Հայկական Կարմիր. 1987



1987 թվականին Խորհրդային կառավարությունը բանտերից ազատ է արձակում 140 այլախոհի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերն այցելում է ԽՍՀՄ, մասնավորեցվում է British Airways ավիաընկերությունը, Depeche Mode խումբը թողարկում է Music for the Masses սկավառակը, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակ է ստանում:


Չարենցի 90-ամյակը եւ Ռեգինա Ղազարյանի հուշերը


1987թ. Հայաստանում մեծ շուքով նշվում է Եղիշե Չարենցի ծննդյան 90-ամյակը։

Տոնակատարությունների պետական հանձնաժողովը գլխավորում էր անձամբ Կարեն Դեմիրճյանը։ Հունիսի 5-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։ Դեմիրճյանն իր ելույթում անդրադառնում է Չարենցի պոեզիային՝ նշելով, որ նա փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծն էր։

 

 

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը նաեւ հատվածներ է մեջբերում Չարենցի պոեմներից եւ հավելում, որ վերակառուցման ժամանակաշրջանում մեծ բանաստեղծի պոեզիան կրկին արդիական է։ «Այսօր, երբ վերակառուցման ու արագացման կուսակցության վարած կուրսը բառացիորեն փոթորկել է սովետական հասարակության բոլոր խավերին, Չարենցը նորից մարտական շարքում է։ ...Մենք ասես վերստին լսում ենք հուզումնալից ձայնը բանաստեղծի, որը ողջունում եւ տիեզերքով մեկ ավետում է սովետների երկրի պայծառ ապագայի համար մղվող մեծ պայքարի բերկրանքը»,- ասում էր Կարեն Դեմիրճյանը:

1987թ. «Գարուն» ամսագիրը առաջին անգամ տպագրում է նկարչուհի Ռեգինա Ղազարյանի (1915-1999) համառոտ ակնարկը, որտեղ նա պատմում է Չարենցի հետ վերջին հանդիպումների, նրա ձեռագրերը փրկելու մասին:

Ակնարկը կոչվում էր «Հուշեր Չարենցի մասին»: Չարենցի ձերբակալությունից հետո մի օր կինը՝ Իզաբելան, Ռեգինային շտապ կանչում է իրենց տուն, որտեղ ցույց է տալիս Չարենցի վերնաշապիկին գրված դժվար ընթեռնելի գրությունը: Չարենցն այդ նամակով Իզաբելային հանձնարարում էր իր ձեռագրերը պահ տալ Ռեգինային:

 

 

«Իզաբելա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս եւ այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային եւ վստահիր նրան»,- գրել էր Չարենցը: Այնուհետեւ երկուսով ճամպրուկի մեջ տեղավորում են Չարենցի ձեռագրերը՝ 20 թղթապանակ, որը Ռեգինան տանում է պահելու: «Սրտի դողով, բայց հաստատակամ, ես այն հասցրի տուն եւ հենց նույն գիշերը իմ հարազատներից մեկի տան ներքնահարկում (նախկին Ադամյան փ. 7, այժմ՝ Կ. Մարքսի նրբանցք) փոս փորեցի, եւ, չունենալով ձեռքի տակ ավելի հուսալի հարմարանք՝ հապճեպորեն զմռսեցի միջին չափի մի տակառ, թղթապանակները փաթաթեցի մոմլաթի տարբեր կտորների մեջ եւ դասավորելով տակառում՝ հանձնեցի հողին»,- գրում է Ռեգինան:


Չարենցի ձեռագրերը հողի տակ մնում են 18 տարի, եւ միայն 1954-ին Ռեգինա Ղազարյանը հանում է դրանք, Պարույր Սեւակի օգնությամբ վերականգնում վնասված էջերը եւ հանձնում Չարենցի ավագ դուստր Արփենիկին:


Բնապահպանական հանրահավաքները


1987թ. Երեւանում բնապահպանական հարցերով մի քանի հանրահավաք է տեղի ունենում: Խորհրդային տարիներին Հայաստանում կառուցվել էին տասնյակ գործարաններ, որոնք զգալի վնաս էին հասցնում շրջակա միջավայրին: Դրանց թվում էին Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները, Կիրովականի ու Ալավերդու քիմիական կոմբինատները, բայց ամենամտահոգիչը «Նաիրիտն» էր:

Բնապահպանական առաջին հանրահավաքը տեղի է ունենում 1987թ. սեպտեմբերին. դա մեծ իրադարձություն էր խորհրդային իրականությունում, որտեղ մարդիկ երթ էին անում հիմնականում մայիսի 1-ի եւ նոյեմբերի 7-ի տոնակատարությունների ժամանակ:

 

 

1987-ին «Գարուն» ամսագիրը ծավալուն հոդվածներ է հրապարակում խոշոր արդյունաբերության վնասների մասին: Հոկտեմբերին արդեն քննարկում է կազմակերպվում, որին մասնակցում էին ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի, Առողջապահության նախարարության եւ այլ կառույցների ներկայացուցիչները: Բոլոր մասնակիցները գտնում էին, որ Երեւանի օդի աղտոտման գլխավոր պատճառը «Նաիրիտն» էր:

Մանրամասները կարդացեք Մեդիամաքսի [Շարժում 1988/25]. Բնապահպանական սկիզբը հոդվածում:


«Օտար խաղեր» ֆիլմը


1987թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվում է «Օտար խաղեր» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանն ասում էր, որ այն մարդու բարոյական կողմնորոշման մասին է:

«Փոքր-ինչ անսովոր մի պատում է երիտասարդ, համակրելի, սիրող ամուսինների մասին: Նրանք, կարծես թե, ունեն այն ամենն, ինչ հարկավոր է անձնական երջանկության համար: Բայց ամեն գնով բարեկեցություն ձեռք բերելու մոլուցքով տարված, հեռանում են իրենց սկզբունքներից եւ մանրուք թվացող զիջումների գնով կորցնում իրենց ամենամեծ հարստությունը՝ զգացմունքների մաքրությունը, ազնվությունը»,- պատմում էր ռեժիսորը:


Օպտիմալ արագության էլեկտրոնային վահանակներ


1987թ. Երեւանի մի շարք փողոցների խաչմերուկներում տեղադրվում են մեքենաների օպտիմալ արագությունը ցույց տվող էլեկտրոնային վահանակներ: Վահանակը միանում էր մեքենաների համար կանաչ լույսի հետ միաժամանակ եւ ցուցադրվող թիվը, օրինակ՝ «50», նշանակում էր, որ այդ արագությամբ ընթանալու դեպքում առաջիկա փողոցներում տրանսպորտային միջոցները կընթանան «կանաչ լույսի տակ»:

«Ավտոմատ կառավարման համակարգերն իրականացնում են ժամանակակից էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համակցված մի գործողություն, որը հնարավոր է դարձնում կապ հաստատել բազմաթիվ լուսացուցային օբյեկտների միջեւ եւ խաչմերուկներում «կանաչ փողոց» տրամադրել տրանսպորտային միջոցներին»,- պարզաբանում էր ՀԽՍՀ պետավտոտեսչությունը:


Առաջին մասնավոր տեսասրահը


1987թ. փետրվարին Երեւանում բացվում է առաջին մասնավոր տեսասրահը, որը նախատեսված էր 40 հանդիսատեսի համար: Տեսասրահը «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում էր եւ ուներ շուրջ 2 000 ֆիլմային ֆոնդ: Ցուցադրվում էին նաեւ արտասահմանյան տեսաֆիլմեր, որոնց մեծագույն մասը խորհրդային շրջանում արգելված էր: Տեսասրահն աշխատում էր ինքնաֆինանսավորման սկզբունքով, որը նույնպես նորամուծություն էր:

 

 

Նույն կինոթատրոնում մի քանի ամիս առաջ բացվել էր նաեւ տեսաֆիլմերի վարձույթ:


Իջեւան-Հրազդան երկաթուղին


1987թ. սկզբին սկսվում են ուղեւորափոխադրումները Իջեւան-Հրազդան երկաթուղով։ Էլեկտրագնացքն ուներ չորս վագոն, Իջեւանից շարժվում էր առավոտյան ժամը 07:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ ժամը 16:00-ին։ Ըստ չվացուցակի՝ ճանապարհը տեւում էր 3 ժամ 11 րոպե, սակայն Իջեւանից Հրազդան հասնում էր 45 րոպե շուտ։

Սկսում են գործել նաեւ Կաքավաձոր, Մեղրաձոր, Ֆիոլետովո, Գոշավան եւ այլ միջանկյալ կայարանները։ Ադրբեջանից եկող գնացքներն արդեն հասնում էին մինչեւ Դիլիջան։


Վալերի Լեոնտեւի հյուրախաղերը


1987թ. մարտին մեկշաբաթյա հյուրախաղերով Երեւանում էր խորհրդային հայտնի երգիչ Վալերի Լեոնտեւը։ Լեոնտեւի համերգները տեղի էին ունենում Մարզահամերգային համալիրի դահլիճում։ Զրուցելով «Սովետական Հայաստան» թերթի թղթակցի հետ՝ երգիչը նշում էր, որ ԽՍՀՄ-ում զգալի փոփոխություններ են եղել, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաեւ էստրադային երաժշտության ասպարեզում։

 

 

«Հայաստանի հետ ինձ ջերմ հուշեր են կապում։ Իմ երիտասարդ տարիներին, երբ ռադիոյով երգում էր Գոհար Գասպարյանը, ընդունիչի ձայնը մինչեւ վերջ բարձրացնում էի։ Այցելելով Հայաստան, նոր միայն հասկացա, թե ինչու էր երգչուհու ձայնն այդքան գեղեցիկ։ Երիտասարդ երգիչներից շատ եմ սիրում Տաթեւիկ Հովհաննիսյանին, Էռնա Յուզբաշյանին, կոմպոզիտորներից՝ Կոնստանտին Օրբելյանին, Ռոբերտ Ամիրխանյանին»,- ասել էր Լեոնտեւը։


Հայկական տեխնիկայի ցուցահանդես Ֆինլանդիայում


1987թ. ապրիլի սկզբին Ֆինլանդիայում բացվում է Հայկական ԽՍՀ գիտատեխնիկական եւ մշակութային նվաճումների ցուցահանդես, որտեղ ցուցադրված էին հայկական արտադրության մագնիտոֆոններ, ուժեղացուցիչներ, մեքենաների ռադիոընդունիչներ, էլեկտրասարքեր։

«Ներկայացված է հայ գիտնականների մշակած հրդեհի թաքնված օջախների ճանաչման սարքը, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է կրակի առկայության դեպքում ծագող ինֆրակարմիր ճառագայթման որսման վրա։ Այս սարքը զգալիորեն դյուրացնում է անտառային հրդեհները վերացնելու հրշեջների աշխատանքը»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։


Ինֆորմատիկայի «ավտոբուս-դասարանը»


1980-ական թվականների երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանի բազմաթիվ դպրոցներում սկսեցին դասավանդել «Ինֆորմատիկա» առարկան։ Հայաստանում այս համեմատաբար նոր ուղղությունը բավականին զարգացած էր։

 

 

1987թ. հետաքրքիր փորձ է արվում հաշվողական տեխնիկայի դասավանդման եւ հանրայնացման ուղղությամբ։ Սովորական մարդատար ավտոբուսը կահավորվել էր համապատասխան սարքավորումներով, եւ դասավանդողներն իրենք էին այցելում դպրոցներ, որտեղ բաց դասեր ու գործնական պարապմունքներ էին կազմակերպում բարձր դասարանցիների համար։ «Ավտոբուս-դասարանը» ղեկավարում է Լենինյան շրջանի ուսումնաարտադրական կոմբինատի կոլեկտիվը՝ սպասարկելով 467 աշակերտի, ինչպես նաեւ Շահումյանի, Մաշտոցի, Օրջոնիկիձեի շրջանների ավելի քան 600 դպրոցականի։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: