1923 թվականին Մուստաֆա Քեմալը հիմնադրում է Թուրքիայի Հանրապետությունը եւ գործածությունից հանելով արաբատառ օսմաներենը՝ շրջանառության մեջ է դնում լատինատառ այբուբենը, ԱՄՆ-ում հիմնադրվում է Time ամսագիրը, Ճապոնիայում տեղի է ունենում Կանտոյի մեծ երկրաշարժը, Մյունխենի «գարեջրային հեղաշրջման» փորձից հետո կալանավորվում է Ադոլֆ Հիտլերը:
Թումանյանի մահը
1923թ. մարտի 23-ին Մոսկվայում մահանում է Հովհաննես Թումանյանը։
Հայաստանի պետհրատը Հովհաննես Թումանյանի հուղարկավորության օրը նրա նկարն ու «Հին պատմություն» բանաստեղծությունը տպագրում է 80 հազար օրինակով։ Ապրիլի 13-ին Թումանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար Թիֆլիս է մեկնում հայ արվեստագետների պատվիրակությունը, որի կազմում էին Մարտիրոս Սարյանը, Ցոլակ Խանզադյանը եւ Եղիշե Չարենցը։
Ապրիլի 15-ին Երեւանի պետական թատրոնի շենքում տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի քաղաքացիական հոգեհանգիստը, որին մասնակցում էին կուսակցական ղեկավարներ, մշակույթի գործիչներ, Պարսկաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։
Հովհաննես Թումանյանի հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսի Վահան Տերյանի անվան Հայարտանը (Հայ արվեստի տուն), որի հիմնադիրն ու նախագահը Թումանյանն էր։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են Վրաստանի եւ Հայաստանի մշակութային ու պետական գործիչներ։ Դահլիճում նվագում էին սիմֆոնիկ երաժշտախմբեր։ Արմեն Տիգրանյանը կատարում է կոմպոզիտոր Բարխուդարյանի ստեղծագործությունները։
«Դագաղը հայ եւ վրացի արվեստագետները դուրս են բերում Հայարտան դահլիճից։ Երաժշտախմբի նվագակցությամբ եւ ահագին բազմության ուղեկցությամբ հուղարկավորությունը դիմում է Տրոցկու փողոցով դեպի Երեւանյան հրապարակը։ Երեւանյան հրապարակից երթը անցավ Ռուսթավելի պրոսպեկտով դեպի Բարյատինսկի փողոցը, ապա Միքայելյան կամրջով անցավ 19-ը Փետրվարի փողոցը եւ վերջապես Ցիցիանովի վերելքով հասավ Խոջիվանքի գերեզմանատուն»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Կարդացեք նաեւ Որբերը՝ Թումանյանին. «Հանգիստ ննջիր, մեր մեծ հայրիկ» հոդվածը:
Լոզանի բանակցությունները եւ Սեւրի պայմանագրի չեղարկումը
1923թ. միջազգային կարեւոր իրադարձություններից էին Լոզանում ընթացող բանակցությունները, որտեղ քննարկվում էին Թուրքիային վերաբերող հարցերը։ Դրանցից ամենակարեւորը Թուրքիայի եւ Անտանտի երկրների հարաբերությունների կարգավորումն էր, որտեղ մեծ դերակատարություն ուներ Խորհրդային միությունը։ ԽՍՀՄ-ը, համաձայն ստանձնած պարտավորությունների, աջակցում էր թուրքերին, որոնք օր օրի նորանոր զիջումներ էին ստանում եվրոպական երկրներից։
Լոզանում ամբողջությամբ եւ վերջնականապես չեղարկվում է Սեւրի պայմանագիրը։
ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը, պատասխանելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Մուխթարին, գրում էր, որ «Խորհրդային Դաշնության բոլոր ժողովուրդները Սեւրի անարդարացի պայմանագրից հրաժարվելը հաղթանակ են համարում։ Նրանք ուրախությամբ ողջունում են խաղաղության դարաշրջանի հաստատվելը, եղբայրական թուրք ժողովրդի վերականգնումն ու բարգավաճումը»,- ասել էր Չիչերինը։
Նույնքան ոգեւորված էր նաեւ Ահմեդ Մուխթարը, որը երախտագիտություն էր հայտնում Խորհրդային իշխանությանն ու անձամբ Չիչերինին մեծ աջակցության համար։ «Ուրախությամբ հայտնում եմ, որ Լոզանում Թուրքիայի եւ Անտանտի երկրների միջեւ 1923թ. հուլիսի 23-ին ստորագրվել է խաղաղության պայմանագիր։ Այս երջանիկ նորությունը Ձեզ հաղորդելով, պ. Կոմիսար, համոզված եմ, որ այն նույնպիսի ուրախությամբ կընդունվի Ձեր բարեկամական երկրի բոլոր շրջանակների կողմից, ինչպես ընդունվել է Թուրքիայում։
Մեր երջանիկ եւ բեղմնավոր քաղաքական համագործակցության ընթացքում, որն ուղղված էր մեր քաղաքական եւ տնտեսական անկախության դեմ ոտնձգությունները չեզոքացնելուն, ինչպես նաեւ ամբողջ շահագործվող Արեւելքի բարգավաճմանը նպաստելով, մեր երկու երկրները դժվարությամբ, բայց բազմաթիվ հաջողություններ ունեցան, որոնք ունեն համաշխարհային նշանակություն։
Նոր Ռուսաստանը իր ստորագրությունը կդնի Լոզանում մշակված փաստաթղթի եւ խաղաղության պայմանագրի տակ։ Դա նոր, լրացուցիչ գործոն է Խորհրդային Ռուսաստանի ակտիվում, որը ձեռք է բերվել մեր սերտ ու երջանիկ համագործակցությամբ եւ որը ամրապնդում է միջազգային ասպարեզում Խորհրդային Ռուսաստանի կառավարության իրավական դրությունը»,- գրում էր Ահմեդ Մուխթարը։
«Նորք» ամսագրի 1923թ. երկրորդ համարում Ասքանազ Մռավյանը «ջախջախում էր» Սեւրի պայմանագիրը եւ դրա մերժումը համարում կարեւոր առաջընթաց։
«1922թ. աշնան սկզբին գլխովին ջարդվեց ու ծովը նետվեց հունական արքայական բանակը, որի միջոցով Լլոյդ-Ջորջը պաշտպանում էր Սեւրի դաշնագրի խարխուլ շենքը։ Գրավելով Զմյուռնիան եւ միաժամանակ մոտենալով նեղուցներին՝ Անգորայի Մեծ Ազգային ժողովի զորքերը ունեցան հեղափոխական կրկնակի հաղթանակ»,- գրում էր Մռավյանը։
«Ազգային օջախի» գաղափարն ու Մոնթհոմերիի այցը
Լոզանի խորհրդաժողովում քննարկվում է նաեւ հայերի ներգաղթ կազմակերպելու հարցը։ Հայկական թերթերը գրում էին, որ նման առաջարկ արել էր անձամբ Չիչերինը։ «Լոզանի կոնֆերանսում ընկ. Չիչերինը հայտնել է, որ Խորհրդային Ռուսաստանը պատրաստ է ընդունել տաճկահայ հինգ հարյուր հազար գաղթականներ իր հողի վրա եւ տեղ տալ նրանց»,- գրել էր «Մաճկալ»-ը 1923-ի հունվարին։ Իրականում Չիչերինը խոսել էր 250 000 հայերի տեղափոխության մասին, այն էլ՝ եթե միջազգային կազմակերպությունները կամ հենց տեղափոխվողները հոգային բոլոր ծախսերը։ Նույն տարվա նոյեմբերին այս հարցով Ստալինին դիմել էր Ալեքսանդր Մյասնիկյանը՝ վկայակոչելով Չիչերինի խոսքը։
Մյասնիկյանն առաջարկել էր Կ.Պոլսից տեղափոխել 10 000 հայերի՝ նշելով, որ նրանց կարելի է տեղավորել Վրաստանում եւ Հայաստանում։ Չիչերինն իր հերթին Ստալինին պարզաբանել էր, թե ինքն առարկություն չունի, սակայն Խորհրդային միությունը տեղափոխման ծախսը չի կարող հոգալ։
1923թ. մարտին Երեւան է այցելում «Հայաստան-Ամերիկա» ընկերության տեսուչ Ջորջ Մոնթհոմերին, որը նաեւ Near East Relief բարեգործական ընկերության ներկայացուցիչն էր։ Նա եկել էր Լոզանի կոնֆերանսից՝ ուսումնասիրելու հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան տեղափոխելու խնդիրը։
Նա հայտնել էր, որ Լոզանի կոնֆերանսում քննարկվել էր հայերին «Ազգային օջախ» տրամադրելու հարցը։ Նախապես քննարկվել էր այն Վանում ստեղծելու տարբերակը, որը Չիչերինը մերժել էր՝ ասելով, թե թուրքերը չեն համաձայնի։ Այնուհետեւ առաջարկվել էր հայերին տեղափոխել Կիլիկիա, սակայն դա նույնպես չէր ստացվել։
Մոնթհոմերին նշում էր, որ Չիչերինն առաջարկել էր հայերի համար օջախ ստեղծել Կուբանում։ «Միստր Մոնթհոմերին Երեւան էր եկել այդ հարցերը պարզելու Խորհրդային Հայաստանի կառավարության հետ, որից հետո մեկնելու էր Կուբան, ապա՝ Մոսկվա»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Մոնթհոմերին հայտնել էր նաեւ, որ եթե «Ազգային օջախը» ստեղծվեր Կիլիկիայում, ապա այնտեղ կտեղափոխվեին 250-300 000 հայեր, սակայն Կուբանում դրանց թիվը կարող էր լինել շուրջ 50 000։
Անդրկովկասյան ռուբլին
1923թ. հունվարի 10-ից Անդրկովկասում սկսում է կիրառվել միասնական թղթադրամը՝ Անդրկովկասյան ռուբլին: Թղթադրամի կենտրոնում պատկերված էր Անդրկովկասյան ֆեդերացիայի տունը Թիֆլիսում եւ չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն ու ադրբեջաներեն գրառումներով:
«Եղբայրական երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցության համար հսկայական նշանակություն ունեցող այս ակտը գալիս է գործնական հիմք տալու ֆեդերատիվ միության այն հախուռն ձգտմանը, որ ունեն երեք հանրապետությունների բանվորագյուղացիական մասսաները»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»:
Համաձայն Անդրկովկասյան ֆեդերացիայի խորհրդի հրամանի՝ շրջանառության մեջ էին դրվում 1000-ից մինչեւ մեկ միլիոն արժողությամբ թղթադրամներ:
Հանրապետություններում եղած փողը փոխելու համար տրվում էր երկու ամիս ժամանակ: Փոխանակման կուրսը տարբեր էր. եթե վրացական փողը փոխանակվում էր մեկին մեկ, ապա ադրբեջանական 100 ռուբլին համապատասխանում էր նոր թղթադրամի մեկ ռուբլուն: Հայաստանի դեպքում տարբերությունն ավելի մեծ էր՝ 150-ը մեկ ռուբլու դիմաց:
Անդրկովկասյան ֆեդերացիայի զինանշանը
1923թ. հունվարի 13-ին ավարտվում է Անդրկովկասյան ֆեդերացիայի զինանշանի ստեղծման հայտարարված մրցույթը:
Առաջին մրցանակը տրվում է Մարտիրոս Սարյանի եւ Հակոբ Կոջոյանի ներկայացրած նախագծին:
Էջմիածնի վանական թանգարանի պետականացումը
1923թ. հունվարին ՀՍԽՀ ժողկոմխորհն ընդունում է «Էջմիածնի վանական թանգարանի պետականացման մասին» դեկրետը։ Համաձայն որոշման՝ Էջմիածնի թանգարանի պատմական արժեք ներկայացնող նմուշները պետք է հանձնվեին Լուսավորության ժողկոմին։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Էջմիածնի վանական միաբանության ներքո գտնվող թանգարանը իր հնագիտական, ազգագրական եւ գեղարվեստական ժողովածուներով պահվել է անխնամ վիճակում եւ չի օգտագործվել գիտական ու լուսավորական նպատակներով»։
«Խորհրդային Հայաստան» թերթն էլ իր հերթին խմբագրականում նշում էր, որ Էջմիածնի թանգարանի անմխիթար վիճակը քննարկվել էր դեռեւս նախորդ տարի, սակայն իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր չէին ձեռնարկվել։ Միաժամանակ, Լուսժողկոմատին հանձնարարվում էր հատուկ հրահանգ մշակել, թե ինչպես են օգտագործվելու թանգարանի նմուշները եւ համաձայնեցնել այն Ժողկոմխորհի հետ։
Նույն թվականի մարտին Ժողկոմխորհը որոշում է առգրավել նաեւ Էջմիածնի վանքապատկան հողերը։ Շուրջ 340 դեսյատին հողն առգրավվում է։ «Ժողկոմխորհի որոշումը Հողժողկոմը պետք է կատարի երկու շաբաթում։ Էջմիածնում հավաքված գաղթականներն էլ մի ժողով են ունեցել, որտեղ պահանջել են հետ խլել այդ հողերը եւ տալ իրենց։ Գաղթականների ժողովը խոստացել է այդ գրաված հողերում ցանել մեծ չափով բամբակ»,- ազդարարում էր «Մաճկալը»։
Սովն ու հանգանակությունները
1923-ին Հայաստանի բազմաթիվ շրջաններում ծայրահեղ աղքատություն էր տիրում, քաղաքական իրավիճակն էլ կայուն չէր։
Խորհրդային միության հանրապետություններում տիրող իրավիճակի մասին մշտական տեղեկություններ էր հավաքում Քաղաքական գլխավոր վարչությունը (ГПУ) եւ զեկուցում կուսակցության բարձրագույն ղեկավարությանը։ 1923թ. մարտին ՔԳՎ-ն հայտնում էր, որ Դարալագյազում, Զանգեզուրում եւ Ղարաքիլիսայում բնակչության գրեթե 30 տոկոսը սովահար է։ Անգամ արձանագրվել էին սովամահության դեպքեր։ Գյուղացիները դժգոհում էին այգեգործական եւ անասնապահական բարձր հարկերից։ Մեծ խնդիր էր նաեւ ոռոգումը՝ համակարգերը գրեթե չէին գործում։
Տնտեսական դրությունից դժգոհ էին նաեւ մահմեդականները։ ՔԳՎ-ն հաղորդում էր, որ 1923-ի հունիսի սկզբին Երեւանի գավառի մահմեդականները դժգոհ էին հարկային ծանր բեռից եւ Թուրքիա տեղափոխվելու մտադրություն էին հայտնել։
Չնայած տնտեսական դժվար իրավիճակին՝ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում հասարակ մարդիկ փող էին հավաքում ինքնաթիռ կառուցելու համար, որը կոչվելու էր «Խորհրդային Հայաստան»։ Ապրիլին հանգանակվել էր շուրջ 100 մլն։ Նույն ժամանակահատվածում գումար էին հավաքում «Կարմիր նավատորմի» համար։
«Խորհրդային երկրները ամեն կողմից շրջապատված են կապիտալիստական երկրներով։ Խորհրդային հանրապետությունները նույնպես պետք է ուժեղ նավատորմ ունենան։ Կարմի՛ր նավատորմ։ Որպեսզի մեզ թշնամի իմպերիալիստական երկրները մեզ վնաս չտան, մեր ազատ կյանքն ու խաղաղ աշխատանքը չխանգարեն»,- գրում էին թերթերը։
Ադրբեջանի եւ Հայաստանի վեճերը
Թեեւ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը խորհրդային նույն պետության կազմում էին, սակայն սահմանային վեճերն ու տարածքային փոխադարձ պահանջները շարունակվում էին։
Տարածքային վեճերի հիմնական շրջանը Սյունիքն էր, թեեւ մյուս տեղերում նույնպես բազմաթիվ վիճաբանություններ էին լինում։
1923թ. ապրիլի 17-ին Մեղրիի գավառի գործադիր կոմիտեն ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմին էր ներկայացրել իրադրությունը Զանգելանի շրջանում։ Զեկուցագրում նշված էր, որ թեեւ երկու տարուց ավելի էր, ինչ հաստատվել էր խորհրդային իշխանություն, սակայն տպավորություն էր, թե այնտեղ ոչինչ չի փոխվել։
«...Գավառամասի աշխատակից «խորհրդային պաշտոնյաները» մուսավաթիստական բեգական ոգով տարված շովինիստներ են։ ...Բոլոր այդ «խորհրդային պաշտոնյաները» ծեծում եւ հալածում են աղքատ գյուղացիությանը։ ...Ահա մի շաբաթ է, Նյուվադի գյուղի ներկայացուցիչները դարձյալ գալիս են Մեղրու Գավգործկոմ եւ հայտնում, որ Զանգիլանի շրջգործկոմի նախագահը եկել է գյուղ եւ ժողովրդին նեղություն է տալիս՝ հայտարարելով, որ մենք իրավունք չունենք ենթարկվել Մեղրու շրջանին։ Նման աննորմալ երեւույթին վերջ տալու համար Մեղրու Շրջգործկոմը ուղարկում է յուր ներկայացուցիչը Նյուվադի՝ տեղում պարզելու հարցը։ Ընկերը հասնելով՝ տեսնում է որ հիշյալ նախագահը ինչ-որ ժողով է հրավիրել գյուղում՝ հավաքելով իր շուրջը մի քանի կուլակներ։
Այդտեղ Զանգիլանի նախագահը չի ուզում անգամ խոսակցություն ունենալ Մեղրու ներկայացուցչի հետ, նա իսկույն հրամայում է միլիցիոներներին հարվածել գյուղացիներին, իսկ մյուս կողմից ինքն է սկսում ծեծել գյուղացիներին։ Մեր ներկայացուցիչը այդտեղ, պարզ է, ոչինչ չի կարողանում անել․ նա մի կերպ աշխատում է համոզել նախագահին, որ նրա կողմից այդպիսի վերաբերմունք դեպի գյուղացիությունը անթույլատրելի է։ Ի պատասխան դրան՝ ընկ․ նախագահն ասում է, որ դուք իրավունք չունեք խոսելու այստեղ, հակառակ դեպքում կձերբակալվեք ու շարունակում է իր գործը /Մուսուլման կոմունիստ օլմազ/, այսինքն՝ այստեղ խորհրդային իշխանություն չկա եւ թուրքից կոմունիստ չի կարող լինել։ Մեղրու ներկայացուցիչը վերադառնում եւ տալիս է այդ տեղեկությունները, որի առթիվ հայտնվում է ժողկոմխորհին միջոցներ ձեռք առնելու։ Երկու տարի է խորհրդային իշխանությունը այնտեղ գոյություն ունի, բայց այդ գոյությունը երեւում է, որ միայն օդում է կախված, իսկ իրականության մեջ՝ ոչ»։ (ՀԱԱ,
ֆ. 112, ց. 2, գ. 1, թ. 5)։
ԼՂԻՄ ձեւավորումը
1923 թվականի հուլիսի 7-ին Խորհրդային Ադրբեջանի կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ): Դրան զուգահեռ կազմավորվում է «Կարմիր Քուրդիստանը», ինչի հետեւանքով կտրվում է ցամաքային կապը Խորհրդային Հայաստանի եւ Արցախի միջեւ։
ԼՂԻՄ-ի կազմավորման որոշմանը նախորդել էր 1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կենտրոնական կոմիտե բյուրոյի պլենումը, որտեղ Ստալինի անմիջական ճնշմամբ որոշում էր ընդունվել Հայաստանից Արցախի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։
Հայաստանը մասնակցում է Լիոնի առեւտրական տոնավաճառին
1923թ. գարնանը Լիոնի առեւտրական միջազգային տոնավաճառին մասնակցում է նաեւ Խորհրդային Հայաստանը, որը ներկայացել էր Անդրկովկասյան ֆեդերացիայի մյուս հանրապետությունների հետ։ Լիոնում լավ վաճառվել էին հայկական գինիները, կոնյակը, դոշաբը, աղվեսի, գայլի եւ վայրի կատվի մորթիները։
«Տնայնագործական (ձեռի շինած) իրերից տարել ենք վանեցի վարպետների շինած արծաթե իրեր, ձեռագործ թամբաքու եւ պապիրոս։ Տարել ենք նաեւ կոնսերվա, չուչխել, պանիր, մետաքս, բոժոժ»,- գրում էր մամուլը:
Հայաստանի պրոլետգրողների միությունը
1923թ. փետրվարի 4-ին Երեւանում բացվում է Հայաստանի պրոլետգրողների միությունը։ Հանդիսավոր միջացառումը բացում է գրող Ազատ Վշտունին, որը ներկայացնում է հայ գրականության «վնասակար ազդեցությունը հայ աշխատավորության վրա»։
«Հայ ազգայնական, շովինիստական ու ասպետական գրականությանը մենք այսօր, պրոլետարական դիկտատուրայի շրջանում, հակադրում ենք մեր պրոլետարական գրականությունը, ունենալով մեր հզոր ու տարիների փորձ ունեցող ռուսական պրոլետարիատն ու նրա արդի գրականությունը»,- ասել էր Վշտունին։
Միջոցառումն ավարտվում է երգ ու պարով, ասմունքով եւ «Համաշխարհային բորսա» պիեսի ցուցադրությամբ։
Եկեղեցու քանդումը Յուվա գյուղում
1923թ. մայիսի 14-ին Յուվա գյուղում քանդում են տեղի եկեղեցին։ Մամուլը գրում էր, որ քանդելու որոշումը կայացրել էին գյուղի բնակիչները։ Նրանք ժողով էին արել եւ եզրակացրել, որ իրենց «խավարի մեջ պահողը եւ մոլորեցնողը եղել է եկեղեցին»։
Իրադրությունը փրկելու եւ կրթվելու համար նրանք որոշել էին եկեղեցին վերածել ակումբի, ինչն էլ արագորեն իրականացրել էին։ «Գյուղացիները միաձայն որոշեցին քանդել եկեղեցին եւ այն դարձնել գյուղի համար կլուբ, որը գյուղացիների համար կծառայի որպես լուսավորության մի տաճար»,- գրում էր մամուլը:
Ջրհեղեղներն ու մորեխը
1923թ. մայիսին մեծ հեղեղ է լինում Մասիսի շրջանի գյուղերում: Անձրեւներից հետո հունից դուրս են գալիս Հրազդանը եւ Արաքսը։
«Արաքսը, բարձրանալով ափերից, անցել է Սեյիդքենդ գյուղի կեսի վրայով, ջրի տակ առնելով Ռեհանլուն, անցել է Սարիջալար (որտեղ Զանգուն միանում է Արաքսին), վնասելով նաեւ գյուղի կեսից ավելին։ Այս գյուղերի գյուղացիության մի մասը, որը փախչել կարողացել է, փախել է, իսկ որը չի կարողացել, մնացել է պաշարված դրության մեջ։ Ամբողջ տները քարուքանդ են եղել, փչացել են նաեւ այս տարածության վրա գտնվող բոլոր ցանքսերը։ Ջուրը բերել ու կիտել է նաեւ մոտ 3 արշին տիղմ»,- գրում էր մամուլը։
Հայաստանի գյուղերին պատուհասող մյուս աղետը մորեխն էր։ 1923թ. ապրիլ-մայիսին այն շատ տարածված էր Սյունիքում։ Մեղրիում, Կապանում, Տեղում, Շվանիձորում մորեխի պատճառած վնասն ահռելի էր, ինչի հետեւանքով ոչնչանում էին հազարավոր հեկտարների դաշտեր ու այգիներ՝ սովի սպառնալիք ստեղծելով շրջանում։ Ականատեսները գրում էին, որ մորեխն այնքան շատ էր, որ հնարավոր չէր լինում տեսնել քարերի գույնը։ «Տեղի ֆրոնտում՝ Խնձորեսկ գյուղի մոտ իսկապես կռիվը մորեխի դեմ քիչ բանով է տարբերվում պատերազմական ֆրոնտից։ Մորեխը դեպի ցանքսերը խմբերով է առաջանում եւ հարկավոր է կազմակերպված ուժ եւ տակտիկա՝ նրանց առաջը ժամանակին առնելու համար»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան