Հայկական Կարմիր. 1965



1965 թվականին մահանում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը, սկսվում է Լինդոն Ջոնսոնի երկրորդ ժամկետը ԱՄՆ նախագահի պաշտոնում, Շառլ դը Գոլը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Ֆրանսուա Միտերանին, Ալեքսեյ Լեոնովը դառնում է առաջին մարդը, որը դուրս է գալիս բաց տիեզերք:


Զորավար Անդրանիկի 100-ամյակը


1965թ. փետրվարին «Սովետական Հայաստան» թերթը տպագրում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի հոդվածը՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 100-ամյակին։

Առաջին անգամ խորհրդային մամուլում նշվում էր ազգային-ազատագրական պայքարի մեծ մարտիկի ծննդյան տարեդարձը։ «Սովետական արվեստ» ամսագիրն էլ որոշ կրճատումներով տպագրում է Վիլյամ Սարոյանի «Հայաստանի Անդրանիկը» պատմվածքը։

 

 

1965թ. փետրվարի 4-ին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված էր Անդրանիկը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ասում է.

«Անդրանի՛կ, քա՛ջ զավակ հայ ժողովրդի, դուն՝ ազատության զինվոր, դուն՝ արդար բազուկ, դուն՝ պաշտպան հավատո եւ հայրենյաց, դուն՝ մեր պատմության քարայրներեն լույս աշխարհ եկած նոր օրերու Մհեր. ահավասիկ Ես, Հայոց Հայրապետը, քեզի կու գամ Ս. Էջմիածնեն, Հայոց աշխարհեն, եւ քեզի ողջույն կբերեմ»։


2000 թվականի փետրվարին Զորավար Անդրանիկի աճյունը հատուկ արարողակարգով Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից տեղափոխվեց Հայաստան՝ այդ մասին կարդացեք Մեդիամաքսի Զորավար Անդրանիկի վերադարձը հոդվածում:


Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի պաշտոնական եւ ինքնաբուխ միջոցառումները


1965թ. լրանում է Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը։ Նախկինում Խորհրդային Հայաստանում հայ ժողովրդի մեծագույն ողբերգության իրադարձությունը չէին նշում, չէին ոգեկոչում զոհերին։ Սակայն 1965-ին Ցեղասպանության թեման անտեսել հնարավոր չէր։ Խորհրդային իշխանության վերաբերմունքի փոփոխությունը նկատվում էր նաեւ մամուլում. 1965թ. ապրիլի 24-ին «Սովետական Հայաստան» թերթում լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի եւ Գալուստ Գալոյանի «Արհավիրքից վերածնունդ» հոդվածը, որտեղ նշվում էր 1915-ի Ցեղասպանության, 1,5 մլն հայերի տեղահանության ու ջարդերի, Օսմանյան կայսրության առաջնորդների՝ Թալեաթի, Ջեմալի, Էնվերի եւ մյուսների մեղավորությունը։ Միաժամանակ հոդվածի առանցքում գոյատեւելու, վերածննդի գաղափարն էր, որն իրականություն էր դարձել Հոկտեմբերյան մեծ հեղափոխության եւ խորհրդային կարգերի հաստատման շնորհիվ։

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հրավիրվում է Երեւանի հասարակայնության ներկայացուցիչների ժողով՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 50-րդ տարելիցին։ Միջոցառմանը մասնակցում էին ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը, Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Եղիշե Ասծատրյանը, Բադալ Մուրադյանը, Անտոն Քոչինյանը, Վիկտոր Համբարձումյանը եւ ուրիշներ։

«Հայ ժողովուրդը այսօր առաջին անգամ արժանավայել նշում է մեծ եղեռնի տարելիցը, նրա բյուրավոր անմեղ զոհերի պայծառ հիշատակը։ Մենք նշում ենք այդ տարելիցը ոչ թե ողբով ու լացով, այլ մեր հայրենիքի վերածննդի, նրա բեղուն ներկայի եւ առավել շքեղ ապագայի անպարտելիության վեհ գիտակցությամբ»,- ասել էր Նագուշ Հարությունյանը։

 

 

Նույն օրը Երեւանում տեղի է ունենում բազմահազարանոց երթ, որի մասնակիցները շուտով հավաքվում են օպերայի շենքի մոտ, որտեղ ընթանում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումը։

Ցուցարարները ՀԽՍՀ ղեկավարությանն են հանձնում նամակ, որտեղ նշված էին հիմնական պահանջները. ՀԽՍՀ-ին միացնել Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը, հայրենադարձներին բնակեցնել Նախիջեւանում, արագացնել հայրենադարձության գործընթացը։ Առանձին կետով նշված էր «Յոթ հայրենասերներին» ազատելու պահանջը, որոնք ձերբակալվել էին 1963թ. դեկտեմբերին։ Պահանջների մի մասը քաղաքական էր՝ խիստ անսպասելի եւ անընդունելի խորհրդային համակարգի համար։

Մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, ՀԿԿ կենտկոմն ընդունում է «Երեւանում 1965թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգությունների փաստերի մասին» որոշումը, որտեղ տարբեր մակարդակի կուսակցական կազմակերպություններին հանձնարարվում էր հատուկ ուշադրություն դարձնել «ինտերնացիոնալիզմի եւ ժողովուրդների բարեկամության ոգով դաստիարակությանը»։ Ապրիլի 29-30-ին տեղի է ունենում Կենտկոմի ընդլայնված պլենումը, որին մասնակցում էր շուրջ 200 մարդ։ Պլենումի քննարկման հիմնական թեման մի քանի օր առաջ մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձություններն էին, «ազգայնականության հարցը»։

 

 

Պատմաբան Վահրամ Տեր-Մաթեւոսյանը գրում է, որ 1965 թվականի ազգային պոռթկումը հասունանում էր վաղուց։ «1965 թվականը հայությանը ստիպեց դեն նետել պարտադրված հիշակորստյան քողը, այն դարձավ ազգային ու հավաքական ես-ի վերարժեքավորման առիթ ու պատճառ, ինչպես նաեւ՝ պատմությունը, ներկան եւ ապագան կամրջող իրադարձություն։ Դժվար է ամբողջությամբ չհամաձայնել իմ գործընկերներ Հարություն Մարությանի եւ Սուրեն Մանուկյանի պնդումների հետ ու չշեշտել, որ 1965թ. հաջորդած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր հիշարժան իրադարձություններն իրենց մեջ կրում են թե´ ցեղասպանության հիշողությունը, թե´ 1965 թ. ոգին․ այդ թվում ե´ւ 1988 թ․ շարժումը, ե´ւ արցախյան հաղթանակները։ 1965 թ. մտավորականությունը՝ երիտասարդության հետ ձեռք ձեռքի տված, իրականացրեց անիրականանալին՝ շեղեց իրադարձությունների անխռով ընթացքը ու լիցքավորեց ապագան»,- գրել է նա:

Կարող է զարմանալի թվալ, բայց 1965 թվականի ցույցի եւ հանրահավաքի հետ կապված հարցերը քննարկվում էին «Պոնչիկանոց» սրճարանում:

«1965 թվականին Պոնչիկանոցը շատ մեծ դեր ունեցավ երեւանյան կյանքում: Երեւանցիները նախապատրաստվում էին Ցեղասպանության 50-րդ տարելիցին: Դա կարելի է համարել առաջին ազգային պոռթկումը, եւ Պոնչիկանոցը իր ուրույն դերը խաղաց: Ապրիլի 24-ից երկու-երեք օր առաջ Պոնչիկանոցում անընդմեջ հավաքներ էին լինում, ծրագրավորվում էին միջոցառումները, ժողովրդի հավաքները եւ այլն»,- ժամանակին Մեդիամաքսին պատմել էր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը՝ այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի որդին:

 

 

1965թ. ապրիլի 24-ին, համաձայն Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի՝ 1964թ. օգոստոսի 17-ին ընդունած կոնդակի, Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում, թեմերում, Հայաստանում եւ արտասահմանում կատարվում են կրոնական հատուկ արարողություններ, կազմակերպվում են հիշատակի եւ հարգանքի հավաքույթներ։

***

1965թ. մարտի վերջին Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշման համաձայն շինարարության գործերի պետական կոմիտեն, Երեւանի քաղսովետի գործադիր կոմիտեն եւ Հայաստանի ճարտարապետների միությունը հայտարարում են 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի լավագույն նախագծի մրցանակաբաշխություն։ Մրցութային հայտարարության մեջ նշված էր, որ հուշակոթողը կանգնեցվելու է Երեւանի «Ծիծեռնակաբերդ» կուլտուրայի եւ հանգստի պարկում, եւ «պետք է մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան ու պայծառ ապագան»։ Առաջին մրցանակը 750 ռուբլի էր, երկրորդը՝ 500, իսկ երրորդը՝ 300 ռուբլի։


Թբիլիսի-Երեւան ռադիոռելեային գիծը


1965թ. հունվարի սկզբին ավարտվում է Թբիլիսի-Երեւան 200-կիլոմետրանոց ռադիոռելեային գծի կառուցումը, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում հեռարձակել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ այլ հանրապետությունների հեռուստահաղորդումները։

Առաջին փորձնական եթերն իրականացվում է Ամանորին, որի ժամանակ ցուցադրվում է Մոսկվայի (Կենտրոնական) հեռուստատեսության հաղորդումը եւ Թբիլիսիի համայնապատկերը։

Նոր գծի կառուցումը զգալիորեն բարձրացնելու էր նաեւ հայկական հեռուստատեսության հեռարձակման շրջանակն ու որակը։ Հայկական ԽՍՀ կապի նախարար Թադեւոս Մինասյանցը պարզաբանում էր, որ Հայաստանի աշխարհագրական կտրտվածության պատճառով որոշ շրջաններում հայկական հեռուստատեսության հաղորդումները բնակիչները չեն կարողանում դիտել։

«Օրինակ՝ Ալավերդու շրջանում չեն դիտվում Երեւանյան հաղորդումները, Դիլիջանում մասամբ են դիտվում, Սեւանում՝ վատ»,- ասում էր նա։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի տարբեր շրջաններում կառուցվում էին վերահեռարձակիչներ։

 

 

«Երեւան-Թբիլիսի ռադիոռելեային գիծը լրացուցիչ կտա նաեւ միջքաղաքային 60 գծակապ, իսկ հետագայում կհզորանա 10 անգամ։ Մոտակա տարիներին Երեւան-Թբիլիսի միջքաղաքային հեռախոսային կապը լրիվ կավտոմատացվի, իսկ ներկայիս սարքավորումները կհատկացվեն Հայաստանի հարավային շրջաններին»,- ասում էր Թադեւոս Մինասյանցը։


«Կռունկ» մագնիտոլան


1965թ. Երեւանի սարքաշինական գործարանը թողարկում է Խորհրդային միության առաջին փոքրածավալ «Կռունկ» մագնիտոլան, որը Խորհրդային Հայաստանի առաջին կենցաղային ռադիոսարքն էր։

«Ժամանակակից ճաշակով արտաքին ձեւավորում ստացած մագնիտոլան, որի կորպուսը պատրաստված է հարվածադիմացկուն պլաստմասից, կշռում է ընդամենը 4 կիլոգրամ։ Այն սնվում է «ՑՆԿ» տիպի երկու փոքրիկ ակումուլյատորով, որոնց մեկ անգամվա լիցքավորումը ապահովում է ապարատի 8 ժամվա անընդհատ աշխատանքը։ «Կռունկ» մագնիտոլայի ընդունիչն ունի բարձր զգայունություն, աշխատում է 25-2500 մետր երկարության յոթ ալիքներով։

 

 

Հետաքրքիր կառուցվածք ունի նաեւ քառատող ձայնագրող սարքը, որի փակ կասետների մեջ գտնվող 100 մետր երկարությամբ մագնիսային ժապավենը կարող է ապահովել մագնիտոֆոնի ավելի քան մեկ ժամվա աշխատանքը»,- գրված էր «Կռունկի» նկարագրության մեջ։


Ժակլին Ֆրանսուայի եւ Ժակ Բրելի համերգները


1965թ. հունվարին Երեւան է այցելում ֆրանսիացի երգչուհի Ժակլին Ֆրանսուան, որը Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում չորս օրում հինգ համերգ է տալիս եւ արժանանում հայ երաժշտասերների հիացական գնահատականին։

Նա կատարում է ինչպես իր, այնպես էլ Շառլ Ազնավուրի երգերը։

«Շառլի հետ մենք վաղուց ենք բարեկամացել, դեռեւս այն ժամանակներից, երբ Փարիզում մեր ընտանիքներն ապրում էին մի ընդհանուր բնակարանում։ Ես այսօր ուրախ եմ, որ երեւանյան առաջին ելույթս համընկավ Ազնավուրի նոր ծրագրի կատարմանը Փարիզում։ Այսօր ամենաջերմ զգացումներով հեռագիր եմ ուղարկել Շառլին՝ նրան նոր հաջողություններ մաղթելով»,- ասել էր Ժակլինը:

 

 

1965 թվականին Երեւանում համերգ է տալիս նաեւ նշանավոր շանսոնյե Ժակ Բրելը։

Նրա համերգից հետո «Սովետական արվեստը» գրել էր.

«Նրա յուրաքանչյուր երգը ընդհանրացված կերպար է, մերկացնում է, ծաղրում, ակտիվ գործողության կոչում։ Դրա մեջ է Ժակ Բրելի արվեստի իմաստը, քաղաքացիական նշանակությունը։ Եվ հենց դա է պատճառը, որ բելգիացի հարուստ արդյունաբերողի որդին, կիթառը թեւատակին, գրպանը դատարկ հեռանալով հայրական տանից, այդքան արագ ճանաչում եւ ժողովրդականություն ձեռք բերեց Փարիզում։

 

 

Փարիզում՝ հռչակավոր շանսոնյեներ Շարլ Տրենեի, Էդիտ Պիաֆի, Իվ Մոնտանի, Շառլ Ազնավուրի քաղաքում, ուր ճանաչման հասնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական ձայն եւ սեփական խնդիրներ արվեստում»։


Մահանում են Համո Բեկնազարյանը եւ Հրաչյա Քոչարը


1965թ. ապրիլի 27-ին մահանում է ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը։

«Մեզնից հեռացավ մեծ մարդը՝ Հ. Բեկնազարյանը, մեզ եւ սերունդներին թողնելով հարուստ ժառանգություն, մեր սրտերում թողնելով քաղաքացու եւ արվեստագետի իր պայծառ կերպարը»,- ասված էր կառավարական մահախոսականում։


1965թ. մայիսի 2-ին կյանքից հեռանում է գրող Հրաչյա Քոչարը (Հրաչյա Քոչարի Գաբրիելյան)։

«Հեռանալով, ավելի տեսանելի դարձրեց այն տեղը, որ նա գրավում էր հայ հասարակայնության, հայ գրականության մեջ, իր ժողովրդի կյանքում։ Ու պարզվեց, որ շատ մեծ էր նրա այդ տեղը, որ նա ժամանակակիցներին ավանդում է այնպիսի հատկություններ, որոնք հարկավոր են յուրաքանչյուր սովետական ստեղծագործողի, հարկավոր են հայ երիտասարդության դաստիարակման համար։ Այդ հատկությունները,- Քոչարի կենդանի ձայնով,- ինձ ներկայանում են նախ իբրեւ արիություն, ապա՝ ճշմարտություն խոսքի ու մտածողության մեջ եւ հետո՝ սեր հարազատ ժողովրդի հանդեպ»,- գրել էր Մարիետա Շահինյանը։


Ծովակալ Իսակովը՝ ԽՍՀՄ հերոս


1965թ. մայիսի 8-ին՝ Հայրենական մեծ պատերազմի 20-րդ տարեդարձի առիթով, ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Անաստաս Միկոյանը Լենինի շքանշան եւ Խորհրդային միության հերոսի «Ոսկե աստղ» է հանձնում Հովհաննես Իսակովին։

Հայազգի ծովակալը մասնակցել էր պատերազմին, Տուապսեում ծանր վիրավորվել, սակայն հետագայում շարունակել էր ծառայությունը։ 1965-ին նա միակն էր, որ կրում էր ԽՍՀՄ ծովակալի տիտղոսը, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ էր, բազմաթիվ գրքերի ու ուսումնասիրությունների հեղինակ։

 

 

Բարձր պարգեւը ստանալուց հետո Իսակովը խնդրել էր «Սովետական Հայաստան» թերթին տպագրել իր շնորհակալական խոսքը.

«Ես անսահմանորեն երջանիկ եմ, որ կուսակցության եւ կառավարության կամքով կարողացա կանգնել իր հարազատ սոցիալիստական հայրենիքի այնպիսի հիանալի մարդկանց շարքում, ինչպիսիք են ընկերներ Բաղրամյանը կամ անմոռանալի Նելսոն Ստեփանյանն ու Հունան Ավետիսյանը եւ Սովետական Միության բազմաթիվ մյուս հերոսները։ Ահա թե ինչու խնդրում եմ ձեր թերթի միջոցով խորը երախտագիտությունս հայտնել Հայաստանից՝ տարբեր կազմակերպությունների, բարեկամների եւ առանձին, նույնիսկ անծանոթ, ընկերների ուղարկած բազմաթիվ շնորհավորանքների համար»։


«Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրը


1965 թվականին Ազգային պատկերասրահի հարեւանությամբ տեղադրվում է «Յոթ աղբյուր» (ըստ հին հայկական ասացվածքի՝ «Ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում») ցայտաղբյուրը:



Ցայտաղբյուրի հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը:

1990-ականներին գողացվել էին ցայտաղբյուրի գլխիկները: 2010 թվականին տեղադրվեցին նոր գլխիկներ, որոնց հեղինակն է դիզայներ-ոսկերիչ Նուռը:

 

 

««Յոթ Աղբյուր» ցայտաղբյուրի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Այն ժամանակ, երբ Հենրիկ Իգիթյանի կենտրոնում նկարչություն էի ուսանում, «ֆլեշմոբ» հասկացողությունը չկար: Ընկերներով գնում էինք ցայտաղբյուրի մոտ ու միաժամանակ մոտենում ու ջուր էինք խմում: Լինում էր, երբ ութ հոգով էինք մոտենում, մեկի ծափահարությունից հետո բոլորս շրջվում ու ջուր էինք խմում: Ութերորդը միշտ ստիպված էր լինում սպասել իր հերթին»,- պատմել է Նուռը:


Ռուսական երաժշտության տասնօրյակը


1965թ. մայիսի 27-ից հունիսի 7-ը Հայաստանում անցկացվում է ռուսական երաժշտության տասնօրյակը, որին մասնակցում էին մոտ 500 ռուս երգիչներ, կոմպոզիտորներ, բալետի եւ էստրադայի վարպետներ։

 

 

Հյուրերի թվում էին Տիխոն Խրեննիկովը, Իվան Պետրովը, Արկադի Ռայկինը, Գալինա Վիշնեւսկայան, Յուրի Ժդանովը, Գեորգի Սվիրիդովը, Դմիտրի Շոստակովիչը, Դմիտրի Կաբալեւսկին, Բորիս Բրունովը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Լյուդմիլա Զիկինան։

«Հայաստանում ռուսական երաժշտության օրերը ես չեմ մոռանա իմ ողջ կյանքում։ Չեմ մոռանա եղբայրական հյուրընկալությունը, բարյացակամ վերաբերմունքն իմ երաժշտության հանդեպ, Հայաստանի զարմանահրաշ բնությունից ստացած տպավորությունները, հանդիպումները իմ թանկագին արվեստակիցների՝ հայ հրաշալի կոմպոզիտորների հետ»,- «Սովետական արվեստ» ամսագրում գրել էր Տիխոն Խրեննիկովը։

 

 

«Հիացած եմ ռուսական ժողովրդական երգերի հանդեպ ձեր սիրով։ Ես հաճույքով կհիշեմ ձեզ մոտ անցկացրած այս օրերը։ Ձեր հյուրընկալության ջերմությունը ողջ կյանքում կմնա իմ սրտում»,- այսպիսի տպավորություններ ուներ Լյուդմիլա Զիկինան։


Հայաստան է այցելում Ալան Հովհաննեսը


1965 թվականին Հայաստան է այցելում ամերիկահայ նշանավոր կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը։ Նրա հայրը՝ Հարությունը, 1908թ. Ադանայից Բոստոն էր տեղափոխվել, որտեղ էլ 1911-ին ծնվել է Ալանը։

Հայաստան առաջին այցելության ժամանակ Ալան Հովհաննեսը արդեն շուրջ 200 երաժշտական ստեղծագործությունների հեղինակ էր։

 

 

Երեւանում Ալան Հովհաննեսի հետ զրուցում է Կարպիս Սուրենյանը։

«...Մի րոպե լուռ նայում ենք Արարատին։ Այս պահին, իրոք, զարմանալիորեն խորհրդավոր է նա։ Գորշ ամպերի մի դեզ ծածկել էր երկնքի այդ կողմը, դրա հետեւից արեւը ողողել է երկու մասիսները, ձյուները պսպղում են ինչ-որ թափանցիկ քողի տակ։ Եվ Արարատը թվում է հնադարյան, անիրական մի աշխարհում։ Ալան Հովհաննեսը հանկարծ արտասանում է.

- Արարատի ծեր կատարին
Դար է եկել վայրկյանի պես
Ու անցել։
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամադին,
Ու անցել»:

- Այս բանաստեղծության վրա երգ եմ գրել,- մեղմ ժպտում է նա»։


«Բարեւ, ես եմ»


1965թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Բարեւ, ես եմ» ֆիլմը, որը հաջորդ տարի ներկայացվում է Կաննի կինոփառատոնին, իսկ 1967-ին արժանանում ՀԽՍՀ պետական մրցանակի։ Ֆիլմի ռեժիսորը Ֆրունզե Դովլաթյանն է, սցենարի հեղինակը՝ Առնոլդ Աղաբաբովը, օպերատորը՝ Ալբերտ Յավուրյանը։

 

 

Առ այսօր «Բարեւ, ես եմ»-ը միակ հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է Կաննի փառատոնում:

Ֆիլմում խաղում են Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Գալյա Նովենցը, Նատալյա Ֆատեեւան, Մարգարիտա Տերեխովան։ Այս ֆիլմը դեբյուտային էր Տերեխովայի եւ Նովենցի համար:



«Ֆրունզե Դովլաթյան․ Համատեղ արշավ դեպի անցյալ» հոդվածում Սիրանույշ Գալստյանը գրում է.

«Ֆիլմի գլխավոր հերոսը, ըստ էության, հայ կինոյի առաջին ինտելեկտուալ հերոսն է, եւ որի ընտրությունը նույնպես պատահական չէր: Փաստենք, որ դա պայմանավորված չէր այն տարիների կինեմատոգրաֆում «նորաձեւ» կամ հրատապ համարվող «ֆիզիկայի եւ լիրիկայի» թեմայի պոպուլյարությամբ: Գլխավոր հերոսի նախատիպը խորհրդային ողջ գիտության մեջ իր եղբոր` ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովի հետ վիթխարի ներդրում ունեցած, 35 տարեկան հասակում ակադեմիկոս դարձած հայ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանն է:

 

 

Մի մարդ, ով խոշոր գիտնական լինելուց զատ, նաեւ մեծ հայրենասեր էր եւ նվիրյալ: 1942-ին գալով Հայաստան` Ալիխանյանը եղբոր հետ ստեղծել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, այնուհետեւ նրա նախաձեռնությամբ է կառուցվել Երեւանի էլեկտրոնաօղակային արագացուցիչը: Նրա գործունեության այդ հատվածն է ներկայացված «Բարեւ, ես եմ» կինոնկարում: Այդպես, երբ իր իսկ խոսքերով ասած` «Երեւանի տեսարժան վայրերից մեկը դարձած» ֆիզիկոսը հանդուգն որոշում է կայացնում` թողնել լաբորատորիան, որի աշխատանքն առանց իրեն կգնա, իջնել լեռներից եւ արագացուցիչ կառուցել, նրա ռուս ընկերը` ֆիզիկոս Օլեգ Պոնոմարյովը (Ռոլան Բիկով) հարցնում է. «Բայց ինչո՞ւ Երեւանում: Ինչո՞ւ ոչ Մոսկվայում…», վերջինս պատասխանում է. «Ի՛նչ ես խելքդ տվել` Մոսկվա, Մոսկվա…»:

 

 

Իսկ ընկերը, ֆիլմի հեղինակների մտահղացմամբ, շարունակում է հնչեցնել նույն անհանգիստ միտքը. «Դա դժոխային աշխատանք է: Կյանքիդ կեսը կմաշես»: «Ոչինչ, կմաշեմ»,- հանգիստ ու պատրաստակամ պատասխանում է Արտյոմը: Նրան չի վախեցնում, ետ չի պահում Հայաստանում նախաձեռնած գործին սպասվող դժվարությունների հեռանկարը»:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ Սուրեն Մանվելյանի լուսանկարները:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: