Հայկական Կարմիր. 1954



1954 թվականին Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ Ռուսաստանի Ղրիմի թերակղզին փոխանցվում է Ուկրաինային, ԽՍՀՄ-ը խզում է դիվանագիտական հարաբերությունները Ավստրալիայի հետ, ԱՄՆ-ը հայտարարում է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, ձայնագրվում է Rock Around the Clock երգը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԽՍՀՄ-ը համաձայնության են գալիս Գերմանիայի օկուպացիան դադարեցնելու մասին:


Թովմասյան vs. Հարությունյան


1954-ը կուսակցական-ներքաղաքական պայքարի ժամանակաշրջան էր: Ստալինի մահից հետո միութենական եւ հանրապետական կուսակցական մարմիններում «մաքրումներ» էին:

1953 թվականի վերջին պաշտոնից ազատվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը (Հարութինովը), ով 16 տարի Խորհրդային Հայաստանի ղեկավարն էր: Աշխատանքից ազատելը սակայն բավարար չէր. հարկ էր ամբողջությամբ «բացահայտել» եւ մերկացնել նախկին ղեկավարի հանցանքները, ինչին էլ նվիրված էր 1954թ. փետրվարի 17-ին Երեւանում տեղի ունեցած ՀԿԿ 17-րդ համագումարը:

Համագումարում ելույթ է ունենում ՀԿԿ կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը: Նա անդրադառնում է ՀԽՍՀ տնտեսական որոշ ձեռքբերումների, ապա անցնում Գրիգոր Հարությունյանի կառավարման շրջանի թերություններին:

 

 

«ՀԿՊ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Արուտինովը, իր աշխատանքում գործադրելով արատավոր մեթոդներ կոպիտ կերպով խախտում էր կոլեկտիվ ղեկավարման սկզբունքը: Կենտկոմի անդամները փաստորեն հեռացված էին ռեսպուբլիկայի պարտկազմակերպության ղեկավարման գործից, նրանց դերը հանգում էր գլխավորապես Կենտկոմի պլենումներին մասնակցելուն: Կենտկոմի պլենումներում հարցերը մեծ մասամբ քննարկվում էին ձեւականորեն: ...Բյուրոյի անդամներն ամեն կերպ հարմարվում էին Արուտինովի կարծիքներին, չէին համարձակվում նրան առարկել նույնիսկ այն դեպքում, երբ նա բացահայտորեն սխալ էր լինում»,- ասում էր Սուրեն Թովմասյանը:


Գրիգոր Հարությունյանին քննադատելու հարցում խիստ էր նաեւ Յակով Զարոբյանը, որը 1953-ին ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղարն էր: Նախկին առաջին քարտուղարից բացի, նա քննադատության սլաքն ուղղում էր բյուրոյի անդամների, քարտուղարների եւ կուսակցական այլ պաշտոնյաների դեմ:

«Մեզ մոտ կան աշխատողներ, որոնք սիրով ընդունում են քննադատությունը, համաձայնում են քննադատողների հետ, բայց շարունակում են աշխատել նախկին ձեւով: Իսկ որոշ աշխատողներ էլ փոխանակ իրենց սխալներն ու թերությունները ընդունելու՝ գերադասում են երկչոտությամբ լռության մատնել դրանք կամ փորձում են սվաղել իրենց թերություններն ու սխալները»,- ասում էր Զարոբյանը:


Րաֆֆու, Պատկանյանի եւ Չարենցի «արդարացումը»


1954 թվականի հուլիսին տեղի է ունենում Հայաստանի սովետական գրողների 3-րդ համագումարը, որն աչքի է ընկնում անցյալի «սխալներն» ընդունելով։

Համագումարում Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանն ասում էր, որ Կոմկուսը «խարազանել է նիհիլիստական վերաբերմունքը 19-րդ դարի նշանավոր գրողներ Րաֆֆու եւ Պատկանյանի գրական ժառանգության նկատմամբ»։ Այդ գրողները Խորհրդային Հայաստանում արգելված էին, եւ միայն Ստալինի մահից ու Խրուշչովյան «ձնհալից» հետո են թույլատրում վերահրատարակել նրանց ստեղծագործությունները։

Ընկեր Թովմասյանի մյուս կարեւոր ուղերձը Չարենցի մասին էր.

«Մենք ուղղեցինք այն կոպիտ սխալը, որը թույլ էր տրվել մեր տաղանդավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ու նրա ստեղծագործությունների նկատմամբ։ Հայաստանի Կոմպարտիայի կենտրոնական կոմիտեն այժմ զբաղվում է սովետահայ այն գրողների հարցով, որոնց նկատմամբ սխալ վերաբերմունք է ցուցաբերվել անցյալում։ Նրանց հնարավորություն կտրվի վերադառնալու գրական կազմակերպության շարքերը, իսկ նրանց ստեղծագործությունները կգնահատվեն ըստ ամենայնի»։


Մազմանյանի վերադարձը Նորիլսկից


1954 թվականին Նորիլսկից Երեւան է վերադառնում նշանավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանը: 1937 թվականին նրան մեղադրել էին «ազգայնական» լինելու եւ «տրոցկիստական» խմբի անդամ լինելու համար եւ 1939 թվականին արտաքսել էին Նորիլսկ:

Շուրջ 15 տարի Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը աշխատեցին Նորիլսկի լեռնամետալուրգիական կոմբինատի նախագծային գրասենյակում: Մազմանյանը եւ Քոչարը, մասնավորապես, նախագծել էին Նորիլսկի եւ Դուդինկա քաղաքի գլխավոր հատակագծերը:

 

 

1954 թվականին արդարացվելուց հետո Միքայել Մազմանյանը վերադառնում է Երեւան եւ գլխավորում «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր հատակագծի արվեստանոցը:

Աքսորում Միքայել Մազմանյանի անցկացրած տարիների մասին կարդացեք Մեդիամաքսի Մազմանյանի նամակը Նորիլսկից հրապարակման մեջ:


Դեպի խոպան


1954թ. Խորհրդային միությունը սկսում է խամ ու խոպան հողերի յուրացման ծրագիրը: Եթե նախկինում Սիբիրի, Ուրալի, Պովոլժիեի եւ Ղազախստանի անմշակ հողերը տնտեսապես օգտակար դարձնելու համար աշխատում էին հիմնականում աքսորյալներն ու քաղաքական պատճառներով տեղահանվածները, ապա այժմ այդ աշխատանքներում ներգրավում էին կամավորներին:

 

 

Խորհրդային Հայաստանը նույնպես ընդգրկված էր խամ ու խոպան հողերի յուրացման ծրագրում: Որոշման ընդունումից անմիջապես հետո մամուլում սկսվում է կամավորներ հավաքագրելու լայն քարոզչությունը: Հոդվածների, կոչերից բացի, մամուլում տպագրվում էին կոմերիտականների ու կոմունիստների ձեռագիր դիմումները, որտեղ նրանք խնդրում էին իրենց ուղարկել խամ ու խոպան հողերը մշակելու:


«Լեռնային լճի գաղտնիքը»


1954 թվականին «Երեւան» կինոստուդիան Վախթանգ Անանյանի «Սեւանի ափին» վիպակի հիման վրա նկարահանում է «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմը: Ռեժիսորը Ալեքսանդր Ռոուն էր:



Ֆիլմում նկարահանվել էին բազմաթիվ երեխաներ, որոնց ընտրել էին Երեւանի տարբեր դպրոցներից: Նիկիտայի դերը կատարում էր Վլադիմիր Ֆեոկտիստովը, ում հրավիրել էին Մոսկվայից. 8-րդ դասարանի աշակերտը նկարահանումների ընթացքում սովորում էր Երեւանի N 58 դպրոցում:

Ալեքսանդր Ռոուն պատմում էր, որ երեխաների ընտրության հարցով զբաղվում էր իր օգնականը, որը Երեւանի ակումբներից մեկի ամանորյա հանդեսում նկատում է մի աշխույժ աղջնակի, որը մասնակցում էր բոլոր խաղերին:

 

 

«Նա մի քանի անգամ փորձեց կանգնեցնել այդ աղջկան եւ խոսել նրա հետ կինոյում նկարահանվելու մասին, բայց վերջինս այնքան էր տարված անզուսպ ուրախությամբ, որ ամեն անգամ խուսափում էր «կպչուն» քեռիից: Ի վերջո այդ հարցը հաջողությամբ լուծվեց, եւ գերազանցիկ Քնարիկ Սարոյանը համաձայնեց նկարահանվել կինոյում՝ Հասմիկի դերում: Նա նույնիսկ մեզ մոտ բերեց իր մտերիմ ընկերուհի Նելլի Մելքումյանին՝ նա էլ հանդես եկավ Սվետայի դերում»,- պատմում էր Ռոուն:


«Ոզնու» ծնունդը


1954 թվականի մարտին լույս է տեսնում «Ոզնի» երգիծական երկշաբաթաթերթը, որն առանց ընդհատումների հրատարակվում է 62 տարի՝ մինչեւ 2016թ. մայիսը:

Թերթում տպագրվում էին ֆելիետոններ, քննադատական հոդվածներ, սակայն «Ոզնին» առավելապես հայտնի էր իր ծաղրանկարներով:

 

 

«Ոչ մի կեղծավոր, երկերեսանի, գող, խաբեբա, պոռոտախոս, բյուրոկրատ, պորտաբույծ չի խուսափի իմ փշերից: ...Մենակ ես ոչինչ անել չեմ կարողանա: Ինձ կօգնեն հազարավոր մարդիկ: Սովետական հազարավոր մարդկանց մեջ կան նաեւ առանձին շահամոլներ ու հանցագործներ: Այդ հազարները կլինեն իմ աջակիցներն ու դաշնակիցները՝ մերկացնելու եւ ծակծկելու իրենց անձնական շահը հասարակական շահից բարձր դասողներին ու հանցագործներին»,- գրված էր «Ոզնու» առաջին համարի խմբագրականում:


Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները


1954 թվականին սկսվում են Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները, որոնք շարունակվում են չորս տարի։

1954-1955 թվականներին Լիդիա Դուրնովոյի ղեկավարությամբ վերականգնվում են որմնանկարները: Աշխատանքներում ներգրավվում են ճանաչված նկարիչներ Գրիգոր Խանջյանը, Էմմա Կորխմազյանը, Վանիկ Շարամբեյանը։


Նվերներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի առթիվ


1954 թվականին ԽՍՀՄ-ում մեծ տոնակատարություն էր. նշվում էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակը։

Խորհրդային Հայաստանը անմասն չէր պատմական այս տոնակատարություններին. մամուլում բազմաթիվ հոդվածներ էին տպագրվում հայ-ուկրաինական եւ հայ-ռուսական բարեկամության մասին, իսկ գործարաններում ու կոլտնտեսություններում երախտագիտության ելույթներ էին ձոնվում խորհրդային ժողովուրդների դարավոր բարեկամությանը։

Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակին նվիրված ԽՍՀՄ ԳԽ արտահերթ նիստին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը, որը Մոսկվա էր տարել Երեւանի «Ոսկերիչ» արտելի պատրաստած հուշանվերը։

 

 

Վայքի տուֆից պատրաստված պատվանդանը զարդարված էր ոսկե եւ արծաթե մանրանկարներով։ Պատվանդանի վրա ամրացված էր ԽՍՀՄ պետական գերբը, որը պատրաստված է արծաթից եւ ոսկեզօծված է։ ՌՍՖՍՌ պետական գերբի տակ ոսկե տառերով գրված էր. «Հայ ժողովրդի ազատարար ռուս մեծ ժողովրդին՝ ի պատիվ Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման»։ Պատվանդանին քանդակված էին նաեւ Մինինի, Պոժարսկու եւ Բոգդան Խմելնիցկու բարձրաքանդակները։ Պատվանդանի ներսում տեղադրված էր հատուկ մեխանիզմ, որը ժամը մեկ նվագում էր Խորհրդային միության հիմնը։

 

 

Հայ վարպետները Ուկրաինայի համար նույնպես նվեր էին պատրաստել. Երեւանի Գորգմիության գեղարվեստական արհեստանոցի աշխատակիցները գորգ էին գործել, որի վրա պատկերված էր Բոգդան Խմելնիցկին։


Մահանում է Գեւորգ Զ կաթողիկոսը


1954թ. մայիսի 9-ին մահանում է Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ-ն։ 1938թ. նա նշանակվել էր Ամենայն հայոց հայրապետական տեղապահ, իսկ 1945թ. հունիսին Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս։

 

 

Նրա հուղարկավորությունը տեղի է ունենում 1954թ. մայիսի 27-ին Էջմիածնի Մայր տաճարի բակում։


ԽՍՀՄ գավաթի եզրափակիչը Երեւանում


1954    թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանում է ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը: Երեւանի «Սպարտակը» (հետագայում վերանվանվում է «Արարատ») հանդիպում է Կիեւի «Դինամոյին»:



Եղանակային անբարենպաստ պայմաններում իրեն ավելի լավ է դրսեւորում Կիեւի «Դինամոն»՝ հաղթանակ տանելով 2:1 հաշվով: 


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: