Հայկական Կարմիր. 1966



1966 թվականին Ինդիրա Գանդին գլխավորում է Հնդկաստանի կառավարությունը, Ֆրանսիան դադարեցնում է աշխատանքը ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեում, The Beatles-ը վերջին համերգն է տալիս, Ֆրենք Սինատրան «Գրեմի» մրցանակ է ստանում Strangers in the Night երգի կատարման համար, մահանում է Աննա Ախմատովան:


Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Զատիկյանի եւ այլոց ձերբակալությունը


1966թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մի քանի տասնյակ մարդիկ գնում են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի եւ հիշատակի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերին։

Կարճ ժամանակ անց միլիցիայի եւ ՊԱԿ-ի ներկայացուցիչներն արգելում են միջոցառումը, հրամայում ցրվել, ապա ձերբակալում են միջոցառման տասնյակ մասնակիցների։

Դեպքերի ականատես հրապարակախոս Տիգրան Գամաղելյանն այսպես է նկարագրել տեղի ունեցածը.

«Եղանք Կոմիտասի շիրիմի մոտ, մեր խոնարհումը բերեցինք, «Հայր մերն» ասացինք: Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցները մոտեցան մեզ՝ ասելով, թե ցրվեք: Հետո մոտեցավ միլիցիայի գեներալ Մարտիրոսյան մեկը՝ պահանջելով, որ հեռանանք: Մենք էլ ասացինք, թե անօրինական ոչինչ չենք անում, մեր խոնարհումն ենք բերում: Այնուհետեւ փողոցով գնում էինք, հասանք մամուլի շենքի մոտ: Կանգնեց մի մեքենա: Սարգսյան անունով մի երիտասարդ մոտեցավ մեզ: Նա ասաց, թե նստեք մեքենան, մի քիչ զրուցենք, հետո կգնաք: Հարցրեցինք, թե ի՞նչ թեմայով պետք է զրուցենք: Ինքն էլ մեզ հարցրեց, թե եղե՞լ եք Կոմիտասի զբոսայգում: Ասացինք՝ այո: Հետո էլի ասաց՝ գնանք մի քիչ զրուցենք, հետո բաց կթողնեք ձեզ: Երիտասարդ տղաներ էինք, նստեցինք՝ չմտածելով, թե ուր են մեզ տանում»։

 

 

Ձերբակալվածների եւ հինգ օրով կալանավորվածների թվում էին Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռուբեն Սաքապետոյանը եւ ուրիշներ։ Կալանավորումից հետո Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը եւ Շահեն Հարությունյանը հիմնում են Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ), իսկ մեկ տարի անց՝ 1967-ին սկսում ընդհատակում հրատարակել «Փարոս» թերթը։


Քոչինյանը փոխարինում է Զարոբյանին


1966թ. փետրվարի 5-ին Երեւանում տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը պաշտոնից ազատում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանին:

Նրան փոխարինում է Անտոն Քոչինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը: Քոչինյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարում է մինչեւ 1974 թվականը, երբ նրան փոխարինում է Կարեն Դեմիրճյանը:

 

 

ՀԽՍՀ գերագույն խորհուրդը Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավար է նշանակում Բադալ Մուրադյանին:


Բազմահարկերի կառուցումը


1966 թվականից փոխվում է Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառուցման հիմնական սկզբունքը. ամենուր սկսում են բազմահարկեր կառուցել:

Հիմնական պատճառը քաղաքի բնակիչների թվի ավելացումն էր. 1966-ին Երեւանում արդեն ապրում էր շուրջ 700 000 մարդ: Որքան էլ բազմահարկերի կառուցումը «գայթակղիչ» էր, այնուամենայնիվ կային մի շարք խնդիրներ: Առաջին տեղում շինանյութի ու շինարարության որակն էր, որն առանձնապես բարձր չէր:

 

 

Հայաստանում այդ տարիներին օգտագործվող շինանյութը նաեւ շատ ծանր էր, չկային նոր տեխնոլոգիաներով ստացվող ավելի թեթեւ, ջերմամեկուսիչ կոնստրուկցիաներ: Շինարարների ու ճարտարապետների առաջարկած տարբերակներից մեկը բազմահարկ շենքերի առաջին երկու հարկը մոնոլիտ բետոնով կառուցելն էր, որին հաջորդելու էին հինգհարկանի շենքերի համար նախատեսված կասետային պանելով կառուցվող հարկերը: Մյուս տարբերակը թեթեւ բետոն ստանալն էր, որի համար սկսում էին օգտագործել պերլիտաբետոնը: Փորձեր էին արվում նաեւ ստանալու ավելի բարակ բետոնային պանելներ եւ մինչեւ 5-10 մմ հաստություն ունեցող քարե սալիկներ: Միաժամանակ անհրաժեշտություն էր առաջանում բարձրահարկ շենքերի կառուցումից առաջ առավել մանրակրկիտ ուսումնասիրել երկրաբանական կառուցվածքները: Ինժեներներն ու ճարտարապետներն առաջարկում էին ավելի շատ երկաթբետոնե կառուցվածքներ օգտագործել, ամբողջությամբ հրաժարվել քարից եւ բազմահարկ շինությունների կառուցումը վստահել միայն մեկ՝ մասնագիտացած շինարարական տրեստի:


Հայկական կինոյի 40-ամյակը


1966 թվականին նշում էին հայկական կինոյի 40-ամյակը: Հունվարի 26-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանդիսավոր միջոցառում է անցկացվում, որին ներկա էին Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, պետական ու մշակութային այլ գործիչներ:

«Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Վահագն Մկրտչյանն իր ելույթում նշում էր, որ հայկական կինոն չորս տասնամյակում զգալի զարգացում է ապրել: «Հայկական երիտասարդ կինեմատոգրաֆիան իր կայուն տեղը գրավեց ամենամասսայական եւ ժողովրդի կողմից սիրված սովետական կինոարվեստում: Հայկական կինեմատոգրաֆիան զարգացավ ազգային գրականության, կերպարվեստի, թատրոնի բարեբեր հողի վրա»,- ասել էր նա:


Սունդուկյանի թատրոնի նոր շենքը


1966թ. ավարտվում է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքի կառուցումը:

 

 

1963-ին թատրոնի շենքը հրդեհվել էր: Վերականգնման նախագիծը պետք է իրականացներ ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանը, սակայն նա փաստացի նոր շենք կառուցեց: Ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի վկայությամբ՝ նա ընդլայնեց հանդիսատեսի մասը՝ զգալիորեն առաջ տանելով այն այգու ուղղությամբ: Ի հայտ եկան նոր ֆասադներ ու պատեր, փոխվեց դահլիճի ձեւը:

 

 

Նախագծում հետաքրքիր եւ նոր լուծումներից էր ձմեռային այգին, որի կենտրոնում չփակված շրջանակ էր դեպի թատրոն տանող լրացուցիչ ամառային մուտքով:

Հիմնական՝ այգու կողմից գտնվող ճակատային մասը աչքի է ընկնում քարի եւ ապակու համադրությամբ: Ալյումինե միահյուսումներով կատարած ապակե վիտրաժը միավորում է երկու հարկը: Այս լուծման շնորհիվ դրսից երեւում է ամբողջ պատով կատարած Մարտիրոս Սարյանի պաննոն:

 

 

Կառուցվում է նաեւ թատրոնի շենքի գլխավոր մուտքի հարթաքանդակը, որի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է: Պորտալը ստեղծելիս նա օգտագործել էր սրբատաշ ու ծեծած քարերի համադրությունը:

Թատրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում 1966թ. մարտի 5-ին: Շնորհավորական ելույթներից հետո սունդուկյանցիները ներկայացնում են թատրոնի առաջին ներկայացումը՝ «Պեպոն»:


Պատվոգիր «Լատվիա» ջերմանավի անձնակազմին


1966թ. մարտի 24-ին Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը պատվոգրով պարգեւատրում է «Լատվիա» ջերմանավի անձնակազմին 1965թ. ընթացքում Հայաստան վերադարձած հայրենադարձների փոխադրումը հաջողությամբ կազմակերպելու համար:

 

 

1960-ական թթ. հայրենադարձության ծրագրերը շարունակվում էին, թեեւ ավելի փոքր ծավալով, քան 1946-48-ին: 1965-ին Խորհրդային Հայաստան է տեղափոխվում 2700, իսկ 1966-ին՝ 1423 մարդ Սիրիայի Արաբական Հանրապետությունից:


Մահանում է Վահրամ Ալազանը


1966թ. մայիսի 17-ին մահանում է գրող Վահրամ Ալազանը (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան)։

Ալազանը ծնվել է 1901թ. մայիսի 6-ին Վանում։ Եղեռնից հետո Գաբուզյանների ընտանիքը հաստատվել էր Երեւանում։

 

 

«Վահրամ Ալազանը ամբողջ կյանքը անմնացորդ նվիրում է հայ գրականությանը, հայ ժողովրդին, կոմունիստական պարտիայի մեծ գործին»,- գրված էր պաշտոնական ցավակցական հեռագրում։ Եվ ոչ մի բառ չկար այն մասին, որ 1936թ. Ալազանին «տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական» մեղադրանքներով տասը տարվա աքսորի էին դատապարտել։ 1946-ին նա վերադարձել էր, սակայն նույն մեղադրանքներով 1949-ին Ալազանին կրկին ձերբակալում են եւ աքսորում Սիբիր, որտեղ մնում է մինչեւ 1954թ.։ Աքսորից վերադառնալուց երկու տարի անց նա կաթված է ստանում եւ տասը տարի՝ մինչեւ մահը, անցկացնում անկողնուն գամված։ Այդ ընթացքում էլ նա աքսորավայրերում անցկացրած երկար տարիների մասին գրում է «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը, որն առանձին գրքով տպագրվում է միայն 1990 թվականին։

Ալազանի հուղարկավորությունը տեղի է ունենում մայիսի 19-ին։ Վերջին հրաժեշտը գրողին տալիս են Գրողների տան դահլիճում։ Նրա աճյունի մոտ պատվո պահակ են կանգնում Անտոն Քոչինյանը, Ստեփան Զորյանը, Գրողների միության քարտուղար Էդուարդ Թոփչյանը։


Բուլղարական մշակույթի տասնօրյակը


1966թ. մայիսի վերջին Երեւանում անցկացվում է բուլղարական մշակույթի տասնօրյակ։

«10 օր շարունակ Հայաստանը կշնչի եղբայրական Բուլղարիայով, նրա բարձր, ինքնատիպ արվեստով, հայրենաբույր խոսքով։ Անցյալ տարի Բուլղարիան շնչում էր Հայաստանով, նրա հյուրընկալ հողում մեծ հաջողությամբ տեղի ունեցավ հայկական կուլտուրայի տասնօրյակը, որը վերածվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վառ ստուգատեսի»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։


Միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում, որտեղ ընթերցում են Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Տոդոր Ժիվկովի նամակը, որում մասնավորապես ասվում էր.

«Բուլղար եւ հայ ժողովուրդների բարեկամության արմատները դարերի խորքից են գալիս։ Պատմականորեն միեւնույն ճակատագիրն են ունեցել միմյանցից այնքան հեռու գտնվող եւ միաժամանակ անսահմանորեն այնքան մոտ մեր ժողովուրդները»։


Լաոսի թագավորի այցը


1966թ. մայիսի 29-ին Երեւան են ժամանում Լաոսի թագավոր Շրի Սավանգ Վաթխանան, թագուհին եւ արքայազն Սի Սավանգը, որոնք ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրավերով հանգստանում էին Խորհրդային միությունում։

 

 

Նրանք հանդիպումներ են ունենում ՀԽՍՀ գերագույն խորհրդում եւ Նախարարների խորհրդում, այցելում են ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Մայիսի 31-ին Լաոսի թագավորն ու նրա ընտանիքի անդամները Հայաստանից մեկնում են Բաքու։


Խազերն ու կիբեռնետիկան


1966թ. Գիտությունների ակադեմիայի նախագահությանը բաց նամակ են հղում մի խումբ հայ արվեստագետներ։

Նրանք գրում էին, որ հնագույն ձեռագրերում պահպանված հայկական խազերը դեռեւս ուսումնասիրված չեն։ Թեեւ Կոմիտասը որոշ հետազոտություններ արել էր, սակայն գործն առաջ չէր գնում, եւ հայկական խազերի գաղտնիքը մնում էր ամբողջությամբ չբացահայտված։ Արվեստագետները խնդրում էին Գիտությունների ակադեմիային օգտագործել կիբեռնետիկայի հնարավորությունները։ «Խնդրին մեծ նպաստ կարող էր բերել կիբերնետիկան, որի օգնությամբ մեր օրերում հարություն են առնում նույնիսկ մեռած լեզուները։ Թվում է՝ մեզ մոտ կան բոլոր նախապայմանները հայկական խազերի վերծանումը վստահելու էլեկտրոնային հաշվիչ մեքենաներին. ունենք ժամանակակից մաթեմատիկայի տված բոլոր կարելիությունները, ունենք երաժշտագիտական հանգամանալի ուսումնասիրություններ, որոնց հիման վրա հնարավոր է համապատասխան ծրագիր կազմել»,- գրված էր նամակում։

Նամակը ստորագրել էին Նար Հովհաննիսյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը, Լեւոն Հախվերդյանը եւ ուրիշներ։


Մարսել Մարսոյի հյուրախաղերը


1966թ. օգոստոսին մնջախաղային մանրապատումներով Երեւանում հանդես է գալիս աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Մարսել Մարսոն։

 

 

«Մարսոյի մնջախաղային մանրապատումը համր արվեստի տպավորություն չի թողնում։ Նա ամեն ինչ ապավինում է շարժման պլաստիկային, դեմքը ճերմակ ներկելով՝ դիտմամբ սահմանափակում է իր դիմախաղային հնարավորությունները»,- գրում էր «Սովետական արվեստը»։


«Երազողները»


1966 թվականին Երեւանի Կոմպոզիտորների տան դահլիճում տեղի է ունենում «Երազողներ» խմբի առաջին համերգը:

 

 

Պոլիտեխնիկի ուսանողները՝ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (նրան հետագայում փոխարինեց Արմեն Զաքարյանը), ոգեշնչված լիվերպուլյան աշխարհահռչակ քառյակից, 1965-ին ստեղծել էին իրենց խումբը: Շատերը «Բիթլզ»-ի երգերն առաջին անգամ լսում էին նրանց կատարմամբ:

 

 

««Բիթլզ»-ն ամբողջ աշխարհի համար հեղափոխություն էր: Իրենք մեզ փոխեցին, մենք էլ՝ ուրիշներին: Հայաստանում մարդիկ մեզ ընկալում էին որպես «Բիթլզ», որովհետեւ նրանց երգերը լայն տարածում չունեին: Ես կիթառի խմբակ ունեի, 20-30 երեխա գալիս էր կիթառ սովորելու, որ Girl-ը կամ ուրիշ հայտնի երգ նվագի ու երգի»,- 2017-ին Մեդիամաքսին պատմել էր խմբի մենակատար, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը


1966 թվականին Երեւանում ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի եւ Թելման Գեւորգյանի նախագծով կառուցվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը համարվում է խորհրդային մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը:

 

 

Ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանի խոսքով՝ 1960-ական թվականներին Հայաստանը քաղաքաշինական առումով շատ կոնսերվատիվ էր:

««Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի կառուցումը մեծ արձագանք ստացավ` մեր քաղաքում կառուցվեց մի մոդեռն կառույց: Տեղանքի առումով դա բավականին բարդ տեղ էր: Այդ կառույցը հենց իրենով նորարարություն էր»,- ժամանակին Մեդիամաքսին պատմել էր նա:

 

 

Ճարտարապետ Սեւադա Պետրոսյանը նշում է, որ ամառային դահլիճը հեղափոխական կառույց էր. այն ամբողջությամբ կառուցվել է մոնոլիտ բետոնից, երեսպատում չունի, այսինքն` չի թաքցնում իր շինանյութը:

2010 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ կառավարությունն ընդունել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության առաջարկը՝ Մայր աթոռին անհատույց փոխանցել ամառային կինոդահլիճի հատվածը ԽՍՀՄ տարիներին ավերված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերակագնելու համար:

Այս որոշումը բողոքի ալիք բարձրացրեց. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի քանդման դեմ արշավ սկսվեց, որը հաջողությամբ պսակվեց. ամառային կինոդահլիճը չքանդեցին:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Զավեն Սարգսյանի, Արմեն Խանոյանի, Արա Հարությունյանի, Save Moscow Cinema Summer Hall նախաձեռնության արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: