1961 թվականին Ջոն Քենեդին ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, Ստալինգրադը վերանվանվեց Վոլգոգրադ, Յուրի Գագարինը դարձավ առաջին տիեզերագնացը, ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:
Զարոբյանի եւ Խրուշչովի տարօրինակ երկխոսությունը
1961թ. հունվարի 14-ին Մոսկվայում սկսում է աշխատել ԽՄԿԿ կենտկոմի հերթական պլենումը։ Բովանդակային առումով այն առանձնապես չէր տարբերվում կուսակցական մյուս պլենումներից, սակայն ՀԿԿ կենտկոմի քարտուղար Յակով Զարոբյանի զեկույցի ժամանակ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը մի քանի ուշագրավ արձագանք է անում, որոնք տպագրված են «Ավանգարդ» թերում։
«Զեկուցման համար խոսքը տրվում է Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմի առաջին քարտուղար ընկ. Յա. Ն. Զարոբյանին։
Ն. Խրուշչով – Կարծեմ, ինչպես Վրաստանում ու Ղազախստանում, ձեզ մոտ նո՞ւյնպես խեղդում են ոչխարներին։
Յա. Զարոբյան – Առայժմ ետ չենք մնում այդ հարցում։
Ն. Խրուշչով – Իսկ խորոված սիրո՞ւմ եք։
Յա. Զարոբյան – Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը, այս ժամանակ խորոված չեն ուտում։
Ն. Խրուշչով – Այս ժամանակ խորոված չեն ուտում, իսկ եթե խեղդեք ոչխարները, ապա այնպես կստացվի, որ երբ խորոված ուտելու ժամանակը գա, խորոված անելու բան չի լինի։
Յա. Զարոբյան – Ես այդ մասին կասեմ։
Ն. Խրուշչով – Դե՛հ, լսենք ձեր երիտասարդ, թարմ ձայնը»։
Իմա Սումակը` Երեւանում
1961թ. սկզբին Երեւան է ժամանում պերուացի աշխարհահռչակ երգչուհի Իմա Սումակը եւ համերգ տալիս Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում։
Երգչուհին մեծ հարգանք ու հեղինակություն էր վայելում Խորհրդային միությունում եւ 1960թ. գալով ԽՍՀՄ՝ շուրջ վեց ամիս մնում է երկրում՝ համերգներ տալով տարբեր հանրապետություններում։
Սումակը շատ էր հավանել Հայաստանն ու հայ ժողովրդին՝ ասելով, որ հայ հանդիսատեսը շատ անմիջական է։ «Շնորհակալություն ուշադրության համար։ Հայաստանի արեւը թեեւ ջերմ չէ ձմռան օրերին, բայց ես զգացի այդ ջերմությունը ժողովրդից։ Ես երջանիկ եմ, որ տեսա Հայաստանի արեւը»։
1961թ. հուլիսին էլ Երեւանում համերգ է տալիս Մեքսիկայից ժամանած «Մարյաչի Ամերիկա» նվագախումբը, որի կազմում էին «Լոս-Պլատերոս» տրիոն, երգիչներ Խոսե Խուանը եւ երգչուհի Լուչա Մորենան։
Մահանում է Հովսեփ Օրբելին
1961թ. փետրվարի 2-ին Լենինգրադում մահանում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:
Նա ծնվել էր 1887 թ. մարտի 20-ին Քութայիսի քաղաքում: Ուսանողական տարիներից զբաղվել է գիտական գործունեությամբ. Բրոկհաուզի եւ Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել էր հայկական, վրացական եւ իսլամական արվեստին վերաբերող հոդվածներ, Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել էր Անիի պեղումներին եւ այլ հնագիտական արշավախմբերի։
1926թ. Հովսեփ Օրբելին հիմնադրել եւ գլխավորել էր Էրմիտաժի Արեւելքի բաժինը, իսկ 1934-1951 թվականներին Էրմիտաժի տնօրենն էր։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստի արժեքների տարհանումը Եկատերինբուրգ, այնուհետեւ մնալով պաշարված Լենինգրադում՝ ապահովել Էրմիտաժի եւ մի շարք այլ հավաքածուների՝ քաղաքում գտնվող թանգարանային նմուշների պահպանումը:
«Էպիկական անկրկնելի բնավորություն էր Օրբելին՝ տեսքով, խոսքով եւ գործով: Նրան նայելիս ու լսելիս քեզ թվում էր, թե նա եկել է դարերի խորքից, իմաստնացած իր մայր ժողովրդի բառ ու բանով, ամփոփելով իր մեջ գիտնականի սուր միտքը, կորովի կամքը, բանաստեղծական խանդավառությունը, մշտահոլով սերը կյանքի ու մարդու հանդեպ»,- գրում էր «Գրական թերթը»:
Հովսեփ Օրբելին հուղարկավորվում է Սանկտ Պետերբուրգի Լենինգրադի Բոգոսլովսկոյե գերեզմանատանը:
«Խաչատուր Աբովյան» օպերան
1961թ. հունվարին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրվում է «Խաչատուր Աբովյան» օպերան։ Հեղինակը կոմպոզիտոր Գեւորգ Արմենյանն է։
Առաջին բեմադրության ռեժիսորը Հրաչյա Ղափլանյանն էր, իսկ բեմի ձեւավորման հեղինակը Սերգեյ Արուտչյանը։
««Խաչատուր Աբովյան» օպերայում մեծ դեր ունի նաեւ երգչախումբը, որի արտահայտչական լայն հնարավորությունները վարպետությամբ կիրառված են կոմպոզիտորի կողմից։ Կերպարային եւ ինքնուրույն են հնչում աշակերտների մանկական խմբերգերը։ ...Հատկապես վերջին տեսարանում, երբ հուսալքված Աբովյանը դեգերում է Հրազդանի ձորում, քամու եւ գետի հնչողությունն ու արձագանքը հեղինակը վարպետությամբ ստեղծում է, օգտագործելով երգչախմբի անդեմ՝ բեմի ետեւից լսվող հնչողությունը»,- գրում էր «Ավանգարդը»։
«Սովետական արվեստ» ամսագիրն էլ այսպիսի գնահատական էր տալիս.
««Խաչատուր Աբովյանի» բեմադրությունը շահեկանորեն տարբերվում է մեր օպերային թատրոնի նախորդ բեմադրություններից: Եվ ռեժիսորի, որ միանգամայն հաջող դեբյուտ ունեցավ օպերային բեմի վրա, եւ նկարիչ-ձեւավորողի աշխատանքի մեջ զգացվում է արդեն մաշված արտահայտչամիջոցներին ու հնարներից խուսափելու եւ նոր ու թարմ լուծումներ գտնելու ձգտում»:
Խրուշչովի այցը Հայաստան
1961թ. մայիսի 5-ին Հայաստան է ժամանում ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը։ Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 40-ամյակին։
Խորհրդային ղեկավարները այնքան էլ հաճախ չէին լինում միութենական հանրապետություններում, այդ պատճառով էլ նրանց այցելությունը վերածվում էր կատարյալ տոնի՝ տարբեր միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն։ Պաշտոնաթերթերն այդ օրերին ավելացնում էին էջերի քանակը, ամսագրերը հավելվածներ ու միացյալ համարներ էին թողարկում՝ լուսաբանելով առաջնորդների այցելությունը։
1961թ. մայիսի 6-ին Երեւանում տեղի է ունենում ՀԽՍՀ ԳԽ եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության ընդլայնված տոնական նիստը, որտեղ ընդունվում է հատուկ բանաձեւ, որով հայ ժողովրդի անունից երախտագիտություն էին հայտնում Նիկիտա Խրուշչովին։ «Փա՜ռք Սովետական Միության Կոմունիստական պարտիային եւ հավատարիմ լենինյան ընկեր Ն. Ս. Խրուշչովի գլխավորությամբ նրա լենինյան Կենտրոնական Կոմիտեին»,- այսպես էր ավարտվում երախտագիտության ուղերձը։
Լենինյան ընկեր Խրուշչովի այցելությունը չի սահմանափակվում միայն նիստով. Նիկիտա Սերգեեւիչը Հայաստանում անցկացնում է ամբողջ հինգ օր՝ մինչեւ մայիսի 10-ը՝ այցելելով բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ, հանդիպելով մարդկանց ու մասնակցելով տարբեր միջոցառումների։
Մայիսի 9-ին Խրուշչովը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի եւ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի հետ մեկնում է Սեւան, լինում Սեւան-Հրազդան կասկադի հիդրոհանգույցում, «Միկոյան» նավով զբոսնում լճի վրա։
Տարիներ անց Անտոն Քոչինյանը Միկոյանին պատմել էր, որ ցանկանում էին Սեւանում հյուրասիրել Խրուշչովին, սակայն ոչ մի կարգին ռեստորան լճի շրջակայքում չկար, եւ Զարոբյանը «գենսեկին» առաջարկում է «Միկոյանի» վրա հաց ուտել։
«Վերջին հնարավորությունը Միկոյանի անվան հին նավի վրա ճաշի կազմակերպումն էր։ Երբ Կենտկոմի քարտուղար Զարոբյանն ասաց, որ հրավիրում ենք նավի վրա հյուրասիրության, Խրուշչովը սարսափելի զայրացավ, թե այդպիսի գեղեցիկ լճի ափին ինչու հանգստի տներ, ռեստորաններ, առողջարաններ չկան։ Ասացին, որ Խրուշչովն ինձ կանչում է, երբ ես արդեն նավի վրա էի։ Մոտեցա նրան եւ ասացի. «Լսում եմ ձեզ, ընկ. Խրուշչով»։ Բավական է, եթե ասեմ, որ լսեցի գրեթե փողոցային հայհոյանք, թե ինչու մինչեւ հիմա Սեւանի շուրջը չեն կառուցվել համապատասխան առողջարաններ։ «Ես,- ասաց նա,- «Միկոյան» նավի վրա հաց չեմ կտրելու»։ Պետք է ասեմ, որ Ն. Խրուշչովին համոզեցինք, եւ նա հյուրասիրվեց հիշյալ նավում։ Կարելի է ասել՝ անմոռանալի օր էր»,- գրում է Քոչինյանը։
Մահանում է Հրաչյա Ներսիսյանը
1961թ. նոյեմբերի 6-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահանում է դերասան Հրաչյա Ներսիսյանը։
Նա ծնվել էր 1895-ին Կ.Պոլսի մոտակա Նիկոմեդիա քաղաքում։ 1915թ. Ներսիսյանը զորակոչվում է եւ որպես թարգմանիչ ծառայում Մերձավոր Արեւելքում ու Միջագետքում։ Հայաստան է տեղափոխվում 1923-ին եւ դառնում Հայկական առաջին պետական թատրոնի դերասան։ Հրաչյա Ներսիսյանը խաղացել է հարյուրավոր թատերական դերեր, նկարահանվել «Նամուս», «Գիքոր», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Առաջին սիրո երգը» եւ բազմաթիվ ուրիշ ֆիլմերում։
«Շառաչյունով ընկավ հայ դերասանական արվեստի կաղնին։ Տանջալիորեն երկարատեւ, տանջալիորեն ծանր հիվանդությունից հետո նոյեմբերի 6-ի ցերեկը կյանքից հեռացավ մեծանուն արտիստ Հրաչյա Ներսիսյանը։ Հեռացավ հայկական թատրոնի գեղեցկությունը, այն դերասանը, որ ավելի մեծ էր ժամանակակիցներիս համար, քան մի տաղանդավոր արվեստագետ, քան բեմական արվեստի վարպետ։ Նրա մեծությունն ու հռչակը գերաճում էին արվեստի ասպարեզը, ստանում ընդհանրական նշանակություն, ավելի մեծ խորհուրդ, ավելի խորունկ իմաստ։ Նրա անունը կապվեց ժամանակի հետ։ Նրա անվամբ ժամանակ է բնութագրվում»,- գրել էր Լեւոն Հախվերդյանը։
Հրաչյա Ներսիսյանի հուղարկավորությունը տեղի է ունենում նոյեմբերի 10-ին։
Վերջին հրաժեշտը Սունդուկյանի անվան թատրոնում էր։ «Հուղարկավորների թափորը ձգվում է թատրոնից մինչեւ Կոմիտասի անվան զբոսայգին։ Տասնյակ հազարավոր երեւանցիներ եկել էին ուղեկցելու իրենց սիրելի արտիստին մինչեւ վերջին հանգրվանը»։
«Արեւիկ» լիճը
1961 թվականին «Հաղթանակ» զբոսայգում բացվում է «Արեւիկ» արհեստական լիճը, որի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր:
Սկզբնական շրջանում այն նախատեսված էր լողանալու համար եւ Երեւանի երեխաների սիրելի վայրերից էր:
Ջուրը պարբերաբար փոխվում էր ու քլորացվում: Սակայն նույն ջուրը օգտագործվում էր նաեւ այգու ոռոգման համար, իսկ քլորի առկայությունը վատ էր անդրադառնում ծառերի վրա: Այդ պատճառով 1969 թվականից ի վեր արգելվեց քլորի օգտագործումը ջրում, եւ լճում լողանալն անհնարին դարձավ:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Թ. Ումրիկյանի եւ Շ. Հակոբյանի արխիվներից: