1925 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Խրիստիանիան վերանվանվում է Օսլո, մահանում է Գոմինդան կուսակցության առաջնորդ, Չինաստանի առաջին նախագահ Սուն Յաթսենը, սպանվում է Քաղաքացիական պատերազմի հերոս
Գրիգորի Կոտովսկին, լույս է տեսնում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի առաջին համարը, ինքնասպան է լինում բանաստեղծ Սերգեյ Եսենինը:
Զոհվում է Մյասնիկյանը
1925թ. մարտի 22-ին Թիֆլիսի Դիդուբե օդանավակայանի մոտ ինքնաթիռի վթարից զոհվում է Ալեքսանդր Մյասնիկյանը։ Նրա հետ էին Անդրկովկասյան արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Սողոմոն Մոգիլյովսկին եւ նույն հանձնաժողովի անդամ Գեւորգ Աթարբեկյանը, ինչպես նաեւ օդաչու Շպիլը եւ մեխանիկ Սագարաձեն։
Մյասնիկյանը գործընկերների հետ թռչում էր Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի խորհուրդների համագումարին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Junkers F.13 ինքնաթիռը Թիֆլիսի օդանավակայանում տեխնիկական խնդիրներ չէր ունեցել, սակայն թռիչքից 15 րոպե անց հրդեհ էր բռնկվել, ինքնաթիռն ընկել էր ու պայթել։
«Մեզ հետ չէ այլեւս Ալյոշան, Ալեքսանդր Ֆյոդորովիչը, մեզ հետ չէ ընկ. Մյասնիկյանը։ Ո՞վ չի ճանաչում ընկ. Մյասնիկյանին, ընկ. Ալ. Մարտունուն։ Բոլորը գիտեն նրան։ Մեր կուսակցության հին դեմքերից մեկն է նա։ Նրան գիտեն ոչ միայն Հայաստանում, Անդրկովկասում, Խորհրդային Մեծ Միության մեջ, գիտեն նրան եւ արտասահմանում։ Մարտիկ էր նա, միապետական կարգերի դեմ։ Ղեկավար էր Կարմիր Բանակի արեւելյան ֆրոնտում, բուրժուական հակահեղափոխության դեմ։ Կարմիր բանակի կառուցողներից, առաջնորդներից էր նա նաեւ Հայաստանում եւ Անդրկովկասում»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Մարտի 23-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշումով եռօրյա սուգ է հայտարարվում Անդրկովկասի ամբողջ տարածքում, կառավարական բոլոր շենքերի վրա բարձրացվում են սգո դրոշներ։
Մյասնիկյանի հուղարկավորությունը տեղի է ունենում 1925թ. մարտի 25-ին Թիֆլիսում։ Թաղման արարողությանը մասնակցում էին հազարավոր մարդիկ, տարբեր հանրապետություններից եկել էին կուսակցական ղեկավարների գլխավորած պատվիրակությունները։ Ավիավթարի չորս զոհը, բացի օդաչու Շպիլից, հուղարկավորվում է եղբայրական գերեզմանում։ Շպիլի աճյունը հատուկ դիակառքով ուղարկվում է Բավարիա։ Հուղարկավորության ամբողջ ընթացքում՝ շուրջ 40 րոպե, տրվում է պատվո համազարկ։
Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ու շրջաններում սգո արարողություններ են անցկացվում։
Խորհրդա-թուրքական սահմանային խառը հանձնաժողովը
1925թ. հունվարին Թիֆլիսում իր աշխատանքն էր շարունակում խորհրդա-թուրքական սահմանային խառը հանձնաժողովը։ 1921թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրով երկու երկրները պետք է հանձնաժողով ձեւավորեին եւ սկսեին սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը։
1925-ի հունվարի 3-ին «Խորհրդային Հայաստան» թերթը գրում էր, որ խորհրդային կառավարության կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել Օտտո Յանովիչ Կարկլինը։ Նա ազգությունների հարցերով ժողկոմի տեղակալն էր, իսկ 1924-29թթ. Անդրկովկասյան Դաշնության արտաքին գործերի լիազորի պարտականություններն էր կատարում։ Հանձնաժողովի աշխատանքը լուսաբանվում էր դրական լույսի ներքո եւ մեծ ոգեւորությամբ։ «Ընկ. Կարկլինը հանձնաժողովի աշխատանքների մասին հայտնել է, որ հանձնաժողովը հարվածային կարգով կավարտի իր աշխատանքները նախ՝ կատարելով մի քանի ձեւական աշխատանքներ Թիֆլիսում, ապա մնացյալը տեղն ու տեղը՝ սահմանագլխում»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Թեեւ ներկայացուցիչները ջերմ խոսքեր էին շռայլել երկու երկրների բարեկամության մասին, սակայն հանձնաժողովի աշխատանքն իրականում այնքան էլ հարթ չէր ընթանում։ Մեկ տարի անց Կարկլինը Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Սարգիս Համբարձումյանին գաղտնի գրությամբ հայտնում էր, որ թուրքերը երկար ժամանակ ձգձգում էին աշխատանքը։
«1925-ին մենք զգալի ջանքեր ներդրեցինք, որպեսզի ստիպենք նրանց գալ եւ տեղում սկսել իսկական աշխատանքը՝ մի կողմ գցելով բարեկամության եւ այլ գեղեցիկ բաների մասին խոսակցությունները,- գրում էր նա եւ հավելում,- հապճեպ եւ ոչ այնքան ճշգրիտ խմբագրված Կարսի պայմանագիրը նույնպես բազմաթիվ դժվարություններ էր ստեղծում եւ պատվիրակությունների միջեւ երկար վեճերի պատճառ դառնում»։ (ՀԱԱ, ֆ. 113, ց. 29, գ1, թ.2)։
Արաքսի կղզիների խնդիրը
Խորհրդային միության եւ Թուրքիայի սահմանազատման աշխատանքներին զուգահեռ 1925թ. կարգավորվում էր նաեւ Արաքս գետի ջրերի հավասարաչափ օգտագործման հարցը։ Մարտի 29-ին սահմանային խառը հանձնաժողովն արդեն անցել էր Արաքսի երկայնքով եւ մոտեցել Արփային, որն ամենաբարդ հատվածն էր։ Այստեղ գետը հաճախ անցնում էր մի երկրի տարածքից մյուսը եւ մի քանի անգամ փոխել էր հունը, ինչը բարդություններ էր ստեղծել երկու երկրների սահմանամերձ բնակավայրերի հողատարածքները մշակելու համար։
Գետի խորությունը եւ հունը ճշգրիտ որոշելու համար զինվորները լողալով անցնում էին եւ չափումներ իրականացնում։ Ի վերջո, մարտի 30-ին Հաջի Բայրամ գյուղում ստորագրվում է համաձայնագիր եւ տեղադրվում են սահմանային առաջին սյուները։ Այս բարդ աշխատանքներին աջակցելու համար հանձնաժողովը հատուկ արձանագրությամբ շնորհակալություն է հայտնում սահմանապահ ջոկատի անդամ Դանիլի Սայապինին եւ սահմանային ուղեկալի պետ Տիգրան Զարգարյանին։
Երկու օր անց ԽՍՀՄ պատվիրակության ղեկավար Կարկլինը մանրամասներ է հայտնում հանձնաժողովի աշխատանքներից. «Մինչեւ մարտի 29-ը հանձնաժողովը հետազոտել ու ձեւակերպել է սահմանային շրջանները 100 վերստից ավելի երկարությամբ։ Համեմատաբար շուտ եւ երկու կողմերի համար շահավետ կերպով լուծում է ստացել Արաքսի բազմաթիվ կղզիների խնդիրը, որոնք ցույց են տրված քարտեզի վրա, սակայն տեղում հետազոտելու ժամանակ պարզվեց, որ հեղեղումները նոր փոփոխություններ են մտցրել»։
Դվինի գտածոն
1925թ. հունվարին Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի աշխատակիցները Դվինում արձանիկի գլուխ են գտնում։ Կոմիտեի քարտուղար Աշխարհբեկ Քալանթարը հայտնում էր, որ գտածոն արքայական արձանի գլուխ է եւ թվագրվում է մ.թ. IV-Vդդ. (հետագայում գիտնականները հաստատել են, որ արձանի գլուխը մ.թ. I դարի է)։ Արձանի մնացորդը պատահաբար գտնվել էր 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, սակայն անհետացել էր, եւ միայն հնությունների պահպանության կոմիտեի համառ որոնումներն էին գտել մշակութային արժեքավոր նմուշը։
«Արձանը 25-30 տարի առաջ պատահաբար գտնվել է Դվինի շրջանում։ Նրանով հետաքրքրվել ու պահել է իր մոտ տարիներ շարունակ ուսուցիչ Մարագուլովը, որի ցուցումներով այժմ հաջողվեց նորից գտնել այն, որովհետեւ վերջին տարիներս անուշադրության մատնվելով՝ գլուխն անհետացել էր։ Կոմիտեն իր ունեցած տեղեկություններով ղեկավարվելով՝ մոտ ապագայում պեղումներ է կատարելու նույն շրջանում»,- պարզաբանել էր Աշխարհբեկ Քալանթարը։
Հողժողկոմ Երզնկյանի շրջագայությունը
1925թ. սկզբին եվրոպական մի շարք երկրներ կատարած ուղեւորությունից վերադառնում է ՀԽՍՀ հողժողկոմ Արամայիս Երզնկյանը։ Նրա այցելությունների նպատակն էր կազմակերպել հայերի վերադարձը։ Երզնկյանը նշում էր, որ ամենուր մեծ հետաքրքրություն էր նկատվում Խորհրդային Հայաստանի հանդեպ, եւ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը ցանկանում էին վերադառնալ։
Ըստ նրա՝ հայերի դրությունը հատկապես դժվար էր Հունաստանում։ Թուրք-հունական պատերազմից հետո հազարավոր փախստականներ էին հաստատվել այնտեղ, եւ հայերի հանդեպ որոշ ճնշումներ էին սկսվել։
«Վատ վիճակի մեջ է այժմ Հունաստանի գաղթականությունը, որ կանգնած է նոր տեղափոխման վտանգի առաջ»,- ասել էր նա։
Արամայիս Երզնկյանը մի շարք պայմանավորվածություններ էր ձեռք բերել հայ մեծահարուստների կտակների մասով, որոնք նախատեսում էին ներդրումներ անել Խորհրդային Հայաստանում։ Մասնավորապես, Ռաֆայել Մարկոսյանի կտակով Երեւանում պետք է բացվեր արհեստագիտական դպրոց, Տարուհի Հակոբյանի կտակով Երեւանի հիվանդանոցներում սկսվելու էին մանկաբարձական դասընթացներ։ «Մյուս կտակը Մեթեմեդյանինն է, որով հատկացվում է 25 հազար ռուբլի, որով կառուցվելու է Նոր Եվդոկիա գյուղը։ Համաձայնությունը կնքված է ընդհանուր բարեգործական միության հետ, Երեւանի մոտ միությունը շինելու է մի որբանոց, ուր փոխադրում են իրենց որբերին առաջին հերթին 250 հոգի եւ ապահովելու են նրանց մինչեւ ինքնապահ դառնալը»,- ասել էր Երզնկյանը։
Նանսենի այցը
1925թ. հունիսի 14-ին Բաթում է հասնում Ֆրիտյոֆ Նանսենի գլխավորած պատվիրակությունը։ Նանսենը Հայաստան էր ուղեւորվում հայ գաղթականներին տեղափոխելու հնարավորություններն ուսումնասիրելու համար։ Պատասխանելով լրագրողի հարցերին՝ Նանսենը նշել էր, որ «հանձնաժողովն ուղեւորվում է Հայաստան, որպեսզի տեղում պարզի օգնության այն բոլոր ձեւերը, որ հնարավոր է հասցնել հայ գաղթականներին արտասահմանից երկիր փոխադրելու եւ նրանց գոյությունն ապահովելու համար, բամբակագործությունն ու ոռոգման գործը զարգացնելու համար»։
Հունիսի 15-ին Նանսենը հասնում է Թիֆլիս, որտեղ հանդիպում է Անդրկովկասյան Դաշնության ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նույն օրերին Խորհրդային Հայաստանի հողժողկոմ Արամայիս Երզնկյանը «Խորհրդային Հայաստան» թերթում անդրադառնում է հայ գաղթականների խնդրին՝ նշելով, որ Հունաստանի կառավարությունն առաջարկել էր հայերին թողնել Հունաստանը։
«Որովհետեւ հունահայ գաղթականությունը ցանկություն է հայտնել տեղավորվելու Խորհրդային Հայաստանում, ուստի [Ազգերի լիգայի] Աշխատանքի բյուրոն որոշել է Հայաստան ուղարկել իր ներկայացուցիչներին՝ Նանսենի ղեկավարությամբ, պարզելու գաղթականներին Հայաստանում տեղավորելու պայմանները»,- ասել էր նա։ Երզնկյանը նաեւ պարզաբանել էր, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ընդունել գաղթականներին՝ պայմանով, որ «տեղավորման, իրիգացիոն եւ գաղթականությանը տնտեսության հետ կապելու ծախքերն իրենց վրա վերցնեն արտասահմանյան կազմակերպությունները»։
Հունիսի 17-ին Նանսենի գլխավորած պատվիրակությունը գալիս է Լենինական, որտեղ նրանց դիմավորում է Արամայիս Երզնկյանը։ Հաջորդ օրն արդեն հյուրերը Երեւանում էին։ Նրանք հանդիպում են ՀԽՍՀ ժողկոմխորհ Լուկաշինի հետ, որը վստահեցնում է, թե Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավորությունները կստեղծեն հանձնաժողովի աշխատանքի համար։ Նանսենին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչ հողեր կարող էր տրամադրել Հայաստանի կառավարությունը, եւ Լուկաշինն ասում է, որ նրանց կներկայացվեն արդեն պատրաստի տարբերակները։
Երեկոյան տեղի է ունենում Նանսենի հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների համատեղ նիստ, որտեղ Երզնկյանը ներկայացնում է Սարդարապատի ոռոգման ծրագիրը։ Հաջորդ օրը հանձնաժողովը մեկնում է Սարդարապատ՝ տեղում ծանոթանալու դաշտավայրի տնտեսական հնարավորություններին։ «Հանձնաժողովը շրջեց Արաքսի ափը, ծանոթանալով Մեծ ու Փոքր Սարդարապատի ջրանցքների նախագծերի հետ, առանձնապես ուշադրության առարկա անելով Մեծ Սարդարապատի ջրանցքի ծրագիրը։ Միսիայի անդամները ճանապարհին մանրակրկիտ կերպով ուսումնասիրում էին տեղի բարձրությունը, կլիման, մթնոլորտային տեղումները, հողի կազմությունը, ցանված ցանքսերի դրությունը»,- հանձնաժողովի անդամների աշխատանքը նկարագրում էր «Խորհրդային Հայաստանը»։ Հողժողկոմին հանձնարարվում է նաեւ պատրաստել Եղվարդի եւ Ղամարլուի ճահիճների չորացման ծրագրերը եւ ներկայացնել Նանսենին։
Լենինի անվան ջրանցքի բացումը
1925թ. հունիսի 21-ին Լենինականում մեծ շուքով նշվում է Շիրակի Լենինի անվան ջրանցքի բացման արարողությունը։ Նույն օրը գցվում է նաեւ հիդրոէլեկտրակայանի հիմքը։ Այս առիթով հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղում ժողկոմխորհի նախագահ Լուկաշինը՝ ասելով, որ Հայաստանի բանվորներն ու գյուղացիները իրենց մեծ հաղթանակն են տոնում։ «Շիր-Լեն-ջրանցքը մի հսկա կոթող է, որ ընկճեցնում է մեր թշնամիներին ու հակառակորդներին, եւ որ գլխավորն է, բանվորագյուղացիական մասսաներին չտեսնված հավատ է ներշնչում դեպի իր ուժը, դեպի իր ապագան։ Շիր-Լեն-ջրանցքը սոցիալիզմի մի զգալի մասն է կազմում մեր բանվորագյուղացիական հայրենիքում»,- ասել էր Լուկաշինը։
Ջրանցքն իսկապես գյուղատնտեսական մեծ նշանակություն ուներ։ Ջրի պակասի պատճառով Շիրակի դաշտավայրում հիմնականում հացաբույսեր էին ցանվում, որի բերքն էլ զգալիորեն ավելի քիչ էր ստացվում։ Ոռոգման համակարգի գործարկումից հետո նախատեսվում է բերքը գրեթե կրկնակի ավելացնել։ Բացի այդ, ջրանցքը նաեւ ջուր էր տալու Լենինական քաղաքին։
Ջրանցքի ամենաբարդ կառույցը Կապս գյուղից ձգվող շուրջ 4 կիլոմետր երկարություն ունեցող թունելն էր, որով Արփայի ջրերը հասնելու էին Շիրակ։ «Որչափ մոտենում էր ջրանցքի բացման, ջրի բաց թողնման րոպեն, այնքան բարձրանում էր ընդհանուր ոգեւորությունը, ժողովրդական հուզմունքը։ Վերջապես եկան նրանք, որ այդ աշխատանքի սկզբնավորման, զարգացման ու ավարտի հզոր սյուներն ու հովանավորներն էին։ Եկան ընկ. ընկ. Լուկաշինը, Սաքոն, Արսենը, Թիֆլիսի հյուրերը։ Եկան ինժեներները՝ միշտ լուրջ ու մտածող։ Ժամը 12-ն անց համազարկերի, ուռռաների «Ինտերնացիոնալի» նվագածության ընդհանուր տարափի տակ սկսեց հոսել ջուրը առուներով»,- այսպես էր նկարագրել ջրանցքի բացումը «Խորհրդային Հայաստանը»։
Շիրակի ջրանցքի բացմանը մասնակցում էր Ֆրիտյոֆ Նանսենը։ «Խաբված ժողովուրդ» հուշագրությունում նա այսպես է նկարագրում ջրանցքի բացումը.
«Մի շարժումով նախագահը, մի քանի հոգու հետ բռնելով սարքի թափանիվը, պտտելով սկսեց բարձրացնել ջրարգելակի ծանր թեւերը։ Ձորում փոթորկալից ցնծություն էր։ Նրանք պտտում ու պտտում էին ամբողջ ուժով, հրավառության կրակոցները թնդացնում էին բարձրաբերձ ժայռերը, ծածանվում էին դրոշները, մարդիկ ուռռա էին գոռում, իսկ ցածում ջուրն ավելի ու ավելի մեծ հոսքով էր մղվում դեպի թունել։ Ես իմ բարեկամ գյուղատնտեսության կոմիսարի հետ պտտեցինք թափանիվը հավաքվածների ծափողջույնների ներքո։ ...Կարելի էր արդեն պատկերացնել, թե սարահարթում ինչպես էր ջրանցքն աստիճանաբար լցվում, որ ոռոգելով ծարավ հողը՝ կյանք էր պարգեւելու նրան»։
Որբերի գյուղից՝ գյուղատնտեսական մանկական գաղութ
1915 թվականի Ցեղասպանությունից փրկված երեխաների համար Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ որբանոց է ստեղծվում ներկայի Լուկաշին (Լուկաշեն, Կարմիրբանակային, Նալբանդյան, Սովխոզ N3) գյուղի տարածքում, որտեղ գետնափոր կառույցներում որբացած մանուկներին էին տեղավորել: Հենց այդ որբանոցում ապաստանած մանուկների ձեռքերով մեկ տասնյակ տարի անց կառուցվում է Լուկաշին գյուղատնտեսական մանկական գաղութը:
Հիմնադրման օրը` 1925-ի ապրիլի 26-ին, Երեւանից ժամանած հյուրերի եւ 125 պատանի որբերի մասնակցությամբ գյուղի կենտրոնում հիմնարկեքի արարողության ժամանակ քարի մեջ մոտ 70 սմ խորությամբ փոսում դնում են հրանոթի պարկուճ, ներսում գյուղի հիմնադրման մասին արձանագրությունն էր` Լուկաշինի, Թամանյանի, Հակոբյանի, Զառուբյանի եւ Քարմամբյանի ստորագրություններով: Գյուղի տարածքում թաղված փաստաթուղթը 61 տարի անց` 1986 թ. ապրիլի 28-ին`գյուղի գազիֆիկացման աշխատանքների ժամանակ, գտնում են որբերի ժառանգները:
Կարդացեք Մեդիամաքսի Լուկաշին` որբացած հավատի վրա ստեղծված որբերի գյուղը հատուկ ռեպորտաժը:
Բողոքների բյուրոն
1925թ. փետրվարին Խորհրդային Հայաստանում ստեղծվում է Բողոքների բյուրո, որի նպատակն էր բացահայտել պետական ապարատում տեղի ունեցող չարաշահումները, վատ աշխատանքն ու թերացումները։
Առաջին հայացքից օգտակար թվացող կառույցն ուներ դասակարգային թշնամիներին բացահայտելու, «նախկիններին» հալածելու եւ պետական ապարատից դուրս մղելու նպատակ։ «Հին կարգերից ժառանգություն ստացած պետապարատը, որ արտահայտիչ էր տիրող բուրժուական դասակարգի շահերի, այսօր, բանվորագյուղացիական իշխանության օրոք, պրոլետարական դիկտատուրայի շրջանում, անկարող է բավարարել բանվորի եւ աշխատավոր գյուղացու պահանջներին»,- ասված էր Բյուրոյի կոչում։
Բողոքներ կարող էին ներկայացնել գյուղացիները, բանվորները, կարմիրբանակայինները, որոնք չպետք է ունենային անձնական շահ։ Միաժամանակ, պարտադիր չէր, որ բողոքողն անձամբ տուժած լիներ պետական ապարատի անբարեխղճությունից. կարելի էր նաեւ ուրիշների «բողոքները» ներկայացնել։
Երկաթուղի՝ բամբակի արտահանման համար
1925թ. մարտին Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ճանապարհների եւ հաղորդակցության ժողկոմ Յան Ռուձուտակը։ Ողջույններից ու լավ աշխատանքի համար փոխադարձ շնորհավորանքներից բացի, քննարկվում են Հայաստանի զարգացման մի շարք ծրագրեր։ Ամենակարեւորը Ղամարլու (Արմավիր)-Երեւան եւ Երեւան-Սարդարապատ երկաթուղու կառուցումն էր։ Երկու շրջանն էլ այն ժամանակ տնտեսական մեծ նշանակություն ուներ. բացի սովորական պտուղ-բանջարեղենից, այստեղ բամբակագործությունն էր զարգանում, որը մեծ նշանակություն ուներ Խորհրդային միության համար։
«Միաժամանակ, դրական լուծում ստացավ Երեւանի նոր կայարանի կառուցման եւ ընդարձակման խնդիրը։ Հաշվի առնելով Սարդարապատի շրջանի տնտեսական նշանակությունը եւ այնտեղ նոր գործարանի կառուցումը՝ որոշվեց տեղի փոքրիկ կայանը վերածել կայարանի, կառուցել համապատասխան շենքեր, եւ ընդլայնել երկաթուղագիծը»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Խորհրդային ղեկավարների այցը
1925թ. մարտի 8-ին Հայաստան են ժամանում խորհրդային ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ՝ Ռիկովը, Չիչերինը, Բուդյոնին, Ռակովսկին, Բրյուխանովը, Պոդվոյսկին։ Ժողովրդի հետ նրանց առաջին հանդիպումը Լենինականում էր, որտեղ Ռիկովն ասում է, թե խորհրդային իշխանության նպատակը ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կյանքը ապահովելն է։ Պատվիրակությունը գնում է տեսնելու նաեւ Շիրակի ջրանցքը, թունելով անցնում է մինչեւ Կապս գյուղը, ապա, ըստ մամուլի հրապարակումների, Ռիկովն անձամբ պայթեցնում է պատնեշը, եւ Արփայի ջրերը հոսում են դեպի Շիրակի դաշտավայր։ «Շիրկանալի» պաշտոնական բացումը տեղի է ունենում 1925թ. հունիսի 21-ին։
Հաջորդ օրը պատվիրակությունը հասնում է Երեւան, որտեղ նրանց պատվին զորահանդես է կազմակերպվում։ Այնուհետեւ նրանք գնում են մասնակցելու Երեւանի նոր հիդրոէլեկտրակայանի հիմնադրմանը։ «Այսօր, 1925թ. մարտի 9-ին դրվում է Հայաստանի ՍԽՀ էլեկտրաֆիկացիայի սկիզբը, որը խթան է հանդիսանալու նրա կուլտուրական եւ տնտեսական զարգացման։ Արձանագրության տակ իրենց ձեռքով ստորագրեցին ՍԽՀՄ ժողկոմխորհի նախագահ Ա. Ի. Ռիկովը, Ռակովսկին եւ Միկոյանը։ Ապա ստորագրեցին ՀԿԿ Կենտկոմի քարտուղարները, կառավարության անդամները։ Ընկ. Ռիկովը իր ձեռքով տախտակը դրեց փոսի մեջ եւ նրա վրա՝ առաջին քարը»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։ Ճաշի սեղանի շուրջն էլ որոշվում է էլեկտրակայանը կոչել Ռիկովի անունով։
Ուշադրության է արժանի ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ռիկովի ելույթը Երեւանում, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է նաեւ Թուրքիայում բռնկված քրդական ապստամբությանը։ Նա ասում էր, որ «պետք է ցանկանանք, որ հաղթանակի Քեմալ փաշայի ներկայիս կառավարությունը»։ Քրդական շարժումը Ռիկովը բնորոշում էր բացասական երանգներով՝ այն համարելով Թուրքիայի հետադիմական ուժերի կողմնակից։ «Այսօր այստեղ՝ Երեւանում տաճկական հյուպատոսի հետ ունեցած իմ խոսակցության ընթացքում ես նույն միտքն արտահայտեցի եւ մաղթեցի, որ քրդական ապստամբությունն անհետեւանք մնա եւ ճնշվի ներկա կառավարության կողմից։ Մենք ի նկատի ունենք, որ քրդական շարժումը Թուրքիայի զարգացման տեսակետից հետամնացություն եւ հետադիմություն է, որ նրա հաղթությամբ կարող է սուլթանությունը վերականգնվել»,- ասել էր Ռիկովը։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրիտյոֆ Նանսենի եւ Նորվեգիայի Ազգային գրադարանի արխիվներից: