Հայկական Կարմիր. 1986



1986 թվականին կործանվում է ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավը, Չեռնոբիլի ատոմակայանում վթար է տեղի ունենում, Ստոկհոլմում սպանվում է Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն, ամերիկյան օդուժը հարվածներ է հասցնում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթում է Գերմանիայի հավաքականին:


«Շենգավիթ» կայարանը


1986թ. հունվարի 28-ին բացվում է Երեւանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանը: Ըստ հաշվարկի՝ «Բարեկամություն» կայարանից մինչեւ «Շենգավիթ» գնացքները հասնելու էին 12-15 րոպեում:

Դեպի Շենգավիթ երկաթգծային ճանապարհ ունենալու համար կառուցվում է կամուրջ, որը հատում էր Թամանցիների փողոցը (այժմ՝ Բագրատունյաց փողոց):

 

 

««Գործարանային» կայարանից հետո գնացքները 300 մետր բաց ճանապարհն անցնելուց հետո «սուզվում են» ընդերք: Ամբողջ «Շենգավիթ» կայարանը եւս կառուցված է բաց եղանակով: Դժվար էր նաեւ հենց թունելների հորատումը: Ամեն մի մետր առաջանցումը ապահովվում էր ամրակապով միայն, քանի որ գիծն անցնում էր մակերեսին մոտ, եւ ամեն րոպե կարելի էր սպասել փլուզումների»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:


ԽՍՀՄ եւ ԱՄՆ բռնցքամարտիկների մրցույթը


1986թ. Երեւանի մարզահամերգային համալիրում անցկացվում է ԽՍՀՄ եւ ԱՄՆ բռնցքամարտիկների հերթական մրցույթը: ԽՍՀՄ թիմի ինը մարզիկից յոթը հայեր էին: Առաջին հաղթանակը 48 կգ քաշային կարգում տանում է Նշան Մունչյանը:

 

 

Հաղթում են նաեւ հայ բռնցքամարտիկներ Լեռնիկ Պապյանը, Ահարոն Թեմուրյանը, Հայկ Բաղդասարյանը, Բաբկեն Սահրադյանը եւ Մանվել Ավետիսյանը: Մրցույթն ավարտվում է խորհրդային թիմի հաղթանակով՝ 6:3 հաշվով: Ամերիկյան բռնցքամարտիկների մարզիչ Սանդերս Ռուզվելտը, «Սովետական Հայաստան» թերթի հարցերին պատասխանելով, ասում է.

«Հերթական հանդիպումները ձեր մարզիկների հետ, անկասկած, ուսանելի եղան մեր բռնցքամարտիկների համար: Տղաները տեսան, թե սովետական բռնցքամարտիկներն ինչպիսի արվեստով են ուժային բռնցքամարտին հակադրում խաղայինը: Մենք ձեր երկրում շրջապատված էինք հոգատարությամբ: Մեր հիշողությունից երբեք չեն ջնջվի Երեւանում անցկացրած օրերը: Շնորհակալություն հյուրասեր հայ ժողովրդին»:


«Մենավոր ընկուզենին»


1986 թվականին «Հայֆիլմում» նկարահանվում է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» կինոնկարը, որը Սերգեյ Փարաջանովն անվանել էր «կյանքի կարդիոգրամա»:

 

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի կարծիքով՝ «Մենավոր ընկուզենին» եւ ընդհանրապես Դովլաթյանի արվեստը չի գնահատվել այնպես, ինչպես պետք է գնահատվեր: «Դա ոչ միայն կինեմատոգրաֆ է, ոչ միայն արվեստ է, այլեւ իր ողջ խորությամբ մի պատմություն է, որն անընդհատ կրկնվում է»,- ասել է նա:

Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի էկրանավորման պրեմիերան կայանում է 1987 թվականի փետրվարին:


Րաֆֆու 150-ամյակը


1986թ. մարտի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունենում հանդիսավոր երեկո՝ նվիրված Րաֆֆու ծննդյան 150-ամյակին։

Միջոցառումը բացվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի խոսքով։

«Այսօր էլ զարմանք են հարուցում Րաֆֆու գրական ու հասարակական գործունեության լայն մասշտաբները, վիթխարի էրուդիցիան։ Նա մեծ վիպասան էր, մարտնչող հրապարակախոս, կրքոտ քաղաքացի, առաջադեմ մտածող, ազգային գործիչ»,- ասում է նա։

 

 

Րաֆֆու գրական գործունեությանն անդրադառնում է գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը՝ նշելով, որ իր վեպերում Րաֆֆին գրեթե պատմաբանի մոտեցում է ցուցաբերել. «Նա մանրամասն ուսումնասիրել է նկարագրվող դարաշրջանը, վեպի առարկա է դարձրել հայ ժողովրդի պատմության եւ ազատագրական պայքարի շրջադարձային ու բախտորոշ անցքերը»։


«Սովետական Հայաստան» գորգը


1986թ. «Հայգորգ» արտադրական միավորումն ավարտում է «Սովետական Հայաստան» գորգը, որը գործել էին ընկերության աշխատակիցներ Քնարիկ Հայրապետյանը, Անգին Եսայանը, Ռիմա Մկրտչյանն ու Հայկուշ Ավետիսյանը։

 

 

Գորգն ուներ ութ մետր երկարություն եւ հինգ մետր լայնություն։ Յուրաքանչյուր քառակուսի մետրում հյուսված էր 360 հազար հանգույց, այն դեպքում, երբ արտադրական միավորման մյուս արտադրանքներում խտությունը չէր գերազանցում 160 հազար հանգույցը։ Գորգը ստեղծվել էր երեք տարում եւ զարդարում էր Հայաստանի ազգագրական թանգարանի գլխավոր ցուցասրահը։


Մարտիրոս Սարյանի արձանը


1986թ. մայիսի 25-ին Երեւանում բացվում է Մարտիրոս Սարյանի արձանը, որի քանդակագործը Լեւոն Թոքմաջյանն է, իսկ ճարտարապետը՝ Արթուր Թարխանյանը։

 

 

2013 թվականին Լեւոն Թոքմաջյանը Մեդիամաքսին պատմել էր արձանի ստեղծման պատմությունը.

«1983 թվականին Սարյանի արձանի համար մրցույթ հայտարարվեց: 12 ներկայացված գործերից ընտրվեցին Ղուկաս Չուբարյանի, Արա Շիրազի եւ իմ աշխատանքները: Իմ տարբերակը ավելի դինամիկ եւ կերպարային էր եւ հաղթող ճանաչվեց:

Ուրալից սպիտակ մարմար բերեցի: Կարեն Դեմիրճյանը դեմ էր այդ քարին, ասում էր, որ մեր քաղաքը փոշոտ է եւ առաջարկում էր արձանը կերտել կարմիր գրանիտից:

 

 

Հետագայում, երբ արձանն արդեն պատրաստ էր, նա ասաց, որ չէր կարծում, թե սպիտակ մարմարը այդքան լույս կտա քաղաքին:

 

 

Ժամանակին Սարյանը այս պուրակով քայլելիս է եղել: Նա փոքրամարմին էր, սակայն ես ներկայացրել եմ իրեն որպես հզոր սերմնացան, որը գույներ է շաղ տալիս: Կոմպոզիցիան սկսվում է վարպետի մերկ ոտքերից:

 

 

Երբ Սարյանը նկարում էր բնության գրկում, կոշիկները հանում էր: Ուզում էր հողի ուժը զգալ: Վարպետի հագին հայտնի խալաթն է, որը մինչ օրս գտնվում է իր արվեստանոցում»:


Օդային կամուրջ Երեւանի եւ Բեռլինի միջեւ


1986թ. օդային հաղորդակցություն է հաստատվում Խորհրդային Հայաստանի եւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միջեւ։

Մայիսի 21-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից «Տու-154» ինքնաթիռն առաջին թռիչքն է իրականացնում Բեռլին։ Օդանավի հրամանատարը Վլադիմիր Պարսամյանն էր։

 

 

Քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Յուրի Մնացականովը հայտնել էր, որ Երեւանի եւ Բեռլինի միջեւ կանոնավոր թռիչքներ են կազմակերպվում։ «Մինչեւ Բեռլին ինքնաթիռը կանցնի չորս ժամից մի փոքր ավելի ժամանակամիջոցում եւ կգործի շաբաթը մեկ. յուրաքանչյուր չորեքշաբթի օդանավը կմեկնի Երեւանից եւ այստեղ կվերադառնա հաջորդ օրը»,- ասել էր նա։ Նույն տարում Երեւանից ուղիղ թռիչքներ են սկսվում նաեւ Պրահա, որը տեղի է ունենում հունիսի 5-ին։


Էստրադային կոմպոզիտորների պակասը


1986թ. մարտին տեղի է ունենում Հայաստանի կոմպոզիտորների միության հերթական պլենումը, որտեղ, ի թիվս բազմաթիվ խնդիրների, անդրադառնում են ժամանակակից էստրադային երաժշտությանը։

Խորհրդային միության կոմունիստական կուսակցության համագումարներում սահմանվում էին այն ուղեգծերը, որոնցով պետք է շարժվեր ոչ միայն գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, այլեւ մշակույթը՝ կինոն, երաժշտությունը, նկարչությունը եւ այլն։ 1986թ. տեղի ունեցած ԽՄԿԿ 27-րդ համագումարը կոչ էր արել մշակութային գործիչներին «վճռականորեն նորացնել ստեղծագործական միությունների, մշակույթի հիմնարկների գործունեության մեթոդները»։

Հայաստանի կոմպոզիտորների միության պլենումում քննարկվող հիմնական հարցը էստրադային երգ-երաժշտություն ստեղծող կոմպոզիտորների սակավությունն էր։

«Երգ գրող կոմպոզիտորները քիչ են, իսկ էստրադային՝ առավել եւս, ընդամենը 5-6 հոգի։ Չեն գրում տարբեր պատճառներով։ Կամ ժանրը ոմանց սրտով չի, կամ պարզապես չեն կարողանում։ Էստրադային նվագախմբի համար գործիքավորելն այնքան էլ հեշտ չէ»,- ասում էր կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը։ Որպես լուծում՝ նա առաջարկում էր կոնսերվատորիայում էստրադային երգեցողություն դասավանդել։


«Մատենադարան» ֆիլմաշարը


1986թ. հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիան ավարտել էր «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարի առաջին վեց սերիան։

Սցենարի հեղինակներն էին Կիմ Բակշին եւ Հովհաննես Հախվերդյանը, կոմպոզիտորը՝ Տիգրան Մանսուրյանը։ «Սովետական արվեստ» ամսագրին տված հարցազրույցում Հովհաննես Հախվերդյանը պատմում էր, թե ֆիլմում հնչող հեղինակային տեքստն ինչ նպատակով է օգտագործվում.

 

 

«Էկրանից հնչող խոսքը կրում է ոչ միայն սոսկ ինֆորմատիվ, այլեւ խոհական եւ հուզական բնույթ։ Հիմնական գործող անձն ու խոսքավարը Սոս Սարգսյանն է, առանձին դրվագներում գործում ու խոսում են նաեւ այլ դերասաններ, այդ թվում՝ Ինոկենտի Սմոկտունովսկին (կարդում է Նարեկացու «Մատյանի» ռուսերեն թարգմանության հատվածները)»։

 

 

Հովհաննես Հախվերդյանը պատմել էր, որ Սմոկտունովսկին հարցրել էր, թե ինչ հագուստով պետք է հանդես գա։ Հախվերդյանն առաջարկել էր ֆրակով ասմունքել, որին Սմոկտունովսկին պատասխանել էր. «Ֆրակով, գիտեք, ես ռեստորանի մատուցողի եմ նմանվում»։

«Երբ ժամանեց Երեւան, կրկին խոսք բացեց հանդերձանքի մասին։ Ի վերջո կանգ առավ բալախոն հիշեցնող մի խալաթի վրա, որպեսզի ո՛չ պատմական պերսոնաժի տեսք ունենա, ո՛չ արդիական։ ...Սմոկտունովսկին այն աստիճան հիացած էր «Մատյանով», այնքան խորն էր ընկալում Նարեկացու բողոքն աշխարհից ու ինքն իրենից, որ կարեւորություն չէր տալիս իր ով եւ ինչպիսին լինելուն։ Բոլորը, ովքեր տեսել են մեր նկարահանած այդ կադրերը, պարզապես ապշում են դերասանի զուտ «նարեկյան» տիպարից ու ոգեղեն խոսքարվեստից»,- պատմում էր Հախվերդյանը։

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: