1930թ. Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանը կաթողիկոսին գրում էր. «Նախ թեմիս գլխավորապես դաշտային մասերի գյուղերը կոլեկտիվացման են ենթարկված, հետզհետե մյուս գյուղերը եւս կոլեկտիվացում կընդգրկի։ Քահանան մնալու է միանգամայն դուրսը։ Շուտով բոլոր եկեղեցիներից պիտի ձեռք քաշել։ Քանի-քանի քահանաներ եկել եւ դարձյալ գալիս են աղի արցունք թափում մոտս իրենց զավակների համար, որոնք շուտով քաղցի պիտի մատնվեն»։

 

 

Հանուն անաստվածության այս պայքարի շրջանակում 1930թ. փակվում եւ լուծարվում են Սեւանի եւ Սանահինի վանքերը։


Տրամվայի գիծ կառուցելու որոշումը


1930թ. ՀԽՍՀ ժողկոմխորհն ընդունում է Երեւանում տրամվայի գիծ կառուցելու որոշումը։ Քաղաքային գիծը ձգվելու էր Երեւանի պետական համալսարանից մինչեւ Շահումյան հրապարակ, ապա բաժանվեր երկու մասի՝ մեկը՝ դեպի «Արարատ» գինու գործարան, մյուսը՝ Մարքսի փողոցով դեպի կայարան։

Քաղաքում լինելու էր 20-25 վագոն, որոնք բերելու էին Մոսկվայից։ Տրամվայի գծի կառուցումն արժենալու էր 1.8-2 մլն ռուբլի։


Շիրվանզադեի գրական գործունեության 50-ամյակը


1930թ. փետրվարի 8-ին Երեւանում նշվում է գրող Ալեքսանդր Շիրվանզադեի գրական գործունեության 50-ամյակը։ «Խորհրդային Հայաստան» թերթում Վահան Թոթովենցը տպագրում է Շիրվանզադեի կենսագրությունը, որտեղ նշում էր, որ 72-ամյա գրողը պատրաստվում է գրել հայտնի «Քաոս» վեպի շարունակությունը, որտեղ պատմելու է հաջորդ սերնդի պատմությունը։

 

 

«Նրա լեզուն ու ոճը միանգամայն համապատասխանում են իր նյութերին։ Այն ժամանակ, երբ մյուս հեղինակների պատկերները կորչում են բառերի ճոխության տակ, Շիրվանզադեն սակավ խոսքերով կարողանում է արտահայտել ուզած միտքը եւ նկարել ցանկացած պատկեր։ Դա եւս մեծ վարպետություն է, որ շատ քչերին է հաջողվում։ Այդ սակավախոսությունը նույնպես մեծ հաղթանակ էր, որ տարավ Շիրվանզադեն իր նախորդ վիպագիրների շատախոսության հանդեպ»,- գրել էր Ստեփան Զորյանը։


Պատիժ անորակ ապրանք արտադրելու համար


1930թ. փետրվարի 5-ին ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեն եւ Ժողկոմխորհն ընդունում են որոշում, որով խիստ պատիժ է սահմանվում անորակ ապրանք արտադրելու համար։

Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի բ. եւ գ. կետերը սահմանում էին, որ պարբերաբար անորակ արտադրանք թողարկելու համար նախատեսվում է մինչեւ հինգ տարի ազատազրկում կամ մեկ տարի հարկադիր աշխատանք։ Իսկ նախատեսված չափորոշիչները խախտելու համար ազատազրկում էին երկու տարով։

1930թ. փետրվարին Երեւանի մի շարք խանութներում հայտնվում է անորակ միս։ «Խորհրդային Հայաստան» թերթի թղթակիցները որոշում են անսպասելի ստուգել Երեւանի սառցարանը, որտեղ պահվում էր մայրաքաղաքի խանութներին մատակարարվող միսը։ Տեսարանը, մեղմ ասած, անմխիթար էր։ «Սառցարանի առաջ կանգնած էին հենց նոր Ելենովկայից եկած 3 ֆուրգոններ՝ բարձված ոչխարի մսով։ 2 ֆուրգոն միջի կողմից պատած էին կեղտոտ փալասներով, իսկ մի ֆուրգոնի մեջ նույնիսկ այդ փալասն էլ չկար։ Մսերը վերեւից բաց էին, մոտ կես վերշոկ ձյունով ծածկված եւ կապոտած կեղտոտ պարաններով։ ...Կային կամերաներ, ուր միսը պարզապես դարսված էր ցեմենտյա հատակի վրա։ N 7 կամերայի մի մասում դարսված էին ֆինոզով հիվանդ ոչխարի մսերը։ Վարիչն այդ միսը համարում էր «այնուամենայնիվ ոչ բոլորովին փչացած, այլ միայն կասկածելի»։ Հնարավոր է, որ այդ մսից եւս շուկա է հանված»,- պարզել էին լրագրողները։ Պարզվել էր նաեւ, որ սառցարանը չուներ մասնագետ, որը պետք է ստուգեր մսի որակը. նրան վարիչն աշխատանքից ազատել էր։

Ստուգումների արդյունքները ներկայացվում են առեւտրի ժողկոմատ, որտեղ էլ որոշվում է վերականգնել սանիտարական բժշկի հաստիքը, ինչպես նաեւ մսի թարմությունը ստուգել ամեն օր, նախքան խանութ առաքելը։


Գրողների հոնորարի չափը


Խորհրդային պլանային տնտեսությունը չէր կարող չանդրադառնալ նաեւ մշակույթի գործիչներին. գրողները նույնպես պետք է որոշակի քանակի գրքեր գրեին, հանդիպումների մասնակցեին, մի խոսքով՝ իրենց բաժին սոցիալիստական շինարարությունն անեին։ Այս աշխատանքը բնականաբար վարձատրվում էր, սակայն դարձյալ պլանային տնտեսության տրամաբանությամբ։ Գրողի գրքի եւ հոդվածի համար պետությունը սահմանում էր բավականին հստակ վարձատրության չափ։

1930թ. հունվարի 5-ին ՀԽՍՀ ժողկոմխորհը հատուկ որոշումով սահմանում է գրողների հոնորարի չափը։ Այն հաշվարկվում էր երկու սկզբունքով՝ տպաքանակով եւ տպագրական մամուլի ու նիշերի թվով։ Այսպես՝ եթե գեղարվեստական արձակ ստեղծագործությունը տպագրվում էր 4 000 օրինակով, ապա յուրաքանչյուր մամուլի համար (մոտ 40 հազար տպագրական նիշ) հեղինակը ստանալու էր 90 ռուբլի։ Այսպես կոչված՝ մասսայական գեղարվեստական գրականությունը փոքր-ինչ ավելի շատ էր վարձատրվում՝ 10 հազար տպաքանակի դեպքում 100 ռուբլի։ Ամենաքիչը գնահատվում էին «հավաքական աշխատասիրությունները՝ քրեստոմատիաներն» ու թարգմանությունները, որոնք հետագայում խմբագրվելու էին. այս աշխատանքի դիմաց վճարում էին 40 ռուբլի։ Եթե գրքի տպաքանակն ավելանում էր, ապա հեղինակը հավելյալ վարձատրություն էր ստանում՝ նախնական գումարի 50-30 տոկոսի չափով։


Մարդահամարը


1930թ. ապրիլի 25-ից սկսվում է Երեւան, Լենինական, Կիրովական քաղաքների մարդահամարը։ Ցուցակագիրները շրջում էին քաղաքի բոլոր շրջաններում եւ գրանցում իրականում քաղաքում ապրող մարդկանց, բացի զորամասերից։

 

 

Քաղաքային բնակչության հաշվառումը պայմանավորված էր արդյունաբերական զարգացմամբ եւ բնակչության թվի ավելացումով։ Եթե 1914թ. Երեւանում ապրում էր 29 հազար մարդ, ապա 1930-ին այդ թիվը մոտ երեք անգամ ավելացել էր՝ հասնելով 86 հազարի։


Կինոյի զարգացումը


1930-ին զգալի տեմպերով զարգանում էր հայկական կինոն։ Նկարահանվում էին ոչ միայն գեղարվեստական, այլեւ վավերագրական ու քարոզչական ֆիլմեր։

Դրանցից մեկը «Գողը» («Գյուտ գողացողը») գեղարվեստական կինոնկարն էր, որի ռեժիսորը Կոնստանտին Ռոդենդորֆն էր։ Ֆիլմում խաղում էին Հրաչյա Ներսիսյանը, Սիսակ Էդիգարովը, Ռոզա Հովհաննիսյանը։ Նույն տարում նկարահանվում է «Սեւ թեւի տակ» («Ազդանշան ջրվեժի մոտ») գեղարվեստական կինոնկարը, որի սցենարի հեղինակներն էին Ակսել Բակունցն ու Պատվական Բարխուդարյանը։ Ֆիլմը պատմում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղ վերադարձած զինվորականի մասին, որը դասակարգային պայքարի կոչ էր անում համագյուղացիներին։ Ֆիլմում նկարահանվել էին Լեւոն Քալանթարը, Հասմիկը (Թագուհի Հակոբյան), Միքայել Գարագաշը, Ամասի Մարտիրոսյանը։

Նկարահանվում է նաեւ Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» վավերագրական ֆիլմը՝ Խորհրդային Հայաստանի մասին։



Հայֆիլմի արդեն նկարահանված մի շարք ֆիլմեր ցուցադրության են ուղարկվում Հարավային եւ Հյուսիսային Ամերիկա։ Դրանց թվում էին «Նամուս», «Չար ոգի», «Զարե» եւ «Խաս-Փուշ» ֆիլմերը։


Ձորահէկի թունելի կառուցումը


1930թ. մայիսի 9-ին հանդիսավոր միջոցառումներով ավարտվում է Ձորահէկի թունելի կառուցումը, որը շինարարության ամենաբարդ հատվածն էր։ «Ամենահաջող կերպով պայթեցվեցին եւ միացվեցին 5-րդ եւ 6-րդ տեղամասերը։

 

 

Ժամը 5:20 րոպեին թունելների երկու կողմից պայթեցված կետում գրկախառնվեցին բանվորները։ Թունելից լսվում էին «կեցցե էլեկտրաֆիկացիան», «կեցցե բայլշեւիկյան կուսակցությունը»,- գրում էր «Խորհրդային Հայաստան» թերթը։

Ձորահէկի կառուցումն ընթանում էր երկու փուլով. առաջինն ավարտվելու էր 1931-ի հոկտեմբերին, երկրորդը՝ 1932-ի ապրիլին։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: