1976 թվականին Երկրի բնակչությունը հասնում է չորս միլիարդ մարդու, ավստրիական Ինսբրուկում անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը, Սթիվ Ջոբսը եւ Սթիվ Վոզնյակը ստեղծում են Apple ընկերությունը, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւին շնորհվում է ԽՍՀՄ մարշալի կոչում, Սիրիան զորք է մտցնում Լիբանան:
Շավարշ Կարապետյանի սխրանքը
1976 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:10-ին, Երեւանյան ջրամբարի պատնեշի ճանապարհային մասում տեղի է ունենում տրոլեյբուսի վթար, որի հետեւանքով այն շրջվում է եւ ընկնում Երեւանյան լիճը:
Հատվածներ Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի որոշումից 1976-ի սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի վերաբերյալ.
«1976թ. սեպտեմբերի 16-ին վարորդ Ս. Մանուչարյանը իրականացնում էր #15 երթուղին: Ժամը 18:10 տրոլեյբուսը շարժվում էր 50/60 կմ/ժ արագությամբ` գտնվելով Երեւանյան ջրամբարի պատնեշի ճանապարհային մասի երկրորդ շարքում: Այնուհետեւ այն կտրուկ թեքվել է աջ եւ, մոտավորապես 45 աստիճան անկյան տակ, ցատկել է մայթի վրայից եւ սուզվել ջուրը: Հետախուզման տվյալների եւ ականատեսների ցուցմունքների համաձայն, չեն նկատվել տրոլեյբուսի շարժմանը խանգարող գործոններ: Բացի այդ, տրոլեյբուսը պետք է շարժվեր առաջին շարքում, քանի որ այդ շարքն ազատ էր: Տեխնիկական զննման հանձնաժողովի կազմված ակտի համաձայն, վթարի պահին տրոլեյբուսը գտնվում էր սարքին վիճակում:
Նախնական հետաքննության արդյունքների համաձայն, վթարը տեղի է ունեցել տրոլեյբուսի վարորդ՝ Մանուչարյանի կողմից կատարած երթեւեկության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով: Հետաքննությունը եզրակացրել է, որ Մանուչարյանի մահը տեղի է ունեցել ջրահեղձման հետեւանքով: Դիակի ուսումնասիրման ժամանակ արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել: Աշխատանքի վայրում Սերգեյ Մանուչարյանին տրվել է բացասական բնութագիր: Նախկինում նրան մի քանի անգամ զրկել են վարորդական իրավունքներից՝ երթեւեկության կանոնների կոպիտ խախտումների համար: Բացի այդ, Մանուչարյանը երկու անգամ հեռացվել է աշխատանքից՝ անհիմն պատճառներով աշխատանքի չներկայանալու համար: Չնայած այդ ամենին, տրոլեյբուսի պարկի տնօրինությունը 1971թ. նոյեմբերին նրան տրամադրել է տրոլեյբուս վարելու երկրորդ կարգի, իսկ 1973թ. հուլիսին՝ առաջին կարգի իրավունք: 1976թ. հունիսին Մանուչարյանին թույլատրեցին աշխատել ծանրաբեռնված երթուղիների վրա»:
Պաշտոնականից բացի, շրջանառվում էր մեկ այլ վարկած: Երեւանցիները խոսում էին, որ տրոլեյբուսի ուղեւորների մեջ մի նախկին կալանավոր կար, որը վարորդից պահանջել էր կանգառից դուրս կանգնեցնել տրոլեյբուսը, ու երբ վերջինս չէր ենթարկվել, երկաթե ձողով հարվածել էր վարորդին, որն էլ կորցրել էր գիտակցությունը:
Զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ, եթե երջանիկ պատահականությամբ լճի մոտակայքում մարզվելիս չլիներ սուզալողորդ, Աշխարհի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը:
«Այդ oրը եղբորս՝ Կամոյի հետ էի: Մարզվում էինք լճի մերձակայքում մեր թիմի անդամների ու մարզչի հետ: Երբ մեր աչքի առջեւ տրոլեյբուսը դուրս թռավ պատնեշից եւ ընկավ ջուրը, պայթյունին հավասարազոր ձայն եկավ: Տրոլեյբուսում 92 հոգի կար: Իհարկե, տրոլեյբուսը նախատեսված չէր այդքան մարդկանց համար, սակայն պիկ ժամերին ընդունված էր բաց թողնել հետեւի դռները, եւ որոշ քանակությամբ երիտասարդների հաջողվում էր երթեւեկել դրսից «կախված» վիճակում: 92 հոգուց 46-ը փրկվեցին, մյուս 46-ը, ցավոք, մահացան: Ես կարողացա ջրից հանել 20 հոգու, ոմանց հաջողվեց ինքնուրույն ափ հասնել, ոմանք էլ դուրս բերվեցին փրկարարների օգնությամբ»,- ժամանակին Մեդիամաքսին պատմել է Շավարշ Կարապետյանը:
Հանրությունը Կարապետյանի սխրանքի մասին տեղեկացավ վեց տարի անց միայն: 1982 թվականին «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի թղթակից Սերգեյ Լեսկովը ջրասուզալողին նվիրված նյութ էր պատրաստում եւ մարզիկների հետ հարցազրույցում հետաքրքրվել էր. արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ նրանց հմտությունները կիրառվել են իրական կյանքում:
Ինչ-որ մեկը հիշել էր, որ մի քանի տարի առաջ հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը մարդկանց էր հանել ջրի հատակից: Այս պատմությունն այնքան էր հետաքրքրել Լեսկովին, որ նա ժամանել էր Երեւան եւ հանդիպել Շավարշի հետ: Լեսկովի՝ «Подводный бой чемпиона» հոդվածի լույս տեսնելուց հետո Շավարշ Կարապետյանին ճանաչեցին ամբողջ Խորհրդային միությունում:
Նիկոլաե Չաուշեսկուի այցը
1976 թվականի օգոստոսին Խորհրդային միությունում ամառային արձակուրդն էր անցկացնում Ռումինիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն։
Այցի շրջանակում օգոստոսի 11-ին Չաուշեսկուն կնոջ՝ Ելենայի եւ Ռումինիայի կոմկուսի կենտկոմի քարտուղար Շտեֆան Անդրեյի հետ ժամանում է Երեւան։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ռումինացի հյուրին ներկայացնում է Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները։ Նույն օրը Չաուշեսկուները մեկնում են Թբիլիսի, որտեղ հանդիպում են նաեւ Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շեւարդնաձեի հետ։
Քոչարը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
1976 թվականի հունվարի 13-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհում Երվանդ Քոչարին։
«Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած պղնձակերտ հուշարձանում նա մարմնավորեց ազատության համար բազմիցս գոտեմարտած իր ժողովրդի դարավոր իղձերը։ «Սասունցի Դավիթն» ասես հայկական էպոսի մի փառահեղ ընթերցումն էր, որով վայրկենապես նվաճեց ժողովրդական լայն զանգվածների լսարանը»,- գրում էր ճարտարապետ Մարտին Միքայելյանը։
«Թատերական Մոսկվա»-ն Երեւանում
1976թ. տարեսկզբին Երեւանում անցկացվում է «Թատերական Մոսկվա» փառատոնը։
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում հանդես են գալիս Մոսկվայի սատիրայի թատրոնի դերասաններ Անդրեյ Միրոնովը եւ Ալեքսանդր Շիրվինդտը։ Նրանք «ծաղրում էին մեր կյանքի մերժելի երեւույթները, դրվատում գեղեցիկը, մարդուն եւ նրա առաջընթացին նպաստող լավն ու օրինակելին»,- գրում էր «Սովետական Հայաստանը»:
Երեւանում հանդես են գալիս նաեւ Գոգոլի եւ Պուշկինի անվան թատրոնները՝ ներկայացնելով ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական ներկայացումներ։
Մյասնիկյանի 90-ամյակը
1976թ. փետրվարի 9-ին՝ Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 90-ամյակի օրը, Երեւանում տեղի է ունենում նրա արձանի հիմնադրման հանդիսավոր արարողությունը։
Քանդակագործ Արա Շիրազի եւ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հեղինակած արձանն ավարտին է հասցվում 1980 թվականին:
Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 90-ամյակի առթիվ «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Երկունք» գեղարվեստական կինոնկարը Խորհրդային Հայաստանի առաջին տարիների մասին։
Ֆիլմում առաջին անգամ մարմնավորվում էին Մյասնիկյանի, Մռավյանի, Կասյանի, Չարենցի, Շուշանիկ Կուրղինյանի կերպարները։
«Մի պահ նույնիսկ անսովոր է թվում. ասես կենդանի տեսնում ես մարդկանց, որոնց մասին մանկուց լսել ու կարդացել ես։ Ահա Օրջոնիկիձեն, որը ձեռքերի ընդգծված շարժումներով ինչ-որ բան է բացատրում, Մյասնիկյանը մտասեւեռ լսում է, Գեկերը մերթընդմերթ ձգվում է նստած տեղում»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։
«Երկունք»-ի ռեժիսորը Ֆրունզե Դովլաթյանն էր, օպերատորը՝ Ալբերտ Յավուրյանը, կոմպոզիտորը՝ Մարտին Վարդազարյանը։ Մյասնիկյանի դերը կատարում էր Խորեն Աբրահամյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների համագումարը
1976թ. տեղի է ունենում Հայաստանի կինեմատոգրաֆիստների 3-րդ համագումարը։ Պաշտոնական արարողություններից, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների ընտրություններից բացի, կինոյի հայ վարպետները քննարկում են այն հիմնական խնդիրները, որոնք ուներ հայկական կինոն։
Նախեւառաջ՝ կար կինոստուդիաների պակաս։ Ճիշտ է, «Հայֆիլմ»-ի համար նոր շենք էր կառուցվում, սակայն մասնագետների կարծիքով դա բավարար չէր, որ հայկական կինոն մեծ ձեռքբերումներ ունենար։
Պերճ Զեյթունցյանը գտնում էր, որ անհրաժեշտ էր անընդհատ ավելացնել ֆիլմերի քանակը։ «Երկարատեւ պարապուրդները, նոր ֆիլմ նկարահանելու համար գոյություն ունեցող «հերթագրումը» բթացնում են կինոաշխարհի ստեղծագործական եռանդն ու կարողությունը, արհեստականորեն մեռցնում են այն ամենը, ինչ նրանք անցյալում ձեռք են բերել նկարահանման հրապարակներում, դանդաղեցնում խոստումնալից երիտասարդների մուտքը կինեմատոգրաֆ»,- ասում էր նա։
Ուշագրավ դիտարկում է անում ռեժիսոր Հենրիկ Մալյանը՝ նշելով, որ հայկական կինոն ունի ոգեւորված մարդկանց պակաս։ «Եթե մեր կինոյում այսօր լինեին այդպիսի մարդիկ, հավանաբար կստեղծեին ոչ թե լոկ ֆիլմ-միավորներ, ֆիլմեր-առհասարակ, ֆիլմեր ամսվա կամ ինչ-որ եռամսյակային պլանի կատարման համար, այլ իսկապես գեղարվեստական ֆիլմեր, իսկապես շնչավորված, իսկապես լուսավորված ստեղծագործողի անհատականությամբ, ֆիլմեր, որոնք իսկապես կհուզեին, մտածելու եւ զգալու առիթ կտային հանդիսատեսին»,- ասում էր նա։
Խանգարող հանգամանքների շարքում հայ կինեմատոգրաֆիստները համարում էին նաեւ տնօրենների հաճախակի փոփոխությունը. 14 տարում «Հայֆիլմն» ունեցել էր չորս տնօրեն։
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան
1976թ. սկսում է գործել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, որն ուներ ժամանակակից հզոր տեխնիկա։ Փետրվարին Զոդի հանքից ֆաբրիկա են հասնում հանքաքար բերող առաջին գնացքները։
«Այստեղ տեղադրված են ՄՄՍ-70/23 տիպի աղացներ, որոնց հզորությունը պատկերացնելու համար բավական է ասել, որ դրանց տրամագիծը 7 մետր է։
Այսպիսի հզորությամբ աղացներ մեր հանրապետության գունավոր մետալուրգիայի եւ ոչ մի ձեռնարկությունում չկա»,- հաղորդում էր «Արմենպրեսը»։
Զոդի հանքավայրը Արարատի հետ կապելու համար կառուցվել էր Սեւան-Շորժա-Զոդ 122 կմ երկարություն ունեցող երկաթուղին։
Պեպոյի արձանն ու Սունդուկյանի անվան թատրոնի հյուրախաղերը Բուլղարիայում
1976թ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը հյուրախաղերով մեկնում է Բուլղարիա: Հայկական սփյուռքի ներկայացուցիչներից բացի, ներկայացումներին այցելում էին բազմաթիվ բուլղար հանդիսատեսներ: Պլովդիվում սունդուկյանցիները ներկայացնում են «Պաղտասար աղբար» եւ «Հարսնացուն հյուսիսից», իսկ Բլագոեւգրադում «Ավերված քաղաքի առասպելը» ներկայացումները, այնուհետեւ հյուրախաղերը շարունակվում են Սոֆիայում:
«Հայկական թատրոնի առանձնահատկությունը նրա ազգային դեմքի եւ ազգային ինքնարտահայտման որոշակիությունն է, մի հանգամանք, որ շահագրգիռ վերաբերմունք էր խմորում իր ազգային արժանապատվությունն ու մղումները գիտակցող բուլղարական լայն զանգվածներում: Ավելորդ չէ նշել, որ հայ ժողովրդի ազգային իդեալները եւ պայքարը միշտ էլ հասկանալի ու համակրելի են եղել իր ճակատագրով նրան մոտ կանգնած բուլղար ժողովրդի հետ»,- գրում էր բուլղարացի ռեժիսոր Պաունով-Վասիլեւը:
1976 թվականին Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքի այգում կանգնեցվում է Պեպոյի արձանը: Քանդակագործը Գրիգոր Ահարոնյանն էր, ճարտարապետը՝ Մարկ Գրիգորյանը:
Հյուսիսային Տեխասի համալսարանի ջազ-նվագախմբի համերգը
1976 թվականին Հայաստանում համերգ է տալիս ԱՄՆ-ից ժամանած Հյուսիսային Տեխասի համալսարանի ջազ-նվագախումբը:
Ի թիվս այլ գործերի՝ նրանք կատարում են աշխարհահռչակ ջազմեններ Դյուկ Էլինգթոնի, Ջոն Գրինի, Բերտա Կալմարի, Չիկ Կորեայի ստեղծագործությունները, որոնք մեծ ոգեւորությամբ են ընդունվում հայ հանդիսատեսի կողմից:
Համերգը տեղի էր ունենում հեծանվահրապարակում, որը, չնայած անձրեւին, լեփ-լեցուն էր:
Ինդիրա Գանդիի այցը
1976թ. հունիսի 11-ին Երեւան է ժամանում Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին։
Նախքան Հայաստան ժամանելը Ինդիրա Գանդին Մոսկվայում էր, որտեղ ԽՍՀՄ-ն ու Հնդկաստանը ստորագրել էին բարեկամության եւ գործակցության զարգացման հռչակագիրը։
Օդանավակայանում նրան դիմավորում է հայկական պատվիրակությունը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Երեւանում Հնդկաստանի վարչապետն այցելում է Մատենադարան, որտեղ Հայաստանի եւ Հնդկաստանի պատմամշակութային կապերի մասին հատուկ ցուցադրություն էր կազմակերպվել։
Մատենադարանում Ինդիրա Գանդիին նվիրում են 1794-ին Մադրասում լույս տեսած հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարարի» կրկնօրինակը եւ հին հայկական մանրանկարչության մասին պատմող գիրքը։
Մատենադարանի պատվավոր հյուրերի գրքում Հնդկաստանի վարչապետը գրում է.
«Պատմությունը միշտ հրապուրիչ է: Մեզ հատկապես հետաքրքիր էր հիշել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա հին կապերի մասին։ Մատենադարանն ունի հին վավերագրերի հիանալի հավաքածու, որոնք պարզ եւ հասկանալի ձեւով ցուցադրվում եւ գերազանց մեկնաբանվում են»։
Հունիսի 12-ին Ինդիրա Գանդին շրջայց է կատարում Երեւանի տեսարժան վայրերում, այցելում Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ։ Ինստիտուտի տնօրեն, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ֆադեյ Սարգսյանը Հնդկաստանի վարչապետին ծանոթացնում է Հայաստանում արտադրվող մաթեմատիկական մեքենաներին։
«Ես հիացած եմ հայ ինժեներների, կոնստրուկտորների եւ գիտնականների աշխատանքներով։ Դա հանրապետության ինդուստրիայի եւ գիտության ինտենսիվ առաջընթացի փայլուն վկայությունն է։ Հաշվողական տեխնիկայի բնագավառում հնդիկ եւ սովետական մասնագետների համագործակցությունը պետք է այսուհետեւ եւս զարգանա»,- ասել էր Ինդիրա Գանդին։
«Գտնված երազ»-ը
1976 թվականին նկարահանվում է «Գտնված երազ»-ը, որը հայկական ամենասիրելի մուլտֆիլմերից մեկն է:
2016 թվականին ֆիլմի 40-ամյակի առիթով «Գտնված երազ»-ի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը Մեդիամաքսին պատմել էր.
«Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար: Ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին: Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու համար «կանաչ լույս» ստացանք, դա իսկապես անակնկալ էր եւ հակասական՝ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն առումով, որ այս մուլտֆիլմը ինչ-որ առեղծվածային, կախարդական տարր էր պարունակում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլոր ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»:
««Գտնված երազ»-ը փոքրիկ աղջկա մասին է, որը կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով է միայն մարդ ունակ հասնել իրական երջանկության»,- ասել էր մուլտֆիլմի համահեղինակը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի եւ Մատենադարանի արխիվներից: