Հայկական Կարմիր. 1953



1953 թվականին Դուայթ Էյզենհաուրը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, ԽՍՀՄ-ը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ մի քանի ամիս անց վերականգնելով դրանք, Տենցինգ Նորգեյը եւ Էդմունդ Հիլարին պատմության մեջ առաջին անգամ կանգնում են Էվերեստի գագաթին:


Ստալինի մահը, Բերիայի թիկնազորի պետը եւ Բաղրամյանը


1953թ. փետրվարի 5-ին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը համաձայնում է պատգամավորների Երեւանի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ Խուդոյանը ելույթ է ունենում աշխատավորների առաջ եւ ասում.

«Ընկերներ, հենց նոր ուրախալի լուր ստացվեց, որ մեր հայր եւ ուսուցիչ, մեր ժամանակի մեծագույն հանճար Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը համաձայնություն է տվել քվեարկվելու աշխատավորների դեպուտատների Երեւանի քաղաքային սովետի ընտրությունների N 1 ընտրական օկրուգում, որպես քաղաքային սովետի դեպուտատ»։

 

 

Ընտրությունները նշանակված էին մարտի 1-ին։ Երեւանի քաղխորհրդի ընտրություններից մի քանի ժամ անց՝ մարտի 2-ի գիշերը, Ստալինը կաթված է ստանում։ Մարտի 5-ին՝ ժամը 21։50-ին, նա մահանում է։

Մամուլը հեղեղվում է ցավակցական ու մեծարանքի խոսքերով, իսկ գրողներն ու պոետները գեներալիսիմուս Ստալինին բանաստեղծություններ են ձոնում։

Վիշտը կծիկ է դարձել մեր մարդկային կոկորդում,
Արտասուքն է ծովացել, բայց աչքերից չի հորդում,
Եվ թախիծն անսովոր մեր դեմքերից, աչքերից,
Միշտ վեր պարզված, բոցի պես ջերմացնող ու գերիչ
Դրոշներից մեր այսօր տխրություն է ցած կաթում...
Այսօր թաղո՜ւմ են նրան... Այսօր ամբողջ հինգ րոպե
Մեր սրտերը խոր ցավից կդադարեն տրոփել։

Պարույր Սեւակ


Ստալինի մահվան առիթով սգո արարողությանը մասնակցելու մեկնած հայկական պատվիրակության կազմում էր Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը։

«Մենք կանգնած ենք սիրելի առաջնորդի դագաղի մոտ եւ նայում ենք նրա անսահման թանկ դիմագծերին, նրա կոպերին, որոնք ծածկում են աչքերը, այն աչքերը, որոնք դեռ երեկ տեսնում էին այնպես հեռու եւ խորաթափանց... Եվ մտածում ես՝ հնարավոր է արդյոք, որ մեծ մարդու փառապանծ, լուսաճաճանչ եւ հերոսական կյանքը այժմ հանգել է»,- գրել էր նա։

 

 

Երեւանում սգո մեծ արարողություն է տեղի ունենում Լենինի հրապարակում եւ «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ այն ժամանակ կանգնեցված էր Ստալինի արձանը։

 

 

1953թ. հուլիսին Լավրենտի Բերիան ազատվում է զբաղեցրած պաշտոններից եւ ձերբակալվում։ Նրան բազում մեղադրանքներ են ներկայացնում, որոնց թվում 1919-20թթ. Ադրբեջանում հակաբոլշեւիկյան ուժերի եւ բրիտանացիների հետ գործակցությունն էր։ Բերիային մեղադրում են նաեւ Աղասի Խանջյանի սպանության, տարբեր հանրապետություններում կուսակցական ղեկավարների դեմ շինծու գործեր հարուցելու համար։

Բերիայի թիկնազորի պետ, հայազգի Ռաֆայել Սարկիսովը հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել բազմաթիվ կանանց հետ Բերիայի կապերի մասին։ «Նրա հրամանով ես կանանց հատուկ ցուցակ էի պահում, որոնց հետ նա կենակցում էր։ Հետագայում, նրա առաջարկով, ես այդ ցուցակը ոչնչացրի։ Սակայն մի ցուցակ ես պահպանել եմ, որտեղ կան այդպիսի կանանց անունները, ազգանունները, հասցեներն ու հեռախոսահամարը։ Այդ ցուցակն իմ բնակարանում է՝ կիտելիս գրպանում»,- գրել էր թիկնազորի պետը։

 

 

Սարկիսովին, որը ծնվել էր Կիրովաբադում, ճանաչում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը, եւ 1953թ. հուլիսի 8-ին Խրուշչովին, Մալենկովին, Մոլոտովին եւ Կագանովիչին ուղղված նամակում Բաղրամյանը պարզաբանում էր, թե երբ եւ ինչպես է ծանոթացել նրա հետ։

«Առաջին անգամ Սարկիսովի հետ ծանոթացել եմ Հայրենական Մեծ պատերազմից հետո։ Նա ամուսնացել էր Ոսկան անունով երկաթուղային բանվորի աղջկա հետ, որի ընտանիքին ես ու հայրս ճանաչում էինք դեռեւս 1907 թվականից։ Հաղթանակի զորահանդեսից հետո Սարկիսովի ընտանիքը մեզ ճաշի հրավիրեց։ Լավ հիշում եմ, որ ճաշից հետո Սարկիսովն անձամբ լուսանկարեց հյուրերին, այդ թվում՝ ինձ, կնոջս ու ընկ. Սեմյոնովին։ Լուսանկարների մի մասը Սարկիսովն ուղարկեց Ռիգա, որոնք իմ բնակարանում են»։

 

 

Ստալինի թաղման օրը Բաղրամյանը գրություն էր փոխանցել Սարկիսովին, ինչն աննկատ չէր մնացել եւ Բերիայի գործի քննության ժամանակ կասկածներ էր հարուցել։ Նույն նամակով Բաղրամյանը բացատրում էր, որ այդ գրությամբ խնդրում էր Բերիային հնարավորության դեպքում «աշխատանքի տեղավորել» հայտնի հայ չեկիստ Գեւորգ Աթարբեկյանի փոքր եղբորը։ «Այսքանով ավարտվում է իմ ծանոթությունը Սարկիսովի հետ, ով հիմա գարշանք է առաջացնում»,- եզրափակում էր նամակը Բաղրամյանը։

Բերիայի գործի քննությունը շարունակվում է մինչեւ ուշ աշուն։ 1953թ. հոկտեմբերի 19-ին Մերկուլովի հարցաքննության ժամանակ քննիչը նրան ներկայացնում է հատված Բերիայի մտերիմներից մեկի՝ Ծատուրովի ցուցմունքից։

«Բերիայի հանձնարարությամբ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի դեմ գործ էր հարուցվել։ Նա միշտ աջակցում էր Խանջյանին եւ նրա կողմում էր՝ ընդդեմ Բերիայի։ Գաբրիելյանը ձերբակալվել էր որպես աջտրոցկիստական ահաբեկչական կազմակերպության անդամ, որը մահափորձ էր ծրագրում Բերիայի դեմ։ Հայաստանի կենտկոմի քարտուղար Ամատունին՝ Բերիայի դրածոն, եւ հայկական գլխավոր քաղաքական վարչության նախագահ Մուղդուսին փորձում էին Տեր-Գաբրիելյանից ինքնախոստովանական ցուցմունք կորզել, սակայն չէր կարողանում։ Շուտով Տեր-Գաբրիելյանը ցած է նետվում չորրորդ հարկից եւ մահանում։ Ասում էին նաեւ, որ Տեր-Գաբրիելյանին պարզապես ոչնչացրել են»,- գրել էր Ծատուրովը։


Գրիգոր Հարությունյանն ազատվում է պաշտոնից


1953 թվականի նոյեմբերի 28-ին տեղի է ունենում Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը, որը քննարկում էր, թե Խորհրդային Հայաստանում ինչպես են իրականացվել ԽՄԿԿ կենտկոմի՝ հուլիսին եւ սեպտեմբերին տեղի ունեցած պլենումների որոշումները։

Պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից: Խորհրդային Հայաստանի ղեկավար է նշանակվում Սուրեն Թովմասյանը։

«Սեպտեմբերյան պլենումի որոշման քննարկումը հիմնականում անցավ պարադայնության մթնոլորտում, չբացահայտվեցին ռեսպուբլիկայի գյուղատնտեսության ղեկավարման գործում տեղ գտած խոշոր սխալներն ու թերությունները։ ՀԿԿ Կենտկոմի նախկին ղեկավարությունը ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան պլենումի որոշման եւ ընկեր Խրոշչովի զեկուցման մեջ նշված թերությունները Հայաստանի գյուղատնտեսությանը չեն վերաբերում»,- գրում էր «Պարտիական կյանքը»։

 

 

«Այս կարեւորագույն հարցերում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ցուցաբերել էր ձեւական-բյուրոկրատական մոտեցում։ Նա կտրվելով ժողովրդից՝ ոչ միայն չէր ունկնդրում մասսաների ձայնը, այլեւ ամեն կերպ ճնշում ու խլացնում էր ներքեւից եկող քննադատությունը»,- մեղադրում էր կուսակցական ամսագիրը: Իրականում բոլոր հասկանում էին, որ Հարությունյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառը նրա՝ Բերիայի «մարդը» լինելն էր:


Ժորժի Ամադուն այցելում է Հայաստան


1953 թվականի հունվարին Հայաստան է այցելում բրազիլական պատվիրակությունը, որը մասնակցել էր Վիեննայի խաղաղության կոնգրեսին։

Պատվիրակության կազմում էին հայտնի գրող Ժորժի Ամադուն եւ Բրազիլիայի կանանց ֆեդերացիայի անդամ Էլիզա Բրանկոն։ Վերջինս արժանացել էր «Ժողովուրդների միջեւ խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային Ստալինյան մրցանակի։

Պատվիրակությունն այցելում է Հայաստանի գեղատեսիլ վայրեր, մշակութային օջախներ, արդյունաբերական ձեռնարկություններ։

 

 

«Այդ ժողովուրդը Հոկտեմբերյան Մեծ ռեւոլյուցիայի շնորհիվ նորից ձեռք բերեց անկախություն եւ հայրենի հողում իր կյանքը կառուցելու իրավունք։ Ուստի եւ այնքան վառ են փայլում հայերի աչքերը եւ ուրախության ժպիտով են լուսավորվում նրանց դեմքերը, երբ արտասանում են այնքան սիրելի Լենինի ու Ստալինի անունները»,- գրել էր Ժորժի Ամադուն։


Մահանում է Աճառյանը


1953 թվականի ապրիլի 16-ին 77 տարեկանում մահանում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, լեզվաբան Հրաչյա Աճառյանը։

 

 

«Սովետական գիտական հասարակայնությունը բարձր է գնահատում մեծավաստակ գիտնականի ծառայությունները սովետական լեզվաբանության զարգացման բնագավառում։ Հ. Աճառյանը մինչեւ իր կյանքի վերջին օրն աշխատում էր «Հայոց լեզվի լիակատար քերականություն», «Հայոց բարբառագիտություն» մեծածավալ աշխատությունների վրա»,- ասված էր Գիտությունների ակադեմիայի ցավակցական ուղերձում։


Բացվում են Թումանյանի թանգարանը եւ Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը


1953 թվականի մարտի 23-ին Երեւանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը։

 

 

Ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը մեծ բանաստեղծի դուստրն էր՝ Աշխեն Թումանյանը։ Բացումից երկու շաբաթ անց թանգարան էր այցելել 15 200 մարդ։

 

 

1953 թվականին բացվում է Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը («Արամ Խաչատրյան» համերգասրահ), որտեղ առաջին համերգն է տալիս Զարուհի Դոլուխանյանը։

«Մեծ ուշադրություն է նվիրում Դոլուխանյանը իր հարազատ հայկական երաժշտական կուլտուրային, կատարելով ինչպես հայ կլասիկ երաժշտության, այնպես էլ հայ երիտասարդ կոմպոզիտորների գործերը։ Թովիչ, նրբին ու ջերմությամբ կատարեց երգչուհին Ռոմանոս Մելիքյանի մեծ ժողովրդականություն վայելող «Վարդը», երիտասարդ կոմպոզիտոր Էդուարդ Աբրահամյանի «Իմ հայրենիքին» երգերը»,- գրում էր «Սովետական Հայաստան» ամսագիրը։

 

 

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճի մասին գրում էր.

«Օպերայի շենքի կեսը վաղուց կառուցված լինելով արդեն հայտնի է, ուստի եւ անցնենք այս կառուցվածքի հյուսիսային մասի նկարագրությանը, որի կառուցումն ավարտվեց վերջերս։ Այս երկրորդ կեսը նախատեսված էր կառուցել որպես կիսաբաց, ամառային դահլիճ։ Բայց հետագայում վերանայվեց եւ որոշվեց այս մասը եւս դարձնել փակ»։


Ճապոնացի կանայք ու հայ մանուկները


1953 թվականի հունիսին Հայաստան է ժամանում Ճապոնիայի կանանց պատվիրակությունը։ Երեւանի մշակութային օջախներից բացի, հյուրերն այցելում են Վերին Արտաշատ գյուղ, Արզնի առողջարան։ Ճապոնուհիներին հատկապես դուր էր եկել քաղաքային պիոներական ճամբարները։

 

 

«Սովետական Հայաստանում աճում է հիանալի երիտասարդություն, դուք ունեք զարմանալի կենսուրախ, զվարթ մանուկներ։ Մենք եղանք քաղաքային պիոներական մի քանի ճամբարներում։ Ինչպիսի՜ ուրախություն է տիրում այնտեղ, որքա՜ն կենսախինդ է երեխաների առօրյան։ Մեծագույն հրճվանք են պատճառում երեխաների գեղարվեստական ինքնագործունեությունը, անբռնազբոսիկ պարելու, արտասանելու նրանց կարողությունը»,- ասել էր տնային տնտեսուհի Սադոկո Ադասավարան։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: