1950 թվականին Հնդկաստանը հանրապետություն է հռչակվում, Խորհրդային միությունը հայտարարում է, որ ատոմային ռումբ ունի, ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը կարգադրում է սկսել ջրածնային ռումբի արտադրությունը:
Արգիշտին` Մենուայի որդին…
1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-Բերդում հայտնաբերում է Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնադրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.
«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի եւ ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։
Ներկայում քարի կրկնօրինակը տեղադրված է Երեւանի պատմության թանգարանի մուտքի մոտ:
Խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակը եւ Ստալինի արձանը
1950 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում նշում էին խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակը:
Տարբեր միջոցառումներ էին տեղի ունենում հանրապետության տարբեր շրջաններում ու քաղաքներում, սակայն տոնակատարությունների գագաթնակետը Ստալինի արձանի բացումն էր «Հաղթանակ» զբոսայգում նոյեմբերի 29-ին:
48 մետր բարձրություն ունեցող հսկայական հուշարձանի պատվանդանի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, իսկ Ստալինի արձանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը:
Հազարավոր մարդիկ ամբողջ օրվա ընթացքում բարձրանում էին Քանաքեռ տանող ճանապարհով այդ պատմական իրադարձությունը տեսնելու համար:
«Ու մարդկային շարքերի անվերջ հոսանքը ասֆալտած պողոտաներով բարձրանում է դեպի վեր, դեպի Քանաքեռ տանող բարձունքը, ուր բացվելու է Առաջնորդի մոնումենտ-քանդակը: Ամբիոնի առաջ կանգնած են այն մարդիկ, որոնք մեծ Ստալինի հայացքի տակ, նրա ցուցումներով կառուցեցին իրենց հարազատ երկիրը, բարձրացրին նրա գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, կուլտուրան եւ արվեստը նոր՝ մինչ այդ երբեք չեղած աստիճանի»,- գրում էր «Ավանգարդը»:
Մի լեգենդ էր շրջում` իբր Իոսիֆ Ստալինը գիշերով թաքուն ժամանել էր Երեւան, ծանոթացել արձանի հետ` հավանելով այն, ու անմիջապես վերադարձել Մոսկվա: Սակայն նման այցելության որեւէ փաստացի ապացույց գոյություն չունի:
1962 թվականին Ստալինի արձանը ապամոնտաժվեց: Հինգ տարի պատվանդանը դատարկ մնաց, իսկ 1967 թվականին տեղադրվեց Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանը:
Կենտկոմի շենքը
1950 թվականին ավարտվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շենքի շինարարությունը, որը նախագծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:
1991 թվականի մայիսին շենքը հանձնվեց Հայաստանի Գերագույն խորհրդին, այնուհետեւ՝ Ազգային ժողովին:
Շենքը Հայաստանի ամենագեղեցիկ կառույցներից է եւ Երեւանի խորհրդանիշներից մեկը:
Շիրազի «Անին»
1950 թվականին Հովհաննես Շիրազը սկսում է գրել «Անի» պատմափիլիսոփայական պոեմը», որն ավարտում է 1951-ին:
Դրանում հեղինակը ներկայացնում էր XI դարի առաջին կեսի իրադարձությունները, երբ Բագրատունյաց հայոց մայրաքաղաքը հայտնվել էր թշնամու պաշարման մեջ, եւ գործում էին ներքին պառակտիչ ուժերը:
«Անին» անտիպ է մնում մինչեւ 2012 թվականը, երբ այն հրատարակվում է Երեւանի պետական համալսարանի հրատարակչության կողմից` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խմբագրությամբ: Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին բանաստեղծի գրչակիցներն ու քննադատները մեղադրում էին Շիրազին՝ պնդելով, թե նա իրավունք չուներ գրելու «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»:
Մահանում է Արմեն Տիգրանյանը
1950 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիում մահանում է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը:
Կոմպոզիտորի առավել հայտնի ստեղծագործություններն են «Անուշ» եւ «Դավիթ Բեկ» օպերաները։
««Անուշը» մեր ժողովրդի կողմից ամենասիրված ստեղծագործություններից է եւ իրավամբ ձեռք է բերել ժողովրդական համբավ։ Արմեն Տիգրանյանի թողած ստեղծագործական ժառանգությունը մեր երաժշտական կուլտուրայի ասպարեզում կմնա որպես փայլուն մի էջ»,- գրել էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Աշոտ Սաթյանը։
Արմեն Տիգրանյանի հուղարկավորությունը տեղի է ունենում փետրվարի 16-ին Կոմիտասի անվան պանթեոնում։
Կոխի եւ ավիամոդելավորողների մրցույթները
1950 թվականին Երեւանում անցկացվում է ազգային ըմբշամարտի՝ կոխի մրցույթ, որին մասնակցում էր Երեւանի, Կիրովականի, Լենինականի, Ախուրյանի եւ այլ շրջանների շուրջ 100 մարզիկ:
Մինչեւ 1960-ական թվականները կոխը Հայաստանում բավականին տարածված մարզաձեւ էր. կային մարզադպրոցներ ու խմբակներ, հրատարակվում էին ուսումնական ձեռնարկներ:
1950թ. մրցույթում չեմպիոնի տիտղոսը նվաճում են Երեւանի մարզիկները: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Լենինականի եւ Ախուրյանի մարզիկները:
Հուլիսին Հայաստանում անցկացվում է ավիամոդելավորողների հանրապետական հերթական մրցույթը, որին մասնակցում էին Երեւանի, Լենինականի, Կիրովականի մոդելավորողները:
Մրցույթին ներկայացվել էր 125 մոդել։ Մի քանի ինքնաթիռ գերազանցում է նախկինում եղած բոլոր ռեկորդները. օրինակ՝ «Կապիտան Գաստելլո» ինքնաթիռն օդում մնում է 25 րոպե: Իսկ «Սովետական Միության հերոս Բուռնազյան» անունով մոդելն օդում մնում է երկու ժամից ավելի: Նրա թռիչքին հետեւում էր իսկական ինքնաթիռը, որը երկու ժամ 25 րոպե անց Սեւանա լճում տեսադաշտից կորցնում է մոդելը:
Կոմսոմոլի անվան կուլտուրայի եւ հանգստի այգին
1950 թվականին Երեւանում բացվում է Կոմսոմոլի անվան կուլտուրայի եւ հանգստի այգին, որը ներկայի Վարդավառի (Թոխմախ) լճի հարակից այգին է:
Բացման արարողության ժամանակ այգում կազմակերպվել էին սպորտային մրցույթներ, երաժշտական կատարումներ: Համերգ էր տալիս Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլը: Այգում կառուցվել էր մի քանի հարկանի մետաղյա աշտարակ, որից պարաշյուտային ուսումնական թռիչքներ էին իրականացնում:
«Կայարանի գեղատեսիլ հրապարակից Մայակովսկու անվան փողոցը ձգվում է դեպի Կոմսոմոլի պարկը: Մայակովսկու փողոցի վերջում բարձրանում է Կոմսոմոլի պարկի շքեղ մուտքը: Երկաթե ցանկապատերով երիզված այս կանաչագեղ այգին հիմնովին վերափոխված է, ստեղծված են նոր ծառուղիներ, ծաղկանոցներ: Կոմսոմոլի պարկը դարձել է մայրաքաղաքի երիտասարդության կուլտուրական հանգստի լավագույն վայրերից մեկը: Հիմնական վերակառուցման է ենթարկված ջրավազանը, նրա շուրջը բոլոր պատերը քարապատված են, հատակը ցեմենտապատված է: Լճակի ջուրը մաքուր է ու վճիտ»,- գրում էր «Ավանգարդ» թերթը:
Երեւանի ձիարշավարանը
1950 թվականի հոկտեմբերի 29-ին բացվում է Երեւանի ձիարշավարանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին: Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած հեծյալներ, որոնք հանդես էին գալիս ցուցադրական ելույթներով ու մասնակցում մրցույթների:
Ցուցադրական ելույթներին հեծյալները մասնակցում էին ազգային տարազներով եւ կատարում բարդ վարժություններ. ձիերով արշավելիս ընթացքից խոցում էին թիրախները, անցնում կրակե օղակների միջով, ապա ուժերը չափում 1200, 1500 եւ 1800 մետր վազքուղիներում:
«Վազքուղի են դուրս գալիս երկանիվներին լծված նժույգները: Այստեղ հաղթանակը նվաճում է Երեւանի ձիաբուծարանի հեծյալ Դ. Բալայանի երկանիվը: Սովետական Միության մարշալ Ս. Բուդյոննու անվան մրցանակի համար պայքարում էին 4 հեծյալ: Մրցակիցներից 2 հազար մետր դիստանցիան ամենակարճ ժամանակամիջոցում անցնում է Երեւանի ձիաբուծարանի հեծյալ Վ. Կուզնեցովը»:
Խաչատուր Աբովյանի արձանը եւ Նելսոն Ստեփանյանի կիսանդրին
1950 թվականի նոյեմբերին Երեւանի Մանկական զբոսայգում (Կիրովի անվան) տեղադրվում է օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին:
Քանդակագործը Արա Սարգսյանն էր, ճարտարապետը՝ Գրիգոր Աղաբաբյանը:
Նույն ամսին Աբովյանի պուրակում բացվում է Խաչատուր Աբովյանի արձանը, որի քանդակագործը Սուրեն Ստեփանյանն էր, ճարտարապետը՝ Գեւորգ Թամանյանը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Հայաստանի Ազգային արխիվի, Ֆոտոլուրի լուսանկարները: