1970 թվականին ԽՍՀՄ-ում անցկացվում է մարդահամար, Փոլ ՄաքՔարթնին հայտարարում է The Beatles-ի բաժանման մասին, Բրազիլիայի հավաքականը դառնում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, մահանում է Ջիմի Հենդրիքսը, Ալեքսանդր Սոլժենիցինը դառնում է Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Սահմանախախտ ամերիկացի գեներալները
1970թ. հոկտեմբերի 21-ին U-8 Beechcraft փոքր մարդատար ինքնաթիռը հատում է Թուրքիայի եւ Խորհրդային միության սահմանը եւ վայրէջք կատարում Լենինականի օդանավակայանում։
Դեպքի առթիվ ՏԱՍՍ-ը հաղորդում էր.
«Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մի ինքնաթիռ խախտեց ԽՍՀՄ օդային տարածությունը եւ վայրէջք կատարեց Լենինական քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանում։ Օդանավը սարքին վիճակում է։ Նրա մեջ եղած չորս անձինք իրենց անվանեցին. ամերիկյան գեներալ Շերեր, ամերիկյան գեներալ Մաքուերի, ամերիկյան ռազմաօդային ուժերի մայոր, ինքնաթիռի օդաչու Ռասել եւ թուրքական գնդապետ Դենելի։ Հիշյալ բոլոր անձինք ողջ եւ առողջ են։ Սովետական իրավասու մարմիններին հանձնարարված է հետաքննել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիշյալ ինքնաթիռի կողմից ԽՍՀՄ պետական սահմանի խախտման հետ կապված հանգամանքները»։
Թուրքական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը վատ եղանակի պատճառով պատահմամբ էր հայտնվել Լենինականում։ Նույն տեսակետն էր հայտնել նաեւ Պենտագոնը։ Նշվում էր, որ ամերիկացի զինվորականները եւ թուրք սպան Էրզրումից ուղեւորվում էին Կարս։
ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանը դիմում է Խորհրդային միության արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով անհապաղ ազատ արձակել գեներալներին, քանի որ սահմանախախտումը պատահականության արդյունք էր։
Հոկտեմբերի 27-ին ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան երկու ներկայացուցիչ Լենինականում հանդիպում են ամերիկյան զինվորականների հետ։ Հանդիպման ժամանակ օդաչուն պատմում է, որ ուժեղ քամու եւ իր սխալի պատճառով են հատել սահմանը՝ շփոթելով Լենինականը Կարսի հետ:
Հոկտեմբերի վերջին «Պրավդայում» միջադեպի մասին հոդված է տպագրվում, որտեղ արդեն գրված էր, թե ինքնաթիռը սխալմամբ է հատել խորհրդային սահմանը։ 1970թ. նոյեմբերի 10-ին ամերիկացի զինվորականներն ու թուրք գնդապետը հասնում են Կարս, ապա՝ Անկարա։
«Հայկական արվեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը»՝ Փարիզում
1970թ. հոկտեմբերի 16-ին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում բացվում է «Հայկական արվեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցադրությունը, որը տեւում է շուրջ երեք ամիս։ Ներկայացվում է Հայաստանի պատմության, արվեստի, արհեստների, գեղանկարչության շուրջ 900 ցուցանմուշ։
Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀԽՍՀ մշակույթի նախարար Կամո Ուդումյանը։
«Ցուցահանդեսը ֆրանսիացիներին հնարավորություն կտա ծանոթանալու գեղարվեստական այն արժեքներին, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում։ Ցուցահանդեսի կազմակերպումը նշանակալի է նաեւ այն բանով, որ բացվում է հոբելյանի՝ Հայաստանում սովետական իշխանության հաստատման 50-ամյակի նախօրյակին»,- ասել էր Ուդումյանը։
Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակը եւ Բրեժնեւի այցը
1970 թվականին Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշում էին խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակը։ Իրադարձությունը հատկապես մեծ շուք է ստանում, քանի որ նոյեմբերի 27-ին Հայաստան է այցելում ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը։
«Նոյեմբերի 27-ին Երեւանի օդանավակայանը տոնականորեն զարդարված էր։ Օդանավակայանի շենքի ճակատին փողփողում են ԽՍՀՄ եւ միութենական հանրապետությունների դրոշները։ Փակցված են կոմունիստական կուսակցության եւ սովետական պետության ղեկավարների դիմանկարները՝ երիզված ալ պաստառներով։ Տրանսպարանտների վրա հայերեն ու ռուսերեն գրված է՝ «Բարի գալուստ»։ ...Ժամը 15։45-ին օդանավակայանի վրա երեւում է «Իլ-62» արծաթաթեւ հզոր օդանավը։ ...Ինքնաթիռից դուրս է գալիս Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը։
Հաջորդ օրը Բրեժնեւը ծաղկեպսակ է դնում Երեւանի կենտրոնում գտնվող Լենինի հուշարձանին, ապա այցելում ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես։ Նրան ուղեկցում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը եւ ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը։
«Մեծ հետաքրքրություն առաջացրին «Հայաստանի բնական հարստությունները» դինամիկ դիորաման. Երեւանի էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչի նուրբ կոնստրուկտորային մակետը, հանրապետության բուժպրոֆիլակտիկ հիմնարկների էլեկտրաֆիկացված քարտեզը, լազերային ճառագայթով հեռուստատեսային ազդանշանների հաղորդման գործող ապարատները»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նույն օրը Բրեժնեւն այցելում է Կիրովի անվան քիմիական կոմբինատ, որի արտադրանքը՝ քլորոպրենային կաուչուկը, մեծ նշանակություն ուներ ԽՍՀՄ տնտեսական բազմաթիվ ճյուղերի համար։
Նոյեմբերի 29-ին Երեւանում տեղի է ունենում Հայաստանի կոմկուսի կենտկոմի եւ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի համատեղ նիստը, որտեղ ելույթ է ունենում Բրեժնեւը, ապա ՀԽՍՀ դրոշին ամրացնում Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանը։ Բրեժնեւը Հայաստանից մեկնում է դեկտեմբերի 1-ին։
Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը
1970թ. հոկտեմբերի 30-ին շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600 000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։
Երկրորդ գծի շահագործումից հետո գործարանի արտադրանքը մոտ կրկնակի գերազանցելու էր Արարատի ցեմենտի գործարանին։
Էսթետիկական դաստիարակության կարեւորությունը
1970թ. հունիսի 26-ին ՀԽՍՀ գերագույն խորհուրդը երիտասարդության էսթետիկական դաստիարակության մասին որոշում է ընդունում։ Որոշման նախաբանում ծավալուն անդրադարձ կար հանրապետությունում էսթետիկայի դասավանդման խնդիրներին։ Դրանք հիմնականում վերաբերում էին գյուղական շրջաններին, թեեւ մայրաքաղաքում եւս պատկերը գոհացուցիչ չէր։
Որպես երեխաների ու երիտասարդների էսթետիկական դաստիարակության անբավարար մակարդակի առաջին պատճառ նշվում էր ուսուցիչների ու մասնագետների պակասը կամ բացակայությունը։ «Երեխաների էսթետիկական դաստիարակության գործում լուրջ թերություններ կան նախադպրոցական հիմնարկներում։ Մանկապարտեզներից շատերում, հատկապես գյուղական վայրերում, չեն անցկացվում երաժշտական պարապմունքներ, ռիթմիկ վարժություններ, քիչ են օգտագործվում դիաֆիլմերը։ Մանկապարտեզների մեծ մասը ապահովված չէ մանկավարժ-դաստիարակներով։ Երեւանի մանկապարտեզներում աշխատող դաստիարակների մեծամասնությունը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն։ Շրջանային կենտրոնների մանկապարտեզներում աշխատող դաստիարակների միայն 10 տոկոսն ունի միջնակարգ մասնագիտական կրթություն»,- ասված էր փաստաթղթում։
Կային նաեւ բազմաթիվ գյուղական դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնք ապահովված չէին անհրաժեշտ կահույքով, ուստի Գերագույն խորհուրդն առանձին կետով անդրադառնում էր այդ խնդրին։
Էսթետիկայի անբավարար վիճակի պատճառների թվում անդրադարձ կար անգամ տեխնիկական՝ կենցաղային էսթետիկային.
«Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը անբավարար է համակարգում աշխատանքը՝ մանկապարտեզների եւ դպրոցների համար թողարկվող կահույքի, մասնավորապես՝ աշակերտական նստարանների, խաղալիքների գեղեցիկ ձեւավորման գործում»։
Բացվում է «Անի» հյուրանոցը
1970 թվականին Երեւանում բացվում է «Անի» հյուրանոցը: Ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը Մեդիամաքսին պատմել էր, որ «Անի» հյուրանոցի կառուցման ծրագիրը 60-ականների սկզբից էր քննարկվում:
«Երեւանում այդ պահին ընդամենը 3 հյուրանոց կար` «Արմենիան», «Սեւանը» եւ «Երեւանը»: Զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի եւ Երեւանի նկատմամբ, սակայն քաղաքը զրկված էր հյուրերին ընդունելու պայմաններից: Այդ տարիներին շատ դժվար էր նման ծավալուն շինարարություն իրականացնելը` հարկավոր էր Մոսկվայից թույլտվություն եւ ֆինանսավորում ստանալ: Այդ հարցում շատ մեծ դեր ունեցավ «Ինտուրիստի» հայաստանյան ղեկավար Իլյա Գեւորգովը»,- տարիներ առաջ պատմել էր Ռուբեն Հասրաթյանը::
«Անի» հյուրանոցի մասին պատմող մանրամասն հոդվածը կարդացեք Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծում:
Ստեփան Պողոսյանը եւ Հայաստանի հեռուստատեսության «ոսկե դարը»
1970 թվականին ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ է նշանակվում Ստեփան Պողոսյանը: Համարվում է, որ այդ նշանակմամբ սկսվում է Հայաստանի հեռուստատեսության «ոսկե դարը»:
«18 տարի անընդմեջ ղեկավարելով հանրապետության հեռուստառադիոպետկոմը՝ նա շրջադարձային դերակատարում է ունենում այդ կարևոր ոլորտի զարգացման, դրա ազգային նկարագրի խորացման, հեռուստատեսության և ռադիոյի տեխնիկական վերազինման գործում»,- ասված է Հանրային հեռուստաընկերության կայքում:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան