1972 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն այցելում է Չինաստան եւ Խորհրդային միություն, կայանում է «Կնքահայրը» ֆիլմի պրեմիերան, Բոբի Ֆիշերը հռչակվում է շախմատի աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ-ից արտաքսվում է բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, Մյունխենի ամառային Օլիմպիական խաղերում պատանդ են վերցվում իսրայելցի մարզիկները, Էդուարդ Շեւարդնաձեն գլխավորում է Խորհրդային Վրաստանը:
Մահանում է Մարտիրոս Սարյանը
1972 թվականի մայիսի 5-ին մահանում է նկարիչ Մարտիրոս Սարյանը։
«Պայծառ, անկրկնելի տաղանդի տեր արվեստագետը՝ Մարտիրոս Սարյանը, պատկանում է մեր բազմազգ կերպարվեստի վարպետների փառաբանված համաստեղությանը, որոնք մեծապես կանխորոշեցին ամբողջ սովետական մշակույթի ընդհանուր զարգացումը»,- ասված էր ԽՍՀՄ ղեկավարության անունից ուղղված ցավակցական հեռագրում։
Մեծ նկարչի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում։ Նրա աճյունի մոտ պատվո պահակ են կանգնում Խորհրդային Հայաստանի կուսակցական ղեկավարներն ու մշակույթի նշանավոր գործիչները՝ Անտոն Քոչինյանը, Արամ Խաչատրյանը, Երվանդ Քոչարը, Գրիգոր Խանջյանը, Գուրգեն Ջանիբեկյանը եւ ուրիշներ։ Մարտիրոս Սարյանը հուղարկավորվում է Կոմիտասի անվան պանթեոնում։
«Հայոց աշխարհը հրաժեշտ տվեց մեր մեծ վարպետին՝ Մարտիրոս Սարյանին, մեր երիտասարդության սրտին ամենամոտ մարդուն, քանի որ մեծ Մարտիրոսը ամենամեծերից ամենաերիտասարդն էր իր ողջ կյանքով ու ստեղծածով եւ միշտ նոր էր ու չկրկնվող։ Ձեզ եմ ուղղում խոսքս, սիրելի երիտասարդներ, քանի որ ոչ ոքի այնքան մոտ չէ Մարտիրոս Սարյանը, ինչքան ձեզ։ Ամենից շատ ձերն է, դուք պետք է խորը հասկանաք ու զարգացնեք նրան։ Մեր մեծ վարպետի ամեն մի կտավը, ամեն մի դիմանկարը մեր մարդկանց գովքն է, մեր երկրի երգը»,- գրել էր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
Բացվում է Ժամանակակից կերպարվեստի թանգարանը
1972 թվականին Երեւանում բացվում է Ժամանակակից կերպարվեստի թանգարանը։ Այն հիմնադրվել էր արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով, որը հետագայում թանգարանի երկարամյա տնօրենն էր։
«Պատկերասրահի հիմնադրման եռանդուն ջատագով, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը այնպիսի հստակությամբ է խմբավորել ու կազմակերպել էքսպոզիցիան, որ ամեն մի արվեստագետի ներկայացնող բաժին իր ինքնուրույն դեմքով է հարեւանում կողքինների հետ։ Մեր արվեստասեր հասարակայնությունը խորը գոհունակությամբ ընդունեց պատկերասրահի հիմնադրումը»,- գրել էր «Սովետական արվեստ» ամսագիրը։
«Երեւանյան օրերի խրոնիկան»
1972թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է Ֆրունզե Դովլաթյանի «Երեւանյան օրերի խրոնիկա» գեղարվեստական կինոնկարը, որի գլխավոր դերակատարը Խորեն Աբրահամյանն էր։ Ֆիլմի օպերատորը Ալբերտ Յավուրյանն էր, իսկ երաժշտությունը գրել էր Ավետ Տերտերյանը։
«Սա իսկական արվեստի գործ է՝ ինչքան էլ այս կամ այն բանը հավանելու չլինենք։ Ռեժիսորական եւ օպերատորական մտահղացումների մի հրաշալի միասնություն, դերասանական գյուտեր, մեր ոստանի յուրովի նկարագրություն։ «Երեւանյան օրերի խրոնիկա»,- ասես փաստագրական ֆիլմի անուն է... սրա մեջ էլ իմաստ կա։ Արվեստի լեզվով վերարտադրված է կյանքի բազում փաստերից մեկը»,- գրել էր «Էկրան» ամսագիրը ֆիլմի նախադիտումից հետո։
Քննադատ Արամ Գրիգորյանը գրել է.
«Ֆիլմի հերոսը՝ արխիվիստ Արմեն Աբրահամյանը, եռանդուն, անհանգիստ, գործունյա, խորհող ու ողբերգականորեն տարակուսող մարդ է, բարդ աշխարհզգացողության ու կենսազգացողության մարդ: Նա չի հայեցում աշխարհը, այլ իր հնարավորությունների սահմաններում արարում է այն, որովհետեւ բարություն է անում մարդկանց, ուրախություն բերում նրանց: Նրա արածը ինքնաբերական կամ մեքենայական բարություն չէ: Բարին նրա համար գործ է (նույնիսկ, կյանքի գործ) ու փիլիսոփայություն, հակակոնֆորմիզմի փիլիսոփայություն, որին դավանում է մոլեգին ու քնքուշ, միշտ հարձակողական ու ինչ-որ տեղ անպաշտպան այդ մարդը: Եվ նրա բարին ստեղծագործվում է արխիվում, որը, թվում է, վեր է կանգնած բարուց ու չարից, վեր է կանգնած ժամանակից, մարդկային հիշողությունից ու նրա անցողիկ կեցությունից, մարդկային ճակատագրերից, օբյեկտիվ գիտակցությունից. վեր է կանգնած, որովհետեւ ենթակա չէ ժամանակին եւ նրա ժամանակային ու ժամանակավոր քմահաճույքներին»:
Մուլտիպլիկատորների անդրկովկասյան առաջին կոնֆերանսը
1972 թվականին Երեւանում անցկացվում է մուլտիպլիկատորների անդրկովկասյան առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին նաեւ Լենինգրադի, Մոսկվայի եւ այլ քաղաքների կինեմատոգրաֆիստները: Հյուրերի թվում էին նաեւ Հունգարիայի մուլտիպլիկատորները։
Կոնֆերանսը բացում է Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար Լաերտ Վաղարշյանը։ Թեեւ 1960-70-ական թվականներին «Հայֆիլմը» մի շարք մուլտֆիլմեր էր նկարել, սակայն ոլորտն ուներ բազմաթիվ խնդիրներ։
Մուլտֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավար Ստեփան Անդրանիկյանն ամենամեծ խնդիրը համարում էր մասնագետների՝ նկարիչ-մուլտիպլիկատորների սակավությունը։ «Մեր երիտասարդ եւ շնորհալի նկարիչները, որոնք կարող են իրենց դրսեւորել որպես մուլտիպլիկատորներ, չեն ցանկանում աշխատել միմիայն այն պատճառով, որ պարզ պատկերացում չունեն մուլտարվեստի անսահման հնարավորությունների ու միջոցների մասին։ Մի ասպարեզ, որտեղ հեղինակն ունի ինքնադրսեւորման մեծ հնարավորություններ ու պայմաններ։ ...Ստուդիայում չունենք աշխատանքի որոշակի պլանավորում եւ ռիթմ։ Ավելին, այն հանգամանքը, որ մենք չունենք գունավոր ժապավենները մշակող լաբորատորիա, ներկեր պատրաստող արհեստանոց, չափազանց դժվարացնում է մեր աշխատանքը, մեզնից խլելով ավելորդ ժամանակ եւ միջոցներ»,- ասում էր նա։
Մինասի արվեստանոցի հրդեհը
1972 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցում, եւ հրո ճարակ է դառնում տաղանդավոր նկարչի շուրջ 300 գործ։ Դրանց մի մասը նա պետք է տաներ Ֆրանսիա՝ իր անհատական ցուցահանդեսին։
«Սովետական արվեստ» ամսագիրը 1972-ի առաջին համարում տպագրում է Մինասի հինգ կտավի լուսապատճենները։
«Վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ արվեստանոցում բռնկված հրդեհի պատճառով անվերադարձ ոչնչացավ նրա ստեղծագործության մեծագույն մասը՝ ավելի քան 120 կտավ ու բազմաքանակ էսքիզներ եւ դիմանկարներ։ Դա մեծ կորուստ էր մեր կերպարվեստի համար։ Ամսագրի այս համարում տպագրելով Ավետիսյանի այրված կտավներից հինգը, ըստ պահպանված լուսանկարների, խմբագրությունը համոզված է, որ ուժերի ծաղկուն շրջանում գտնվող նկարիչը կարճ ժամանակում կվերականգնի մեծ կորուստը»,- ասվում էր հոդվածում։
ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակը
1972 թվականի դեկտեմբերին Խորհրդային միությունում նշում էին ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակը։
Դեկտեմբերի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի եւ Գերագույն խորհրդի հանդիսավոր նիստ։
«Այն պատմական օրվանից, երբ հայոց հինավուրց հողի վրա ճառագեց ազատության արեւը, մեր ժողովրդի կյանքում սկսվեց նոր դարաշրջան՝ իսկական վերածննդի ու բարգավաճման դարաշրջան։ Դառնալով իր բախտի տերը՝ հայ ժողովուրդը պատմական համեմատաբար կարճ ժամանակամիջոցում իր երկիրը դարձրեց Միության ծաղկուն սոցիալիստական հանրապետություններից մեկը»,- իր ելույթում ասում է Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը:
Մահանում է Լեոնիդ Ենգիբարովը
1972 թվականի հունիսի 25-ին մահանում է կրկեսի դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարովը։
Նկարիչ Ալեքսանդր Շաքարյանն իր հուշերում գրում է, որ 1970 թվականին «2-Լեոնիդ-2» ֆիլմի նկարահանման ժամանակ, հերթական բարդ համարը կատարելիս, Լեոնիդի վրա է թափվում ջահի բենզինը եւ բռնկվում։ Օպերատորներն անգամ չեն կռահում, որ որ դա կրկեսային համար չէ եւ շարունակում են նկարել։ Լեոնիդ Ենգիբարյանը բազմաթիվ այրվածքներ է ստանում։
«Մոտավորապես կես ժամ հետո, չնայած այրվածքներին, ձեռքերի ու գլխի վիրակապերին, Լյոնյան կանգնած էր մանեժում՝ պատրաստ նկարահանվելու։ Նա օպերատորներին խնդրեց իրեն նվիրել նկարահանած այդ սարսափելի տեսարանը, ասելով. «Թող ընկերներս տեսնեն, որ Լյոնյան ոչ ջրում է խեղդվում, որ կրակում այրվում»։ Ու ահա, երկու տարի անց, մենք լսում ենք Լ. Ենգիբարյանի մահվան լուրը»,- գրում էր նկարիչը։
«Տղամարդիկ»
1972թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է Էդմոնդ Քյոսայանի «Տղամարդիկ» կինոնկարը, որի պրեմիերան կայանում է 1973-ին:
«Տղամարդիկ»-ը հայկական ամենասիրելի ֆիլմերից մեկն է. շատերն անգիր գիտեն բոլոր դրվագները, սակայն երբ այն հերթական անգամ ցուցադրվում է հեռուստաեթերում, անհնար է լինում նորից չդիտել այն: Ֆիլմի հաջողության գաղտնիքներից է այն, որ Էդմոնդ Քյոսայանը կարողացել էր խորհրդային ժամանակներում ստեղծել իր էությամբ ազգային ստեղծագործություն:
Ֆիլմի երաժշտությունը գրել է Ռոբերտ Ամիրխանյանը: Հայերեն տարբերակի տեքստը կարդում է Էդգար Էլբակյանը, ռուսերեն տարբերակինը` Զինովի Գերդտը:
Ֆիլմի նկարահանման ընթացքում ուշագրավ դրվագ է տեղի ունենում։ Երբ փողոցում տաքսու մեքենաներով հերթական դրվագն էր նկարահանվում, անցորդներից մի քանիսը մոտենում են՝ կարծելով, թե ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։ Հետո տեսնում են սիրելի դերասաններին, ու հետաքրքրասերներն աստիճանաբար շրջապատում են մեքենաները։ Նկարահանումը հարկադրված դադարեցնում են, մոտենում են պետավտոտեսչության աշխատակիցները՝ բարձրախոսով խնդրելով մարդկանց հեռանալ եւ չխանգարել նկարահանմանը։
«Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումները սկսելուց առաջ Էդմոնդ Քյոսայանին ուղարկել էին Երեւանի լավագույն շենքերի լուսանկարները: Նա միանգամից ընտրեց Մոսկովյան 31-ի («Էներգետիկների») շենքը. այն շատ գեղեցիկ էր, գտնվում էր քաղաքի սրտում, ուներ փողոց դուրս եկող մեծ պատշգամբներ, դիմացը այգի էր: Հարմար էր նաեւ այն առումով, որ ֆիլմի հերոսները տաքսու վարորդներ էին ու հարեւանությամբ տաքսիների հայտնի կանգառն էր:
Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծի «Էներգետիկների» կամ «Տղամարդկանց» շենքը` կենդանի պատմություն գլխում հետաքրքիր տեղեկությունն կան շենքի եւ ֆիլմի նկարահանման դրվագների մասին:
«Կիբեռնետիկայի մուսան»
1972 թվականին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի բակում տեղադրվում է Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան»:
Քոչարը միշտ շրջապատված է եղել երիտասարդ մաթեմատիկոսներով, որոնք էլ մի օր որոշում են միջնորդել, որպեսզի Քոչարի արվեստին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում տեղ հատկացնեն:
Տնօրենը համաձայնում է, իսկ Քոչարին ազատ ու անկաշկանդ ստեղծագործելու հնարավորություն է տրվում:
Քոչարի 100-ամյակին՝ 1999 թվականին, կար առաջարկ քանդակը քաղաքի կենտրոն բերել եւ ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնել: Քննարկվում էր այն Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ տեղադրելու գաղափարը, սակայն կյանքի չկոչվեց: Վերջին տարիներին հարցը կրկին քննարկվում է:
Անրի Կարտյե-Բրեսոնի այցը Հայաստան
1972 թվականին ֆոտոլրագրության հայր համարվող ֆրանսիացի լուսանկարիչ Անրի Կարտյե-Բրեսոնը (1908-2004թթ.) երկրորդ անգամ է այցելում Խորհրդային միություն: 1954 թվականին նա եղել էր Մոսկվայում եւ Ուզբեկստանում, իսկ 18 տարի անց Կարտյե-Բրեսոնն այցելեց Մոսկվա, Լենինգրադ, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան:
Անրի Կարտյե-Բրեսոնին է պատկանում հայկական կոնյակագործության լեգենդար վարպետ Մարգար Սեդրակյանի այս դիմանկարը:
Իսկ այս նկարը համարվում է Անրի Կարտյե-Բրեսոնի գլուխգործոցներից մեկը: Այն կոչվում է «Հյուրերը Սեւանա լճում»:
Միքայել Խանոյանը գլխավորում է Երեւանի կոնյակի գործարանը
1972 թվականին Միքայել Խանոյանը ստանձնում է Երեւանի կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում է մինչեւ 1984-ը:
Միքայել Խանոյանի դուստրը` Անուշ Խանոյանը, ժամանակին Մեդիամաքսին պատմել է, որ հայրիկը պիտակների ձեւավորողներ Լեւոն Նալբանդյանի եւ Ազատ Հակոբյանի հետ անձամբ էր քննարկում բոլոր մանրուքները: Նրա օրոք համալրվեց կոնյակի շշերի տեսականին, իսկ կոնյակը սկսեցին վաճառել տուփերի մեջ: Առաջին կոնյակը, որը դրվեց տուփի մեջ` «Դվինն» էր:
Խանոյանի ջանքերով ստեղծվեց համտեսման սրահը, որտեղ հյուրերին տրվում էր կոնյակի համը վայելելու հնարավորություն:
«Հայրս շատ էր սիրում ճանապարհորդել Հայաստանով: Եթե տեսնում էր աչքաթող արված պատմության մի բեկոր, գործարանի մի գողտրիկ անկյունում հատուկ տեղ էր հատկացնում դրա համար: Իր ընկերոջ`Ֆադեյ Սարգսյանի հետ, Նախիջեւանից երկու խաչքար բերեցին. մեկը տեղադրվեց գործարանի, մյուսը՝ Մերգելյանի ինստիտուտի բակում:
«Վասպուրական» կոնյակի ստեղծման եւ անվանման պատմությունն եւս շատ հետաքրքիր է: Հայրս, ինչպես եւ կոնյակի հեղինակը`Մարգար Սեդրակյանը, ծագումով վանեցի էր եւ ցանկանում էր իր պատմական հայրենիքի անունը տալ կոնյակներից մեկին: Խորհրդային տարիներին կոնյակներին անվանում տալը կամ պիտակ փոխելը հեշտ գործ չէր, պետք է հաստատվեր մի քանի ատյանների կողմից: Տարիներ անց, արդեն Մարգար Սեդրակյանի մահից հետո, Խանոյանին հաջողվեց համոզել Կարեն Դեմիրճյանին»,- պատմել է Անուշ Խանոյանը:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Անրի Կարտյե-Բրեսոնի, Է. Կոգանի, Sputnik-ի, Դ. Սմիրնովի լուսանկարները, լուսանկարներ Ա. Խանոյանի արխիվից: