Հայկական Կարմիր. 1932



1932 թվականին ԽՍՀՄ-ն եւ Չինաստանը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, Ֆրանկլին Ռուզվելտն ընտրվում է ԱՄՆ նախագահ, ճապոնական բանակը սկսում է Շանհայի գրավման գործողությունը:


Սեւանի համար ճակատագրական ժողովը


1932թ. փետրվարի սկզբին Մոսկվայի մամուլի տանը տեղի է ունենում երեկո՝ նվիրված Սեւանա լճի խնդիրներին։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Սեւանա լճի խնդիրները սկսվեցին այս երեկոյից հետո։

Մոսկվայում զեկույց է կարդում Սեւանի կոմիտեի ղեկավար Տեր-Աստվածատրյանը՝ ներկայացնելով ՀԽՍՀ դիրքորոշումը Սեւանի ջրի օգտագործման մասին։ Ըստ նրա՝ Սեւանն ուներ «հսկայական մակերես»՝ 1418 քառակուսի կիլոմետր եւ վայրկյանում 50.4 մետր խորանարդ ջրի թողարկման հնարավորություն։ Այնինչ բնությունն այնպես էր արել, որ Սեւանից դուրս էր գալիս միայն Հրազդան գետը՝ 2.8 խորանարդ մետր թողունակությամբ։ Մասնագետները նաեւ հաշվել էին, որ Սեւանա լճի մակարդակը մնում է անփոփոխ, քանի որ Սեւանում կուտակվող ջուրը գոլորշիանում է։ Եվ ահա, սոցիալիստական տնտեսություն կառուցողներն ուզում էին մոտ 50 մետր իջեցնել Սեւանի մակարդակը, ջուրն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու նպատակով, ինչպես նաեւ ուղղել Արարատյան դաշտավայր՝ բամբակի դաշտերը ոռոգելու։

 

 

«Այսպիսով, տարեկան ազատվում է 600 միլիոն խորանարդ մետր ջրի ավելցուկ, որը օգտագործվելու է էներգետիկայում եւ ոռոգման նպատակով»,- ամփոփում էր Տեր-Աստվածատրյանը։


Մարտի 26-ին արդեն հրապարակվում է Սեւանա լճի ջրօգտագործման վերջնական տարբերակը։ Տեր-Աստվածատրյանը Մոսկվայից հաղորդում էր, որ ընդունվել է Սեւան-Հրազդան տարբերակը, այսինքն՝ Սեւանա լճի ջուրը պետք է բաց թողնվեր Հրազդան գետով։ «Խորհուրդը գտնում է, որ Սեւանա լճի օգտագործման գաղափարը միանգամայն հիմնավորված է եւ տեխնիկապես իրագործելի, օգտագործման սխեմը ճիշտ է եւ լավ շաղկապված ոռոգման հետ։ Խորհրդի կարծիքով Սեւան-Զանգու սիստեմում ծրագրվող հիդրոկայանները, իրենց հնարավորություններով բացառիկ արժեք են ներկայացնում Անդրկովկասի համար։ Միաժամանակ, խորհուրդը մերժում է Սեւանի ջուրն Աղստաֆա գետը բաց թողնելու վարիանտը, նրա ավելի բարդ բնույթի եւ տնտեսապես անշահավետ լինելու պատճառով»,- հաղորդում էր Տեր-Աստվածատրյանը։

Շուտով սկսվում է Սեւանի կասկադի կառուցումը։


Տրամվայի երկու գծի կառուցումը


1932թ. Երեւանում սկսվում է տրամվայի երկու նոր գծի կառուցումը՝ ընդհանուր 19 կմ երկարությամբ։

Փետրվարին Երեւանի քաղխորհուրդը քննարկում էր աշխատանքների ընթացքը։

«Առաջին գիծը սկսվելու էր Բամբակկոմից՝ կայարանի կողքով եւ ապա ներկայիս այգիների միջով մինչեւ Մարքսի փողոց։ Ապա քաղխորհրդի շենքի, նոր հյուրանոցի առջեւից մինչեւ Լենինի հրապարակն ու հետո մինչեւ Աբովյանի վերջը։ Երկրորդ գիծը լինելու էր Կարբիտի գործարանից մինչեւ տրամվայի պարկը, որը 26-ի փողոցով միանալու է Մարքսի փողոցի գծին»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


Տրամվայի կառուցման համար անհրաժեշտ էր 35 000 շպալ, որոնցից փետրվարին ստացվել էր 13 000-ը։ Շպալները Երեւան հասնում էին, սակայն երբեմն երկաթուղային այլ կառույցներն ինքնագլուխ օգտագործում էին տրամվայի գծերի համար նախատեսված շպալները։ Նույն խնդիրը կար նաեւ քարի, ավազի եւ այլ շինանյութի մատակարարաման հարցում։


Կոլեկտիվացման վերջին տարին


1932 թվականը զանգվածային կոլեկտիվացման վերջին տարին էր. Հայաստանում եւ Խորհրդային միության այլ հանրապետություններում դեռեւս մնացել էին մասնավոր տնտեսություններ, սակայն նրանք պետության կողմից մշտական հալածանքի էին ենթարկվում։ Բացի ուժային եւ քարոզչական միջոցներից, կոլտնտեսություններում մարդկանց անդամագրում էին նաեւ որոշակի նյութական շահագրգռություն ապահովելով։

1932թ. մայիսի 23-ին Հայկական ԽՍՀ ժողկոմխորհն ընդունում է գյուղատնտեսական հարկի մասին օրենքը, որով կոլտնտեսությունները էապես ազատվում էին հարկերից։ Փոխարենն ավելանում էին մասնավոր մենատնտեսությունների հարկերը։ Այսպես՝ եթե կոլտնտեսությունը 500 ռ. եկամտի դեպքում պետք է վճարեր 65 ռ. 50 կ., ապա մենատնտեսությունը վճարում էր 100 ռ.։

Մենատնտեսությունները հարկ էին վճարում նաեւ այլ ձեռնարկատիրական գործունեության համար, բացի այն դեպքերից, երբ նրանց արտադրանքը տրվում էր կոլտնտեսությանը։

 

 

Տնտեսական այս հարկադրանքի հետեւանքով ԽՍՀՄ բազմաթիվ շրջաններում ձեւավորվում էին կոլտնտեսություններին դիմադրելու, աշխատանքը ձախողելու, սաբոտաժի եւ բացահայտ անհնազանդության շարժումներ։ Խորհրդային իշխանությունն այդ շարժումները որակում էր որպես «բանդիտիզմ»՝ խստորեն պատժելով դրանց անդամներին ու աջակիցներին։ 1930-ական թվականներին Հայաստանում բազմաթիվ այդպիսի «բանդաներ» էին ձեւավորվել, որոնց հետ պայքարը հաճախ ունենում էր արյունոտ դրսեւորում։

Խորհրդային գաղափարախոսությունը բոլորովին այլ տեսանկյունից էր ներկայացնում կոլեկտիվացումը։ 1932թ. «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում Խորհրդային Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանը գրում էր.


«Ամրանում է կոլտնտեսային գյուղը։ Մանրագույն, ցիրուցան 25 միլիոն անհատական տնտեսությունների հին, հետամնաց գյուղը տեղի է տվել կոլեկտիվացած նոր առաջավոր գյուղին։ Խորհրդային Միությունը վերածվել է ամենախոշոր գյուղատնտեսական միավորներ ունեցող երկրի՝ ամբողջ աշխարհում»։


Ձորագետի ՀԷԿ-ը եւ Երեւանի 2-րդ հիդրոկայանը


1932թ. շահագործման է հանձնվում Ձորագետի ՀԷԿ-ը՝ 22 հազար ԿՎտ հզորությամբ, որը ստեղծել էին ակադեմիկոս Հենրիխ Գրաֆտիոն եւ ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաեւը։ Գրաֆտիոն ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման՝ ԳՈԷԼՌՈ-ի ծրագրի հիմնադիրներից էր։

 

 

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար հատուկ գնացքներով Ձորագետ էին մեկնել Հայաստանի եւ Անդրկովկասի կառավարության մի շարք անդամներ։ Շնորհավորական հեռագրեր են ստացվել Կալինինից, Միկոյանից, Ենուկիձեից։

Կայանը կոչվում է Ստալինի անունով։

Ձորագետի ՀԷԿ-ը պետք է ավելի շուտ շահագործվեր, սակայն Վրաստանից չէին ստացվում ջրանցքների փականները (շլյուզ) եւ Ձորագետ-Ղարաքիլիսա էլեկտրականության մատակարարման հենասյուները։ «Համաձայն պայմանագրի այդ սյուները պետք է ստացվեին 31 թվի օգոստոսին, բայց «26 կոմունարների» անվան մեխգործարանի դիրեկցիայի օպորտունիստական վերաբերմունքի պատճառով մինչեւ օրս էլ ձգձգվում է»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։

 

 

Իսկ 1932թ. նոյեմբերի 5-ին մեծ շուքով նշվում է Երեւանի 2-րդ հիդրոկայանի շահագործումը, որը ԽՍՀՄ-ում առաջին ավտոմատ կայանն էր։


Ներգաղթողների հերթական խումբը


1932թ. հունվարի 7-ին Բաթում է ժամանում Հայաստան ներգաղթողների հերթական խումբը՝ շուրջ 1900 մարդ։ Նրանք հիմնականում Հունաստանից էին։ Հունվարի 15-ին ներգաղթյալները հասնում են Երեւան. մի մասը մնում է մայրաքաղաքում, մյուսներին տեղավորում են Ալավերդիում, Լենինականում, Անի-պեմզայում, Արմավիրում (Ղուրդուղուլի)։

Հունիսին ՀԽՍՀ ժողկոմխորհի տեղակալ Երզնկյանը, քննարկելով հայրենադարձների խնդիրները, նշում էր, որ ամենադժվարը բնակարաններ հատկացնելն է։ Երեւանում հաստատված հայրենադարձները հիմնականում տեղավորվում էին Նուբարաշեն թաղամասում. այդ նպատակով պետությունը հատկացրել էր մեկ մլն ռուբլի։ Գումարներ էին նախատեսված նաեւ կանանց համար գորգագործական եւ տնայնագործական արհեստանոցներ կազմակերպելու համար։


Բելլա Իլլեշի այցը


1932թ. փետրվարի 11-ին Երեւան է այցելում հունգար գրող Բելլա Իլլեշը, որը Հեղափոխական գրողների միջազգային բյուրոյի գլխավոր քարտուղարն էր։

Կայարանում Իլլեշին դիմավորում են Հայաստանի խորհրդային գրականության եւ արվեստի ներկայացուցիչները։ Հունգար գրողն այցելում է Հայաստանի տարբեր ձեռնարկություններ, գործարաններ, հանդիպում աշխատավորների հետ։

Փետրվարի 13-ին Բելլա Իլլեշը հանդիպում է հայ գրողների հետ եւ զեկուցում «միջազգային պրոլետարական գրական կազմակերպությունների մասին»։ Նա ներկայացնում է իրականացված քայլերն ու ծրագրերը, ապա քննադատական խոսքեր ուղղում հայ գրողներին։ «Հայպրոլետգրողները նույնպես ձեւականորեն պատկանում են միջազգային պրոլետգրական կազմակերպությանը։ Սակայն ի՞նչ են արել նրանք գործնականում։ Պետք է ցավոք սրտի արձանագրել, որ նրանք գործնականում ոչ մի աշխատանք չեն կատարել»,- ասում էր նա։

 

 

Հունգար գրողը կոչ էր անում զարկ տալ թարգմանական աշխատանքին, հայ գրողների ստեղծագործությունները թարգմանել տարբեր լեզուներով եւ ներկայացնել միջազգային պրոլետարիատին։ Իլլեշը նաեւ կարեւորում էր Հայկական սփյուռքի դերակատարությունը՝ նշելով, որ Սփյուռքի գրական կառույցները կարող են «պայքարել» բուրժուական գաղափարների դեմ։ «Միջազգային հեղափոխական գրողների միության աջակցությամբ տեղիս հայ պրոլետգրողները կարող են գաղափարախոսական եւ կազմակերպչական տեսակետից ուժեղացնել արտասահմանյան գրական կազմակերպությունները եւ հաջողությամբ պայքարել բուրժուական գրողների դեմ»,- պնդում էր նա։


«Գրական թերթը»


1932թ. փետրվարի 23-ին լույս է տեսնում գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթ»-ի անդրանիկ համարը։ Գրողների կազմակերպությունն այն ժամանակ կոչվում էր Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա։

ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար Դրաստամատ Տեր-Սիմոնյանն ասում էր.

 

 

««Գրական թերթը» իրոք կդառնա մեր գրականության եւ արվեստի մարտական օրգանը այն դեպքում միայն, երբ սերտ կերպով կապվի բանվորական եւ աշխատավորական լայն շերտերի հետ եւ համախմբի իր շուրջը մարքս-լենինյան աշխարհայացքի համար պայքարող քննադատների եւ ստեղծագործողների բոլոր ուժերը։ «Գրական թերթի» հրատարակումը մեր երկրի կուլտուրական հեղափոխության ծավալման ու խորացման լծակներից մեկն է»։


Խորեն Մուրադբեկյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս


1932թ. Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։

 

 

1930 թվականից՝ Գեւորգ Ե կաթողիկոսի մահից հետո, նա կաթողիկոսի տեղապահն էր։

1938թ. ապրիլի 6-ին Խորեն կաթողիկոսը խեղդամահ է արվում իր ննջասենյակում։


Պետական առաջին թատրոնի տասնամյակը


1932թ. մարտի 30-ին Երեւանում մեծ շուքով նշվում է Պետական առաջին թատրոնի տասնամյակը։ Հետագայում թատրոնը կոչվում է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն։ Տասնամյակի առիթով թատրոնի կոլեկտիվը պարգեւատրվում է «Աշխատանքի դրոշի» շքանշանով եւ կոչվում «կարմրադրոշ»։

Թատրոնի ռեժիսորներ Լեւոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը եւ Մկրտիչ Ջանանը ստանում են վաստակավոր արտիստի կոչում։

Թատրոնի կոլեկտիվին շնորհավորական խոսք է հղում Աղասի Խանջյանը.

«Կենտկոմը մատնանշում է, որ Առաջին պետական թատրոնը հաջողությամբ հաղթահարելով բուրժուական եւ մանրբուրժուական թատերական արվեստի անցյալի մնացորդները, վերջին տարիներին իրոք կանգնել է պրոլետարական ստեղծագործության լայն ուղիների վրա»։


Արտաշատի ջրանցքը


1932թ. հունիսի 26-ին շահագործման է հանձնվում Արտաշատի կամ Ղռերի ջրանցքը։ Ոռոգման համակարգն ուներ 33 կմ երկարություն եւ Հրազդանի ջրերը հասցնելու էր Գառնի՝ ոռոգելով հազարավոր հեկտար մշակովի հողեր, այդ թվում՝ բամբակի դաշտեր։

«Այն, ինչ որ երազ էր ցարական չինովնիկների համար եւ որի մասին չէր էլ մտածել հայկական բուրժուազիայի հակահեղափոխական կուսակցությունը՝ Դաշնակցությունը, իրականություն դարձրին Խորհրդային Հայաստանի աշխատավորները՝ Լենինի կուսակցության ղեկավարությամբ»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։

 

 

Ղռերի ջրանցքի կառուցումը մեծ նշանակություն ուներ Հայաստանի գյուղատնտեսության համար, որովհետեւ ոչ միայն ոռոգելու էր եղած մշակելի հողերը, այլեւ նոր հողեր յուրացնելու հնարավորություն էր տալու։

Եղիշե Չարենցը ներբող է ձոնում ջրանցքը կառուցողներին, որը կոչվում էր «Հարվածայինները».

Անապատ էր այստեղ, անջուր երկիր։
Մահն էր թռչում այստեղ՝ համատարած։
Ունկնդրում էր այստեղ քամիների երգին
Մի անօգուտ Զանգու ու մի անբեր Արաքս։
Այս խաների երկրում, այս ցարական
Ծայրամասում, ուր կար միայն քամի,
Ուր տարիներ, դարեր այս հողերի վրա
Շոգն էր միայն չոքում՝ միանգամից
Լափլիզելով թե՛ կյանք, թե՛ աշխատանք,-
Այս անապատ երկրում բարձրանում է հիմի
Աշխատանքի, կամքի հերոսական մի կյանք։
Այս անջրդի, այս շոգ անապատում
Պիտի ելնեն էգուց ձյունապայծառ վարդեր
Ու ողկույզներ պիտի շողան խայտուն.-
Այս գարունքի համար ճանապարհ է հարթել,
Հարվածային ընկեր, քո եռանդը արդեն,
Քո գոյամարտն անդուլ...


Մինջեւան–Ղափան երկաթուղու բացումը


1932թ. փետրվարի վերջին բացվում է Գենլիկ կայարանը, որը Մինջեւան–Ղափան երկաթուղու 16-րդ կիլոմետրում էր։ ԽՍՀՄ ճանապարհների հաղորդակցության ժողկոմատը Մինջեւան–Ղափան երկաթուղու կառուցման համար հատկացրել է 1 մլն 600 հազար ռուբլի։ Փետրվարին հողային աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված էր, սակայն երկաթուղու կառուցումը չէր ավարտվում, որովհետեւ կար ռելսերի պակաս։

1932թ. հոկտեմբերի 18-ին Մինջեւանից Կապան է հասնում առաջին մարդատար գնացքը։ Երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում նոյեմբերի 7-ին։


Թոթովենցի «սկզբունքային սխալները»


1932թ. Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան խստորեն քննադատում է Վահան Թոթովենցի «Հայ ազգի «փրկիչ» դաշնակները» գիրքը՝ նշելով, որ հեղինակը լրջորեն չի մոտեցել խնդրին (խնդիրը Դաշնակցությանը քննադատելն էր) եւ գործել է «սկզբունքային սխալներ»։

 

 

«Թոթովենցը, տարվելով երեւույթների լոկ արտաքին կողմով, դրանից ելնելով Դաշնակցության գործունեությունը գնահատելիս, փաստորեն մթագնում է այդ գործունեության իսկական աստառը, եւ նրա պնդումները Դաշնակցության բուրժուական էության մասին մնում են չհիմնավորված»։


Թոթովենցի «մեղքն» այն էր, որ նա առավելապես ծաղրել, քան թե վերլուծել էր Դաշնակցության գործունեությունը։ Դա կարող էր թուլացնել հակադաշնակցական պայքարը եւ զգալի վնաս հասցնել խորհրդային գաղափարախոսությանը։


Ստեղծագործական միությունների ստեղծումը


1932թ. ապրիլի 9-ին ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշումով լուծարվում են մի շարք գրական, մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի պրոլետգրողների կազմակերպությունը։ Որոշման նախագծում նշվում էր, որ այս կազմակերպություններում առկա էր «գրական խորթ տարրերի աչքի ընկնող ազդեցությունը»։ Փոխարենը ստեղծվում է նոր կազմակերպություն՝ Հայաստանի խորհրդային գրողների միությունը։ Նույն սկզբունքով վերափոխվում էին Հայաստանի նկարիչների, կերպարվեստի աշխատողների եւ ճարտարապետների միությունները։

Նոր միությունները կազմակերպելու համար ստեղծվում էին հանձնաժողովներ՝ կազմված ոլորտի մասնագետներից։


Մահանում է Լեոն


1932թ. նոյեմբերի 14-ին մահանում է պատմաբան, գրականագետ Լեոն՝ Առաքել Բաբախանյանը։

 

 

«19-րդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական մտքի ներկայացուցիչների շարքում դժվար է նշել մի այլ դեմք, որի կյանքն ու գրիչն այնքան արգասավոր ու բեղուն լինեին, որքան Լեոյինը։ Գեղարվեստական գրող, հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ, դասախոս - մարդկային գործունեության այս բազմապիսի հատկությունները զուգորդված էին Լեոյի անձնավորության մեջ»,- ասվում էր պաշտոնական մահախոսականում։


Լեոյին հուղարկավորում են Կոմիտասի անվան պանթեոնում։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: