1977 թվականին Ջիմի Քարտերը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դառնում է Իսրայել այցելած առաջին արաբ առաջնորդը, թողարկվում են Queen խմբի We Are the Champions եւ Eagles խմբի Hotel California հիթերը, առաջին թռիչքն է կատարում խորհրդային МиГ-29 կործանիչը:
Ատոմակայանի առաջին էներգաբլոկը
1977 թվականը սկսվում է կարեւոր իրադարձությամբ. շահագործման էր հանձնվում Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը՝ 405 000 Կվտ հզորությամբ։
Գրեթե ութ տարի տեւած շինարարությունն ավարտվել էր 1976-ի դեկտեմբերի վերջին, իսկ բացման պաշտոնական արարողությունը կայացավ 1977-ի հունվարի 14-ին։ Ատոմակայանի աշխատողների մասնակցությամբ հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն ասում է.
«Հայաստանի հիդրոշինարարները սովորել են ստեղծել այնպիսի հզոր ջերմային էլեկտրակայաններ, ինչպիսին է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանը։ Եվ ահա նվաճվեց հերթական ուղենիշը, ստեղծարար կառուցման մի նոր գագաթ՝ Սովետական Սոցիալիստական Հայաստանի հողում սկսեց գործել խաղաղ ատոմը»։
Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվում երեք տարի անց՝ 1980 թվականին:
Ֆադեյ Սարգսյանը՝ վարչապետ
1977թ. հունվարի 17-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ֆադեյ Սարգսյանը նշանակվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ։
Ֆադեյ Սարգսյանը ծնվել էր 1923թ. Երեւանում։ Սովորել էր Բուդյոննու անվան կապի ակադեմիայում։
Ֆադեյ Սարգսյանը երկար տարիներ աշխատել էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության համակարգում։ Նշանակման պահին նա տեխնիկական գիտությունների դոկտոր էր։ 1963-ից մինչեւ 1977թ. Ֆադեյ Սարգսյանը ղեկավարում էր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի անվան ինստիտուտ)։
Ֆադեյ Սարգսյանը Խորհրդային Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է մինչեւ 1989 թվականը:
Մահանում է Վարդան Աճեմյանը
1977թ. հունվարի 24-ին մահանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Վարդան Աճեմյանը։
1928թ. Վարդան Աճեմյանը հիմնադրում է Գյումրիի պետական թատրոնը, իսկ 1930-ական թվականների վերջին աշխատանքի անցնում Երեւանի առաջին պետական թատրոնում (հետագայում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)։
«Մահը անսպասելի հարվածով կտրեց նրա կյանքի թելը այն ժամանակ, երբ նա հղացել էր «Քաջ Նազարի» վերին աստիճանի ինքնատիպ բեմական մեկնությունը՝ նոր եւ անսպասելի լուծումներով։ Այն ժամանակ, երբ նա դեռ մեծ անելիքներ ուներ, արվեստին ու ժողովրդին տալու այնքա՜ն շատ բան։ Բայց այն, ինչ նա արել է իր հիսնամյա ստեղծագործական կյանքում, լիուլի բավական է հավաստելու, որ նրա անունն ու գործը ոսկե տառերով կգրվեն հայ գեղարվեստական կուլտուրայի տարեգրության մեջ։ Եվ հետնորդներին մնում է աչքի լույսի պես պահպանել այն ավանդները, որ Վարդան Աճեմյանն այնպիսի շռայլությամբ կտակել է իրենց»,- գրել էր «Սովետական արվեստ» ամսագիրը։
Վարդան Աճեմյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դահլիճում։ 1977թ. հունվարի 27-ին նա հուղարկավորվում է Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Գայի արձանը
1977թ. փետրվարի 18-ին Երեւանի Նոր Նորքի առաջին բնակելի զանգվածում տեղի է ունենում Հայկ Բժշկյանցի՝ Գայի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Հուշահամալիրը բացվել էր զորավարի ծննդյան 90-ամյակի առթիվ։
18 մետր բարձրություն ունեցող արձանի քանդակագործը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյանը։
Այդ օրերին Գային նվիրված բազմաթիվ հուշեր ու ակնարկներ են տպագրվում մամուլում։ Իհարկե, դրանցում չէր խոսվում այն մասին, թե ինչպես են 1930-ական թվականներին նրան անհիմն մեղադրանքներով ձերբակալում, ապա 1937թ. դեկտեմբերի 11-ին գնդակահարում։
Երեւանի նոր հեռուստաաշտարակը
1977թ. մարտին շահագործման է հանձնվում Երեւանի նոր հեռուստաաշտարակը` 311.7 մետր բարձրությամբ։
Աշտարակը սկսել էին կառուցել 1974 թվականին։ Երեւանի հեռուստատեսության աշտարակի կառուցվածքը բաժանված է երեք մասի` հիմնային մաս, մարմնի մաս եւ ալեհավաք։
Այն խաչաձեւ պողպատե տետրահեդոն է, այսինքն՝ ունի երեք հիմք, որը 71 մետր բարձրության վրա դառնում է փակ պլատֆորմ, որտեղ դիտորդական հարթակն ու տեխնիկական տարածքներն են։
Ստորին աշտարակի զամբյուղի տանիքում տեղադրված են ռադիոհաղորդիչ ալեհավաքները։ Եռանկյունի կողային-պողպատե կառույցը շարունակվում է 137 մ բարձրության վրա, այն երկու հարկանի է, 18 մետր կառուցվածքով` շրջադարձային-խճճված կոնի ձեւով։ Եվս 30 մետր շարունակվում է վանդակավոր ցանցի երկարությունը։
Երեւանի հեռուստաաշտարակը նախագծվել էր Ուկրաինայի պողպատե կառույցների ինստիտուտում։ Շինարարությանը մասնակցել էր Ռուսթավիի «Հարավպողպատկոնստրուկցիա» մոնտաժային վարչությունը։ Պողպատե հիմնասյուներն ու ամրանները եւս բերվել էին Վրաստանից։ Նոր հեռուստաաշտարակը հնարավորություն էր տալիս ավելի շատ հաղորդումներ ստանալ Մոսկվայից։ 1977-78թթ. տվյալներով՝ Հայաստանում կար շուրջ կես միլիոն հեռուստացույց, որոնց 20 տոկոսը՝ գունավոր։
Հին հեռուստաաշտարակը տեղափոխվում է Գյումրի, որը գործում է առայսօր։
1977թ. հոկտեմբերին Երեւանի մերձակայքում՝ Ջրվեժի հյուսիսային մասում, շահագործման է հանձնվում «Օրբիտա-2» ընդունման կայանը, որը հնարավորություն էր տալիս Մոսկվայից ընդունել հեռուստատեսային հաղորդումների երկրորդ ծրագիրը: Հայաստանն այդ կայանով ստանում էր նաեւ հեռախոսային լրացուցիչ 24 գիծ եւ կենտրոնական թերթերի մատրիցաների հեռուստաընդունման պահեստային գիծ: Կենտրոնական թերթերը, օրինակ՝ «Պրավդա»-ի, «Իզվեստիա»-ի վերջնական՝ էջադրված տարբերակի լուսապատճեններն ուղարկվում էին Երեւան եւ տեղում տպագրվում:
«Ոչ պատերազմին» հուշարձանը
1977թ. մայիսի 7-ին «Հաղթանակ» զբոսայգում բացվում է «Ոչ պատերազմին» հուշարձանը։
Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահ Նիկոլայ Տիխոնովը հուշարձանի բացման առթիվ հեռագրել էր.
«Խորին գոհունակությամբ իմացանք, որ Երեւանում կանգնեցվել է հուշարձան, որը խորհրդանշում է ժողովուրդների անդուլ ջանքերը խաղաղության ազնիվ գաղափարների հաղթանակի համար մղվող պայքարում, ընդդեմ նոր պատերազմի սպառնալիքի։ Ուրախալի է, որ հուշարձանը կանգնեցվել է մեծ մասշտաբով, եւ անտարակույս, կգեղեցկացնի ձեր սքանչելի մայրաքաղաք Երեւանը»։
Հուշարձանը կառուցված է կարմիր տուֆից, ունի ութ մետր բարձրություն։
Քանդակագործը Վահան Խաչիկյանն է, ճարտարապետը՝ Ֆելիքս Զարգարյանը։ Հուշարձանի վրա հայերեն եւ ռուսերեն քանդակված է՝ «Թող երբեք պատերազմ չլինի, թող ոչ ոք որդի չկորցնի»։
«Նահապետը» ֆիլմը
1977թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Նահապետը» ֆիլմը։ Այն պատմում է 1915թ. Ցեղասպանությունից փրկված Նահապետի մասին, որը հաստատվել է Խորհրդային Հայաստանում, նոր օջախ ստեղծել։
Ֆիլմը նկարահանվել էր Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա։
Ռեժիսորը Հենրիկ Մալյանն է, օպերատորը՝ Սերգեյ Իսրայելյանը։ «Նահապետ»-ում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Սոֆիկ Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը։
«Երիտասարդ արտիստուհի Սոֆիկ Սարգսյանը հայ կինեմատոգրաֆիայի համար իսկական ձեռքբերում է։ Տարիներ շարունակ «Հայֆիլմը» անտեսել է հայ կնոջը որպես գեղարվեստական երկի կենտրոն դիտելու հնարավորությունը։ Դրանից տուժել են թե՛ ստեղծագործությունները, թե՛ ստեղծագործողները։ Առանձին ուշադրության է արժանի Սերգեյ Իսրայելյանի օպերատորական աշխատանքը. խստաշունչ բնության դաժան գեղեցկության կողքին նա ունի տեսարաններ՝ նրբորեն մտածված կոմպոզիցիոն լուծումներով, գույների ու ծավալի տպավորիչ համադրությամբ»,- գրում էր «Էկրան» ամսագիրը։
Nitty Gritty Dirt Band-ի համերգը Երեւանում
1977 թվականի մայիսին Երեւանի հեծանվահրապարակում ելույթ է ունենում Nitty Gritty Dirt Band խումբը՝ ամերիկյան Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքից:
1966-ին հիմնադրված եւ «քանթրի-ռոք» ոճում հանդես եղող խումբը Խորհրդային Հայաստանում հայտնվել էր ԱՄՆ Պետական քարտուղարության նախաձեռնած մշակութային ծրագրի շնորհիվ. նախքան Երեւանում հանդես գալը, Nitty Gritty Dirt Band-ը համերգներ էր տվել Մոսկվայում, Լենինգրադում, Ռիգայում եւ Թբիլիսիում:
Սակայն, ինչպես գրում էր The New York Times-ը, երեւանյան համերգը տարբերվում էր եւ ավելի «վայրի» էր, քան խորհրդային այլ քաղաքներում: Հոդվածագիրը նշում էր, որ հայկական սփյուռքի շնորհիվ Հայաստանն ավելի շատ շփում ունի արեւմտյան աշխարհի հետ, քան խորհրդային մյուս հանրապետությունները:
The New York Times-ը նշում էր, որ համերգին ներկա միլիցիայի աշխատակիցները փորձում էին զսպել երիտասարդներին՝ նրանց կոչ անելով մնալ տեղերում ու չպարել: Սակայն, նկատում է հոդվածագիրը, բեմի մոտ կանգնած ոստիկաններից մեկն ավելի բարյացակամ էր տրամադրված եւ ասել էր. «Որքան ավելի բարձր է երաժշտությունն, այնքան ավելի բարեկամական է»:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան