Հայկական Կարմիր. 1964



1964 թվականին մահանում է Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Նեռուն, Հարավային Աֆրիկայում ցմահ ազատազրկման է դատապարտվում Նելսոն Մանդելան, լույս է տեսնում The Beatles-ի «A Hard Day’s Night» սկավառակը, Մարտին Լյութեր Քինգը դառնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

 

Գրողների նամակը Հասրաթյանին

 

1964-ին Երեւանում ապրում էր 620 000 մարդ, իսկ քաղաքում կար 32 գրախանութ։ Սակայն գրախանութների սպասարկման որակն ու վիճակը չէին բավարարում հայ ընթերցողներին, ուստի գրողներ Ստեփան Զորյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Գեւորգ Էմինն ու Պարույր Սեւակը բաց նամակ էին հղել Երեւանի քաղսովետի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանին։ Նրանք նախ անբավարար էին համարում գրախանութների քանակը։ Բացի այդ, նշում էին, որ գրախանութները փոքր են, գրքերը խցկված են, ջեռուցումը բավարար չէ, եւ գրքերի տրցակների մեջ վաճառողները դժվարությամբ են գտնում ընթերցողների ուզած գրքերը։ 

Նամակում, մասնավորապես, ասված էր.

«Երեւան ժամանող տեղացի եւ օտարերկրյա հյուրերի մեծ մասն իջեւանում է «Արմենիա» հյուրանոցում, եւ, բնականաբար, հյուրանոցից դուրս գալուն պես ուզում է աչքերով ու ականջներով կլանել մեր երկրին ու քաղաքին եւ, հատկապես, մեր ժողովրդի հոգեւոր կյանքին վերաբերող ամեն ինչ...

 

Հարմար չէ՞ր լինի արդյոք, որ նա Լենինի հիանալի հրապարակում շրջելուց հետո մտներ հենց այդ հրապարակի վրա, ժողտնտխորհի շենքի տակ գտնվող շքեղ գրախանութը եւ տեղն ու տեղը հնարավորություն ունենար գնել հայ դասական ու ժամանակակից գրողների գործերը, Հայաստանի պատմությանը, գիտությանը, արվեստին եւ այլ բնագավառներին վերաբերող գրքեր, ալբոմներ, լուսանկարներ եւ այլն»։ 

 

Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հիմնադրումը

 

 1964թ. հունիսի 25-ին Երեւանում տեղի է ունենում սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հիմնադիր համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդական կազմակերպություններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։ Համաժողովում կոմիտեի նախագահ է ընտրվում Վարդգես Համազասպյանը։ 

 

 

Հիմնադիր միջոցառման ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ասում է, որ հայկական գաղթօջախներ կատարած իր այցելությունների ժամանակ լսել եւ տեսել է, թե մեր հայրենակիցներն ինչպիսի զգացմունքներ ունեն հայրենիքի հանդեպ։ «Թող նորաստեղծ կոմիտեն օգնի մեր սփյուռքահայ եղբայրներին ու քույրերին հագեցնելու իրենց ծարավն ու հարցասիրությունը։ Մենք բոլորս պետք է ձգտենք կարելույն չափ ավելի լրիվ ու կատարյալ դարձնելու մեր կապերը սփյուռքահայ գաղութների հետ, որպեսզի արտասահմանի հայերին անխզելիորեն կապենք իրենց հնադարյան հողի, ժողովրդի, նրա մայր հայրենիք Սովետական Հայաստանի հետ»,- ասել էր Վեհափառը։

 

Վեհափառի կոնդակը

 

1964թ. օգոստոսի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն ընդունում է ապրիլյան Մեծ եղեռնի 50-ամյակի առթիվ կոնդակը, որտեղ նշվում էր, որ հայ ժողովուրդը կարողացել է իր նախնյաց հողի վրա երջանիկ ապագա կերտել, իսկ «ի սփյուռս աշխարհի ցրված պանդուխտ հայերը կերազեն օր մը վերադառնալ հավերժական Արարատին, իրենց հայաստանցի քույրերուն եւ եղբայրներուն մոտ»։

Վեհափառը Հայաստանի բոլոր եկեղեցիներին հրահանգում էր 1965 թվականի ապրիլի 24-ին կրոնական արարողություններ անել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։

 

 

«Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմության մեծ ողբերգության հիսունամյա տարելիցի սեմին, այսու Մեր կոնդակով, կառաջադրենք եւ կհրահանգենք՝

ա. Որ առաջիկա 1965 տարին հռչակվի մեր Եկեղեցիին եւ համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի եւ աղոթքի տարի։

բ. Որ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներուն մեջ, ապրիլ 24-ին տեղի ունենան կրոնական հատուկ արարողություններ եւ հոգեհանգստյան պաշտոններ, աղոթելու համար մեր բյուրավոր նահատակներու հոգվոց խաղաղության եւ լուսավորման համար։

գ. Որ բոլոր հայ եկեղեցիներուն մեջ, Ս. Սեղանի մը առջեւ, զետեղվին մշտավառ կանթեղներ, նվիրված հայ նահատակներու հիշատակին։

դ. Որ բոլոր հայ եկեղեցական համայնքներուն եւ գաղութներուն մեջ կազմակերպվին հուշի եւ հարգանքի հանդիսավոր հավաքույթներ։

ե. Որ հայ եկեղեցական իշխանությունները, ազգային-հասարակական կազմակերպությունները եւ հայ մամուլը իրենց պարտքը համարեն խոսքով եւ գործով ոգեկոչելու նվիրական հիշատակը մեծ եղեռնի տարիներին մարտիրոսացած հայ ժողովուրդին»։

 

Ազնավուրի առաջին այցը Հայաստան

 

1964թ. մարտի սկզբին քրոջ՝ Աիդայի հետ Հայաստան է այցելում Շառլ Ազնավուրը։ Արդեն մեծ ճանաչում ու հռչակ ունեցող 40-ամյա երգիչն առաջին անգամ էր հայրենիքում։ Նա այցելում էր Հայաստանի գեղատեսիլ վայրերը եւ իր տեսախցիկով ամենուր նկարում՝ մարդկանց, բնությունը, հուշարձանները, եկեղեցիները։

Մարտի 8-ին Ազնավուրը մեծ համերգ է տալիս հայ երաժշտասերների համար, որին ներկա էր Հայաստանում ապրող նրա 86-ամյա տատիկը, հորեղբայրներն ու հորաքույրերը։

 

 

 «Շարլ Ազնավուրը կատարեց 30 երգ։ Բայց դա միայն չնչին մասն է այն ամենի, ինչ արտիստն ստեղծել է 15-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում։ Նա մոտ հազար երգի հեղինակ է։ Ազնավուրը նաեւ ասաց, որ ինքը համերգից առաջ շատ էր հուզվում. «Հայրենիք գալը իմ ամբողջ կյանքի երազանքն էր։ Այստեղ ինձ խիստ դուր եկավ եւ հուզեց ամեն ինչ՝ թե՛ Սեւանը, թե՛ Էջմիածինը, թե՛ երգի-պարի անսամբլի հիանալի արվեստը»»։ 

 

Ազնավուրի 1964թ. այցելության մասին Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի «Երեւանի» կինոստուդիան ինը րոպե տեւողությամբ ֆիլմ է նկարում, որի ռեժիսորը Էռնեստ Մարտիրոսյանն է։

 

 

 

 Իսկ այս լուսանկարում Երեւանի քաղսովետի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանը Շառլ եւ Աիդա Ազնավուրներին ցուցադրում է «Անի» հյուրանոցի մանրակերտը:

 

Հայկական մամուլն ընդդեմ «Նյու Յորք Թայմս»-ի

 

1964թ. մարտի 10-ին Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։ Մարտի 18-ին «Նյու Յորք Թայմսը» տպագրում է Թեների հոդվածը, որը վերնագրված էր «Ամերիկահայերը, որոնք լքել են Միացյալ Նահանգները, ձգտում են վերադառնալ։ «Հայրենադարձվածներից» 165-ը 15 տարի անց չեն կարողանում ելքի թույլտվություն ստանալ»։ 

 

 

 

 «Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում հայրենաբաղձություն, խոսեք այստեղ ապրող 165 ամերիկահայերի հետ, ովքեր վերջին 15 տարում երազում են վերադառնալ տուն՝ Բաֆալո կամ Ֆիլադելֆիա»,- գրել էր Թեները։ Լրագրողը նշում էր, որ հայրենիք վերադարձած ամերիկահայերին չէր գրավում կոմունիզմի գաղափարը. նրանք ուզում էին ապրել իրենց հայրենիքում, խոսել իրենց մայրենի լեզվով եւ պահպանել իրենց մշակույթը։ Խորհրդային Հայաստանում հաստատված մեր հայրենակիցները պատմել էին լրագրողին, թե իրենց սխալը հասկացել էին, նախքան նավով Բաթում հասնելը։ «Մենք կանգնել էինք տախտակամածին ու նայում էինք ափի անծանոթ մարդկանց ու կեղտոտ քաղաքին»,- ասել էր հայրենադարձներից մեկը։

1964թ. մարտի 31-ին «Սովետական Հայաստան» թերթը «Ամերիկյան թղթակիցը անկոչ փաստաբանի դերում» վերնագրով հոդված է տպագրում՝ «Մեկնաբան» ստորագրությամբ։ Հոդվածում Թեներին մեղադրում էին կեղծարարության համար՝ նշելով, որ իբր թե զրուցելով տասնյակ մարդկանց հետ՝ լրագրողը ոչ մի անուն-ազգանուն չի գրել։ Հոդվածը նաեւ փորձում էր ցույց տալ, որ հայրենադարձները որեւէ դժվարություն Հայաստանում չունեն, մեկուսացված չեն եւ ակտիվորեն ընդգրկված են հասարակական կյանքին։

 

 

«Հայրենադարձները Սովետական Միության լիիրավ քաղաքացիներ են։ Հայաստանի ժողովրդական տնտեսության, գիտության ու կուլտուրայի բոլոր բնագավառներում նրանք աչքի են ընկնում իրենց անձնուրաց աշխատանքով, հայրենանվեր գործերով։ Նրանք մասնակցում են ռեսպուբլիկայի հասարակական ու քաղաքական կյանքին։ Ոչ քիչ թվով հայրենադարձներ տեղական սովետների դեպուտատներ են, Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատներից է ամերիկահայ ժուռնալիստ Պատրիկ Սելյանը»,- գրում էր թերթը։

 

Հետագա ամիսներին եւս հայկական տարբեր թերթեր հրապարակում էին սփյուռքահայերի նամակներ, արձագանքներ, որոնց մի մասը փառաբանում էր իրենց կյանքը Խորհրդային Հայաստանում, մյուսներն էլ ցանկություն էին հայտնում հնարավորինս շուտ գալ ԽՍՀՄ։

 

«Չանգր, մանգր, բանկր, շամբար, մամբար»

 

1964թ. հունիսի 16-ին «Սովետական Հայաստան» թերթն անդրադառնում է Հայաստանի տարբեր շրջաններում եւ մայրաքաղաք Երեւանում գործող գրբացներին։ Պարզվում է, որ նրանք բավականին շատ էին, եւ բազմաթիվ քաղաքացիներ այցելում էին բախտ բացողներին, որոնք իրենց ծառայությունների դիմաց փողից բացի վերցնում էին նաեւ մթերք, ապրանքներ, կենցաղային իրեր։ Սակայն ամենակարեւորը՝ գրբացները մարդկանց նաեւ «բժշկում էին», ինչի հետեւանքով ոմանք հայտնվում էին հիվանդանոցներում։ 

Գրբացների գործը հատկապես լավ էր Էջմիածնում, որտեղ միաժամանակ մի քանի հոգի էին գործում։ Նրանցից մեկը՝ Էջմիածնի Պիոներական փողոցի N29 տանն ապրող Մամիկոնն էր, որը «բժշկական խորհուրդներ» էր տալիս մի երիտասարդ կնոջ։ «Այս անգամ նա բացեց ավետարանն ու հայացքը մի կետի հառած, սկսեց արտաբերել անկապ բառերի մի շարան։ Մենք հնարավորություն չունեցանք լրիվ գրի առնելու դրանք, սակայն բերենք դրանցից մի քանիսը. «Չանգր, մանգր, բանկր, շամբար, մամբար, համբար, կամբար»,- գրում է թերթի թղթակիցը, ով իր լրագրողական հետաքննության համար անձամբ այցելում էր գրբացներին։ Երբ թղթակիցը Մամիկոնին ասում է, թե ինչ վնասներ է նա տալիս մարդկանց, գրբացը պատասխանում է.

- Եթե իրենց ոտքով ձեր տուն գան ու փող տան, դուք չե՞ք վերցնի։

Էջմիածնում «ստեղծագործում էին» նաեւ այլ գրբացներ՝ Սեդրակ Տերտերյանը (Սեթո), Փառնակ Շիշիկյանը եւ ուրիշներ։ Առանձին «բախտ բացող» կար նաեւ Մեհմանդար (հիմա՝ Հովտաշատ) գյուղում։

Գրբացներ կային նաեւ Երեւանի կենտրոնում, օրինակ՝ Սվերդլովի (հիմա՝ Բուզանդ) փողոցի N 4 տան բնակիչ Ասքանազ Հովհաննիսյանը (Ասքո)։ ԽՍՀՄ-ում, բնական է, գրբացներին լավ աչքով չէին նայում. հոդվածում թվարկված անձանցից շատերին իրավական պատասխանատվության էին ենթարկում, սակայն պատիժները հիմնականում մեղմ էին՝ 1-2 տարի պայմանական ազատազրկում։

 

Արտասահմանյան տուրիզմի վարչության ստեղծումը

 

1964թ. Խորհրդային Հայաստանի կառավարությանն առընթեր ստեղծվում է արտասահմանյան տուրիզմի վարչություն, որի նպատակն էր հանրապետությունում խթանել տուրիզմը, երթուղիներ մշակել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, զարգացնել տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ 

 

«Սովետական Հայաստանն օտարերկրացի տուրիստների համար դարձել է Սովետական Միության ամենահրապուրիչ շրջաններից մեկը։ Տարեցտարի աճում է օտարերկրացի այցելուների թիվը։ Եթե 1961թ. մեր ռեսպուբլիկա են այցելել ընդամենը 2 հազար մարդ, ապա 1963-ին նրանց թիվն արդեն հասել է 5 հազարի»,- ասում էր նորաստեղծ վարչության պետ Իլյա Կեւորկովը։

Արքայադուստր Փեհլեւիի այցը

 

1964թ. հունիսի 19-ին Թբիլիսիից Երեւան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլեւին։ Նա Մոսկվա էր ժամանել խորհրդային կառավարության հրավերով եւ վերադարձի ճանապարհին այցելել էր Հայաստան։ Արքայադուստրը եկել էր ամուսնու՝ դոկտոր Մեհդի Բուշեհրի, որդու՝ Շահրամի եւ իրանական ու խորհրդային այլ պաշտոնյաների հետ։ 

 

 

Երեւանում Աշրաֆ Փեհլեւին հանդիպում է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանին։ Պաշտոնական նախաճաշի ժամանակ արքայադուստրն ասում է. «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան՝ մեր հարեւան բարեկամ երկիրը։ Ես համոզված եմ, որ Իրանի ու Սովետական Միության բարեկամությունն է՛լ ավելի կամրապնդվի։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ շնորհավորանքները հաղորդել բոլոր այն հայերին, որոնք Իրանից վերադարձել են իրենց իսկական հայրենիքը՝ Հայաստան»։

 

Մամուլի կոմիտեի կազմավորումը

 

1964թ. ստեղծվում է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի մամուլի պետական կոմիտեն, որի կազմի մեջ էին մտնում Հայաստանի բոլոր հրատարակչությունները, տպարանները եւ գրքի առեւտրի հետ առնչվող օղակները։ Կոմիտեն պետք է բարելավեր ու կազմակերպեր հանրապետությունում գրքի տպագրությունը, մեծացներ գրքի առեւտուրը։ Սակայն միայն այս հարցերը չէին, որոնք կոմիտեի ուշադրության կենտրոնում էին. նորաստեղծ կառույցը պետք է նաեւ «վերահսկեր գրական բոլոր տեսակների բովանդակությունը»։ «Այսպիսով, մամուլի կոմիտեի գործունեության ոլորտի մեջ մտնում են գրքի հետ կապված ամեն ինչ, սկսած նրա ստեղծման ակունքներից մինչեւ ընթերցողին հանձնելը»,- գրում էր «Սովետական Հայաստանը»։ 1960-ականների սկզբին Հայաստանում տարեկան տպագրվում էր ավելի քան 1000 գիրք։

 

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ջոն Ռեպսի, Վարդգես Համազասպյանի ընտանեկան արխիվի լուսանկարները:

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: