Հայկական Կարմիր. 1985



1985 թվականին մահանում է ԽՄԿԿ առաջին քարտուղար Կոնստանտին Չերնենկոն, ԽՍՀՄ նոր ղեկավար է դառնում Միխայիլ Գորբաչովը, սկսվում է Ռոնալդ Ռեյգանի երկրորդ ժամկետը ԱՄՆ նախագահի պաշտոնում, Իսրայելը հանում է զորքերը Լիբանանի տարածքից, Գարի Կասպարովը դառնում է շախմատի աշխարհի չեմպիոն:


«Երիտասարդական» գետնանցումը


1985 թվականին Երեւանում հանդիսավորությամբ բացվում է «Երիտասարդական» գետնանցումը, որը նախագծել էին Էդուարդ եւ Սուլթանիկ Արեւշատյանները:

Տարինետ առաջ Սուլթանիկ Արեւշատյանը պատմել էր Մեդիամաքսին.

«Դա պարզապես գետնանցում չէր՝ այն բազմաֆունկցիոնալ, քաղաքի մի քանի փողոցները, գոտիները իրար միացնող եւ Օղակաձեւ այգին կապող հանգույց էր: Գետնանցման բացման արարողությանը տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Այդ օրը բացվեցին գետնանցման խանութները, ուսանողական սրճարանը, ինչը նորություն էր քաղաքի համար: Քաղսովետի աջակցությամբ խանութների ձեւավորման համար կահույքը ձեռք բերվեց Հունգարիայից: Դեպի մեծ խանութը տանող աստիճանների մարմարը մեծ դժվարությամբ կարողացանք գտնել: Ի վերջո, այն բերվեց Ռուսաստանից:

 

 

Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Լենինգրադի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Ժուկը: Նա հիացած էր գետնանցման նախագծով եւ անգամ ցանկանում էր, որպեսզի նման գետնանցում նախագծենք նաեւ Լենինգրադի համար: Ժուկի գնահատականն ինձ համար շատ կարեւոր եւ արժեքավոր էր: Գետնանցումը, որպես քաղաքի նոր կառույց, շատ ջերմ ընդունվեց ոչ միայն մասնագետների, այլեւ քաղաքացիների կողմից: Գետնանցման խանութները, սրճարանը միշտ մարդաշատ էին եւ դա մեր աշխատանքի լավագույն գնահատականն էր: Ուսանողությունը իսկույն «զավթեց» գետնանցման սրճարանը՝ այն դարձնելով յուրահատուկ հավաքատեղի»:

 

 

«Երիտասարդական» գետնանցումը ստորգետնյա ուրբանիստիկայի եզակի եւ առաջին կառույցներից էր ԽՍՀՄ-ում: Նախագիծը 1986 թվականին արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության մրցանակի՝ որպես տարվա լավագույն կառույց, իսկ 1987-ին՝ Սոֆիայի ճարտարապետական միջազգային բիենալեի հատուկ մրցանակին:


Իջեւան-Հրազդան թունելը


1985թ. տարեսկզբին ավարտվում է Իջեւան-Հրազդան թունելի կառուցումը:

Ինժեներական այս բարդ աշխատանքն իրականացվում էր երկու կողմից միմյանց հանդիպակաց հորատվող թունելների կառուցմամբ: Տեղանքում ի հայտ էր եկել ապարի նոր՝ բավականին կարծր տեսակ, որը ստացել էր «Դիլիջանյան ապար» անվանումը: Շուրջ 700 մետր երկարություն ունեցող թունելի կառուցման ժամանակ պայթեցումներ չէին արվել, եւ ամբողջ աշխատանքն իրականացվել էր պերֆոմուրճով:

 

 

«Եթե հորատանցումը կատարվում է պայթեցումով, երկու կողմերի թունելագործները լսում են ստորգետնյա որոտների ձայնը: Իսկ այստեղ՝ հորատում են ձեռքով, եւ բաղձալի միացումը կանխորոշում էին գծագրերով, մինչեւ հորատման ձողը չթափանցեց ընդերքի բարակ պատնեշը»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը:


Ըստ պլանի՝ թունելագործները պետք է անցնեին ամսական 12 գծամետր, սակայն երբեմն շինարարները կարողանում էին փորել ամսական 17-18 մետր:


Հյուսիսային պողոտայի տարբերակները


1985 թվականին Հյուսիսային պողոտայի կառուցման տասը նախագիծ էր ներկայացվել, որոնցից հինգն ընդունվել էր եւ ստացել գլխավոր մրցանակները: Երեւանի քաղխորհուրդը ձեռք էր բերել նաեւ մյուս հինգ նախագիծը: Քանի որ ոչ մի նախագիծ չէր տալիս Հյուսիսային պողոտայի ամբողջական լուծումը, որոշվել էր օգտագործել եղածների հաջողված դրվագները:

1985թ. հունվարին ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը ներկայացնում էր, թե ինչպիսին պետք է լինի Հյուսիսային պողոտան: Նախեւառաջ այն պետք է ավելի լայն լիներ, քան նախատեսել էր Ալեքսանդր Թամանյանը. 1930-ական թվականներին նախատեսված 25 մետր լայնությունը չէր կարող բավարար լինել 1980-ականներին: Ճարտարապետ Իսաբեկյանի կարծիքով՝ փողոցի լայնությունը պետք է լիներ 40-50 մետր: Հյուսիսային պողոտայի շրջակա շենքերը պետք է լինեին 5-9-հարկանի՝ 20-30 մետր բարձրությամբ: Առաջին հարկերում պետք է լինեին խանութներ եւ սպասարկման այլ օբյեկտներ: Հյուսիսային պողոտան պետք է սալարկվեր երկգույն տուֆ քարով եւ ունենար պարզ երկրաչափական նախշեր:

«Թե ինչպես կկազմակերպվի Հյուսիսային պողոտայի նախագծման հետագա ընթացքը, արդեն Երեւանի քաղաքային սովետի մտահոգության խնդիրն է: Պետք է ամեն ջանք գործադրել՝ մայրաքաղաքի այդ կարեւոր ճարտարապետական համալիրը արժանի կերպով ներկայացնելու համար»,- եզրափակում էր Հրայր Իսաբեկյանը:

Տարբերակներից մեկը ներկայացրել էին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Հայկ Տիգրանյանը, Ժորժ Շեխլյանը, Ռոբերտ Տոնոյանն ու Կարեն Աստվածատրյանը: Ահա դրա մանրակերտը:

 

 

2014 թվականին Գուրգեն Մուշեղյանը պատմել էր Մեդիամաքսին.

«Մեր ներկայացրած նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտան նախատեսված էր հետիոտների համար եւ նպատակ ուներ կառավարել մարդկային հոսքերը Հաղթանակի զբոսայգուց մինչեւ Հանրապետության հրապարակ, ինչից հետո հետիոտն շարժումը կարող էր շարունակվել մինչեւ Արգիշտի փողոց եւ նույնիսկ մինչեւ Հրազդանի կիրճ»:


ԽՍՀՄ եւ ԱՄՆ ըմբիշների մրցամարտը


1985թ. հունվարի վերջին Երեւանում անցկացվում է ԽՍՀՄ եւ ԱՄՆ ըմբիշների հերթական՝ 5-րդ մրցամարտը: Այս անգամ երկու մրցակից գերտերությունների ըմբիշներն իրենց ուժերը չափում էին նորակառույց Մարզահամերգային համալիրում:

ԽՍՀՄ հավաքականի կազմում էին օլիմպիական չեմպիոններ Սանասար Հովհաննիսյանը, Մահոմեդ-Հասիմ Աբուշեւը, Ալեքսանդր Տամբովցեւը, Միխայիլ Խարաչուրան: Հավաքականում ընդգրկված էին նաեւ Գուրգեն Բաղդասարյանը եւ Ստեփան Սարգսյանը: Հայ ըմբիշները հաղթանակ են տանում 62 (Ստեփան Սարգսյան) եւ 90 (Սանասար Հովհաննիսյան) քաշային կարգերում:


Մարզահամերգային համալիրի հրդեհը


1985 թվականի փետրվարին՝ մրցաշարից մոտ մեկ ամիս անց, Մարզահամերգային համալիրում հրդեհ է բռնկվում:

 

 

Դեպքի վայր է շտապում Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը. համալիրը կառուցվել էր նրա անմիջական մասնակցությամբ, եւ պատահածը ծանր հարված էր նրա համար: Համալիրի մոտ հոծ բազմություն էր հավաքվել. շատերն էին ուզում մասնակցություն ունենալ մարման աշխատանքներին: Հրդեհի հետեւանքները վերացվեցին հնարավորինս կարճ ժամկետներում:

 

 

Պատմում է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը.

«Հրդեհից հետո շատ քաղաքացիներ՝ թոշակառուներ, երիտասարդներ, ուսանողներ, սկսեցին նամակներ ուղարկել, որտեղ հայտնում էին իրենց պատրաստակամությունը օգնել թե՛ գումարով, թե՛ աշխատանք կատարելով: Անձամբ ես կարդացել եմ մոտ 200 այդպիսի նամակ: Դրանք հնարավոր չէր ընթերցել առանց հուզվելու: Նամակներում մարդիկ պատրաստակամություն էին հայտնում Համալիրի վերականգնման աշխատանքների համար տրամադրել իրենց մեկ ամսվա ողջ ընտանեկան բյուջեն: Ամենաազդեցիկը այն թոշակառուների նամակներն էին, որոնք խնդրում էին չմերժել ու ընդունել մեկ կամ մի քանի ամսվա թոշակը»:


Խաչատուր Աբովյանի 175-ամյակը


1985թ. մարտի 18-ին Մոսկվայի միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի ծննդյան 175-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին մասնակցում էին ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Ալիեւը, Դեմիչեւը, Զիմյանինը։

 

 

««Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»։ Սա Խաչատուր Աբովյանի խոսքն է։ Դրանով ասես եզրագծվում էին հայ ժողովրդի դարավոր իղձերը եւ ձգտումը՝ ազատագրվելու արեւելյան բռնապետությունների ստրկական կապանքներից, ձգտումը՝ ունենալու մի իրական եղբայր հանձինս ռուս մեծ ժողովրդի եւ մի իսկական պաշտպան հանձինս Ռուսաստանի»,- իր ելույթում ասում է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Կարլեն Դալլաքյանը։


«Լամբադա կամուրջը»


1985թ. սկսվում է Ազատության եւ Կոմիտասի պողոտաների հատման վայրում տրանսպորտահետիոտնային բազմահարկ համալիրի կառուցումը։ Կոմիտասի եւ Դավիթ Անհաղթի փողոցները միացնող էստակադայի երկարությունը 400 մետր է։ 1985-ին դժվար էր կռահել, որ մի քանի տարի անց ժողովուրդը «բազմահարկ համալիրը» կկոչի «Լամբադա կամուրջ»։


Հերոսների ծառուղին «Հաղթանակ» զբոսայգում


1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակի առթիվ, «Հաղթանակ» զբոսայգում կառուցվում է Հերոսների ծառուղին, որի հեղինակներն էին ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը եւ Անահիտ Նավասարդյանը։

Ծառուղում, որն ուներ 250 մետր երկարություն, տնկվում է 135 արծաթափայլ եղեւնի։ Ծառուղու ձախ կողմում բազալտե հուշատախտակների վրա փորագրվում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ Փառքի շքանշանի երեք աստիճանի ասպետների անունները։ Նույն հատվածում տեղադրվում է նաեւ տուֆից քանդակված վեց հուշասյուն, որոնցից մեկը նվիրված էր Հովհաննես Բաղրամյանին եւ Նելսոն Ստեփանյանին։ Անմար կրակից մինչեւ «Մայր Հայաստան» հուշարձանը կառուցվում են 25 մետր լայնությամբ աստիճաններ։

 

 

Ժամանակին Աշոտ Ալեքսանյանը պատմել էր Մեդիամաքսին.

«Մեր առջեւ նաեւ խնդիր էր դրված վերակառուցել Անհայտ զինվորի գերեզմանը` այն դարձնելով ավելի հանդիսավոր: Երեւանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ բավական երկար քննարկում էինք նախագծերը: Այնպես համընկավ, որ այդ շրջանում երկուսս էլ ամառային հանգստի մեկնեցինք Գագրա` այնպես որ մեր հանդիպումները շարունակվում էին նաեւ այնտեղ:

 

 

Շինարարությունը տեւեց ամբողջ ձմեռ, իսկ Հերոսների ծառուղու եւ Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1985թվ. մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը»:


Չարենցի հուշարձանը


1985 թվականին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ Ռադիոտան դիմաց բացվում է Եղիշե Չարենցի հուշարձանը, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, իսկ քանդակագործը՝ Նիկողայոս Նիկողոսյանը։


Հրանտ Մաթեւոսյանի երկհատորյակը


1985 թվականին լույս է տեսնում Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների երկհատորյակը, որն արագ իր տեղն է գրավում մարդկանց գրապահարաններում:

«Երկու խոսք ընթերցողիս» ներածականում Հրանտ Մաթեւոսյանը գրում է.

«Ծնվել եմ Լոռի, 1935-ին: Այդ եւ հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր եւ հների միջեւ շատ ավելի Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվային: Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, եւ մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել:

Ի դեպ, նման մի բան՝ հիշողության վթար եւ վերստեղծում, Հայոց մեր բոլոր տոհմերի ու հովիտների պես, նաեւ այդ բնակավայրն է ապրել. երբ հարյուր հիսուն տարի առաջ Օհանես, Հովհաննես Թովմասի Մաթեւոսյան, Թումայի Օհանես անուն երիտասարդ հաղպատեցին հեռավոր այս ձորն իրեն գյուղատեղի է արել, նախկին ժողովուրդը քաշված է եղել շենացնելու պարսիկների Աղա-Մահմեդ-խանից ավիրված Թիֆլիսն ու Վրաստանը կամ գուցե շահ Աբասի մեծ գաղթով է քշված եղել Իրանի խորքեր եւ կամ գուցե թուրքերից, արաբներից ու կովկասյան լեռնաբնակներից ասպատված: Ոչ թեկուզ վայրենացած այգի, թեկուզ կորդ հերկատեղի, կորած ջրանցքի թումբ, ոչ էլ գետնաթաղ սանդ ու ջաղացքար,- խաչքարի իրենց հայ քրիստոնյայի նախշուն կնիքից զատ հները ոչինչ չեն թողել գալիք ահնիձորցիներին, եւ սրանց առաջնեկն էլ իր պապերի Հաղպատից ոչինչ չի բերել իր հետ – մի զույգ ձեռք, մի ընկեր կին, անունը դնենք Նանի, ու մի հայոց լեզու:

 

 

Այդ անմռունչ մշակի ու անանուն աղջկա ծոռների գյուղն արդեն մաքուր խոտհարքների, լավ տաշած կալերի, ակունքը բացած աղբյուրների, երկու հարյուր աշակերտով զնգուն դպրոցի մի ողջ երկիր էր: Ահա այդ երկիրը, մեր նահապետների կապած այդ տապանը հարյուր հիսուն տարի տարուբերվեց կյանքի մակերեւույթին, ապա աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, եւ այդ գյուղը՝ այդ տապանը՝ մարդկության ու մարդկայնության այդ դարավոր կացարանը մեր զարմացած աչքերի առջեւ քայքայվեց ու խորտակվեց եւ կամ կերպափոխվեց, չգիտեմ:

Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել եւ բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով եւ կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, եւ այդ ամենը վերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի՝ որ իմ հովիտը մեծ ու արեւոտ լիներ, կուզենայի՝ որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին եւ վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում եւ պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովիտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:

Ինչո՞ւ եմ գրում. որովհետեւ Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երեւի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի՝ չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որեւէ արարած եթե կարողանա ասել՝ թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի՝ թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում: Ես իմ մասին միայն գիտեմ, որ այսինչ տարիքի հայ եմ, գրում եմ, իմ խոսքը ինձ երբեմն գոհացնում է, ահա. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փաքչում է»: Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր, մեծ ողբերգություններում միայն համր ֆոն են եւ վատ գրողների անզոր գործերում ամբոխ են կնքվում: «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն իհարկե պետություն եւ իրեն էլ այդ պետության մշակի հետ նաեւ իշխանն էր դարձնելու. երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց» – Համո Սահյանի բանավոր խոսքն է: Տարեգիրները իրենց ժամանակին երկրի գլխատման պատմությունը մատենագրել են, ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը»:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել լուսանկարներ Գ. Մուշեղյանի, Ա. Ալեքսանյանի, Ռ. Արեւշատյանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: