Հայկական Կարմիր. 1979



1979 թվականին խորհրդային զորքերը մտնում են Աֆղանստան, Իրանի շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեւին լքում է երկիրը, 15 տարվա բացակայությունից հետո Թեհրան է վերադառնում Այաթոլա Հոմեյնին, Մարգարեթ Թետչերը դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին մարշալի կոչում է շնորհվում, դադարեցվում է «Կոնկորդ» օդանավերի արտադրությունը, ստեղծվում է մանկական Nickelodeon հեռուստաալիքը:


BB King-ը՝ Երեւանում


1979 թվականի մարտին անհավանական բան է տեղի ունենում՝ Խորհրդային միություն է գալիս Բի Բի Քինգը։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի մշակութային փոխանակման շրջանակում բլյուզի կենդանի լեգենդը համերգներ է տալիս Մոսկվայում, Լենինգրադում, Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում։ Դժվար է պարզել, թե ինչու էին կազմակերպիչները նախապատվությունը տվել Անդրկովկասյան երեք հանրապետության մայրաքաղաքներին: Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Բի Բի Քինգի երկրպագուները կենդանի կատարմամբ լսում էին “The Thrill is Gone”, “Rock me Baby” եւ “Night Life” հիթերը։

 

 

ԽՍՀՄ շրջագայության ավարտից հետո Բի Բի Քինգը հարցազրույցներից մեկում զարմանք էր հայտնել, թե որքան զուսպ էր խորհրդային հանդիսատեսը։

«Տպավորություն կար, որ դահլիճներում բոլորը բոլորից ամաչում էին»,- ասել էր երաժիշտը։ Բացատրությունը կարող ենք գտնել լրագրող Մարկ Գրիգորյանի հուշերում.
«Վաճառվում էին միայն հեռավոր շարքերի տոմսերը: Մնացած մասը՝ մոտ 800 տոմս, բաժանվել էին նոմենկլատուրայի անդամներին: Փառք Աստծո, որ դրանց մի մասը բաժին էր հասել նոմենկլատուրային զավակներին, որոնք քիչ թե շատ գիտեին, թե ինչ է բլյուզը»:

 

 

Բայց հիմքեր կան պնդելու, որ Երեւանից Բի Բի Քինգը, այնուամենայնիվ, հիասթափված չէր հեռացել։ Երեւանում բլյուզի արքան եւ իր խումբը իջեւանել էին «Անի» հյուրանոցում, որի ռեստորանում էին աշխատում Արմեն Թութունջյանը (Չիկո), Լեւոն Մալխասյանը, Ալիկ Զաքարյանը, Գեորգի Մանգասարյանը եւ Գագիկ Եփրեմյանը: Արմեն Թութունջյանը ժամանակին պատմել էր, որ անմոռանալի ջեմ սեշն (համատեղ համերգ) էին ունեցել Բի Բի Քինգի հետ ռեստորանի բեմում:


Մահանում է Երվանդ Քոչարը


1979թ. հունվարի 22-ին մահանում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը։

Նա ծնվել էր 1899-ին Թբիլիսիում։ 1922-ին Քոչարը հաստատվում է Փարիզում եւ միայն 14 տարի անց՝ 1936-ի վերջին, վերադառնում է Հայաստան։ 1941-ին Երվանդ Քոչարին ձերբակալում են, եւ երկու տարի նա բանտում է անցկացնում, իսկ Երեւանի կայարանի մոտակայքում տեղադրված Սասունցի Դավթի արձանը ոչնչացվում է։

Արձանի նոր՝ վերջնական տարբերակը տեղադրվում է 1959թ. դեկտեմբերի 3-ին։

 

 

1975 թվականին Երվանդ Քոչարը երեւանցիների դատին է հանձնում «Վարդան Մամիկոնյան» արձանը (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):

«1 500 տարի հետո, պարզ է, որ այդ պատերազմը կորցրել է իր ուժգնությունն ու դրամատիզմը, բայց հենց դրա համար Կարմիր Վարդանի հրաբորբոք կերպարից պետք է թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցության եւ ազատության կրակը… Իմ Վարդանը՝ ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում: Նրան պետք չէ վահան: Այս կռիվը զենքի զորության կռիվ չէ, այլ գաղափարի: Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզմունքը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին…

 

 

Նրա դիրքն արդեն հաղթողի վսեմ դիրք է: Վարդանը նստած չէ ձիու վրա, այլ բարձրացել է մի փոքր, աջ ոտքով հենվել ասպանդակին, որպեսզի էլ ավելի հուժկու լինի թրի հարվածը: Նա ամբողջապես բաց է` մարմնի ոչ մի մասը չի պատսպարված, քանզի նա չի վախենում մահից, նա ընկճել է մահը: Իսկ ձին` իր հավատարիմ ձին, պետք է ներդաշնակ լիներ տիրոջ հետ, մարդը եւ կենդանին պետք է իրար լրացնեին: Ուստի ձին էլ տիրոջ նման պետք է բացված լիներ, առջեւի ոտքերը պետք է կրկնեին տիրոջ ձեռքերի շարժումը, իսկ հետեւի ոտքերը` օդում լինեին»,- իր հուշերում գրում էր քանդակագործը:


«Դվին» հյուրանոցը


1979թ. Երեւանում շահագործման է հանձնվում «Դվին» հյուրանոցը, որը դառնում է Հայաստանի ամենամեծ հյուրանոցը։

«Դվինը» պատկանում էր «Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ընկերությանը, ուներ 15 հարկ: Ննջարանային մասնաշենքում կար 297 սենյակ, իսկ ռեստորանը, ըստ այն ժամանակվա պաշտոնական հաղորդագրության, կարող էր միաժամանակ սպասարկել 970 մարդու։

Հյուրանոցի հեղինակներն էին Աշոտ Ալեքսանյանը, Էդուարդ Սաֆարյանը եւ Ֆելիքս Հակոբյանը։

 

 

«Նորակառույցի ամբողջ ճարտարապետությունը, ներառյալ ներքին ձեւավորումն ու կահավորումը, համապատասխանում է արդիական պահանջներին։ Նախասրահների ու սրահների ներսը ձեւավորված է գեղագիտական բարձր ճաշակով, ազգային գողտրիկ միջավայրի զուգակցմամբ»,- գրել էր «Սովետական Հայաստան» թերթը 1979թ. փետրվարի 20-ին։


Եկեղեցիների վերանորոգման բացթողումները


1979թ. հունվարին «Սովետական արվեստ» ամսագիրը գրում էր, որ «վերականգնողները հաճախ հոգատարությամբ չեն վերաբերվում անցյալի հուշարձաններին եւ անփույթ կամ սխալ վերականգնումով աղճատում են պատմական հուշակոթողի կերպարը»։

Հոդվածում մասնավորապես նշված էին Ոսկեպարի 7-րդ դարի տաճարի, Սաղմոսավանքի, Հովհանավանքի, Հաղպատի եւ այլ եկեղեցիների վերանորոգման բացթողումները։ Օրինակ՝ Հաղպատի վանքի դիմացի հրապարակը ասֆալտապատել էին, Ոսկեպարի եկեղեցու տանիքի մի մասը քարից էին պատրաստել, այն դեպքում, երբ մնացածը կղմինդրե էր եւ այլն։

 

 

Մեծ խնդիր էր նաեւ եկեղեցիների մոտ կատարվող նոր հուղարկավորություններն ու տապանաքարերը, որոնք ամբողջությամբ խախտում էին եկեղեցիների միջնադարյան ամբողջ ճարտարապետությունը։

«Պատմական հուշարձանների պահպանության գործին ակտիվորեն պիտի մասնակցի մեր ողջ հասարակությունը։ Ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի միջոցով հարկավոր է սեր ու հարգանք հարուցել մեր հուշարձանների հանդեպ, բացատրել դրանց անթառամ արժեքը։ Պատշաճ պրոպագանդի բացակայությունը հանգեցնում է հուշարձանների նկատմամբ առանձին անձանց ու կազմակերպությունների անխնամ եւ հաճախ հանցավոր վերաբերմունքի՝ կոթողների ավերման եւ փչացման»,- եզրափակում էր հոդվածագիրը։


Հայ նկարիչների ցուցահանդեսը Լիսաբոնում


1979թ. Լիսաբոնում բացվում է հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, որը կազմակերպել էին Հայաստանի մշակույթի նախարարությունը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունը եւ Գյուլբենկյան հիմնադրամը։

 

 

Ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Խանջյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի եւ այլ նկարիչների շուրջ 120 ստեղծագործություն։


Վազքի համամիութենական մրցույթը


1979թ. ապրիլի 1-ին Երեւանում անցկացվում է Կրոս վազքի համամիութենական մրցույթը, որն ընթանում էր «Կրոսային վազքուղիներից դեպի օլիմպիական տարածություններ» նշանաբանով։

 

 

Երեւանյան մրցամարտն անցկացվում էր քաղաքային ձիարշավարանում։ Սպորտային մեծ միջոցառմանը պետք է մասնակցեր 1600 հյուր, սակայն 200 քաղաքից ժամանում են 2700 մարզիկ, լրագրող, մարզիչ, մրցավար։

«Դեպի Երեւանի ձիարշավարան տանող ճանապարհներին փողփողում էին ալ դրոշներ, ԽՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը, ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման նկատմամբ կուսակցության ու կառավարության անդուլ հոգատարությունը փառաբանող լոզունգներ։

 

 

Տոնական զարդարանքի մեջ էր գլխավոր մրցավայրը՝ Երեւանի ձիարշավարանը։ Տրիբունաներում, վազքուղիների եզրերին հուրհրատում էին ԽՍՀՄ եւ միութենական հանրապետությունների պետական գերբերն ու դրոշները»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը։


Երիտասարդության պալատի բացումը


1979թ. ապրիլի 7-ին տեղի է ունենում Երիտասարդության պալատի հանդիսավոր բացումը։

Իր ելույթում Կարեն Դեմիրճյանը նշում էր, որ Հայաստանի երիտասարդական կոմերիտական կազմակերպության շարքերում շուրջ կես միլիոն երիտասարդ կա։

«Կուսակցությունը միշտ հենվել եւ հենվում է կոմերիտմիության վրա, նրա մեջ տեսել եւ տեսնում է իր հավատարիմ օգնականին, հայրական մշտական հոգատարություն է ցուցաբերել եւ ցուցաբերում է իր հերթափոխի՝ ամբողջ սովետական երիտասարդության նկատմամբ։ Երեւանում այսօր բացվող երիտասարդության հոյակապ պալատը այդ հսկայական հոգատարության բազում վառ դրսեւորումներից է»,- ասել էր Կարեն Դեմիրճյանը։

 

 

Երիտասարդության պալատն ուներ 18 հարկ, որի վերջին հարկում պտտվող հատակով սրճարան էր։ Կային նաեւ բազմաթիվ այլ շինություններ՝ լողավազան, պսակադրության սրահ, ռեստորան եւ այլն։

Երիտասարդական պալատը հեղինակել են ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը եւ Սպարտակ Խաչիկյանը:

 

 

Հրաչյա Պողոսյանը պատմում է, որ Երիտասարդական պալատի կառուցման համար շատ վայրեր փորձարկվեցին՝ Ազգային ժողովի հետնամասում գտնվող տարածքը, Պասկեւիչի բլուրը եւ այլն: Երիտասարդական պալատը պիտի բարձրադիր, բոլորին երեւացող վայրում կառուցվեր:

Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը, պատմում է.

«Հայրս միշտ եկեղեցի կառուցելու երազանք է ունեցել: Որոշ չափով նա այն իրականացրեց պալատի Ամուսնությունների գրանցման դահլիճը նախագծելու ժամանակ, որտեղ քարե գրասեղանն արված էր հայկական խորանի տեսքով»:

 

 

Ցավոք, սովետական մոդեռնիզմի լավագույն օրինակներից մեկը քանդվեց 2006 թվականին: Երիտասարդական պալատի կառուցման եւ ոչնչացման պատմությանը ծանոթացեք Մեդիամաքսի Երեւան. XX դար նախագծում։


Յուրի Վարդանյանի նոր ռեկորդը


1979թ. ապրիլի 9-ին Բեռլինում ընթացող «Կապույտ թրեր» միջազգային մրցույթի ժամանակ աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը նոր ռեկորդ է սահմանում։

82,5 կգ քաշային կարգում նա հրում վարժությամբ բարձրացնում է 221,5 կգ՝ գերազանցելով մի քանի շաբաթ առաջ իր իսկ սահմանած ռեկորդը։


Ժողովրդական արվեստի թանգարանը Դիլիջանում


1979 թվականին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը Դիլիջանում հիմնում է Ժողովրդական արվեստի թանգարան։ Թանգարանի համար նա հատկացնում է իր տունը, որը Դիլիջանի ամենահին շինություններից մեկն էր եւ ժամանակին իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցն էր։

 

 

Դիլիջանի մշակութային կյանքում Վանիկ Շարամբեյանի ներդրումն անգնահատելի է։

«Նա իր աշակերտներին ստիպում էր նկարել Դիլիջանի հին շենքերը, որոնք, ենթադրվում է, որ պիտի քանդվեին։ Հետո այդ գեղանկարները՝ որպես վավերագրություն, տեղ էին գտնում ազգագրական թանգարաններում։ Նրա հավաքած իրերի հիման վրա թանգարաններ էին ստեղծվում։ Կրթական ծրագրեր էր իրականացնում, թե ինչպես վարպետները վերականգնեն հին, կորած ավանդույթները»,- պատմում է Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը։


«Վերածնունդ» հուշահամալիրը


1979թ. մայիսի 28-ին Ապարանում բացվում է Վերածնունդ հուշահամալիրը, որի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր։

 

 

Համալիրը բաղկացած է երեք հուշակոթողից՝ նվիրված 1915թ. Մեծ եղեռնի զոհերին, 1918թ. Ապարանի հերոսամարտին եւ 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել լուսանկարներ Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի ընտանիքի, Երվանդ Քոչարի թանգարանի արխիվներից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: