Հայկական Կարմիր. 1952




Հայաստանը բաժանվում է 3 օկրուգի


1952թ. հունվարի 17-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Հայաստանը բաժանվում է 3 օկրուգի՝ Երեւանի, Լենինականի եւ Կիրովականի։

Երեւանի օկրուգի մեջ մտնում էին Ազիզբեկովի (ներկայում՝ Վայոց ձորի մարզի մի մասը), Արտաշատի, Հրազդանի, Բերիայի (ներկայում՝ Չարբախ, Շենգավիթ, Արեշ, Նուբարաշեն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա), Վեդու, Գորիսի, Զանգեզուրի, Կապանի, Կոտայքի, Մեղրու, Սիսիանի, Էջմիաշնի շրջանները։

 

 

Լենինականի օկրուգում էին Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Ղուկասյանի, Սպիտակի, Թալինի շրջանները։

Կիրովականի օկրուգում էին Ալավերդին, Վարդենիսը, Կրասնոսելսկը, Մարտունին, Նոյեմբերյանը, Նոր Բայազետը (ներկայում՝ Գավառ), Սեւանը։


Մերգելյանը՝ Ստալինյան մրցանակի դափնեկիր


1952թ. Խորհրդային Հայաստանից Ստալինյան մրցանակի դափնեկիրներ են դառնում ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի եւ մեխանիկայի սեկտորի ավագ գիտաշխատող Սերգեյ Մերգելյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Վաղարշ Վաղարշյանը, Դավիթ Մալյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Օլգա Գուլազյանը, Գեւորգ Աշուղյանը։

Ակադեմիկոս Լավրենտեւը 1952 թվականին պատմել էր, որ Սերգեյ Մերգելյանի թեկնածուական աշխատանքն արժանացել էր բոլոր ընդդիմախոսների ամենադրական արձագանքին, որոնք էլ 20-ամյա գիտնականին շնորհում են ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում։

 

 

«Գիտական խորհուրդը միաձայն ընդունեց որոշում՝ Ս. Ն. Մերգելյանին շնորհել գիտությունների թեկնածուի կոչում, միաժամանակ հարց հարուցելով բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի առաջ հաստատելու Մերգելյանի գիտությունների դոկտորի կոչումը։ Կես տարի անց Ս. Մերգելյանը միաժամանակ ստացավ երկու դիպլոմ՝ գիտությունների թեկնածուի եւ դոկտորի»,- «Ավանգարդ» թերթին տված հարցազրույցում ասել էր ակադեմիկոսը։


Հրանտ Շահինյանը՝ առաջին հայ օլիմպիական չեմպիոնը


1952թ. սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ անհատական առաջնությունում բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճում է մարմնամարզիկ, սպորտի վաստակավոր վարպետ Հրանտ Շահինյանը։

 

 

Մի քանի ամիս անց նա ընդգրկվում է ԽՍՀՄ հավաքականի կազմում ու 1952-ին մեկնում Հելսինկիի Օլիմպիական խաղերին:

Այստեղ նրա հիմնական մրցակիցները թիմակիցներ Վիկտոր Չուկարինն ու Վալենտին Մուրատովն էին: Սակայն Օլիմպիական ոսկին նվաճելու մեծ ցանկությանը ոչ մի մրցակից չէր կարող խանգարել: Շահինյանն օղակների վրա վարժությունում պարզապես փայլեց, տարբեր բարդությունների էլէմենտները նա այնքան հստակ իրացրեց, որ մրցավարները շատ բարձր՝ 9,9 միավոր նշանակեցին:

Հրանտ Շահինյանը դարձավ հայ առաջին Օլիմպիական չեմպիոնը: Սակայն մեկ մեդալով նա չսահմանափակվեց: Նժույգթափում ու բազմամարտում էլ հայ մարմնամարզիկը նվաճում է արծաթե մեդալներ: Նժույգթափում Շահինյանն առաջին անգամ կատարում է մի հնարք, որը հետագայում կոչվում է նրա անունով: Հելսինկիում Շահինյանը նվաճում է եւս մեկ ոսկե մեդալ, այս անգամ թիմային պայքարում:

 

 

Այսպիսի ավարով մինչ այս ոչ մի հայ մարզիկ չէր վերադարձել Հայաստան: Հրանտ Շահինյանը դառնում է բոլոր մարզասերների սիրելին, իսկ նա շարունակում է մնալ նույն հասարակ ու համեստ մարդը:


Մահանում է Հակոբ Մանանդյանը


1952թ. փետրվարի 4-ին մահանում է պատմաբան, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Հակոբ Մանանդյանը։

«Հակոբ Մանանդյանը Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտորն է եղել։ Նա շատ տարիներ, գիտահետազոտական մեծ աշխատանքի հետ միասին, մանկավարժական աշխատանք էր կատարում եւ պատրաստել է պատմաբանների բազմաթիվ կադրեր։

 

 

Ակադեմիկոս Մանանդյանը գրել է Հայաստանի հին եւ միջնադարյան պատմության հիմնական հարցերը շոշափող մի շարք կապիտալ մոնոգրաֆիկ հետազոտություններ՝ «Հայաստանի առեւտրի եւ քաղաքների մասին», «Ֆեոդալիզմը հին Հայաստանում», «Տիգրան Երկրորդը եւ Հռոմը» եւ այլն։ ...Սովետական գիտական հասարակությունն ընդմիշտ կպահպանի մեր երկրի ականավոր գիտնականի հիշատակը»,- ասված էր Գիտությունների ակադեմիայի մահախոսականում։


Անդրկովկասի առաջին պլանետարիումը


1952թ. մարտի 27-ին Երեւանում բացվում է աստղացուցարան՝ պլանետարիում, որը «ճշտությամբ ընդօրինակում է բնական երկինքը»։ Այցելուներն օրվա ցանկացած ժամի կարող էին տեսնել աստղերի եւ մոլորակների շարժումը, տարվա եղանակները, արեգակի եւ լուսնի խավարումները, իսկ ցուցադրությունն ուղեկցվում էր դասախոսությամբ։

Երեւանում բացված պալենտարիումը 13-րդն էր Խորհրդային Միությունում եւ առաջինը՝ Անդրկովկասում։ Պլանետարիումը «Կուլտ-լուս հիմնարկների կոմիտեի «ռեսպուբլիկական գիտալուսավորական թանգարանում էր»։ Հասցեն՝ Ստալինի պողոտա 6։


Երեւանի զարգացման 15 տարվա ծրագիրը եւ կամրջի փլուզումը


1952թ. հուլիսի 1-ին «Ավանգարդ» թերթը տպագրում է Երեւան քաղաքի զարգացման առաջիկա 15 տարիների ծրագիրը, որտեղ մեծ ուշադրություն էր հատկացված այգիներին եւ հանգստի գոտիներին։ Դրանցից մեկը պետք է լիներ Հրազդան գետի ձորում՝ Հաղթանակի կամրջից մինչեւ Արաբկիրի սկզբում կառուցվող մեծ կամուրջը կամ ինչպես այն ժամանակում էին ասում՝ «կառուցվող նոր կամուրջը»։

Նոր կամրջի կառուցումը սկսվել էր 1946-ին, 1951-ին որոշ թերություններ էին հայտնաբերվել, եւ կամրջի շահագործման ժամկետը երկարաձգվել էր։ Հոդվածի հրապարակումից երեք օր անց՝ 1952թ. հուլիսի 4-ին, կամրջի բետոնալցման ժամանակ մետաղյա կոնստրուկցիաները պոկվում են եւ այն փլվում է։ Հետագայում պարզվում է, որ կառուցման ընթացքում թույլ էին տրվել մի շարք շինարարական սխալներ, մասնավորապես՝ ճիշտ չէին զոդվել ամրաններն ու մետաղյա այլ հանգույցները։ Փլուզման հետեւանքով զոհվում է 47 մարդ, շատերը վիրավորվում են։ 375 մետր ընդհանուր երկարություն եւ 60 մետր բարձրություն ունեցող կառույցը շահագործման է հանձնվում 1956 թվականին եւ ստանում է Կիեւյան կամուրջ անվանումը։

 

 

Շոստակովիչի համերգները


1952թ. մարտին կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը Կոմիտասի անվան քառյակի հետ միասին համերգներ է տալիս Անդրկովկասի հանրապետությունների մայրաքաղաքներում՝ Երեւանում, Թբիլիսիում եւ Բաքվում։

 

 

«Կոմիտասի անվան կվարտետի հետ Շոստակովիչի ստեղծագործական համագործակցությունը պատահական չէ։ Հայկական ԽՍՀ Կոմիտասի անվան վաստակավոր կվարտետը Սովետական Միության լավագույն անսամբլներից մեկն է, որի կատարողական հմտությունը, միաձույլ ու նուրբ արվեստը ամենուրեք բարձր գնահատանքի է արժանանում»,- գրել էր «Սովետական Հայաստան» ամսագիրը։


Համերգից բացի, Շոստակովիչը հանդիպում է հայ կոմպոզիտորների եւ երաժշտագետների հետ։ Հայաստանի կոմպոզիտորների միությունը Շոստակովիչին ընտրում է միության վարչության պատվավոր անդամ։


Հրաչյա Աճառյանի հիմնարար աշխատությունը


1952 թվականին լույս է տեսնում Հրաչյա Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի. Համեմատությամբ 562 լեզուների» հիմնարար աշխատությունը (Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1952: Հտ. 1, 494 էջ)։

«Արդեն սկսեց հրատարակվել իմ մեծագույն գործը, որի վրա աշխատել եմ ավելի քան 30 տարի։ Այդ գործն է աշխարհիս բոլոր լեզուների ընդհանուր համեմատական քերականությունը։ Աշխարհում կա ավելի քան 1500 լեզու (մեռյալ եւ կենդանի), որոնցից 900-ը գրից եւ գրականությունից, հետեւաբար եւ տպված քերականությունից զուրկ է։ Մնացյալ 600-ից յուրաքանչյուրն առնվազն մի քերականությամբ ուսումնասիրված է։ Իմ նպատակը եղավ կարդալ այս 600 լեզուների քերականությունը։

 

 

Բացի Երեւանի Պետական համալսարանից եւ մեր հարուստ հանրային գրադարանից, 5 տարի շարունակ պրպտեցի Մոսկվայի եւ Լենինգրադի ճոխ գրադարանները։ Ինձ հաջողվեց կարդալ 562 լեզվի քերականությունը։ Մնացյալ 38 լեզվի քերականությունը անկարելի եղավ ձեռք բերել»,- ասել էր մեծանուն գիտնականը։


«Փակ շուկան»


1952թ. մայիսի 1-ին Երեւանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»:

Շենքի հեղինակը անվանի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն էր։

«Սովետական Հայաստան» ամսագիրը գրում էր. «Ծածկած շուկան ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ստեղծագործական նշանակալից նվաճումն է։ Նա Սովետական Հայաստանի երիտասարդ ու շնորհալի կադրերից է, օժտված ստեղծագործական վառ երեւակայությամբ ու մտահղացումներով։ Մասնակցելով Մոսկվայի երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությանը նվիրված համամիութենական ստուգատեսին, Գրիգոր Աղաբաբյանը 1947թ. արժանացավ երկրորդ, իսկ 1951-ին՝ առաջին կարգի մրցանակի»։

 

 

Շուկան ուներ 70 մետր երկարություն եւ 32 մետր լայնություն, եւ ապահովված էր գյուղատնտեսական բոլոր տեսակի մթերքների վաճառքի համար անհրաժեշտ բաժիններով։ Շուկայում կար նաեւ մսեղենի, կաթնամթերքի ստուգման լաբորատորիաներ։

1952 թվականին Հայաստան այցելած «Ֆինլանդիա-Սովետական Միություն» ընկերության պատվիրակության անդամ Յան Մագնուս Յանսոնն ասել էր.

«Արդի հայկական ճարտարապետությունը լավագույն եւ ամենացայտուն արտահայտությունն է հայ ժողովրդի ազգային զգացմունքի։ Այդ ճարտարապետության մեջ միջնադարյան դասական շենքերի հայկական հին ավանդույթներն ու տարրերը միաձուլված են ժամանակակից կյանքի պահանջներին։ Դժվար է Երեւանի այնքան տպավորիչ հասարակական շենքերի մեջ կանգ առնել որեւէ հատուկ շենքի վրա, բայց առանձնապես ես կնախընտրեմ ծածկած շուկան, ուր գեղարվեստական զգացմունքը միացված է գործնականության ոգու եւ առողջապահական գերազանց պայմանների հետ»։

Լրագրող Տիգրան Լիլոյանը հիշում է.

«Փակ շուկայի աղմուկն ու դրա կենտրոնական մասում գտնվող շատրվանի խշշոցը մինչեւ հիմա ականջումս է: Մեր շուկայի գույները, գունային երանգները, հատկապես, ոսկե աշնանը, աչքերիս առաջ են (ձմռանը շուկան շատ էր կորցնում իր գույները, դառնում մի տեսակ տխուր, սեւ-սպիտակ): Ճիշտ է, շուկայի խայտաբղետ գույները մեկ ակնթարթում մարում էին, երբ դեմ առ դեմ այնտեղ հանդիպում էինք ուսուցիչներից մեկին, ով դասերից ազատ ժամին կամ օրը գալիս էր գնումների՝ նրանք գրեթե բոլորն ապրում էին հարեւանությամբ:

Երբ մուտք էինք գործում շուկա, աստիճաններից ոչ հեռու աջ կողմից «ադի-բուդի» էին վաճառում, որն այժմ արեւմտյան ձևով «փոփ-քոռն» են անվանում: Վաճառողը մտցնում էր կես լիտրանոց «բանկան» հսկայական պարկի մեջ եւ թերթից պատրաստած «կուլյոկի» մեջ էր լցնում այնքան, որքան պետք է:

Այնտեղ էին կանգնում նաեւ հոլ վաճառողները, որոնք ցույց էին տալիս իրենց ապրանքը հենց այնտեղ` բետոնե հատակին: Այս գործի գիտակները կարծում էին, որ հոլ պետք է գնել ոչ թե այստեղ, այլ Չարխ թաղամասում, որը գտնվում էր «Արմենիա» հյուրանոցի երկրորդ, ետնամասի մասնաշենքի եւ Զաքյան փողոցի մեջտեղում, ուր, ի դեպ, N1 դեղատան տեղում այն ժամանակ տեղավորված էր «Մանկական աշխարհ» հանրախանութը:

 

 

Շուկան ոչ միայն տեսարժան վայր էր, այլեւ ոչ մեծ քաղաքի համար (միայն տարիներ անց այն դարձավ միլիոնանոց) հանդիպման վայր: Հանդիպելիս, մարդիկ ողջունում էին միմյանց, հարցնում որպիսությունը, հետաքրքրվում ապրուստով: Այստեղ կարելի էր հանդիպել գիտնականների, արվեստագետների, ճարտարապետների, պետական այրերի: Շուկայով սիրում էին շրջել մոնումենտալ արտաքինով Ալեքսան Կիրակոսյանն ու Ջոն Կիրակոսյանը, այստեղ եմ տեսել Հայաստանի հեռուստատեսության առաջին ղեկավար Ներսես Կագրամանովին, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Էդուարդ Պապյանին, օպերային երգիչ Նար Հովհաննիսյանին: Ասում են (ճիշտն ասած, ինքս չեմ տեսել), մինչեւ 60-ականների վերջերն երբեմն այստեղ էր գալիս նույնիսկ մեծն Մարտիրոս Սարյանն՝ իր նատյուրմորտների համար որեւէ բան ընտրելու նպատակով»:

 

 

2012 թվականին, իշխանությունների թողտվությամբ Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սկսեց շինության ճարտարապետական հորինվածքի խեղաթյուրումը՝ այն հերթական «Երեւան Սիթի» դարձնելու նպատակով: Այսօր Փակ շուկայից մնացել է միայն շենքի դիմային հատվածը:

Այս հղումով կարող եք կարդալ Մեդիամաքսի պատմությունը Փակ շուկայի մասին՝ պատրաստված 2012 թվականին՝ «Երեւան. XX դար» նախագծի շրջանակում:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Հայաստանի Ազգային արխիվի, Լ.Ռասկինի, Դմիտրի Սմիրնովի լուսանկարները, ինչպես նաեւ՝ Ֆոտոլուրի եւ Հրանտ Շահինյանի ընտանիքի արխիվից:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: