1982 թվականին մահանում է ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւը, ռազմական հեղաշրջումներ են լինում Գվատեմալայում եւ Բանգլադեշում, տեղի է ունենում Ֆոլքլենդյան պատերազմը Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, Իսպանիան անդամակցում է ՆԱՏՕ-ին, Հելմութ Քոլը դառնում է Արեւմտյան Գերմանիայի կանցլեր, 11-ամսյա կալանքից հետո ազատ է արձակվում լեհական «Սոլիդարնոստ» արհմիության նախագահ Լեհ Վալենսան, լույս է տեսնում Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը, դադարում է գոյություն ունենալ շվեդական ABBA խումբը:
Շեւարդնաձեն եւ Ալիեւը այցելում են «Մասիս» արտադրական միավորում
1982թ․ Խորհրդային միությունում մեծ շուքով նշվում էր ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակը։
Տարվա ընթացքում կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն էլ Անդրկովկասի հանրապետությունների ղեկավարների այցելությունն էր Հայաստան։
1982թ․ հոկտեմբերի 1-ին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարներ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը այցելում են կոշիկի «Մասիս» արտադրական միավորում, որն արժանացել էր Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանին։ Ավելին՝ Բրեժնեւն իր զեկույցներից մեկում անդրադարձել էր հայկական կոշկագործների հաջողությանը։
Արտադրական միավորումում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Հեյդար Ալիեւն ասել էր․
«Ձեր միավորման հաջողությունների մեջ վառ կերպով արտացոլված են սոցիալիստական Հայաստանի նվաճումները։ Եղբայրական հայ ժողովուրդը սովետական իշխանության տարիներին անցել է մեծ ուղի, աննախադեպ բարձունքների հասել կյանքի բոլոր ոլորտներում։
Մենք՝ ձեր եղբայրները, Անդրկովկասի ժողովուրդները, անկեղծորեն ուրախանում ենք ձեր նվաճումներով, այն հաջողություններով, որոնցով դուք դիմավորում եք ԽՍՀՄ կազմավորման փառապանծ 60-ամյակը»։
«Շիրակ» օդանավակայանի նոր շենքը
1982 թվականին շահագործման է հանձնվում Լենինականի «Շիրակ» օդանավակայանի նոր շենքը:
Այն նախագծվել էր 1978-1979 թվականներին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Հասրաթյանի, Լեւոն Խրիստաֆորյանի եւ ինժեներ-կոնստրուկտորներ Էդուարդ Թոսունյանի ու Վլադիմիր Թադեւոսյանի կողմից (բոլորը՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտ):
Նախագիծն արժանացել էր ԽՍՀՄ երիտասարդ ճարտարապետների միութենական մրցանակին, ինչպես նաեւ ներկայացված էր տրանսպորտային ենթակառույցներին նվիրված հեղինակավոր ֆրանսիական հանդեսում՝ 10 օդանավակայանի շարքում Բեռլինի, Դալասի, Սան Ֆրանցիսկոյի, Աբու Դաբիի օդանավակայանների հետ:
Այլախոհների ձերբակալությունը
1982 թվականի նոյեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւի մահվան օրը, ձերբակալվում են այլախոհներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը եւ Գեորգի Խոմիզուրին:
Ռաֆայել Պապայանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվում է մեծ քանակությամբ հակասովետական գրականություն, այդ թվում՝ Սոլժենիցինի, Ավտորխանովի գործերը, «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրության» նմուշներ եւ Մոսկովյան Հելսինկյան խմբի փաստաթղթեր:
Պապայանին եւ Խոմիզուրիին մեղադրանք է առաջադրվում Հայկական ԽՍՀ ՔՕ 65-րդ հոդվածի համաձայն (հակասովետական ագիտացիա եւ քարոզչություն), իսկ Ավետյանին ուղարկում են հոգեբուժարան:
Հովհաննիսյանի գոլը
Երեւանի «Արարատ»-ի կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցում է Իսպանիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:
Հուլիսի 1-ին Բարսելոնայում կայացած ԽՍՀՄ-Բելգիա խաղում Խորեն Հովհաննիսյանը դառնում է միակ գոլի հեղինակը՝ հաղթանակ պարգեւելով խորհրդային թիմին:
Հայաստանի ժուռնալիստների համագումարը
1982թ. հունվարի 14-ին Երեւանում անցկացվում է Հայաստանի ժուռնալիստների 6-րդ համագումարը, որին, լրագրողներից բացի, մասնակցում էին հանրապետության ղեկավար տարբեր օղակների ներկայացուցիչներ։
Համագումարից առաջ «Սովետական Հայաստան» թերթում հրապարակվել էին խորհրդային ժուռնալիստիկայի հիմնական սկզբունքները՝ կուսակցականություն, խոր գաղափարայնություն, հումանիզմ ու դեմոկրատիզմ, բարձր վարպետություն, ուշադրություն մարդու նկատմամբ։
Համագումարում խորհրդահայ ժուռնալիստիկայի ձեռքբերումներին ու անելիքներին անդրադառնում է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Լորիս Կրոյանը՝ նշելով, որ ««Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմենիստանի», «Ռյա Թազա» հանրապետական թերթերի էջերում լայնորեն արտացոլվել է աշխատավորական կոլեկտիվների հայրենասիրական նախաձեռնությունները, նրանց պայքարը կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար, նրանց աշխատանքային սխրանքը»։
Արեւային ջրատաքացուցիչը
1982թ. հոսանքի աղբյուրների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունքը ներկայացնում է երիտասարդ գիտնականների ստեղծած արեւային ջրատաքացուցիչը։
Հելիոտեխնիկայի խմբի ղեկավարը տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Ավագյանն էր։ Ջրատաքացուցիչի մեջ օգտագործվում էին ջերմային խողովակներ, որոնք արեգակնային էներգիան փոխում էին ջերմայինի։
Տորք Անգեղի հուշարձանը
1982թ. Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում տեղադրվում է Տորք Անգեղի հուշարձանը, որի քանդակագործը Կարլեն Նուրիջանյանն էր։
«Քանդակագործ Կարլեն Նուրիջանյանի նախասիրությունը մեր հինավուրց առասպելների, լեգենդների ու հեքիաթների հերոսների մարմնավորումն է։ Նույն՝ Սովետական շրջանի, Գայի անվան պողոտայում, բարձունքի վրա կանգնած է Հայկ Նահապետի արձանը։ Այս գործում նույնպես քանդակագործը հարազատ է մնացել պատմահայր Խորենացու ներկայացրած կերպարին, եւ Հայկ Նահապետը մեզ է նայում վայելչակազմ, թիկնավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով, դյուցազնի կերպարով»,- գրում է էր «Սովետական Հայաստանը»:
«Ծաղկի գործը»
1980-ական թվականներին բավականին տարածված, ընդհատակյա եւ քրեորեն հետապնդելի բիզնես էր ծաղիկ վաճառելը։ Խորհրդային միությունում վերավաճառելը համարվում էր սպեկուլյացիա, որի համար կարելի էր բանտում հայտնվել։
Հայաստանի բազմաթիվ շրջաններում ծաղիկ էին աճեցնում, հիմնականում՝ մեխակ։ Ընդհատակյա գործարարները գնում էին հազարավոր մեխակներ, դնում ճամպրուկների մեջ, ինքնաթիռով հասցնում ԽՍՀՄ տարբեր քաղաքներ եւ թանկ գնով վաճառում։ Հայկական մեխակի պատմությունն այնքան հայտնի էր, եւ այնքան շատ մարդ էր ձերբակալվում «այդ գործով», որ «Իզվեստիա» թերթի թղթակից Սերգեյ Բաբլումյանը 1982թ. մարտին անդրադառնում է խնդրին, որն էլ շուտով թարգմանաբար տպագրվում է «Սովետական Հայաստան» թերթում։
Մեխակի պահանջարկն այնքան էր մեծացել, որ Հայաստանում շատերը սկսում են ջերմոց կառուցել ու ծաղիկ աճեցնել։ Ըստ հեղինակի՝ ջերմոցների կառուցման գինը հասնում էր մոտ 10 000 ռուբլու։ «Պատկերացում կազմելու համար, թե որքան դեֆիցիտային նյութեր են ծախսվում ջերմատների կառուցման համար, բերենք մի քանի թիվ։ Միլիցիայի կողմից քննված միայն 5 քրեական գործերով բացահայտվել են 130 տոննա պրոֆիլային մետաղի, 60 հազար գծամետր խողովակի ծախսումներ՝ այդ ամբողջ բարիքը տարվել է շինարարական հրապարակներից»,- գրում էր հեղինակը։
Ծաղկավաճառների եկամուտը տպավորիչ էր. «գործարարներից» մեկը ճամպրուկներով Վիլնյուս էր հասցրել 25 000-ից ավելի մեխակ եւ մի քանի օրում վաճառելով՝ ստացել 34 300 ռուբլի։
Հոդվածն ավարտվում էր այն եզրակացությամբ, որ սպեկուլյացիայի պատճառը գյուղատնտեսության մինիստրության ծաղկի միավորման վատ աշխատանքի հետեւանքն է։ Պետական այդ կառույցը չէր կարողանում կամ չէր ցանկանում ապահովել ծաղկի պահանջարկը, ինչն էլ դեֆիցիտի հիմնական պատճառն էր։
«Բանվորի արձանը»
1982թ. ապրիլի 17-ին Երեւանում բացվում է «Փառք աշխատանքին» հուշարձանը, որն առավելապես հայտնի է «Բանվորի արձան» անունով։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն էր։
«Բանվորի արձանի» բացմանը ներկա էին Հայաստանի բոլոր ղեկավարները, քանի որ աշխատանքը եւ աշխատավորի խորհրդանիշը խորհրդային հասարակության կարեւորագույն բաղադրիչներից էր:
«Աշխատանքի մարդը սովետական քաղաքացու ամենաբարձր կոչումն է։ Նրա անվան հետ են կապված մեր երկրի նվաճումները։ Նա կառուցել է քաղաքներ, էլեկտրակայաններ, գործարաններ, նա բարիք է ստեղծում։ Բանվորի հավաքական կերպարն է խտացնում իր մեջ «Փառք աշխատանքին» մոնումենտալ արձանը, որը վեր է խոյացել Երեւանի Լենինյան շրջանում»,- գրում էր «Սովետական Հայաստան» թերթը։
1997 թվականին 11-մետրանոց արձանը ապամոնտաժվեց եւ մասնատվեց։
Վարդանյանի նոր ռեկորդները
1982թ. մայիսին օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը ծանրամարտի ԽՍՀՄ առաջնության ժամանակ 90 կգ քաշային կարգում համաշխարհային նոր ռեկորդներ է սահմանում. պոկում վարժությունում՝ 190 կգ, հրում վարժությունում՝ 228 կգ, երկամարտում՝ 415 կգ:
Առաջնության ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Յուրի Վարդանյանն ասում էր, որ ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը եւ ցանկանում է ուսումը շարունակել ասպիրանտուրայում։
Մեծ թատրոնի հյուրախաղերը
1982թ. հունիսին հյուրախաղերով Հայաստան է ժամանում Մոսկվայի Մեծ թատրոնը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր Բորիս Պոկրովսկին ասում էր, որ Հայաստանը բազմադարյա մշակույթ ունի եւ խիստ հանդիսատես։ «Հայկական օպերային ստեղծագործությունները, որոնք պատվավոր տեղ են գրավում արեւմտաեվրոպական եւ ռուսական դասական օպերաների կողքին, մեծ հաջողությամբ բեմականացվել են մեր թատրոնում։ Օպերային արվեստը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա։ Դրա պատճառներից մեկը, իմ կարծիքով, նաեւ այն է, որ հայկական օպերան սնվում է ազգային երաժշտական ակունքներից, հարազատ է նրա ավանդույթներին»,- ասել էր Պոկրովսկին։
Մեծ թատրոնի այցելությունն ուշագրավ էր նաեւ այն բանով, որ դերասանները ոչ միայն Երեւանում էին ներկայացումներ բեմադրում, այլեւ հանդիպումներ էին կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում։ Առաջին հանդիպումը հայ հանդիսատեսի հետ Իջեւանում էր, ապա՝ Դիլիջանում եւ Սեւանում։
Լեւոն Օրբելու 100-ամյակը
1982թ. Հայաստանում նշում էին ակադեմիկոս Լեւոն Օրբելու ծննդյան 100-ամյակը։
Օրբելին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի եւ կենսաքիմիայի ինստիտուտի հիմնադիրներից էր։ 1957թ.՝ իր ծննդյան 75-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ, Լեւոն Օրբելին ասել էր, որ կյանքի առաջին օրվանից իր բախտը բերել է. «Առաջինը, որ իմ բախտը բերեց (ես իմ պարտքն եմ համարում այդ ասել) այն է, որ պատկանում եմ հնագույն ազգերից մեկին, այն ազգին, որը հարյուրամյակների ու նույնիսկ հազարամյակների ընթացքում զարգացնում է մշակույթը»։
Լեւոն Օրբելու ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանում եւ Խորհրդային միության տարբեր քաղաքներում բազմաթիվ գիտական միջոցառումներ են անցկացվում, տպագրվում են հոդվածներ, արխիվային նյութեր։
Ծաղկաձորում, որտեղ ծնվել էին Օրբելի եղբայրները, բացվում է Հայաստանի պատմության պետական թանգարանի մասնաճյուղը՝ Օրբելի եղբայրների թանգարանը։
Միկոյան եղբայրների թանգարանն ու հուշահամալիրը
1982թ․ Սանահինում բացվում է Անաստաս եւ Արտեմ Միկոյանների հուշահամալիրը եւ թանգարանը։
Արտեմ Միկոյանը դեռ կենդանության օրոք ցանկացել էր մարտական ինքնաթիռներից մեկը տեղադրել գյուղի դպրոցի բակում աշակերտների շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Հուլիսի 17-ին նրա ցանկությունն իրականություն է դառնում։
Հուշահամալիրի բացման արարողության ժամանակ Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Բաբկեն Սարկիսովը նշում է, որ ամեն երկիր նախեւառաջ գեղեցիկ է իր ժողովրդի գործերով։ «Ականավոր զավակների կոնկրետ եւ հայրենասիրական մեծ գործերը փառք են բերում ե՛ւ երկրին, ե՛ւ իր ժողովրդին։ Մենք կարող ենք ասել, որ Սանահինը փառաբանվում է նրանով, որ նա հայ ժողովրդին տվել է արժանավոր զավակներ՝ Միկոյան եղբայրներ, որոնք իրենց բազմաբովանդակ ամբողջ գործունեությունը նվիրել են սովետական պետության կազմավորմանը եւ զարգացմանը»։
Մահանում է Բաղրամյանը
1982թ․ սեպտեմբերի 21-ին կյանքից հեռանում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Նա ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլի գավառի Չարդախլու գյուղում։ Որպես դասակի հրամանատար՝ մասնակցել էր Սարդարապատի հերոսամարտին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բաղրամյանը ղեկավարել է մի շարք ռազմաճակատների պաշտպանությունն ու հարձակողական գործողությունները։ 1955-ից մինչեւ 1968-ին զորացրվելը Բաղրամյանը ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալն էր։
Բաղրամյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով ԽՍՀՄ պաշտպանության նախարար Ուստինովի գլխավորությամբ։
«Հովհաննես Քրիստափորովիչի հետ ինձ կապել է երկար տարիների համատեղ ծառայությունը եւ բարեկամությունը։ Նա մշտապես զարմացնում էր իր տոկունությամբ, սառնասրտությամբ եւ գլխավորը տեսնելու կարողությամբ։ Իր բնավորությամբ Հովհաննես Քրիստափորովիչը զարմանալիորեն մեղմ, սրտագին եւ բարի կամեցող, հմայիչ մարդ էր»,- գրել էր բանակի գեներալ Շտեմենկոն։
Բաղրամյանի աճյունը դրված էր Մոսկվայում Բանակի կենտրոնական տան դահլիճում։ Երեք օր շարունակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս մեծ զորավարին։ Հուղարկավորությունը տեղի է ունենում սեպտեմբերի 24-ին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Գուրգեն Մուշեղյանի արխիվից: