1984 թվականին մահանում է ԽՍՀՄ ղեկավար Յուրի Անդրոպովը, որին փոխարինում է Կոնստանտին Չերնենկոն, թիկնապահները սպանում են Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին, ամերիկացի զինծառայողները լքում են Բեյրութը, Թուրքիայի հարավ-արեւելքում սկսվում է քրդերի զինված պայքարը, մեկնարկում է Apple Macintosh համակարգիչների վաճառքը, Խորհրդային միությունը բոյկոտում է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը, ստեղծվում է Modern Talking խումբը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը
1984թ. հունվարի 23-ին բացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որը Բաղրամյան պողոտայի եւ Պլեխանովի (ներկայում՝ Զարոբյան) փողոցների անկյունում է։
1947թ. այդ տունը Խորհրդային Հայաստանի կառավարությունը նվիրել էր կոմպոզիտորին, իսկ թանգարան կառուցելու որոշումն ընդունվել էր 1976 թվականին, եւ Արամ Խաչատրյանը հասցրել էր ծանոթանալ Մարկ Գրիգորյանի նախագծի էսքիզներին։
Բացման արարողությանը մասնակցում էր Կարեն Դեմիրճյանը, պետական ու կուսակցական բազմաթիվ պաշտոնյաներ։
«Թանգարանի տասը դահլիճներում ցուցադրված շուրջ հինգ հազար միավոր նյութերը ներկայացնում են կոմպոզիտորի բազմաբեղուն կյանքի ուղին։ Մեծադիր լուսանկարներ, գունագեղ աֆիշներ, համերգների եւ ներկայացումների ծրագրեր, փաստաթղթեր։
Սենյակներից մեկում դրված է այն դաշնամուրը, որի վրա մեծ կոմպոզիտորը ստեղծել է իր երկրորդ սիմֆոնիան, «Գայանե» եւ «Սպարտակ» բալետները, մյուս անմահ գործերը»,- գրել էր «Սովետական Հայաստանը»։
Դեմիրճյանը քննադատում է ապրանքների ցածր որակը
1984թ. հունվարին ՀԿԿ կենտկոմի պլենումում առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ձեռքբերումների ու պլանի կատարումից զատ, խոսում էր թերությունների մասին` հատկապես շեշտելով բոլոր տեսակի ապրանքների ցածր որակը։
«Մենք մեքենաշինության մեջ, կարողությունների մեծացմանը զուգընթաց, պետք է շեշտը դնենք թողարկվող արտադրանքի որակի բարձրացման վրա։ ...Մենք պետք է արագացնենք տեխնիկական վերազինումը եւ բարձրացնենք արտադրանքի ու աշխատանքի որակը»,- ասում էր Դեմիրճյանը։ Նա նշում էր, որ Խորհրդային Հայաստանում 100-ից ավելի ձեռնարկություններ պետական որականիշով ոչ մի արտադրանք չեն տվել։ «Հանրապետությունում պատրաստվող մեքենաներն ու սարքավորումները պետք է լինեն բարձրորակ, այնպիսին, որ դրանց գերապատվություն տրվի ներմուծվող ապրանքների համեմատությամբ։ Սա կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական առումով»,- շեշտում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը։
Որքան էլ կուսակցությունը որակի բարձրացման պահանջներ էր ներկայացնում ձեռնարկություններին, այնուամենայնիվ, խորհրդային արտադրանքը էապես զիջում էր ոչ միայն «կապիտալիստական Արեւմուտքին», այլեւ Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրներին։ Մարդիկ ցանկանում էին ձեռք բերել որակյալ՝ «իմպորտնի» կենցաղային իրեր, որոնք խանութներում հազվադեպ էին պատահում, վաճառվում էին «ծանոթով» եւ ավելի թանկ, ինչի պատճառով էլ սպեկուլյացիան ու ապրանքային դեֆիցիտը ծաղկում էր։
Բեթհովենի անվան համերգասրահը Դիլիջանում
1984թ. հունվարի 28-ին Դիլիջանի Կոմպոզիտորների հանգստյան տան տարածքում բացվում է Բեթհովենի անվան համերգասրահը, որն ուներ 600-տեղանոց համերգասրահ, փորձասենյակներ եւ այլ անհրաժեշտ կառույցներ։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար Էդվարդ Միրզոյանը հայտարարում է, որ «շարք է մտնում մշակութային մի կենտրոն, որը կոչված է խթանելու մեր երաժշտական կյանքի վերելքը եւ կարեւոր նշանակություն է ունենալու համամիութենական, միջազգային առումով»։
Համերգասրահը կառուցած շինարարները դահլիճի խորհրդանշական բանալին հանձնում են կոմպոզիտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Տիխոն Խրեննիկովին։
Մահանում է Շիրազը
1984թ. մարտի 14-ին մահանում է Հովհաննես Շիրազը։ Սիրված բանաստեղծի հուղարկավորությունը վերածվում է ժողովրդական սգի, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ։
Նրա մահախոսականում Վահագն Դավթյանը գրում է.
«Մայրերի ու բանաստեղծների մահն ինչ-որ չափով նման է իրար։ Բանաստեղծներն էլ մայրերի նման տարիք չունեն, ինչ տարիքում էլ մահանան նրանք, անժամանակ է, քանի որ նրանց մահով խիղճն ու բարությունն ինչ-որ չափով որբացած են զգում իրենց։ Նա «Գարնանամուտով» եկավ գրականության մեջ։ Գարնանամուտ է, ու նա հեռացավ կյանքից»։
Վրացի բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլին ցավակցական հեռագրում Շիրազին համեմատում էր 20-րդ դարի նշանավոր բանաստեղծների հետ. «Գարսիա Լորկա, Բորիս Պաստերնակ եւ Գալակտիոն Տաբիձեի հետ, մեծն Պարույր Սեւակի վախճանվելուց հետո մեր դարը չէր ունեցել պոետական հանճարի այնպիսի կորուստ, ինչպիսին Հովհաննես Շիրազինն է։ Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում վառվում էր Նարեկացու եւ Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը»։
Հովհաննես Շիրազի հուղարկավորությունը տեղի է ունենում մարտի 17-ին։ Վերջին հրաժեշտի արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի սրահում էր։ Հովհաննես Շիրազը հուղարկավորվում է Կոմիտասի անվան պանթեոնում։
Ֆիզիկական պատրաստության ցածր մակարդակը
1984թ. Խորհրդային միությունում անցկացվում է կրթական համակարգի ռեֆորմ, որի նպատակն էր բարելավել դպրոցներում աշխատանքային դաստիարակությունը, օգնել երեխաների հետագա մասնագիտական կողմնորոշմանը, զարգացնել դասավանդման պոլիտեխնիկական, գործնական ուղղվածությունը։
Տասնյակ էջեր կազմող փաստաթղթից այն ժամանակվա աշակերտների ու ծնողների համար ամենակարեւորն այն էր, որ երեխաները պետք է դպրոց հաճախեին 6 տարեկանից եւ նախկին 10-ի փոխարեն սովորեին 11 տարի։ Բացի այդ, դպրոցներում սկսում են անցնել մի շարք նոր առարկաներ, մասնավորապես՝ «Ինֆորմատիկա»-ն, ինչը պայմանավորված էր համակարգչային տեխնիկայի զարգացումով։
Դպրոցներում առավել մեծ ուշադրություն էին դարձնում նաեւ «ֆիզկուլտուրա» առարկային, եւ երեխաները 8-րդ դասարանում ավարտական քննություն պետք է հանձնեին։
Ֆիզկուլտուրայի նկատմամբ դպրոցներում եւ բուհերում կար բավականին քամահրական վերաբերմունք: Ճիշտ է, դասերն անցկացվում էին, սակայն դրանք հեռու էին պահանջվող չափորոշիչներից։ Այս համատեքստում ուշագրավ է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս Արամ Սարգսյանի հոդվածը, որտեղ նա ներկայացնում էր պատկերը.
«Դառը ճշմարտություն է՝ դպրոցն ավարտած պատանիների ու աղջիկների գերակշիռ մասի ֆիզիկական զարգացման եւ պատրաստականության մակարդակը ցածր է պետականորեն սահմանված նորմատիվ պահանջներից։ Ավելին՝ բուհ են ընդունվում մեծ թվով վատառողջ պատանիներ ու աղջիկներ եւ այն էլ այնպիսի ֆակուլտետներ, որտեղ նրանք պետք է մասնագիտական լուրջ հմտություններ ձեռք բերեն նաեւ «ֆիզիկական դաստիարակություն» առարկայից։ Մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական դաստիարակության ֆակուլտետի երեք կուրսերում սովորում է մոտ 300 ուսանող, որից 59-ը հիվանդության պատճառով չի հաճախում ֆիզկուլտուրայի դասերի, իսկ մյուսների ֆիզիկական պատրաստությունն ուղղակի ցածր մակարդակի է»։
«Հայֆիլմի» խնդիրներն ու ապագան
1984թ. հունվարին «Սովետական արվեստ» ամսագիրը դիմում է կինոարտադրության բնագավառի մասնագետներին՝ փորձելով պարզել, թե ինչպես են նրանք պատկերացնում «Հայֆիլմի» ապագան, եւ ինչ խնդիրներ կան։
Դժգոհությունների մի մասը վերաբերում էր հենց «Հայֆիլմի» շենքին։ Նկարիչ Ռաֆայել Բաբայանը նշում էր, որ նոր շենքի նախագիծն արդեն իսկ հնացած էր, կառուցումը ձգձգվել էր եւ չէր համապատասխանում նոր պահանջներին։
«Տաղավարների առաստաղն այնքան ցածր է, որ բարձր դեկորները չեն տեղավորվում։ Կահույքի մի մասը նկուղներում է փչանում, զգեստները առանց դասակարգման իրար վրա են դարսված՝ հատուկ հանդերձարաններ չլինելու պատճառով»,- ասում էր նա։
«Երբ տեղափոխվում էինք կինոստուդիայի նոր շենքը, ես այն պատկերացումն ունեի, որ կլինեն ֆիլմ ստեղծողներին անհրաժեշտ բոլոր արտադրամասերը։ Իսկ այժմ մեր աշխատանքը հանգեցնում է այն եզրակացության, որ ոչ թե սպասարկող բաժանմունքներն են նպաստում ֆիլմերի ստեղծմանը, այլ նկարահանող խմբերն աշխատում են, որպեսզի այդ բաժանմունքները պահպանեն իրենց գոյությունը»,- գրում էր օպերատոր Ալբերտ Յավուրյանը։
Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի կարծիքով պակասել էր հասարակական հետաքրքրությունը, եւ մեղքի առյուծի բաժինը համարում կինոքննադատներին։ «50-60-ական թվականներին կար կինոքննադատների միաձույլ մի խումբ։ Հետո նրանց ուշադրությունը կինոյից անցավ թատրոն, եւ այժմ կինոյի մասին գրում են ոչ թե քննադատները, այլ գրախոսները։ Իսկ գովերգող կամ ջարդարար հոդվածները հավասարաչափ վնասակար են»,- նշում էր ռեժիսորը։
Բացվում է Մարզահամերգային համալիրը
1984թ. հոկտեմբերի 13-ին պաշտոնապես բացվում է Մարզահամերգային համալիրը։
«Այսօր Սովետական Հայաստանի մայրաքաղաքի կյանքը նշանավորվում է խոշոր ու նշանակալից մի իրադարձությամբ. ամբողջությամբ շարք է մտնում հոգեւոր ու մարզական կուլտուրայի նոր սքանչելի օջախը՝ մարզահամերգային համալիրը, որը մեր հինավուրց եւ հավերժ երիտասարդ Երեւանի իսկական զարդերից է»,- ողջույնի խոսքում նշում էր Կարեն Դեմիրճյանը։
Մարզահամերգային համալիրի ճարտարապետներն էին Կորյուն Հակոբյանը, Արթուր Թարխանյանը, Հրաչ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գեւորգ Մուշեղյանը։ Համալիրը համարվում էր ժողովրդական կառույց, որին մասնակցել էին հազարավոր մարդիկ։
«Համալիրի շինարարությանը եւ նրա շրջակա տարածքի բարեկարգմանը ամենաեռանդուն մասնակցությունն է բերել մեր երիտասարդությունը։ Կառույցում իսկական կոմերիտական ավյունով են աշխատել մեր ուսանողները, տեխնիկումների ու պրոֆտեխուսումնարանների սովորողները, շատ դպրոցականներ, հազարավոր մարդիկ շինարարներին օգնել են շաբաթօրյակների ժամանակ»,- նշում էր Կարեն Դեմիրճյանը։
Մարզահամերգային համալիրից իրենց գոհունակությունն էին հայտնել նաեւ մշակույթի նշանավոր գործիչները։ Հովհաննես Չեքիջյանը նշում էր, որ նման համերգասրահ չկա ամբողջ Խորհրդային միությունում. «Շինարարության ընթացքում մի քանի անգամ եղել եմ Ծիծեռնակաբերդում. նույնիսկ անավարտ վիճակում դահլիճը հիացնում է։ Բարդ ու հետաքրքիր ակուստիկ նախագիծը հնարավորություն կտա երաժշտասերներին ցուցադրել մեծ կտավի ստեղծագործություններ եւ, վերջապես, Երեւանում ունկնդրել աշխարհահռչակ կատարողների»,- ասել էր մաեստրոն։
Կոնստանտին Օրբելյանը նույնպես նշում էր, որ այդպիսի համերգային սրահ չի տեսել ամբողջ ԽՍՀՄ-ում։ Բացի այդ, նա կարեւորում էր համալիրի տեխնիկական հագեցվածությունը. «Երեւանի մարզահամերգային համալիրը հագեցած է ամենաառաջնակարգ ռադիոսարքավորումներով, եւ մեր երրորդ ելույթին միայն մեզ հաջողվեց հասնել նվագախմբի, մենակատարների լիարժեք հնչողության։ Սարքավորումը պահանջում է հնչյունային տեխնիկայի եւ ռեժիսորների բարձր պրոֆեսիոնալիզմ»։
«Լեռնային պար»
1984 թվականին «Դվին» հյուրանոցի հարեւանությամբ տեղադրվում է Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» արձանախումբը, որի վրա քանդակագործն աշխատել էր շուրջ հինգ տարի: Նախնական գաղափարի համաձայն արձանախումբը պետք է լիներ բրոնզից, սակայն հետո նախընտրություն տրվեց պղնձին:
Շուրջ 30 տարի անց, 2013-ին, արձանախումբը ավերվել եւ մասնատվել էր՝ չարագործները օգտվել էին այն բանից, որ «Դվին» հյուրանոցը չէր գործում, իսկ տարածքը չէր հսկվում:
Մի քանի տարի անց Տիգրան Արզումանյանը վերականգնեց «Լեռնային պար»-ը, որն այժմ էլ տեղակայված է «Դվին»-ի հարեւանությամբ:
Պուգաչովայի պատմական համերգը «Հրազդանում»
1984 թվականին ԽՍՀՄ ամենահայտնի աստղը՝ Ալլա Պուգաչովան, համերգ տվեց լեփ-լեցուն «Հրազդան» մարզադաշտում:
Այդ համերգի հատվածներն ընդգրկվել են 1985 թվականին թողարկված «Пришла и говорю» ֆիլմի մեջ:
Համերգից 25 տարի անց Ալլա Պուգաչովան ասել էր.
«Նման ելույթ ես ընդամենը մեկ անգամ եմ ունեցել: Եվ, փառք Աստծո, դա նկարահանված է ֆիլմում: Եվ երբ ես տխուր եմ կամ վստահ չեմ որեւէ բանի մեջ, կրկին նայում եմ այդ կադրերը՝ իմ ելույթը «Հրազդան» մարզադաշտում:
Ինչպիսի անկեղծ զգացմունքներ, ինչպիսի անկեղծություն հանդիսատեսի աչքերի մեջ: Ինչպես են նրանք ծափահարում: Ինչպես են ընդունում: Ի վերջո, ի՞նչ կարելի էր տեսնել: Մի փոքր տեղաշարժվող կետ, այն տարիներին էկրաններ չկային: Այդպիսի պահերը չեն մոռացվում»:
«Մեր մանկության տանգոն»
1984 թվականին էկրան է բարձրանում «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմը։
Ֆիլմի թեւավոր դարձած խոսքերը, որ արտասանում է Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։
- Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։
- Վառե՜, վառե՜։
- Կվառեմ, հենց պտի վառեմ։
- Քու գործդ մենակ վառելն է։
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Հրաչ Պողոսյանի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի, Լիլիթ Եփրեմյանի արխիվներից: